ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Դավիթ Գասպարյան / Մեծ Գաբոյի ժամանակը
00:24, 09.02.2015
6260 | 0

03.12.2014 19: 51

Իսպաներենից ռուսերեն թարգմանությամբ լույս է տեսել
Մեծ Գաբոյի` Գաբրիել Գարսիա Մարկեսի
«Ապրել` կյանքը պատմելու համար» ինքնակենսագրականը

ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

ՄԵԾ ԳԱԲՈՅԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Իսպաներենից ռուսերեն թարգմանությամբ լույս է տեսել Մեծ Գաբոյի՝ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Ապրել՝ կյանքը պատմելու համար» ինքնակենսագրականը (Г. Г. Маркес, Жить, чтобы рассказывать о жизни, М., Астрель, 2012, 576 с):

Այս գիրքը վաղուց էր սպասվում:
Անկախ հարցազրույցներում և հոդվածներում իր բացահայտվածության չափից ու ճանաչվածության աստիճանից, Մարկեսը շարունակում էր մնալ առեղծված: Այս ինքնապատումն այդ առեղծվածի բացահայտումն է, ինչն է'լ ավելի նշանակալի է դառնում նրա մահից հետո, որ վրա հասավ 2014 թ. ապրիլի 17-ին Մեխիկոյի իր տանը: Նրան դիակիզեցին և աճյունն ամփոփեցին Մեխիկոյում:

Արդեն անցյալի մեջ է մեծ կյանքը, և ամեն ինչի այլ աչքով ես նայում:

Անընդհատ մտածում էի նամակ գրել Մարկեսին և հարցնել' ո՞վ է «Մենության հարյուր տարի» վեպի առաջին էջերում թռուցիկ հիշված տխուր աչքերով հայ գնչուն, ո՞վ է նախակերպարը, ինչո՞ւ և ինչպե՞ս է նա հիշվել վեպում, ինչո՞ւ է հայը ներկայանում որպես գնչու, ինքը' գրողը, ի՞նչ գիտի հայության մասին, իր շրջանակում երբևէ եղե՞լ են հայազգի մարդիկ: Այդ նամակն այդպես էլ չգրեցի, ինչի համար շատ ափսոսում եմ:
«Հայոց լեզու և գրականություն» հանդեսի 2011 թ. 2-3-րդ համարներում տպագրեցի իմ «Գաբրիել Գարսիա Մարկես» ծավալուն ուսումնասիրությունը, նույն թվականի 6-րդ համարում' Մարկեսի և Մարիո Վարգաս Լյոսայի երկխոսությունը' տեղի ունեցած 1967-ին «Մենության հարյուր տարի» վեպի հրատարակության կապակցությամբ:
Կյանքը Մարկեսի համար ոչ միայն ապրած տարիներն էին, այլև հիշողությունը, որ կյանքի ժամանակը երկարեցնում է դեպի անցյալ: Այս ամենի համադրություն են ոչ միայն նրա գեղարվեստական երկերը, այլև սույն գիրքը: Այսինքն' Մարկեսը ոչ միայն իր կյանքն է պատմում, այլև հիշողությունների կյանքը, որ նշանակում է սերունդների ու ժամանակների կյանք:

Գիրքը գրված է դեպքերի, իրադարձությունների ազատ, այդ իսկ պատճառով խառը հաջորդականությամբ: Կենսագրական տարբեր դիպաշարային գծեր կտրում են մեկը մյուսին և անմիջականորեն շարունակում իրար: Այս հյուսվածքով գիրքը հետաքրքրական է ընթերցման համար, բայց դժվար' ներկայացնելու: Ուստի կփորձեմ հնարավորինս պահպանել ժամանակային հաջորդականությունը և դեպքերի բնականոն ընթացքը:

Ծնվել է 1927 թ. մարտի 6-ին: Այս կապակցությամբ մի նրբերանգ. շրջանառվել է նաև նրա ծննդյան 1928 թվականը: Մի առիթով նա գրում է. «Բարանկիլիայում ինձ ճանաչեցին «Էլ Էրալդո» խմբագրության վկայականով, որտեղ ուղղված էր ծննդյան թվականը' միայն թե խուսափեի զինվորական ծառայությունից, ինչի պատճառով երկու տարի շարունակ ես օրինախախտ էի»: Պիտի ենթադրել, որ ակնարկը վերաբերում է տարիքը փոքրացնելուն, որպեսզի զորակոչից խուսափի, այստեղից էլ 1928 թվականի առկայությունը, ինչը` որպես ծննդյան թվական, սխալ է:

Նույն ծնողներից տասնմեկ երեխա էին: Ինքն ավագն էր: Հետո այս տասնմեկին պիտի ավելանային մինչև ամուսնությունն այլ կանանցից հոր ունեցած չորս զավակները: Տասնհինգ երեխա միևնույն տանիքի տակ, որոնց պետք էր կերակրել, հագցնել և ուսումի տալ...

Կենսագրական շարադրանքը Մարկեսն սկսում է մի պահից, երբ մոր` Լուիսա Մարկեսի (օրիորդական ազգանունը` Սանտյագա) հետ մեկնում են իրենց հին տունը վաճառելու: Ճանապարհը նաև հիշողություններ է արթնացնում: Այս ինքնապատումը գրել է, երբ 75-ի սահմաններում էր և, այդ տարիքում մտաբերելով մոր հետ ճամփորդելու իր վճիռը, այն համարում է շատ կարևոր:

Մշտապես ուղեկից են մանկության տպավորությունները` ծնունդի պահից իսկ լսել է կրկնվող զրույցներն այն մասին, որ երկաթգիծը կառուցել են գիշերով. ցերեկները հնարավոր չէր ձեռք տալ երկաթե գործիքներին, որովհետև արևի ճառագայթներից երկաթը եռում էր: Եվ սա չափազանցության չէ, որովհետև տաքությունից երկաթե գործիքներին հնարավոր չի եղել ցերեկով ձեռք տալ:

Բարանկիլիայից նավով մեկնում են Արակատակա: 1950 թ. փետրվարի 18-ի երեկոյան ժամը 7-ն էր: Մայր ու որդի յուրաքանչյուրը վճարում է իր համար, որովհետև հաշվված էր անգամ վերջին պեսոն: Նավի վրա կարդում է ժամանակի «հեղինակավոր դևի» Ֆոլկների «Լույսը օգոստոսին» վեպը, գրող, ում տիրական ազդեցությունը լուսավորել է նրա գրական ճանապարհը:

Մայրն իր հոր կամքին հակառակ ամուսնացել է գեղեցիկ հեռագրիչի հետ: Մոր գլխավոր արժանիքներն է համարում հումորի զգացումը, ամուր առողջությունը, կամքի ուժը: Առյուծի համաստեղությունը, ինչի տակ ծնվել էր, նաև նրա մարմնավորումն էր կյանքում: Համբերատար, տոկուն, ընտանիքին նվիրված:
Գետանավը լողում է առաջ, և մտքի մեջ լողում են հիշողությունները: Աչքի առջև են կանգնում մայրական պապը` գնդապետ Նիկոլաս Ռիկարդո Մարկես Մեխիան Պապալելոն, տատը` Տարանկիլինա Իգուարան-Մինան, որոնց պատմություններով հասունացել է նրա միտքը: Այս հիշողությունների մեջ նա հինգ տարեկան է: Ի՞նչ կա ծովի այն ափին, - հարցնում է թոռը Պապալելոյին, և պապը տալիս է իր «մեծ» պատասխանը. «Ծովն անսահման է» (հիշենք Չեխովին` «Ծովը մեծ էր»): Իսկ մայրն այդ պահին սթափեցնում է նրան. «Տե'ս, ահա այնտեղ եղել է աշխարհի վերջը», որովհետև 1928-ին այդ վայրում գնդակահարել են բանանի այգիների օրավարձու մշակներին: Հիշողության աշխարհն ու իրական աշխարհը համաժամանակյա հոսքերի մեջ են:

Գետանավը հասնում է հանգրվան: Հետո արդեն ճանապարհը շարունակվում է գնացքով: Տարածություն անցնելը նույնն է, ինչ կյանքի մտաբերումը: Այստեղ տարածությունը դառնում է ժամանակ, ժամանակը' տարածություն: Այս փոխակերպությունը շատ բնական է:
Ի վերջո, հասնում են Մակոնդո: Այս տեղանվան բանաստեղծական հիշողությունը մանկուց գրավել է նրան: Հետո արդեն օգտագործել է վաղ շրջանի իր երեք գրքերում' որպես մտացածին ավանի անուն: Հանրագիտարաններից մեկում ճշտում է, որ մակոնդո նշանակում է բամբակատիպ արևադարձային ծառատեսակ, որ ոչ ծաղկում է, ո'չ պտուղ է տալիս, ինչի սպունգե փայտն օգտագործում են կանոե պատրաստելու և խոհանոցային սպասքը մաքրելու համար: Իրենց կողմերում այդ ծառատեսակը չի հանդիպել. «Գուցեև այն ընդհանրապես գոյություն չի ունեցել»: Բրիտանական հանրագիտարանում ավելի ուշ պարզել է, որ Տանգանիկայում ապրում է մակոնդե անունով թափառական ցեղախումբ:

Մակոնդոյից գնացքը շարժվում է Արակատակա' իր ծննդավայրը, ինչը տասը րոպե տարածությամբ այն կողմ էր: Այստեղ նրանց տունն ու կալվածքներն էին: Մարկեսն ընկնում է հարազատ տարերքի մեջ' նկարագրելով բնակավայրը, մարդկանց, միջավայրը, մանկությունը, ոգեկոչելով անցյալի հիշատակները:

Տան վաճառքը գլուխ չի գալիս, և մայր ու որդի մտածում են, եթե այդպես է և քանի որ «այստեղ ծնվել ենք», ուրեմն «այստեղ էլ բոլորս կմեռնենք»: Տունը` որպես մանկության հիշողությունների հանրագիտարան, առիթ է թափանցելու անցյալի խորքը: Այդ թափառումների ընթացքում Մարկեսը հաճույքով է ոգեկոչում ոչ միայն տատի ու պապի, այլև մյուսների հիշատակները, որոնց մեջ են մորաքույր Պետրան, պապի քույր Վենեֆրիդա Մարկեսը, իր բոլոր քույրերն ու եղբայրները:
Լքված տան փոշոտ սենյակներից մեկում մայրն ասում է որդուն. «Ահա այստեղ ես դու ծնվել»: Հետո Մարկեսը նկարագրում է տունը, հասնում 70 գիշերանոթներին, շաքարաքլորներին և այլ մանրամասների, որոնց մասին արդեն գրել էր «Մենության հարյուր տարի» վեպում: Տատի և պապի Արակատակա տեղափոխվելու պատմությունը նույն Մակոնդոյի հիմնադրման վիպական ուրվագիրն է: Հաջորդում են պապի հերոսություններն ու իմաստախոսությունը. «Պատվի գնդակը հաղթեց իշխանության գնդակին»: Տալիս է Արակատակա բնակավայրի ստուգաբանությունը. Cataca ara - գետ, ջուր, զուլալ ջրերի աղբյուր: Ահա այս բնակավայրում էլ պապը հանգրվանել է իր ծնունդից 17 տարի առաջ, 1910-ին: Ընթացքում ճշտվում են այլ տվյալներ: Շարադրանքի գործողությունների սկզբում ինքը` Մարկեսը, 23 տարեկան է, մայրը` 45: Նշանակում է 1950 թվականն է` 20-րդ դարակեսը:

Բարեբեր տարածքների բնակեցման ալիքը, բանանային տենդը հեղեղի պես այդ կողմերն է բերում իտալացիների, կանադացիների, սիրիացիների, որոնց տեղացիներն ասում էին «թուրք»: Հնարավոր է, որ սիրիացիների մեջ եղած լինեն նաև սիրիահայեր, որտեղից էլ տխուր աչքերով գնչուի կերպարը: Բայց սա սոսկ ենթադրություն է:

Ցեղային, տոհմային բազմացող, աճող, ծավալվող աստվածաշնչյան հայացքն ունենում է սևեռումներ. «Մայրս այս աշխարհում գրավում էր կենտրոնական տեղ... Աստված նրան տվել էր առողջություն` թույլատրելով ծննդյան 96-ամյակը նշելու իր տասնմեկ հարազատ երեխաների, ամուսնու չորս երեխաների, 65 թոռների, 88 ծոռների և 14 թոռանթոռերի հետ»: Մայրը մահացել է 2002-ի հունվարի 9-ին, ծնվել էր 1905-ի հուլիսի 25-ին: Ինչո՞վ մոր կերպարը Ուրսուլայի նախատիպը չէ

Հոր ու մոր կերպարները յուրահատուկ տեղ են գրավում շարադրանքի մեջ: Երկուսն էլ եղել են լավ պատմողներ, հայրը` պերճախոս, ոտքի վրա բանաստեղծություններ հորինող, հանգ բռնող, իմացել է լավ պարել և նվագել, իսկ վալսի պտույտներն աղքատ հեռագրիչի առջև բացել են ապագա կնոջ սրտի, դրա հետ մեկտեղ նաև պապի ու տատի տան դռները: Գնդապետ Նիկոլաս Մարկեսը դեմ էր այդ թափառաշրջիկի հետ իր աղջկա ամուսնությանը նաև այն պատճառով, որ ապագա փեսան ոչ միայն աղքատ էր, այլև պահպանողական կուսակցության եռանդուն անդամ, ինչի դեմ պայքարել էր ազատամիտ գնդապետը:

Հայրը` Գաբրիել Էլիխիոն, ծնված 1901 թ., աղքատ և ազատ վարքի տեր ուսուցչուհու անօրինական զավակ էր, և երեք տարբեր սիրեկաններից ունեցել էր հինգ տղա ու երկու դուստր: Հայրը` գեղեցիկ, ուրախ և բաց սիրտ, ուսուցչուհի մոր կտորն էր և, տասնվեց տարեկանից սկսած, նրա սիրուհիներին թիվ ու համար չկար, որոնց մասին ամուսնական առաջին գիշերը պատմել է կնոջը:

Հետագայում ծնողների մշտական վեճերի պատճառը մոր խանդն էր, ինչի առիթներ հայրը տալիս էր: Բայց իմաստուն կինը գիտեր, որ խանդը ոչինչ է այն ամրոցի առջև, որ կոչվում է ընտանիք:

Հայրը եղել է անկանխատեսելի ու ինքնաիրահարված մարդ: Ամուսնացել են 1926-ի հունվարի 11-ին, իսկ 1927 թվականի մարտի 6-ին, ահա ծնվել է առաջնեկը` Գաբիտոն: Ծննդավայրը` Արակատակա, ծնունդի օրը` կիրակի, ժամը` առավոտյան ինը, եղանակը` տեղատարափ անձրև: Հնարավոր էր, որ նորածինը տատմոր սխալի պատճառով պորտալարից խեղդվեր: Ծնվել էր սուրբ Օլեգարիոյի օրը և նրան ցանկացել են մկրտել այդ անունով, բայց քանի որ ոչ մեկի ձեռքին չի եղել եկեղեցական տոնացույց, անվանակոչել են հոր անունով, հաջորդել է Խոսեն և մի վերջին անուն, որ երեք տարի անց կնքելիս մոռացել են: Եվ այսպես Գաբրիել Գարսիա Մարկեսը ծնվելիս ստացել է Գաբրիել Խոսե դե լա Կոնկորդա անունը: Ամբողջությամբ` Գաբրիել Խոսե դե լա Կոնկորդա Գարսիա Մարկես:
Այսպես ավարտվում է ինքնապատումի առաջին գլուխը, որ ունի շատ ուշագրավ կառուցվածք. քսաներեքամյա գրողը մոր հետ մեկնում է ծննդավայր` հին հայրենի տունը վաճառելու, այդ ճանապարհին հիշում է անցյալը և հասնում մինչև իր օրհնյալ ծնունդը:

Կրկնաբերումը բնորոշ է Մարկեսի ոճին: Դա խոսքի մեջ ոճական կապ ու շաղկապ, շաղ ու շաղախ է ստեղծում: Այդպես էր «Մենության...» մեջ «Կանցնեն շատ տարիներ, և գնդապետ Աուրելիանո Բուենդիան, գնդակահարության պատի տակ կանգնած, կմտաբերի հեռավոր այն իրիկունը, երբ հայրը իրեն տարավ սառույց տեսնելու...», այդպես է նաև այստեղ վերանորոգելով հիմնական գաղափարը և վերհիշելով այն օրը, երբ մոր հետ գնացին հայրենի տունը վաճառելու: Այսպես, հիմնանյութը կրկնաբերելով, հեղինակը մտնում է նոր փուլ, անցնում նոր շարադրանքի:

Եթե սկզբում շարժումը տանում էր դեպի իր ծնունդը, ապա հիմա ետադարձ շարժում է' մակընթացությանը հաջորդում է տեղատվությունը, ծովի օրենքն է' օվկիանոսի շարժը, իր կողմերի Մագդալենա գետի վեր ու վարի հզոր ծփանքը:

Հիմա հիշում է իրեն երեք տարեկան հասակում. պապի տեղը' սեղանի գլխին, իր տեղը' աջ անկյունում: Նախ տղամարդիկ էին նստում, ապա կանայք` առանձին:

Հաջորդում են մանկության այլևայլ տպավորություններ. տուն են այցելում տարբեր կանանցից ծնված գնդապետի որդիները, որպեսզի թեկուզև մեկ ամսվա ուշացումով շնորհավորեն նրա ծննդյան օրը:

Տարիների տպավորությունների մեջ եղբայրների ու քույրերի ծնունդն է: Ականատես է լինում ծնունդներից մեկին, տեսնում է մարդու լույս աշխարհ գալը: Հիմա արդեն նա վեց տարեկան էր, և արդեն ծիծաղելի էր մեծերի խոսքը, թե նորածինին արագիլը Փարիզից է բերում:

Մեկ տարի անց ծնվում է եղբայրը` Լուիս Էնրիկեն, ում հետ նա ամենից ավելի էր կապված: Աչքի առջև մեծ ընտանիքի բոլոր անդամներն են, ովքեր տպավորվում են իրենց յուրահատկություններով` խոսելու ձևով, շարժուձևով, նիստուկացով: Մեկը նստում, սանրվում է դռների արանքում, ասես աստվածաշնչյան արարողություն է անում, պապը շարունակում է իմաստախոսել «Դուք չգիտեք, թե ինչքան է կշռում մահը», տատը ծնվողների ու մեռնողների ցուցակներն է նորոգում: Մեկ ուրիշը չար ոգիներին է հիշում: Քույրերից մեկը' Մարգոն, հող էր ուտում ու գաջի ծեփ և օրերով ձեռք չէր տալիս սնունդին: Ամբողջ տունը լցված էր վառ բնավորության տեր մարդկանցով: Ասես վառվռուն թռչուններ` արևադարձային անտառներում:

Այսպես աշխարհաստեղծման առասպելի հանգույն ստեղծվում է Մարկեսի «Գիրք ծննդոց» -ը: Այստեղ մեծ անձրևների ու շարունակական պտղաբերման ժամանակներ են: Չքավորությունն ընտանիքի մշտական ուղեկիցն է, բայց ոչ ճակատագիրը: Ամեն մեկը շատ արագ դառնում է իր բախտի տերը:

Մարկեսն անընդհատ մեծացնում է իր հիշողության ոսպնյակները և տեսանելի է դարձնում անցյալը: Նորից պապն ու տատն են, որոնց ամբողջ կյանքում «տեսել է մտքի հայացքով» և որոշակի մի տարիքում: Դա այն տարինքն է, որ վաղ ծերության ժամանակ արձանագրվել է դիմանկարներում:

Տատ Տրանկիլինան տպավորվել է նաև երազների մեկնություններով, հանովի-դնովի արհեստական ատամներով, արհեստականը թվացել է բնական, իսկ հանել-դնելը` կախարդանք: Տատը նրա համար եղել է հուսալի-վստահելի ապավեն: Ցնորված տատին հայրն ու մայրն անկյուն են հատկացնում, ուր, դռների արանքում նստած, նա իր պատանքն էր կարում: Տատը մահացել է տնից հեռու, կուրացած, զառամած, խելքը գցած իսկ պայծառացման պահերին միայն մի բան է ասել` ես հանգիստ եմ մեռնում, որովհետև դուք կստանաք հազարօրյա պատերազմի վետերան Նիկոլասիտոյի թոշակը:

Պատերազմի ժամանակ գնդապետ Նիկոլասի պահպանողական եղբայրը նրան բանտարկել է, միայն տատի համարձակ ընդվզումն է նպաստել ազատագրմանը:

Պապը թոռանը տարել է կինո, կրկես, առևտրի գնալիս հետը ման է ածել խանութներում և երբ առաջին անգամ ձեռքը դիպել է սառույցի` նրան ցնցել է դրա սառնությունը: Պապը նրան ինքնազարգացման դասեր է տվել. ստիպել է հաջորդ օրը պատմել տեսած ֆիլմը, ընթացքում ուղղել է սխալները, լրացրել բացթողումները, վերականգնել նրբերանգները: Սրանք արդեն իսկ գրական դասեր էին: Տատը պապին ստիպում էր թոռանը իր հետ տանել նաև երեկոյան զբոսանքների, որպեսզի սիրուհիների տուն չգնար: Պապը, ով կրթված մարդ էր, հինգ տարեկան թոռան առջև բացում է բառարանների գաղտնիքը և ասում. «Այս գիրքը ոչ միայն ամեն ինչ գիտի, այլև միակն է, որ երբեք չի սխալվում»: Հետո պապը նրան բառարան է նվիրում և ապագա գրողի մեջ այնպիսի հետաքրքրություն է արթնացնում բառերի հանդեպ, որ սկսում է բառարանը կարդալ «որպես վեպ»:

Ամեն ինչ համընթաց շարժման մեջ է' տան նիստուկացը, արտաքին միջավայրը, մարդիկ ու նրանց հարաբերությունները, կյանքն ու մահը, նաև երկրի պատմությունն ու քաղաքական կյանքը: Պապը այդ պատմության մասն էր:

1932-ին Կոլումբիայի ծայրագույն հարավը Ամազոնկա գետի ափերին ենթարկվում է պերուացի գեներալներից մեկի հարձակմանը: «Կեցցե Կոլումբիան», «կորչի Պերուն» կոչերը մանկությունից սնում էին նրա երևակայությունը: Իսկ հայտնի է, որ Մարկեսն ամենևին անտարբեր չէր քաղաքականության հանդեպ և նրա համար մինչև վերջ էլ Ֆիդել Կաստրոյի կերպարը մնաց որպես ազատության պայքարի խորհրդանշան:

Այս ընթացքում նա յուրացնում է կյանքի դպրոցի դասերը` սովորում է ավանակ հեծնել, կով արածեցնել, ցուլ ամորձատել, թակարդ լարել, ձուկ բռնել: Սա սերունդների քաղաքակրթությունն է հանուն կեցության, որ ժառանգաբար անցնում է նրան:

Ավարտվում է պապի դարաշրջանը: Նա մեռնում է կոկորդի քաղցկեղից, մի հիվանդություն, որ հետո պատուհասեց նաև Մարկեսին: Պապի վերջին փաղաքշանքը հասնում է վեց ամսական եղբորը` Գուստավոյին, ինքը հեռու էր:

Երրորդ գլուխն սկսվում է էջեր առաջ ակնարկված պապի մահվան հանդիսավոր գույժով. «Կատարվեց Արակատկայի աղետը: Մեռավ պապիկը, իսկ նրա մահվան հետ վրա հասավ մի նոր պատուհաս` ոչ պակաս սարսափելի մի նոր մահ, մեռավ մեր տան Հոգին»: Շարունակաբար սկսվող և ավարտվող շարժումը, ինչպես հարակա նույն տեղեկատվությունն ու մակընթացությունը, բնորոշ է Մարկեսի փիլիսոփայությանը: Այդպիսի կառուցվածք ունի նաև «Մենությունը»:

Ավելանում է մորեղբայր Էստեբանի կերպարը, ով արդեն խոր ծերության մեջ ասում է Գաբիտոյին. «Ես այդպես էլ չհասկացա, այդքան վատ հիշողությամբ քեզ ինչպես հաջողվեց դառնալ գրող»:

Պապի ու տատի, ծնողների կերպարները հետագա էջերում ևս բազմիցս գալիս ու անցնում են: Ուշագրավ մի դրվագ. 1939 թ. ծնված քրոջ կապակցությամբ ավելացնում է. «գեղեցիկ հնդկացիական կիսադեմով» արտահայտությունը: Ինչի՞ համար է կարմրամորթ հնդկացու հիշեցնող այս ակնարկը:

Հոր կերպարը` ցավի մեջ կատակի, ուրախության պահին «լուրջ»: Հոր հանդեպ սերը ուշ է հասունանում: Օտարություն` ապրուստ հայթայթելու մեկնելուց առաջ, հայրը տան գլխավոր է կարգում ավագ որդուն` Գաբրիելին: Հրաժեշտի այդ հուզիչ պահին էլ ահա հանկարծ արթնանում է որդիական անսահման սերը հոր հանդեպ: Իսկ հայրը Մագդալենայի հսկայածավալ գետաբերանով մեկ մշտական թափառական էր:

Ավելացնենք, որ ծնողներից երեխաներին էր փոխանցվել հատուկ երաժշտական հիշողություն և լսողություն:

Դիպաշարային հանգույցն այստեղ կանգն է առնում ելման կետի վրա: Մայր ու որդի, չկարողանալով տունը վաճառել, մտածում են ետդարձի մասին:

Քնած ճահիճների վրայից եկող թարմ քամին նրանց արթնացնում է ընդարմացումից, և մայրը հարցնում է որդուն` ի՞նչ ես մտածում: Իսկ տղան մտածում էր իր գրելիքի մասին: Մայրն իր մտահոգությունն է հայտնում` դու չե՞ս վախենում, որ հայրդ մեռնի վշտերից: Սա այն պատճառով, որ որդին հեռանում էր հոր նախատեսած ճանապարհից և ուզում էր գրող դառնալ:

Մոր հետ երկխոսությունը թափանցում է անցյալի խորքերը և հշողությունը դառնում է ընթացիկ գործողություն: Մոր խոսքն ականջներում, հետո նա իրեն պետք է նետեր խմբագրություն և հենց մոր խոսքերով էլ սկսեր հաջորդ վեպի շարադրանքը. «Ես եկել եմ քեզ դիմելու մի հարցով. դու չե՞ս կարող ինձ հետ մեկտեղ գալ, որպեսզի տունը վաճառենք»:

Ինքնապատումն ընթացքում ձևավորում է ժամանակային երեք շերտ`

ա) այն տարիքը (72-75), երբ գրում է,

բ) այն տարիքը (23), երբ մոր հետ գնում է տունը վաճառելու,

գ) կյանքի հաջորդական տարիները` վաղ մանկությունից մինչև գրելու պահը:

Մի տեղ իրեն ուղղված այսպիսի արտահայտություն է օգտագործում. «Դուք պետք է կառավարեք երկու ժամանակներ»: Եվ նա, իրոք, ժամանակային հոսքերը բնական տատանումներով ու անցումներով հասցնում է վախճանի:

Տասներկու տարեկանից հաջորդում են դպրոցական տարիների հիշողությունները: Կարդացածությունն ու զարգացումն իզուր չեն անցնում, զրույցից հետո տնօրենը նրան միանգամից ընդունում է տարրական դպրոցի չորրորդ դասարան: Հրաշամանուկն առանձնանում է միջավայրից: Նա արդեն կարդացել էր «Հազար ու մի գիշերները» ՚` տաք անապատի ցնորքը, իսկ հիմա` դպրոցական գրադարանից օգտվելով` կարդում է «Գանձերի կղզին» , «Կոմս Մոնտե Քրիստո» -ն, «Դոն Կիխոտ» -ը: Վերջինիս կապակցությամբ տարաձայնություն է ունենում' մի՞թե սա այն գիրքն է, որ արժանի է գովեստի, և ընթերցումն ավարտում է մի կերպ: Մինչ այդ «Հազար ու մի գիշերներ» -ին հաջորդել էին «Ծովագնաց Սինդբադը՚», «Ռոբինզոն Կրուզո» -ն, Էդմոնդո դե Ամիչիսի «Ապենիններից մինչև Անդեր» և բազմաթիվ այլ գրքեր: Ամեն մի տարիք իր գիրքն ունի: Եվ Մարկեսը տարիքային անցումներով ներկայացնում է իր կարդացած գրողների, գրքերի եթե ոչ ցանկը, ապա գոնե հիմնական անուններն ու վերնագրերը:

Ընտանիքը տեղափոխվում է Բարանկիլիա: Սրանք նաև ընտանիքի չքավորության տարիներն էին: Ընտանիքի մանկահասակ ղեկավարը մտահոգվում էր ում ինչ հագցնելու, սնունդ հայթայթելու հարցերով: Այդ նպատակով արձակուրդներին բանվորություն է անում տպարանում, դառնում փողոցային առաքիչ, երգով մասնակցում ձայնասփյուռի «Ամեն ինչի մասին մի քիչ» ծրագրի մրցույթին, Ընտանիքն այնքան աղքատ էր, որ ստիպված էին ուշ ժամերի լույսը խնայել անգամ ընթերցանության համար, որովհետև հայրը դեռևս ընտանիքի համար ապրուստ էր որոնում հեռուներում:

Կարիքն ստիպում էր տեղից տեղ վերաբնակվել, այս անգամ Սուկրե քաղաքն էր: Այսպես նրա կյանքի տարիներն անցել են Արակատակա, Բարանկիլիա, Կարտախենա, Սինս, Սուկրե և Բոգոտա քաղաքներում: Կյանքին ընդառաջ գնալու ցանկությամբ ծնողների կամքով տղան կրթությունը շարունակում է Կարիբյան ափի ամենահայտնի և թանկ քոլեջներից մեկում: Աղքատությունը նաև այսպես պետք էր հաղթահարել: Տղային այդ ճանապարհով մղողը մայրն էր, ըստ որի քոլեջն ավարտողները դառնում են կառավարիչներ:

Նա արդեն տասներեք տարեկան էր և միայնակ դեմ հանդիման էր գնում հասուն կյանքին: Քոլեջում սկզբից ևեթ ձեռք է բերում բանաստեղծի համբավ, որովհետև գրում էր հանգավոր երգիծական չափածոներ, ըստ երևույթին էպիգրամներ, անգիր էր ասում ամբողջական մեծ պոեմներ: Գաբիտո ստորագրությամբ դրանք լույս են տեսնում «Իմ բարբաջանքը» վերնագրով: Այս բարբաջանքի փոխարեն կարող է լինել նաև հիմարություն, դատարկաբանություն, անհեթեթություն, անմտություն... Պատանի հանճարը նաև մեներգիչ էր երաժշտական խմբում, նկարում էր, հանդիսությունների ժամանակ բեմերից արտասանում:

Մի տեղ գրում է, որ պարել այդպես էլ չսովորեց, բայց ուրիշ տեղեր նրան տեսնում ենք պարելիս: Նշանակում է ' պարել գիտեր, բայց ոչ անպես, որ զարմացներ շրջապատին: Իսկ պարը լատինաամերիկացիների համար նույնն է, ինչ-որ բեդվինի համար անապատի ավազների վրայով ոտաբոբիկ քայլելը:
Դրա հետ մեկտեղ վատ էր նրա ուղղագրությունը, որ հասնում էր «աներևակայելի» «անգրագիտության»: Ըստ գրողի խոստովանության ուղղագրությունն այսօր էլ խնդիր է նրա համար: Այ քեզ հանճարի տարօրինակություն: Վայելչագրությունը մի կերպ կարելի է հասկանալ, բայց ուղղագրություն վատ իմանալն արդեն իսկ լեզուն վատ իմանալ է նշանակում, որ եզակի դեպք է գրականության պատմության մեջ: Այսքան առաջադեմ աշակերտն այդուհետև շարունակում է կաղալ ուղղագրությունից և արդեն հետագա օրերի անդրադարձով միջարկում. «Այսօր ինձ՝ տասնյոթ հրատարակած գրքերի հեղինակիս, սրբագրիչները սիրով պատիվ են անում, որպես հասարակ վրիպակներ ուղղելով ուղղագրական կոպիտ սխալները»:

Իր կյանքի այս ճանապարհին նա հանդիպում է բազմաթիվ նշանավոր և աննշան մարդկանց, թվարկում է նրանց անուններն ու բնութագրում: Սա ասես ոչ միայն իրական, այլև գեղարվեստական դիմապատկերների շարք լինի:

Լարվածության առաջին ալիքը նրան հասցնում է նյարդային ընկճվածության: Ոմանք կարծում էին, թե նա միշտ էլ խելագար է եղել, իսկ ոմանք դարձել է:

Այսպիսի իրական պահ կամ այդպիսի հոգեբանական վիճակի նմանակված զգացողություն մեծությունների կյանքում միշտ էլ եղել է և պայմանավորված է կամ անձնական, կամ հանրային, կամ ստեղծագործական կյանքի բարձր լարվածությամբ, որի հոսքագծերն անցնում են մարդու սրտի և ուղեղի միջով ու կարճ միացումներից բռնկվում, պայթում...
Ոմանց մոտ դա դառնում է արյան զեղում կամ կաթված, ոմանց մոտ խելագարության պահ, մեր Տեմիրճիպաշյանն ու Ինտրան, Մուրացանն ու Կոմիտասը, Չարենցն ու Սևակը, մյուսների Դոստոևսկին, Վան Գոգը, Գոգենը և ահա, նաև Մարկեսը... Բայց ստեղծագործական լարվածության հետ մեկտեղ դա էլ է անցնում... «Վեսլի Ջեկսոնի արկածները» գրելուց հետո 72 ժամ խենթություն է իջել նաև Սարոյանի վրա: Սրանք ծննդյան ցնցումներ են, որովհետև ստեղծագործող մարդն ազատագրվում է երկրային ձգողականությունից և բարձրանում վեր, դեպի երկինք:

Ոսկե մեդալներն ու պատվոգրերը հաջորդում են իրար: Իսկ բժիշկները բուժում են նրա խելագարությունը: Մինչ նա տարված էր գրականությամբ` հայրը որդուն բոլոր դեպքերում տեսնում էր նաև առևտրականի դերում: Բայց...ավա¯ղ տվյալ պահի ցանկություններին, երանի նախախնամությանը:

Երբ գալիս է քոլեջում որդու ուսմամբ ու հաջողություններով ուրախանալու պահը, հայրը տղային ուղարկում է Բոգոտա: Տղան հագնում է հոր վրայով փոքրացած և վերաձևված կոստյումները: Իսկ ուղտի բրդից հանգուցյալ սենատորի վերարկուն, մայրն էր գնել: Պայծառատես քույրերից մեկը' Լիխիան, եղբորն զգուշացնում է, որ հանգուցյալ սենատորի ուրվականն այդ վերարկուով գիշերները թափառում է տան շուրջբոլորը: Վերարկուն հագնելիս նա ևս իրեն տեսնում է հանգուցյալի դեմքով, դրանից հիասթափվում, վերարկուն տասը պեսոյով գրավ է դնում և ետ չի վերցնում: Կորչի' սենատորի վերարկուն:
Քրոջ' Լիխիայի մասին արած պայծառատեսության ակնարկն ամենևին պատահական չէ: Գրում է. «...նա պայծառատես էր բնությունից», այսինքն' ի ծնե: Իսկ դա արդեն տոհմի պարգևներից մեկն էր, որ ակնհայտորեն առկա է Մարկեսի ամբողջ ստեղծագործության մեջ:

Հասունության հետ փոխվում են ընթերցողական նախասիրությունները: Կարդում էր կորուսյալ սերունդից այն ամենը, ինչ ընկնում էր ձեռքը և առաջին հերթին Ֆոլկներ, նաև Հեմինգուեյ... Իսկ Դոստոևսկու «Երկվորյակ» -ը, որ նա փորձում է, բայց չի կարողանում գողանալ Բարանկիլիայի գրադարանից, նրա խելքն ու միտքը տանում է: Ի վերջո, նա ունենում է այդ գիրքը, որ նրան տալիս է մի անհագ ընթերցող... ով դոկտոր էր և կրթության նախարարության թոշակավորող բաժնի տնօրենը:

Տասնչորս տարեկան քոլեջի սանի հայացքով ներկայացնում է գործող գրական խմբակցությունները, նրանց ղեկավարներին, նրանց գործունեությունը և ճշտում իր դերը: «Ավազ և Երկինք» -ը, որ տեղական «Քար և Երկինք» խմբակցության կրկնությունն էր, փորձում էր Պաբլո Ներուդայի օրինակով թարմացնել Կարիբյան ափեզրի պոեզիան: Տեղական խմբակցության պաշտպանը Խուան Ռամոն Հիմենեսն էր:

Այստեղ խորացնում է կապը առաջին խմբի քսաներկուամյա առաջնորդ Սեսար Աուգոստո դել Վալյեի հետ, թափանցում է նրա անձնական կյանքի մեջ, ասպարեզ բերում վերջինիս սպիտակամորթ գեղեցկուհի սիրուհուն, ում ամուսինը նավաստի էր և օրերով ու շաբաթներով նավարկում էր Մագդալենա գետի ջրերում: Թշվառ նավաստի, խաբված երջանկություն, գողացված սեր, որ մեկ բառով կյանք է կոչվում...

Հիշում է Սան-Խոսեի քոլեջում անցկացրած օրերը: Իսկ հիմա նա Բոգոտայում է: Այս նոր բնակավայրը նրա աչքին այսպես է երևում. «Բոգոտան այն ժամանակ հեռավոր մռայլ քաղաք էր, ուր 16-րդ դարի սկզբներից տանջող անքնության պես մաղում էր անձրևը»: Առաջինը, որ քաղաքում աչքի է զարնում, ինչ-որ տեղ շտապող բազմաթիվ մարդիկ էին, որոնց ավելանում է և ինքը, որպես հերթական քոլեջի դիմորդ: Այստեղից էլ նրան ուղարկում են մեկ ժամվա հեռավորությամբ գտնվող Սիպակիր քաղաքի Ազգային լիցեյ: Նոր անուններ, նոր ճակատագրեր և գլխավոր դիտարկումը աշակերտների և ուսուցիչների հարաբերությունը շատ անմիջական էր: Այստեղ գրադարանում ստանում են Զիգմունդ Ֆրոյդի երկերի լիակատար ժողովածուն, առաջին ընթերցողներից մեկն ինքն էր: Այս ազդեցությամբ և ուսուցչի հանձնարարությամբ գրում է պատմվածք «Մոլագարի հոգեխախտման դեպք» ըստ Ֆրոյդի նկարագրած կլինիկական դեպքերից մեկի և, հակառակ դասընկերների քննադատության, արժանանում է ուսուցչի խրախուսանքին, գրելու արվեստին թեև չես տիրապետում, բայց ունես ներզգացողություն և ցանկություն:

Նա արդեն 16 տարեկան էր և շարունակում է զարմացնել անգիր անելու և անվրեպ վերարտադրելու իր ունակություններով: Քոլեջում ուսանելու տարիներին բացվում է նրա օժտվածության` անգիր անելու այս առանձնահատուկ կողմը: Անգիր է անում Գասպար Նունյեսա դե Արսեի «Գլխապտույտ» պոեմի 57 տասնյակ 570 տող, մեկ ուրիշ անգամ Պաբլո Ներուդայի մի ծավալուն պոեմ: Այս կապակցությամբ գրում է. «Ես կարող էի անգիր ասել այդ տարիներին Կոլումբիայում ժողովրդականություն վայելող բանահյուսական ամբողջական պոեմներ, և ամենագեղցիկները Ոսկե դարից ու իսպանական ռոմանտիզմից...»:
Լիցեյում քնից առաջ աշակերտները նաև բարձրաձայն ընթերցման ժամ էին անցկացնում, օրինակ' կարդում էին Մարկ Տվենի պատմվածքներից մեկը: Ավագ սաները սովորում էին, կրտսերները' լսում, ծանոթանում, որ անցնելիս հեշտ լիներ: Նա նաև պաշտոնական արարողությունների համար ճառեր էր գրում:

Անպակաս են հեռացող ժամանակների խորհրդանշանները: Մարկեսը ժամանակը ոչ միայն զգում էր, այլև տեսնում:

Հիշում է մայրը հանուն երեխաների դաստիարակության հրաժարվեց դաշնակահարի հեռանկարից, հայրը տունը պահելու հոգսով տարված դեն նետեց ջութակը, ինքն ակկորդեոնով երգում էր Արակատակայի տոնավաճառներում մարմնավորելով հոր ու մոր չկայացած երազանքը: Իսկ լիցեում այցելել է երաժշտական դասընթացների:

Կարդում է Էդուարդո Կաբանսի քնարական արձակը, մասնակցում է Պոլ Վալերիի գրքի քննարկմանը, ում մասին ոչինչ չէր լսել: Բանաստեղծի համբավը շարունակում է ուղեկցել նրան: Արժանանում է ռեկտորի խրախուսանքին. «Ահա արգասավոր բանաստեղծը»:

Խավյեր Գարսես գրչանունով հրատարակում է սոնետներ. որոնք, ըստ նրա, սոսկ տաղաչափական փորձեր էին և առանձին նշանակություն չունեին: Նմանակել է Կեվեդոյին, Լոպե դե Վեգային, անգամ` Գարսիա Լորկային:

Բանաստեղծություններ էր գրում նաև գիշերօթիկի սաների համար, որ նրանք' որպես իրենց գրածներ, նվիրում էին կիրակնօրյա ընկերուհիներին:
Մեջբերելով ըստ Մարկեսի Լենինին վերագրվող խոսքը' «Եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքանությունն է զբաղվում քեզանով» և գիտակցելով դրա նշանակությունը՝ ներքաշվում է քաղաքականության մեջ: Քաղաքականությունը թափանցում է լիցեյ սաներին բաժանելով ազատամիտների և պահպանողականների: Անհոգ պատանությունը քաղաքական ճեղքվածք է տալիս: Նա անտարբեր չէր կոմունիստական գաղափարների հանդեպ: Համայնավարությունը գրավում էր: Տպագրում են աշակերտական թերթ, Խավյեր Գարսես անունով տեղ է գտնում նաև նրա քնարական արձակը: Սիպակիր քաղաքի ալկալդը (քաղաքապետարանի ծառայող, դատավոր) զինված ջոկատով մտնում է դպրոց և բռնագրավում թերթի 200 օրինակը, իսկ ռեկտորն ազատվում է աշխատանքից: Վիրավորվածության հետ մեկտեղ թերթի հրատարակիչների մեջ մնում է իրենց կարևորության գիտակցումը:

Արձակուրդներին վերադառնում է տուն:

Ազատ ու շարժուն եղբոր' Լուիս Էնրիկեին ծնողներն ուղարկում են ուղղիչ հաստատություն' նախատեսված չլսող երեխաների համար, որ ըստ էության բանտ էր: Եղբայրն այնտեղից դուրս է գալիս տարիուկես անց և դառնում քաղաքապետարանի ամենաերիտասարդ ալկալդը:

Հիշում է հոր սիրային արկածները, որից ծնված չորս երեխաներին մայրն ընդունում է իր տուն և հանուն մեծ ընտանիքի խաղաղության թաքցնում խանդը: Վերստին մտաբերենք «Մենության» մեջ այդպիսին էր Ուրսուլան: Նախատիպն աչքի առաջ է: Ուրսուլայի պես մայրը ևս զավակների կորստյան տագնապ ուներ: Վեպում վախը բնազանցական էր, չլինի հանկարծ ժառանգները ծնվեին պոչով, իսկ մայրը միշտ վախ ուներ, որ երեխաները կմեռնեն քնի մեջ: Նախապաշարումները մեկ այլ իրականության արձագանքն են: Նախապաշարումների մեջ գիտակցության աստիճանի հասցված բնազդն է, ուստի նախապաշարումները ևս կենսաբանական թաքնված ծրագրեր են, որ մի օր ցույց են տալու իրենց, այսինքնª իրականանալու են: Մարկեսին հասկանալու համար երևակայության թռիչքները տեսնելու հետ նաև նախապաշարումների ձայնը պիտի լսել:
Նրա կյանքում առանձնահատուկ տեղ ունեն կանայք: Առաջինի անունը Տրինիդադ էր, 13 տարեկան մի աղջիկ, ով ծաղկում էր «մահացու-սպանիչ-գեղեցիկ կանացի գույնով»: Այստեղից է նաև մաշկի հոտով, սիրո ձգողականությամբ սիրած էակին մթության մեջ գտնելու ազդակը, որ Բուենդիա եղբայրներից մեկին` գիշերով, բազմաթիվ քնած մարդկանց միջով, հասցնում է Պիլար Տերներայի գիրկը: Սա սիրո հոտն էր: Սա էգի կրքահարույց հոտն է:

Սիրո հասունացումն անցնում է նաև կենդանամերձության շրջան, այս կողմերում էշ ու հավ: Իսկ առաջին կինը գետի մակընթացություն հիշեցնող ծանր շնչառությամբ նրան տղամարդու գործունեության ուղեգիր է տալիս, երբ ինքը 14 տարեկան էր: Ասես Ֆեդերիկո Ֆելինիի հանճարեղ ֆիլմը լինի' «Ամարկորդ» -ը: Վերապատմելը իմաստ չունի: Մարկեսը այն հաստատ տեսել է: Կենսագրականի շարադրման ժամկետներն են հուշում դա և մղում այդ ստույգ ենթադրության:

Պարզվում է, որ մակընթացության պես ծանր շնչառություն ունեցող տարփուհու հաճախորդներից էր նաև նրա կրտսեր եղբայր Էնրիկեն: «Մենության...» մեջ երկու եղբայրների սիրուհին էր Պիլար Տերներան: Սիրային արկածները կրկնվում են:

Իրական սիրո մի հերոսուհիª Մարիա Ալեխանդրինա Սերվանտեսը «իր գիշերից հետո» անհայտանում է: Տարիներ շարունակ տանջող կարոտից ազատվելու համար նրա կերպարը մարմնավորում է վեպերից մեկում, իբրև անառականոցի տիրուհի, թեև իրականում այդպիսի բան չի եղել:
Կանայք մշտապես եղել են նրա կյանքում, համենայն դեպս սա նախաամուսնական շրջանն է, և նա պարզ ու գեղեցիկ պատմում է իր կյանքի այդ երանելի պահերի մասին: Իսկ ինչո՞ւ ոչ... Նույնն է, թե շոգին ծարավ մի պահի սառույցը միջին մի բաժակ վարդի օշարակ խմես: Եվ պետք չէ սեռական կյանքի մաքուր ազատությունը դնել արգելակի տակ և ամեն անգամ բացատրություն և արդարացում որոնել... Ծարավ ես, խեղդվում-տոչորվում ես, պիտի խմես սիրո քաղցր թույնը: Չխմես` կմեռնես:

Լիցեյում 15 տարեկանից սկսած սովորում է ծխել, ինչը դառնում է սովորություն և հատկապես գրելիս ուղեկցում է նրան, իսկ առավոտները հասնում է ծխախոտային խումհարի: Հասել է երեք տուփի, անցել չորրորդին:

Իր «Անիծյալ ժամանակ» վեպի կապակցությամբ գրում է, որ այն շարադրել է «իր հնդկացիական լեզվով», իսկ Մադրիդում հրատարակվել են մադրիդյան բարբառով, որ բնագրից հեռացում է նշանակում: Քիչ անց անդրադարձ է անում, որ վեպն ինքը ՙթարգմանել է «իր կարիբյան» բարբառով և այն համարել վեպի առաջին իսկական հրատարակությունը: Խոսքը իսպաներենի լեզվական շերտերի մասին է, որոնցից իրենը մայրենի բարբառն էր: Հնդկացիական լեզուն այս դեպքում, կարծում եմ, այլ բան չէ, քան իսպաներենի Կարիբյան ափի խոսվածքը:

Տարիքի հետ տղան դանդաղ, բայց նկատելի օտարանում է ընտանիքից: Ծնողներն անհանգիստ են, մտահոգված են նրա ապագայով, գուցե բժիշկ դառնա, որևէ բնագավառի լավ մասնագետ, գծագրող, երաժիշտ, եկեղեցական երգիչ, կիրակնօրյա քարոզիչ: Իսկ գուցեև` գրող:
Մի օր մայրը դիմում է որդուն. «Ասում են, եթե ցանկանաս, դու կարող ես դառնալ լավ գրող»: Եվ տղայի պատասխանը. «Եթե գրող' ապա մեծ, իսկ այդպիսիք մեր ժամանակներում արդեն չեն լինում»:

Մի երեկո, որդու հետ խոսելու փոխարեն, մայրը լալիս է առանց արցունքների: Դա ևս խոսք էր: Ուիշ մի այբուբեն, ուրիշ մի աշխարհի ձայն:

Գաբիտոն շատ նման էր հորը, այդ մասին ակնարկում է հայրը, իսկ որդին, որ սկզբում կասկածում էր, ավելի ուշ ավելի է պնդում այդ նմանությունը «Հայելու մեջ ես ինձ ավելի հորս էի նմանեցնում, քան ինքս ինձ»: Ընտանիքի մենությունն ու անապահով վիճակը նկատի ունենալով մայրը խորհուրդ է տալիս. «Քո կրթության շարունակության ճիշտ լուծումը այն կլինի, որ ինքդ կարողանաս վճարել»:

Ծնողների համաձայնությամբ 1948-ի փետրվարին ընդունվում է Բոգոտայի Ազգային համալսարանի իրավաբանական բաժանմունքը, բայց ուշքն ու միտքը գրականությունն էր: Ունևոր ընկերները գրքեր էին գնում և սեղմ ժամկետով տալիս էին նրան կարդալու: Եղել է նաև, որ գրախանութից և գրադարաններից գրքեր է գողացել, որովհետև ուսանողությունն այն մտայնության էր, որ գիրք գողանալը ոչ թե մեղք է, այլ սոսկ հանցագործություն, նույնն է, թե' գրքի գողը գող չէ:

Հեղինակներն ազդեցիկ են և շարքն ընդլայնվում է Խորխե Լուիս Բորխես, Դավիթ Հերբերտ Լոուրենս, Օլդոս Հաքսլի, Գրեմ Գրին, Չեստերտոն, Վիլյամ Այրիշ, Կետրին Մենսֆիլդ և ուրիշներ: Ջոյսի «Ոդիսևս» -ը ընկալվում է որպես ժամանակակից Աստվածաշունչ:

Ժամերն անց էր կացնում ուսանողական սրճարանում, որոնք նաև մշակութային հաղորդակցության ու գրքափոխանակության կենտրոններ էին: Այստեղ նաև քննարկվում էին նոր կարդացած գրքերը: Ջոյսի հիշյալ վեպի «լուրջ վերընթերցումից» հետո գրում է. «Ոդիսևս» -ը ոչ միայն ինձ օգնեց բացահայտելու իմ ինքնուրույն ներքին աշխարհը, ինչի մասին ես չէի էլ կասկածում, այլև ճանաչել գրելու անգնահատելի տեխնիկան, որ ունակ է բացելու լեզուն, խելոք կառավարել ժամանակը, տիրապետել մտքերի կառուցման արվեստին»: Ավելանում է Կաֆկայի «Կերպարանափոխություն» -ը: Երևակայությունը բորբոքվում է և հորդում է գրելու տենչը:

Բոգոտան նրա համար ոչ միայն Կոլումբիայի մայրաքաղաքն էր, այլ նախևառաջ մի վայր, որտեղ բանաստեղծներ էին ապրում: Իսկ բանաստեղծությունը, ըստ գվատեմալացի բանաստեղծ, հրապարակագիր Լուիս Կորդոսա ի Արագոնի' նրա համար «իր տեսակի մեջ սեփական գոյության միակ զգացողությունն էր»:

Այսպես կյանքի պոեզիա էին ստեղծում Խուան Ռամոն Հիմենեսը, Ռուբեն Դարիոն, Գարսիա Լորկան, Պաբլո Ներուդան, Վիսենտե Ռիդոբրոն: Դա սրտի ձայն էր ընդդեմ պառնասյան հնագիտության, իսկ նա, ինչպես արդեն նշել ենք, ուսանողական տարիներից մտերիմ էր «Քար և Երկինք» խմբակցության հետ:


Ըստ Մարկեսի` իր թե՛ լիցեյական գործերը, թե՛ արձակն ու բանաստեղծությունները կրել են «Քար և Երկինք» գրական խմբակցության ազդեցությունը։ Այսպես՝ թեկո՛ւզ ազդեցություններով, գրականությունը նրա համար դառնում է կեցության մի գեղեցիկ օազիս։ Գրական անուններին ավելանում են նաև փիլիսոփաները, գեղագետները, տեսաբաններն ու քննադատները, նրանց թվում նաև Օրտեգա ի Գասետը։

Թվարկում է գրական անուններ ու երկերի վերնագրեր, որոնցով ստեղծվել է ստեղծագործական միջավայր՝ Հեմինգուեյ, Խորխե Լուիս Բորխես, Խուլիո Կորտասար, Ֆելիսբերտո Էրնանդես... Ճամփորդական մի պահի նրա ձեռքին էր Օլդոս Հաքսլիի «Ձայնակարգություն» («Կոնտրապունկտ») վեպը։ Առավել տպավորվում են Ֆոլկների «Գյուղակ», «Աղմուկ և ցասում», «Երբ ես մեռնում էի», «Վայրի արմավենիներ» երկերը, Ջոն Դոս Պասոսի «Մանհեթեն» -ը, Վուլֆի «Օրալդո» -ն, Ջոն Սթայնբեկի «Մկների և մարդկանց մասին», «Ցասումի ողկույզներ» երկերը, Ռոբերտ Նաթանի «Ջենիի դիմանկարը» և Էրսքին Քոլդուելի «Ծխախոտի ճանապարհը» ։

Մի կողմից կյանքի գիրքն էր՝ ծննդավայրը, մարդիկ, ճակատագրերը, ճանապարհները, բնակավայրերը, մեծերից փոխանցվող պատմությունները, հարազատ բարբառը, բնաշխարհը, ազգագրությունն ու կենցաղը, մյուս կողմից` մարդկային քաղաքակրթության ստեղծված գիրքը՝ Սուրբ Գրքից մինչև հունա-հռոմեական ժամանակների և հետագա դարաշրջանների դասականներ և մինչև իր անմիջական նախորդներն ու ժամանակակիցները։ Սպունգի պես նա ներծծում էր ամեն ինչ, բայց այդ ամեն ինչը մարմնավորում էր մի միջավայրի մեջ, որ ուներ թավ ու գունեղ մերձարևադարձային երփնագիր. խոնավությունից ու արևից հափրացած բուսականություն, գետերի ու ծովերի թարմ մի շունչ, որ նորոգվում էր օվկիանոսի ծփանքով, լեգենդներ, առասպելներ, ավանդազրույցներ զարմանահրաշ պատմություններ և բնական կենսակերպից դեպի քաղաքակրթություն զատվող, անջատվող իրականություն՝ իր խորապես անհատական կերպարներով։ Նորը գալիս էր առանց հարցնելու, գալիս ու նոր հունի մեջ էր դնում ավանդական կյանքն ու կենցաղը, իսկ հինը գերեզմաններից կանչող ձայների պես որքան տագնապալի, նույնքան հարազատ էր և մշտապես ներկա... Սիրեններ կոչված հուշկապարիկներն ապրում են ամեն տեղ և կանչում իրենց կախարդիչ ձայներով...

Առաջին պատմվածքը` «Երրորդ հնազանդեցումը», 1947-ի սեպտեմբերի 13-ին տպագրել է Բոգոտայի «Էլ Էսպեկտադոր (դիտորդ)» թերթի «Ֆին դե լա Սեմանա» հավելվածում։ Բակալավրի աստիճան ստանալուց անցել էր ինը ամիս, նա անգամ այդ թերթը գնելու գումար՝ հինգ սենտավո չուներ։ Այդ գումարով կարող էր տրամվայ նստել, խոսել հեռախոսով, մի գավաթ սուրճ ըմպել կամ կոշիկները փայլեցնել։ Ի վերջո հայտնվում է «պարոն Աստվածային Նախախնամությունը» ՝ թերթը ձեռքին, և գրողը խնդրում է թերթը նվիրել իրեն։ Պատմվածքը գրել էր Կաֆկայի «Կերպարանափոխության» ազդեցությամբ. հիմա, կարդալով, հիասթափվում է իր գրածից։ Իրենից վերստին չհիասթափվելու համար՝ այդ պատմվածքը հանդգնել է կարդալ միայն քսան տարի անց և այդ անգամ ավելի բարյացակամ է գտնվել իր երախայրիքի հանդեպ։ Առաջին հրապարակումից հետո նա գիտակցում է իր թերությունները՝ գրի անճոռնությունը և մարդկային հոգու չիմացությունը։

Քառասուներկու օր անց՝ 1947 թ. հոկտեմբերի 25-ին տպագրվում է երկրորդ պատմվածքը՝ քսանամյա արձակագիրը նույն թերթում արժանանում է գնահատանքի և համարվում հուսատու աստղ։ Նրան առաջին գնահատողը Էդուարդո Սալամեան էր։ Բոգոտա է գալիս Պաբլո ՆԵրուդան և գրական հավաքներում խոսում պոեզիայի քաղաքական-քաղաքացիական հնչեղության անհրաժեշտության մասին։ Հետագայում այդ իսկ գաղափարախոսության բերումով Ներուդայի մուտքը Կոլումբիա արգելվում է անձամբ երկրի նախագայի կողմից։

Մարկեսի կոչումն արձակն էր, բանաստեղծական ներշնչանքը թեև մնում է հեռվում, բայց յուրահատուկ կշռույթ է հաղորդում արձակին։ Նրա առաջին պատմվածքները յուրահատուկ էին և շատերը չեն կարողանում որոշել, թե ի՞նչ ժանր է։

Ուսման մեջ առաջադիմությունը ոգևորում է ծնողներին, և նրանք դյուրակիր արդիական մի գրամեքենա են նվիրում իրենց որդուն, գուցեև թաքուն երազում են նրա գրական փառքի մասին։

Գրական-ուսանողական առօրյային ավելանում է քաղաքական կյանքի խճանկարը։ Իսպանիայի գաղութային լծից ազատվելուց հետո երկրում շարունակվում են քաղաքացիական բախումները, որ լարվածության է հասնում 1940-ական թթ. երկրորդ կեսին։ Այդ թոհուբոհի մեջ հիշվում է Կուբայի ուսանողության առաջնորդ, Հավանայի համալսարանի պատգամավոր Ֆիդել Կաստրոն, ով մասնակցում էր ուսանողական պան-ամերիկյան համաժողովին և ում հանդեպ Մարկեսը տածել է մշտական հիացմունք ու հարգանք։

Քաղաքացիական լարվածությունը վերածվում է բախումի, և Բոգոտայի փողոցները լցվում են սպանվածների դիակներով։ Կարգախոսը՝ «Կոլումբիական ժողովրդավարության համար ավելի լավ է մեռած նախագահը, քան փախած նախագահը» ։ Այդ անկարգությունների համար մեղադրվում է թե՛ Ֆիդել Կաստրոն, թե՛ նույն հավաքի մեկ այլ մասնակից, արդեն հիշատակված Լուիս Կարդոսա ի Արագոնը (օգտագործված է նաև գրության Կարդոսա-Արագոն ձևը) ։ Դեպքերի զարգացումը հասնում է 1948 թ. ապրիլի 9-ին, օր, երբ ըստ Մարկեսի՝ Կոլումբիայում սկիզբ է առնում 20-րդ դարը։ Ամեն ինչ պայամանավորված էր իշխանափոխությամբ։

Վրա է հասնում ստեղծագործական կյանքի վերջնական ինքնաճանաչման պահը. «Առավելագույն չափով պարզ է, որ լրագրությունը իմ փեշակը չէր։ Ես կուզեի լինել առանձնահատուկ հեղինակ, բայց դրա փոխարեն նմանվում էի ուրիշ հեղինակների, ովքեր ոչինչ ընդհանուր չունեին ինձ հետ։ Այդպիսով, այդ օրերին ես խորհրդածությունների մեջ էի, քանզի Բոգոտայում իմ տպագրած առաջին երեք պատմվածքներից ու Էդուարդո Սալամեայի և ուրիշ քննադատների ու բարեկամների կողմից ինձ հասցեագրված այդքան բարձր գնահատականից հետո ես ինձ զգում էի փակուղու մեջ» ։ Բայց այնքան էլ հեշտ չէր իրականացնել լրագրությանը հրաժեշտ տալու ներքին որոշումը, որովհետև դա իր ապրուստն էր։ Թեև ծնողներին հայտնում է, որ թերթում իբր բավարար չափով վարձատրվում է, բայց դա այնքան էլ այդպես չէր։ Երբեմն, ինչպես առաջ, քնել է խմբագրության պահեստում՝ թղթի հսկայական փաթեթների վրա։

Ճոճացանցը թևի տակ՝ քնում էր նաև ուր պատահի։ Միջավայրի համար նրա ներկայությունն այնքան էլ սովորական չէր, որովհետև քնի մեջ խոսելու սովորություն ուներ։ Շարունակում է ընթերցանությունը։ Հիմա՝ Սոֆոկլես, Ալեքսանդր Դյումա...

Ընկերներից մեկի՝ Ալվարոյի տանը ծանոթանում է նրա գրադարանին. «Սրանք համայն աշխարհի բացառիկ գրողներն են, ովքեր գիտեն իսկապես գրել», - ասում է նա։ Այստեղ Ալվարոն պատմում է նաև Ասորինի և Սարոյանի մասին, ովքեր իր կուռքերն էին և որոնց հանրային ու անձնական կյանքը գիտեր անմնացորդ։

Այստեղ էլ առաջին անգամ լսում է Վիրջինիա Վուլֆի անունը, նվեր ստանում նրա «Տիկին Դելլոուեյ» վեպը։ Հերթը հասնում է Հերման Մելվիլի «Մոբի Դիկ» -ին, Նաթանայել Հոթորնի վեպերին։ Հանդիպում է նշանավոր բանաստեղծ Լուիս Կարլոս Լոպեսի հետ, ով շեղաչ լինելով, ուներ Միաչքանի մականունը։

Նրա մեջ տպավորվում են արտառոց դեպքերը։ Օրինակ, տասներկու տարեկան մի աղջկա թաղումից հետո, երկու հարյուր տարվա ընթացքում նրա մազերն աճել էին քսաներկու մետր։ Այս տպավորությունը հետագայում պիտի վերամարմնավորվեր վեպերից մեկում։

Ահա մեկ այլ դրվագ. պատմում է գաղտնախորհուրդ աղոթքների մասին, որով կարող էին մեռյալներին հարություն տալ և հակառակը։ Նրանցից մեկն ապրեց այնքան, ինչքան ցանկացավ, կամ կարծիք կար, որ նա արդեն 233 տարեկան է, բայց 66-ից այն կողմ այլևս չծերացավ։ Հեքիաթն այսպես շարունակվում է նաև իրականության մեջ, և նա նախապատրաստում է ամեն բան, «որպեսզի գրի գերբնական իրապաշտության տարեգրությունը» ։ Հենց այս «գերբնականն» էլ դարձավ ու անվանվեց մոգական իրապաշտություն։

Այդ տպավորություններով սկսում է իր առաջին վեպը՝ «Տուն», որից մնում է սոսկ վերնագիրը։ Պետք է պատկերեր Կոլումբիայի Կարիբյան եզերքի հազարօրյա պատերազմը։ Մի գրքույկի մեջ՝ նվիրված այդ պատերազմի վետերաններից մեկին, հանդիպում և մտապահում է Բուենդիա ազգանունը, իսկ նկարով այդ վետերանը շատ նման էր իր պապին։ «Տուն» -ը պիտի պատմեր «մեկ ընտանիքի էպոպեայի մասին» ։ «Տուն» վերնագիրը մտածված էր այնպես, որ գործողությունները մշտապես կատարվեն նույն տան մեջ։

Չի կարելի ասել, թե Մարկեսի այս կենսապատումի ներքին կառուցվածքը ամուր է։ Զգալի են հիշողության կորուստի հետքեր, որովհետև շատ են կրկնությունները։ Օրինակ 414-րդ էջում իրենց ընտանիքի՝ տատի, հոր երեխաների, նորածին եղբայր-քույրերի մասին գրում է այն, ինչ արդեն գրել էր։ Ծնողները չէին հասցնում մեծացնել երեխաներից մեկին, երբ արդեն լույս աշխարհ էր գալիս հաջորդը։ Բոլոր դեպքերում Մարկեսը՝ ավագը երեխաների մեջ, սիրով նորից թվարկում է իր բոլոր եղբայրների և քույրերի անունները, հիշում նրանց կյանքի առանձին դրվագներ։

Նույնը և չորրորդ տուփ ծխախոտին անցնելու իր ծխամոլության կապակցությամբ։

Վեց կիսամյակ տանջվելուց հետո ուսանող Մարկեսը թողնում է իրավագիտության բաժանմունքը, որովհետև վերջնականապես ու մեկընդմիշտ տարված էր իսպանական Ոսկե դարի անփոխարինելի պոեզիայով։ Այդ ժամանակ քսաներեք տարեկան էր, թերթերի հավելվածներում հրատարակել էր վեց պատմվածք ու շարունակում էր կարդալ ձեռքն ընկած ամեն ինչ, որպեսզի յուրացներ «արձակի տեխնիկան» ։ Դա հոր սրտով չէր, որովհետև տղան խաղում էր իր ու ընտանիքի բախտի հետ՝ ապահով իրավաբանի հեռանկարը զոհելով գրողի անորոշ զբաղմունքին։

Իսկ համալսարան վերադառնալ նա հենց այնպես այլևս չէր կարող՝ քննություն չէր հանձնել երկու առարկայից երկրորդ կուրսում, երեքը՝ երրորդ։ Դրա փոխարեն պատմվածքներ ու հոդածներ էր գրում։

Մայրն այդ կապակցությամբ տունը վաճառելու ճանապարհին հարցնում է որդուն. «Հը՛, ի վերջո, ես ի՞նչ ասեմ հայրիկիդ» ։ «Ասացեք նրան, որ միակ բանը, ինչ ես ուզում եմ կյանքում, գրող դառնալն է, և ես գրող կդառնամ», - մորը Դուքով դիմելով՝ պատասխանում է որդին։

Մեկ այլ դրվագում զրույցը դարձյալ ընթանում է նրա շուրջ։ Մայրը բժիշկին ասում է. «Պատկերացնո՞ւմ եք, կնքահա՛յր, նա ուզում է գրող դառնալ» ։ Բժիշկի աչքերը փայլատակում են. «Դա հրաշալի է... Դա չէ՞ որ երկնային պարգև է», - բացականչում է նա և ճշտում գեղարվեստի սեռը՝ բանաստեղծությո՞ւն, թե՞ վեպ ու պատմվածք։ Եվ գնահատությունը. «Չգիտեմ, թե դու ոնց ես գրում, բայց պատմում ես արդեն որպես գրող» ։

Ահա կենսապատումի մեջ ներխուժում է նրա գրական առօրյան՝ աշխատանքը խմբագրություններում (առաջինը՝ «Էլ Էռալդո», Բարանկիլիայում), ակնարկներն ու հոդվածները, գրական հանդիպումները, գեղարվեստական երկերը... Ահա այդ օրերի նրա կերպարը. «Առաջին շաբաթներին թերթի խմբագրությունում ես գրում էի մինչև ուշ գիշեր և քնում էի մի քանի ժամ՝ ուղղակի դատարկ խմբագրատանը կամ տպագրական թղթի փաթեթների վրա...» ։ Այսպես աստիճանաբար ձևավորվում են նաև նրա գրական շրջանակն ու նախասիրությունները։

Այս ընթացքում խորհում է նաև գրի մեջ ընթերցողի երևակայության համար նախատեսված տարածության մասին։

Ձևակերպվում են գրական վարպետության դասընթացի պահանջները.

-երբեք ոչ մեկի ցույց մի տվեք ձեր գրելիք նյութի սևագրությունը,

-որպես գրող իմ թերություններից մեկն այն է, որ ես չեմ խոսում անգլերեն,

-պատմվածքը և վեպը ոչ միայն գրական երկու տարբեր տեսակներ են, այլ իրենց բնույթով երկու տարբեր օրգանիզմ,

-առավոտվա մեռյալ ժամերին ես գրում էի իմ պատմվածքները,

-անգամ մեքենագրական սխալը ինձ հանում է հունից, ինչպես ստեղծագործական սխալը...

-առաջինը, ինչ գրողը պիտի գրի, իր հուշերն են, քանի դեռ հիշում է դրանք,

- «Ես չէի համարձակվում խոստովանել, որ «Տերևահողմ» -ի առիթով ինձ հետ կատարվեց նույնը, ինչ «Տան» հետ. ինձ ավելի հետաքրքրում էր ոչ թե նյութը (թեման), այլ տեխնիկան» ։

1950-ին Մարկեսը ոչ միայն լրագրության ու գրականության, այլև կինոյի տենդի մեջ էր։ Գրում է Ֆոլկների նորավեպի հիման վրա Կլարա Բրաունի նկարահանած «Աճյուն պղծողը» և Ռոբերտ Նաթանի պատմվածքի Վիլյամ Դիտերլիի էկրանավորած «Ջեննիի դիմանկարը» շարժանկարների մասին։ Հավաքում է կինոյին նվիրված գրքեր և համալրում գրադարանը։

Քսաներեքամյա երիտասարդ գրողը լիարժեք գրական տարերքի մեջ էր՝ գրական միջավայր, գրական ընկերներ, առանձին գրական հեղինակություններ, բուռն գրական առօրյա։

Այս օրերին պատահաբար ծանոթանում է ապագա կնոջ՝ Մերսեդես Բարչայի հետ՝ ծնունդով Սուկրայից, դեղագործի աղջիկ, տասներեք տարեկան, ում ամուսնության առաջարկ է անում։ Հանդիպում են «Պրադո» հյուրանոցի պարահրապարակում։ Աղջկա հայրը՝ Դեմետրիոն, ազատամիտ էր և քաղաքական հալածական։ Մինչդեռ ապագա գրողը կոմունիստի համբավ ուներ։ Ուսումը իրավաբանականում կիսատ թողած, երկրորդ-երրորդ կուրսերի մի քանի քննություն չհանձնած ուսանողը, ով պարտավորված էր նաև տան հոգսերով, այս օրերին ավարտում է իր առաջին վեպը՝ «Տերևահողմը» (1948, թարգմանվել է «Տերևաթափ») ։

Գեղարվեստական պատումի ոճը հետագայում նրան ուղեկցում է նաև ինքնակենսագրականի շարադրանքի մեջ. «Առաջին գիշերն իմ ծնողները քնեցին բազմոցին՝ հյուրասենյակում և տեսան տիկնոջ ուրվական, որ, առանց իրենց նայելու, անցել էր մի ննջարանից մյուսը՝ կարմիր ծաղիկ հագուստով և ականջների ետևում գույնզգույն ժապավեններով կապված կարճ մազերով» ։

Ահա մեկ ուրիշ կերպար՝ մորաքույր Պան, ով իննսուն տարեկանում տաքսիով գալիս է հարազատներին հրաժեշտ տալու, որովհետև զգում էր, որ պիտի մեռնի, իսկ մահը վրա է հասնոմ հարյուր մեկ տարեկանում։

Մարկեսին ուղղված մեղադրանքներից մեկը կենցաղագրությունն էր։ Կենցաղը նրա ստեղծագործության հիմքն է՝ ներքաշված ժառանգականության ու հավիտենության հրաշքի մեջ։ Այս կապակցությամբ գրում է. «Կյանքն ինքն է ինձ սովորեցրել գրական օգտակար գաղտնիքներից մեկը՝ ինչ-որ բան հարցնելու նպատակով դուռը չծեծելու համար սովորել կարդալ իրականության մեհենագրերը» ։

«Տերևահողմ» վեպն՝ ըստ նրա՝ «Գիրք էր, որ ինքը տեսել էր մոր հետ ճամփորդությունից հետո» ։ Հրատարակիչները մերժում են վեպի տպագրությունը (լույս է տեսել 1955-ին) ։ Այս պայմաններում տան հոգսը թեթևացնելու նպատակով աշխատում է գրավաճառ։ Պարբերաբար հիշեցնում է մի դեպք, թե ինչպես իր պապ Նիկոլաս Մարկեսը սպանել է Մեդարդո Պաչեկոյին։ Այս դեպքը Պրուդենսիո Ագիլարի սպանությամբ կա «Մենության» մեջ։ Հետո արդեն հանդիպում են սպանողի և սպանվողի թոռներ, հիշողությունը շարունակվում է որպես իրական կյանք։

Մարկեսն ասես ներկայացնում է «Մենության» ուրվագիրը՝ առանցքային դիպաշար, նախակերպարներ, պատումն առաջ տանող պատմություններ։ Ուսումնասիրողը կարող է բազմաթիվ ընդհանրություններով ներկայացնել կենսագրականի ու գեղարվեստականի հատման սահմանագիծը և ցուցանել, որ կենսագրականն իր առաջին իսկ մտաբերումներով արդեն իսկ գեղարվեստական է...

Գրքի վերջին՝ ութերորդ դրվագում հեղինակը ներկայացնում է իր աշխատակցությունը «Էլ Էսպեկտադոր» թերթին, ուր տպագրվում էին նաև նրա պատմվածքները։

Դեպքերը հասնում են 1955-1956 թթ.։ Թերթում եղել է կինոյի քննադատ՝ երկու տարում գրել է 75 հոդված, նաև 600 խմբագրական և 80 լրատվական թղթակցություն։

Զուգահեռ առաջ է ընթանում գրական կյանքը, և գրողը «Էլ Կոլոմբյանո» թերթին տալիս է իր առաջին՝ «ինքնասպանության ատիճանի» անկեղծ հարցազրույցը։

Մարկեսը, ինչպես գրեթե բոլոր գրողները, ունեցել է իր երաժշտական հակումները։ Սկզբնական շրջանում իր սահմանափակությունը համարում էր այն, որ չէր կարողանում գրել երաժշտության ներքո, որովհետև ավելի մեծ ուշադրություն էր դարձնում լսելիքին, քան գրելիքին։ Ստեղծագործական ձևավորումը դեռևս շարունակվում է՝ տեղ տալով երաժշտությանը։ Ազգային գրադարանի երաժշտական սրահում նա սկսում է կարդալ մեծ երգահանների երաժշտության հնչյունների ներգործությամբ։ Նա հայտնաբերում է «երաժշտության տարածությունը», ինչը և դառնում է նրա նվիրական կիրքը։ Ժամանակի ընթացքում ընտելանում է երաժշտության առկայությամբ գրելուն։ Երաժշտության բնույթը կախված էր գրելիքի բովանդակությունից։ Ավելի ուշ մասնագիտական աչքն ընդհանուր նմանություններ է նկատել նրա վեցերորդ՝ «Նահապետի աշունը» վեպի և Բելա Բարտոկի «Երրորդ կոնցերտ դաշնամուր համար» ստեղծագործության միջև։ Խոստովանում է, որ վեպը գրելիս լսել է այդ երաժշտությունը և զարմանում, որ նմանությունն այնքան ակնհայտ է, որ անգամ կողմնակի աչքն է նկատում։ Դա նկատել է նաև Նոբելյան մրցանակի հանձնաժողովը։

Կոլումբիայում գրական մրցանակաբաշխությունները համարում է «հասարակ սոցիալական կատակերգություններ», որոնք, լավագույն դեպքում, գավառական առաջնություններ էին։

Նավաբեկության ու թմրաբիզնեսի հետ կապված մի պատմության լրագրողական բացահայտումն ու լուսաբանումն ավարտվում է նրա և թերթի խմբագրության դեմ ուղղված սպառնալիքներով։ Նրան խորհուրդ են տալիս միառժամանակ բացակայել Կոլումբիայից։ Խմբագիրը նրան գործուղում է Շվեյցարիա՝ Ժնև, լուսաբանելու «Մեծ քառյակի» հանդիպումը։ Գործուղման մի քանի օրը դառնում է «գրեթե երեք տարի» ։

Կոլումբիայից հեռանալուց առաջ մաքրում է գրասեղանն ու դարակները և պատռում ու աղբարկղն է նետում «Տերևահողմ» վեպից դուրս մնացած «Մակոնդոյում անձրևին նայող Իսաբելի մենախոսությունը» հատվածը։ Ծանոթներից մեկն այցելում է նրան, աղբարկղից հանում է ձեռագիրն ու տպագրում «Միտո» ամսագրում։

Առավոտյան ժամը յոթին դեպի օդանավակայան ճանապարհին Մարկեսը տեսնում է Մերսեդեսին. բարեկազմ ու հեռու՝ դռան մուտքի մոտ նա նստած էր ինչպես քանդակ։ Նրա հագուկապը ժամանակի թելադրանքով էր՝ կանաչ շրջազգեստ՝ ոսկե ժանյակներով, իսկ մազերը սանրված էին ծիծեռնակի թևերի պես։ Լարված հանգստությամբ նա ինչ-որ մեկին էր սպասում, նրա՛ն, ով պիտի գար, բայց առայժմ գնում էր։ Օդանավակայան շտապող գրողը մի պահ մտածում է` կանգնեցնել տաքսին և մոտենալ, բայց, իր անհաստատ կյանքը նկատի ունենանալով, որոշում է ճակատագրին ձեռնոց չնետել։ Ինքնաթիռի մեջ այս պահի հիշողությունն արդեն կեղեքում ու այրում է նրան, և նա նամակ է գրում Մերսեդեսին. «Եթե այս նամակիս պատասխանը մեկ ամսվա ընթացքում չստանամ, մեկընդմիշտ կմնամ ապրելու Եվրոպայում» ։ Ինքնաթիռը փոխելու ընթացքում օդանավակայաններից մեկում, օվկիանոսը չհատած, նամակը փոստարկղն է գցում։ Ժնև հասնելուն պես պատասխան նամակն սպասում էր նրան։

Ահա այստեղ՝ Եվրոպա մուտքով և հայրենիք վերդառնալու պայմանավորվածությամբ ավարտվում է այս ինքնապատումը։ Շարունակությունը գրե՞լ է, թե՞ ոչ, հայտնի չէ։ Իսկ շարունակությունը մեծ ժամանակ է՝ 1950-ականների կեսերից մինչև... 2014-ին նախորդող տարիները, շուրջ վեց տասնամյակ։ Սակայն հայտնի է, որ կյանքի վերջին տարիներին նա ծանր հիվանդ էր, տարել էր երկու վիրահատություն, իսկ որ ավելի սարսափելի է` կորցրել էր հիշողությունը։ Ինչից ամենից շատ էր վախենում` իր հետ կատարվեց։

Իր կյանքի ճանապարհին Մարկեսն արձանագրում է բոլոր մանրամասները, բայց չի մանրանում, հաճույքով թվարկում է բնակավայրերի ու մարդկանց անունները՝ զարմանալիորեն պահելով դրանց բանաստեղծական-մոգական ներգործության ուժը։ Սա անունների ու ճակատագրերի յուրահատուկ գեղագիտություն է։ Տեղանունների և անձնանունների թվարկումներն ունեն նախակերպարային հավաստիություն, այդ կապակցությամբ ահա թե ինչ է գրում. «...ես հասկացա, որ իմ վեպերի հերոսները չեն կենդանանա, քանի դեռ իրենց կերպարին ու բնավորությանը համապատասխան անուն չեն ստացել» ։ Անունը ոգեկոչում է մարդու հիշատակն ու բնակավայրի ոչ թե սոսկ պատմությունը, այլև կենդանի ոգին։ Փառահեղ են տեղանքի, աշխարհագրական վայրերի ու բնակավայրերի մանրակրկիտ ու գունեղ նկարագրությունները։

Մի տեղ այսպիսի արտահայտություն է օգտագործում. «Ինչ-որ պահի ես կորցրեցի զրույցի թելը...» ։ Սա ինքնավերահսկողության պահ է, որ գեղարվեստական արձակի և այս ինքնապատումի մեջ զարգացնում ու հանգույցի է բերում պատումի բոլոր «թելերը» (գծերը) ։

Ծնողները եղել են լավ պատմողներ, և երբ ինքը կես դար անց նրանց կերպարները կերտել է «Սեր խոլերայի ժամանակ» երկում, «ապա չի կարողացել զանազանել ճշմարիտը մտացածինից» ։ Այստեղ է հենց Մարկեսի պատումի ու ոճի բանալին։ Մտացածին-երևակայականն այնքան ճշմարտանման էր, որ ինքնին արդեն հյուսում է մոգական կամ գերբնական իրապաշտության հեքիաթը։

Այստեղ իր դերն ունի նաև չափազանցությունը։ Երկրորդ գլխի սկզբում գրում է, որ մեկ անգամ մղձավանջային մի ողբերգույթյուն նկարագրելիս, որպեսզի ներգործությունն ավելի ընդգծի, երեսուն զոհը դարձնում է երեք հազար զոհ։ Շարունակում է. «Իրականությունն ընդունեց իմ ճշմարտությունը. վերջերս, գնդակահարության տարելիցի կապակցությամբ, սենատի խոսնակը հրապարակավ խնդրեց մի րոպե լռությամբ հարգել երեք հազար անմեղ ընկածների հիշատակը» ։

Այսպես բնական է նաև նրա լեզվական զգացողությունը։ Իսպաներենը նախորդ դարում Կոլումբիա էր ներթափանցել Վենեսուելայից և համեմվել ու երանգավորվել Կարիբյան ծովափերին ավելի վաղ հայտնված աֆրիկյան ստրուկների բառերով, արտահայտություններով ու տեղական խոսվածքներով։

Խոսքի կախարդանքի իրականացմանը մեծապես նպաստում է մանկությունից մտապահած խոսքը. «Երեխաների սուտը մեծ տաղանդի նշան է», քանզի երբ սուտ են խոսում՝ հորիինում են... Սա այն սուտը չէ, որ վերածվում է կեղծիքի ու իրականության վերափոխման-օտարացման-նենգափոխման։ Սա կատարված փաստը երևակայությամբ վերափոխելու հմտությունն է, որից հյուսվում է գեղեցիկ խոսքի կախարդանքը։

Ամենամեծ նորությունը, որ Մարկեսը բերեց, հենց այդ գեղեցիկ խոսքի կախարդանքն է, իր ասած գերիրապաշտությունը, որ վաղուց շրջանառվող նույն մոգական իրապաշտությունն է, կյանքի որքան գեղադիտակն ու աճպարարությունը, նույնքան և ավելի՝ կյանքի հեքիաթը, մարդուն մանկությունից ուղեկցող աներևակայելի պատկերացումների շղթան։

Մարկեսի աշխարհում ամեն ինչ հնարավոր է, որովհետև այդ ամենն իրական է մարդու մտքի ու երևակայության մեջ։ Մարկեսն ստեղծեց հնարավոր ամբողջական ու լիարժեք մարդու կերպար, իրական ու անիրական ավելի մեծ տարածության ու ժամանակի մեջ և ինքնաբացահայտման անսահման հնարավորություններով։ Սա միանգամայն նոր հանգրվան է դեպի մարդը տանող ճանապարհին, որ գրականության առաջնային նպատակն է Հոմերոսից առ այսօր։

Տեղատարափ անձրևների ու աստվածաշնչյան ջրհեղեղի միջով լողում է մի նավակ, որի մեջ մի մարդ է, ինքը՝ նորին մեծություն Գաբրիել Գարսիա Մարկեսը, մեր օրերի Նոյ նահապետը. այդ նավակը բարձրանում է դեպի վեր, դեպի մարդկության փրկության մի նոր Արարատ՝ Նոյյան տապանի հանգույն աշխարհը փրկվելու մարդակործան ժամանակների բարքերից և պահպանելու նվաճումը՝ մարդկության հիշողության մեջ ամբարված հոգևոր արժեքների գանձարանը։

10. 07. 2013 - 10. 07. 2014



Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
12981 | 0
01:01, 08.12.2017
29883 | 0
23:45, 27.08.2017
21572 | 0
դեպի վեր