ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+2 °C, +2 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Մկրտիչ Արմեն / «Հեղնար աղբյուր» ֆիլմը
02:39, 09.02.2015
13156 | 0
Մկրտիչ Արմեն (Մկրտիչ Գրիգորի Հարությունյան) (Դեկտեմբերի 27, 1906 - Դեկտեմբերի 22, 1972), բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։
Մկրտիչ Արմենը ծնվել է 1906թ. դեկտեմբերի 27-ին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի) արհեստավորի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի Սուրբ Փրկչի անվան վիճակագրական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել տղայոց գիմնազիայում, հետո Ամերկոմի դպրոցներից մեկում։ Ուսանել է նաև Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի սցենարական բաժնում։
1921-ին եղել է Բանվորա-գյուղացիական տեսչության ցրիչ,
1922 - 1923-ին` սկաուտ` Կազաչի պոստի սկաուտանոցում,
1923-1925-ին պատկոմական հրահանգիչ, ապա խրճիթվական ընթերցարանների հրահանգիչ:
1925-ին տեղափոխվել է Երևան և մի քանի տարի աշխատել «Գրական դիրքերում» և «Երիտասարդ բոլշևիկ» ամսագրերի խմբագրություններում որպես պատասխանատու քարտուղար, ապա Հայկինոյի գեղարվեստական խորհրդի քարտուղար: Հիմնադրել է Լենինականի բանվորա-գյուղացիական գրողների «Հոկտեմբեր» միությունը: Նրա առաջին բանաստեղծությունը` «Անդրկովկաս», տպագրվել է 1923-ին, «Բանվոր» թերթում:
1934-ին ընդունվել է ԽՍՀՄ գրողների միության շարքերը։
1937թ.-ին շատ հայ մտավորականների նման Մ.Արմենը՝ որպես ժողովրդի թշնամի, ձերբակալվում է և աքսորավայրում անցկացնում ութ ծանր ու ձիգ տարիներ։
1945թ. արդարացվում է և վերադառնում ստեղծագործական աշխատանքի։
1971-ին «Հայֆիլմ» կինոստուդիան էկրանավորել է Մ. Արմենի «Հեղնար աղբյուր» -ը։
Բավականին մեծ է գրողի թողած գրական ժառանգությունը։ Նա հեղինակ է մի շարք վեպերի, վիպակների, երկերի, պատմվածքների, պիեսների, բանաստեղծությունների։ Հեղինակին մեծ համբավ է բերել «Հեղնար աղբյուր» վիպակը։ Հարուստ և բազմաբնույթ է Մ. Արմենի ստեղծագործությունները։ Նրա ստեղծագործություններից են՝ «Երևան» էպոպեան, «Ժիրայր Գլենց», «Աշխարհ» վեպերը, աքսորավայրում անցկացրած ծանր տարիներին նվիրված «Պատվիրեցին հանձնել Ձեզ» պատմվածքների ժողովածուն։ Մ. Արմենը ստեղծագործել է նաև չափածո ժանրում։ Գրել է նաև մանկապատանեկան բանաստեղծություններ և թարգմանություններ։ Մկրտիչ Արմենը մի շարք գրականագիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ է նաև։ Մ. Արմենի ստեղծագործությունները թարգմանվել և առանձին գրքով լույս են տեսել ռուսերեն, ադրբեջաներեն, լիտվերեն, թուրքերեն, պարսկերեն, չեխերեն, հունարեն, իսպաներեն։
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: Մահացել է 1972-ի դեկտեմբերի 22-ին, Երևանում:

Հրատարակված գրքեր
Գույնզգույն թագավորությունը: [Հեքիաթ-վիպակ] / Մ. Արմեն; Խմբ.՝ Ա. Ղուկասյան; Նկ.՝ Ն. Քոթանջյան. 1959
Պատվիրեցին հանձնել ձեզ: [Պատմվածքներ] / Ա.Մկրտիչ; Կազմ. և վերջաբ. հեղ.՝ Կ. Վարդանյան; Խմբ. և առաջաբ. հեղ.՝ Ա. Եղիազարյան. 2006
Ինձ փնտրող աղջիկը: [Պատմվածք] / Մ. Արմեն. 1965
Պատվիրեցին հանձնել ձեզ /: [Պատմվածքներ] / Մ. Արմեն; Խմբ.՝ Մ. Թերզյան. 1964
Վարդավան: Վիպակներ / Մ. Արմեն; Խմբ.՝ Մ.Ս. Թերզյան. 1962
Հեղնար աղբյուր: [Վիպակ] / Մ. Արմեն; Խմբ.՝ Ռ. Սարգսյան; Նկ.՝ Ս. Ստեփանյան. 1961
Գույնզգույն թագավորությունը: [Հեքիաթ-վիպակ] / Մ. Արմեն; Խմբ.՝ Ա. Ղուկասյան; Նկ.՝ Ն. Քոթանջյան. 1959
Առաջին պատկոմներ: Պատանեկան վեպ / Մ. Արմեն; Խմբ.՝ Ս. Սարքսյան. 1935
Հեղնար աղբյուր: [Վիպակ] / Մկրտիչ Արմեն. 1935
Հիանալի սերմեր / Մ. Արմեն; Նկ.՝ Մ. Բաղդասարյան. 1934
Առաջին պատմվածքներ: [Պատմվածք] / Մկրտիչ Արմեն. 1934
Գագաթների երգը: Պատմվածքներ և ակնարկներ / Մկրտիչ Արմեն. 1933
Սկաուտ N 89: [Պատանեկան վեպ] / Մ. Արմեն. 1933
Կինո / Մ. Արմեն. 1932
Գազային յերազ: Պոեմ: Առաջին յերեք մասերը գրված են ըստ Ռիֆլինգի / Մկրտիչ Արմեն. 1931
Յերևան: Եպոպեյա / Մկրտիչ Արմեն. 1931
Քաղաքը բլուրի վրա: (Վեպ) / Մկրտիչ Արմեն. 1930
Պատմվածքներ/ Մկրտիչ Արմեն; Քաղ. լուս. գլխ. վարչ. 1929
Զուբեյիդա: Պատմվածք / Մկրտիչ Արմեն. 1928
Պատմվածքներ / Մկրտիչ Արմեն. 1928
Յերկաթավորվող յերկրի յերգեր: [Չափածո] / Մկրտիչ Արմեն. 1927
Կոմսոմոլիա: [Չափածո] / Մկրտիչ Արմեն. 1926
Շիրականալ: [Բանաստեղծություններ] / Արմեն. 1925

Մ. Արմենի կատարած թարգմանությունները (ռուսերենից)
Վ. Մակավեև, Պիոներական կենդանի լրագրեր, Երևան, Պետհրատ, 1927, 68 էջ։
Ֆրիտյոֆ Նանսեն, Գիշերվա խավարի և սառույցների մեջ, հատոր 1 (կրճատումներով), Երևան, Պետհրատ, 1927, 99 էջ։
Թարգմանական պատմվածքներ, պրակ առաջին, Երևան, Պետհրատ, 1929, 37 էջ։
Թարգմանական պատմվածքներ, պրակ երկրորդ, Երևան, Պետհրատ, 1929, 31 էջ։
Ալեքսանդր Յակովլև, Հոկտեմբերը Մոսկվայում (կրճատումներով), Երևան, Պետհրատ, 1929, 58 էջ։
Վ. Միսլավսկի, Դնեպրոստրոյ, Մոսկվա, 1931, 32 էջ։
Միխայիլ Շոլոխով, Հերկած խոպան, Երևան, Պետհրատ, 1933, 518 էջ։
Անտոն Չեխով, Ընտիր պատմվածքներ, Երևան, Պետհրատ, 1934, 219 էջ։
Յուրի Օլեշա, Երեք հաստլիկներ (հեքիաթ-վեպ), Երևան, Պետհրատ, 1935, 257 էջ։
Գուստավ Էրիկսոն, Ջազ (վիպակ), Երևան, Պետհրատ, 1935, 240 էջ։
Գուստավ Էրիկսոն, Շրջմոլիկների Ամերիկան (վիպակ), Երևան, Պետհրատ, 1936, 322 էջ։
Ա. Ռազումովսկի, Անապատի հեղկոմը (վեպ), Երևան, Պետհրատ, 1936, 156 էջ։
Մաքսիմ Գորկի, Պատմվածքներ (թարգմանության հեղինակակից Ա. Դեբենց, Մուշե), Երևան, Պետհրատ, 1947, 175 էջ։
Ալեքսանդր Ֆադեև, Երիտասարդ գվարդիա (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1947, 812 էջ։
Մաքսիմ Գորկի, Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1947, 175 էջ։
Վ. Նեկրասով, Ստալինգրադի խրամատներում, Երևան, Հայպետհրատ, 1948, 358 էջ։
Վ. Կավերին, Երկու կապիտան (վեպ), հատոր 1, Երևան, Հայպետհրատ, 1948, 513 էջ։
Վ. Կավերին, Երկու կապիտան (վեպ), հատոր 2, Երևան, Հայպետհրատ, 1948, 418 էջ։
Սեմյոն Բաբաևսկի, Ոստղե աստղի կավալերը (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1948, 703 էջ։
Անտոն Չեխով, Ընտիր երկիր (գրքի մեջ մտնող «Մտքերի խռովություն», «Չարամիտը», «Հոգեհանգիստ», «Ձորակում» պատմվածքները թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1948, 540 էջ։
Ն. Միխայլով, Մեր երկրի տարածություններն ու հարստությունները, Երևան, Հայպետհրատ, 1950, 64 էջ։
Դահուկային սպորտ, Երևան, Հայպետհրատ, 1950, 47 էջ։
Միխայիլ Շոլոխով, Հերկած խոպան (գրքի վրա որպես թարգմանչի սխալմամբ գրված է Ղևոնդ Կոմունու անունը, իրականում գիրքը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1950, 447 էջ։
Իոսիֆ Լիկստանով, Պստիկը (վիպակ, գրքի վրա որպես թարգմանիչ սխալմամբ գրված է Ղ. Մելքոնյան, այսինքն` Ղևոնդ Կոմունի, իրականում գիրքը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1950, 364 էջ։
Վ. Օխոտնիկով, Որոնումների աշխարհում, Երևան, Հայպետհրատ, 1950, 250 էջ։
Ա. Յակովլև, Երկրի կյանքը, Երևան, Հայպետհրատ, 1950, 324 էջ։
Սեմյոն Բաբաևսկի, Լույսը երկրի վրա (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1951, 594 էջ։
Յա. Տայց, Գեդեմնիա սարի ստորոտում (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1951, 162 էջ։
Մաքսիմ Գորկի, Հեքիաթներ Իտալիայի մասին, Երևան, Հայպետհրատ, 1952, 104 էջ։
Անտոն Չեխով, Պատմվածքներ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1952, 152 էջ։
Վլադիմիր Մայակովսկի, Արտասահման (բանաստեղծությունների և ակնարկների ժողովածու, որի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1953, 291 էջ։
Անտոն Չեխով, Ընտիր երկեր 3 հատորով, հատոր 1 (գրքում տեղ գտած գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1953, 596 էջ։
Լուսավոր ուղի (բելոռուս մանկագիրների երկերի ժողովածու, որի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1953, 175 էջ։
Ալեքսանդր Ֆադեև, Երիտասարդ գվարդիա (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1953, 715 էջ։
Վլադիմիր Մայակովսկի, Հատընտիր (գրքում տեղ գտած գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1955, 599 էջ։
Միխայիլ Շոլոխով, Մարդու ճակատագիրը, Երևան, Հայպետհրատ, 1957, 66 էջ։
ՍՍՀՄ ժողովուրդների գրականություն։ Հատընտիր (գրքում տեղ գտած գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետուսմանկհրատ, 1958, 286 էջ։
Միխայիլ Շոլոխով, Հերկած խոպան (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1960, 769 էջ։
Անտոն Չեխով, Պատմվածքներ (գրքում տեղ գտած գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1961, 207 էջ։
Անտոն Չեխով, Երկեր 5 հատորով, հատոր 4 (գրքում տեղ գտած գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1962, 435 էջ։
Յուրի Օլեշա, երեք հաստլիկներ (հեքիաթ-վեպ), Երևան, Հայպետհրատ, 1962, 202 էջ։
Վլադիմիր Մայակովսկի, Հատընտիր (գրքում տեղ գտած գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1963, 123 էջ։
Մաքսիմ Գորկի, Հեքիաթներ Իտալիայի մասին, Երևան, «Հայաստան», 1970, 83 էջ։
Վլադիմիր Մայակովսկի, Երկեր, 2 հատորով, գիրք 1, Բանաստեղծություններ, պոեմներ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, «Հայաստան», 1972, 216 էջ։
Անտոն Չեխով, Ընտիր բանաստեղծություններ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, «Հայաստան», 1973, 592 էջ։
Ռուս դասականների գրադարան։ Վլադիմիր Մայակովսկի, Հատընտիր (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, «Սովետական գրող», 1982, 696 էջ։
Մաքսիմ Գորկի, Պառավ Իզերգիլը, Երևան, «Սովետական գրող», 1983, 37 էջ։

Գրականություն Մ. Արմենի և նրա ստեղծագործությունների մասին
Սովետահայ գրականության պատմություն, առաջին հատոր (1917-1941, հատորում զետեղված է «Մկրտիչ Արմեն» գլուխը, որը գրել է Սուրեն Աղաբաբյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1961, 800 էջ։

Ընթերցողին ենք ներկայացնում Մկրտիչ Արմենի պատմվածքի հիման վրա 1971-ին «Հայֆիլմ» կինոստուդիան էկրանավորած է «Հեղնար աղբյուր» ֆիլմը:

http://nakhshkaryan.blogspot.nl/




Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
12979 | 0
01:01, 08.12.2017
29882 | 0
23:45, 27.08.2017
21571 | 0
դեպի վեր