ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
ՎՐԵԺ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
18:02, 17.01.2017
3284 | 0
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Բանաստեղծություններ
Հանճարեղ ազգ ենք մեր… մեռելներով
Չարենցի հիշատակին

Տե՜ր, օգնի՜ր զարթնեմ
Հայկական քնից…
Աչքս բաց արա,
Միտքս զորացրու
Եվ հուշիր գոնե՝
Հիմա հասկանամ
Այս առեղծվածը՝
Ինչու՞ էն գլխից
Միշտ հալածում ենք,
Հետո սպանում,
Սակայն ճոխ թաղում
Մեր հանճարներին:
Թաղումն էլ այնքան
Շատ ճոխ ենք անում,
Որ հպարտանանք…
Մեռած հանճարով,
Աշխարհին ցույց տանք,
Թե՝ թաղել գիտենք…
Պահելուց շատ լավ:
Թաղելուց հետո
Ճոխ հաց ենք տալիս
Մեր սոված պահած
Հանճարի պատվին,
Այն էլ՝ հոգեհաց,
Որ վերածվում է
Մեռելաճաշի…
Այնինչ ապրելիս,
Եթե դա, իրոք,
Ապրել է կոչվում
Մարմինը կերել,
Արյունը խմել,
Հոգին հանել ենք
Մեր հանճարների:
Կենդանի հանճար
Ու՞մ է հարկավոր,
Խանգարող է նա,
Իսկ մեռած հանճար
Միշտ էլ թող լինի:
Հարկ եղած դեպքում
Աշխարհին կասենք,
Բարձր կգոռանք՝
Հա՛յ է այդ մարդը,
Կամ ՝ հայրը հա՛յ է,
Մի քիչ էլ մայրը…
Ու եթե հայ չէ
Այսինչ հանճարը,
Լավ ձև ենք գտել
Հպարտանալու՝
Այսինչ հանճարի
Յոթերորդ պապը
Հենց հայ է եղել…
Մերը սպանում,
Օտար հանճարի
Շիրիմի վրա
Մոմեր ենք վառում…
Տեր, մի ընդունիր,
Այդ մոմը կեղծ է,
Այդ խունկը թույն է,
Աղոթքն՝ առավել:
Համբերություն մեզ,
Նաև՝ Տիրոջը.
Հանճարեղ ազգ ենք
Մեր համբերությամբ,
Սակայն օտարի,
Օտար հանճարի
Կոշիկն էլ սրբել,
Ճամփան ենք մաքրել,
Փշերն ենք հանել
Օտար ոտքերի…
Տե՜ր, ասա ինչու՞
Հնուց չենք սիրել
Մեր հանճարներին:
Աշխարհի՞ ցավ է,
Բայց մերն ուրիշ է…
Դե, ամեն մի հայ
Հանճար է կարծում
Հենց ինքը իրեն:
Հանճարեղ ազգ ենք
Մեծով ու փոքրով:
Տեր, այսինչ ցավ է,
Այսինչ երազ է,
Որից չենք զարթնում-
Հայկական երազ.
Մի հին ցավ է սա,
Որ դեռ չի բուժվում,
Քանզի հիվանդը
Չի ուզում բուժվել:
Հարկադիր բուժում
Գիտեք, թե որտեղ
Եվ ում են անում…
Տակը ի՞նչ մնաց՝
Մի ներկայացում,
Թատրոն անբարո,
Ուրում խաղում ենք
Գիշեր ու ցերեկ,
Մեծով ու փոքրով
Եվ չենք կշտանում
Խաղից այս նսեմ,
Իսկ խաղը դիտող
Հանճարը վսեմ
Ոչ թե ծիծաղում,
Այլ արտասվում է
Այդ խաղի վրա,
Այն ապաշնորհ
Դերասանների,
Որոնք ի ծնե,
Նույնիսկ արգանդում,
Իրենց դերն ունեն:
Ե՜վ դերն են խաղում,
Ե՜վ ծափ են տալիս
Նույնիսկ այն պահին,
Երբ օտար բեմում
Համբակ մի նսեմ
Գեշ հայհոյում է
Մեր իսկ սրբերին,
Հանճարին վսեմ:
Օտար հայհոյանք-
Օձի թույնի պես,
Որ նշխարհի տեղ
Մի քիչ ծամում են,
Բայց կուլ չի գնում,
Եվ տեղ են փնտրում
Թաքուն թքելու…
Տե՜ր, օգնիր դուրս գանք
Այդ թքամանից,
Բեմից անբարո,
Դերից անպարկեշտ…
Թատրոն ենք խաղում
Ու ծիծաղում ենք
Մեր բախտի վրա,
Բախտն էլ՝ մեզ վրա,
Մի կուշտ հռհռում
Առաքյալի պես
Ընդմիշտ հալածված
Հանճարի վրա,
Իսկ նա ողբում է
Մեր դիմակախեղդ
Դեմքերի վրա,
Նաև մեր անդեմ
Դերերի վրա,
Բեմի անհոգի
Տերերի վրա…
Սուրբ գործն է հնուց
Դա անճարների՝
Մարմինն են վառել
Լույս հանճարների,
Որ հանկարծ մթնում
Իրենց ոտքերը
Դեմ չառնեն քարի:
Բայց դե հանճարը
Նույնիսկ մեռնելով
Նորից ապրում է,
Իսկ բութ անճարը
Հենց ծնված օրից
Արդեն մեռնում է…
Տեր, ասա ինչու՞
Մենք սպանում ենք,
Հետո ետմահու
Նոր տեր ենք կանգնում
Մեր հանճարներին:
Քո՞ առեղծվածն է,
Մե՞ր ստեղծածը,
Թե՞ սատանայի
Չար մոգոնածը…
Տեր, օգնի՜ր զարթնեմ
Մոլորյալ քնից.
Քունս չի տանում
Էս տեսակ… քնից:
Ու թե երազում
Հանկարծ քնում եմ,
Դարձյալ լսում եմ՝
Հանճարեղ ազգ ենք
Մեր… մեռելներով…
Եվ քնահարամ
Աղաչում եմ քեզ,
Պաղատում եմ քեզ`
Տե՜ր, օգնիր զարթնենք
Հայկական քնից…



Որձը մեռնում է ...

Որձը մեռնում է,
Իսկ էգը՝ ոռնում
Մայրագայլի պես,
Որ յոթը տարի
Որձի չի տեսել...
Որձը մեռնում է,
Էգը՝ գալարվում
Տագնապների մեջ
Մայրականչերի.
Որձը մեռնում է,
Իսկ օրիորդները,
Որ պիտի դառնան
Բազմազավակ մայր,
Դառնում են, ցավոք,
Պառաված օրիորդ
Կամ էլ՝ հասկացաք...
ԵՎ զավակները
Միասեռ դարի
Ամուսնանում են
Միասեռական՝
Տղան՝ տղայի,
Աղջիկն՝աղջկա...
Էլ ամոթ չկա,
Էլ հնար չկա
Աչքը փակելու,
Ականջ փակելու,
Բերան փակելու,
Իսկ թե բացելու
Առիթ ունենաս,
Իսկույն կփակեն,
Այնպես կփակեն,
Որ բացելիս էլ
Լոկ տնքոց լսվի...
Այսպես որ գնա՝
Հենց օրիորդները
Երազելու են
Բռնաբարություն...
Իրոք՝ բարություն,
Թե որձի սով է։
Այսպես որ գնա՝
Միգուցե նորից
Կապիկը դառնա
Կրկին նախահայր,
Եթե հավատանք
Չարլզ Դարվինին։
Որձ կապիկները
Դոն Ժուաններ են
Դառնալու մի օր։
Որձը մեռնում է,
Էգն անզոր ոռնում,
Իսկ օրիորդները
Հղիանում են
Արդեն... կոլբայից։
Խելակորույս դար.
Ծննդականում,
Որպես հայրանուն,
Միգուցե գրեն՝
«Կոլբայի զավակ» ...
Խելագար աշխարհ,
Արդ՝ գոնե կանգնիր
Անդունդի եզրին.
Ներքևում մահ է
Ածխարհակործան,
Կանգ առ, խելագար,
Ուր ես գլորվում
Միասեռական
Արահետներով...
Որձը մեռնում է,
Իսկ էգը՝ ոռնում...
Եվ այդ ոռնոցը
Դարձել է դարի
Երաժշտություն,
Որի միասեռ
Մեղեդիները
Բեթհովեններ են
Ամեն օր թաղում։
Տեր, ուր ես, փրկիր
Քո ստեղծածին,
Քո մոլորվածին.
Որձը մեռնում է,
Իսկ էգը՝ ոռնում...



ՀԱԶԱՐ ՏԱՐՎԱ ՃՈՐՏԸ

Վաղուց, շատ վաղուց,
Մի հազար տարի,
Ճորտը մեր հոգում
Տանտիրոջ նման
Հանգիստ բազմել է
ՈՒ միտք էլ չունի
Թողնի հեռանա,
Նույնիսկ չի ննջում,
Որ քնահարամ
Շպրտենք նրան
Մեր Տուն – Տաճարից ։
Իսկ մենք փաղաքուշ
Շոյում ենք նրան,
Նույնիսկ գուրգուրում,
Որ մեզ տեր դառնա ...
Ճորտը զգում է,
Որ վախենում ենք,
Նաև լսում է,
Որ նվնվում ենք,
Հետո տեսնում է,
Որ խոնարհվում ենք .
Նա ուժ է առնում ՝
Ավելի դաժան
Մեզ ճորտացնելու ։
ԵՎ հազար տարի
Այդպես բազմել է
Տանտիրոջ նման
Զզվելի ճորտը ՝
Ստրուկի հանգույն ։
ԵՎ ճորտատերին
Արդարացնում ենք ՝
«Ա՜խր, մեր ճորտն է,
Մեր իսկ զավակը ՝
Ոչինչ որ խորթ է,
Բայց մեր հոգում է
Տաքուկ բույն դրել,
Զի մենք ճորտատեղ
Թողել ենք նրան ։
Նա էլ դարձել է
Տեր ու տիրական» ։
Ասում են ՝ իբր,
Թե ճորտն էլ ունի
Ինքնասիրություն ։
Նա երբ զգում է ՝
Ատում են իրեն,
Մի օր ճարահատ
Լուռ հեռանում է ։
Բայց մերն ուրի՜շ է ՝
Ոչ ամոթ ունի
ԵՎ ոչ էլ նամուս,
Անինքնասեր է...
Բայց, խոսքը մեր մեջ,
Շա՜տ ինքնասեր է ։
Հիմա սուսուփուս,
Թե ականջ ունես
Լսելու համար,
Բեր կամաց ասեմ,
Ճորտը չլսի ՝
Սպանի՛ր ճորտին
Քո երակներում,
Որի պատերին,
Սև ժանգի նման,
Վաղուց է նստած
Հաստ ճորտաշերտը ։
Երակդ մաքրիր
Վաղուց մոռացված
Արյան լվացքով,
Իսկ ճորտատեղը
Բաշխիր բոլորին .
Գտիր քո հոգում
Արքային հպարտ,
Զինվորին մեր քաջ,
Պոետին գինով
ԵՎ ուսուցչին,
ԵՎ այգեպանին,
Նույնիսկ հասարակ
Այն դռնապանին,
Ով խոնարհվում է
Հարգանքի համար
ԵՎ ոչ ՝ պաշտոնի
Կամ աման լափի,
Որ հետո չափի,
Թե ինչքան կերավ
Կամ ում հետ լափեց
Առանց փորձանքի,
Ինչքանը մարսեց,
Ոսկորի մեծը
Բկին չկանգնեց,
Կամ ինչքան թողեց
Յոթերորդ պորտի
Իր ժառանգներին ...
Դե, հիմա չափիր,
Թե ճորտը ինչքան,
Քեզ ճորտացրել է,
Քեզ փոքրացրել է,
Սարքել խաղալիք ...
Ե՞րբ ենք փշրելու
Այդ խաղալիքը
Այն ազնվածին
Մանուկի նման,
Որ իր դուր չեկած
Վատ խաղալիքը
Զարկում է գետնին,
Փշրում է հանգիստ,
Թեթև շունչ քաշում
ԵՎ գոհ ծիծաղում ...
Եկեք մի քիչ էլ
Մանուկի նման
Գեթ պարկեշտ լինենք
ՈՒ մեր դուր չեկած
Ճորտ խաղալիքը
Գցենք ոտքի տակ,
Տրորենք կարգին,
Ազատ շունչ քաշենք,
Հպարտ ծիծաղենք,
Նույնիսկ արտասվենք
ՈՒրախությունից,
Անգամ հայհոյենք
Անպարկեշտ խոսքով ՝
Ես դրա...Դե լավ,
Կարծեմ հասկացաք,
Թե հայհոյանքի
Գռեհիկ մասը
Որտեղ է հասնում.
Որերորդ պորտին ...
Հերն էլ անիծած ՝
Սպանե՛ք ճորտին,
Ճոխ թաղում արեք .
Հոգեհաց տվեք,
Ճոխ–ճոխ սեղաններ
Բացեք ամենուր ...
Ախր, էդ գործում
Մենք շատ ենք վարպետ ։
Շատ խորը թաղեք,
Մի հազար անգամ
Ողորմի տվեք,
Որ հողը թեթև
Լինի իր վրա,
Միայն թե ճորտը
Հողի տակ մնա,
Վրան մի շքեղ
Շիրմաքար քաշեք,
Մեծատառ գրեք ՝
Աստ հանգչի Ճորտը ...
Մի տող էլ գրեք ՝
Խորթ ծնողներից,
Անառակ որդուց՝
Հավերժ հիշատակ ...

2011.մայիս



Աշխարհի հիվանդ արդարությունը

Աշխարհի վզին
Վաղուց փաթաթված
Պարանի նման
Սեղմում ես անվերջ,
Սու՜տ արդարություն,
Իրո՞ք ծնվել ես,
Թե դեռ չծնված՝
Քեզ վիժեցրել են...
Կամ մեռելածին
Բիճ էիր հնուց,
Բայց ոչ մանկան պես,
Որը ծնվում է
Միմիայն սիրուց
ԵՎ որի հայրը
Հենց սերն է արդար,
Իսկ դու չարածին,
Անարդար ծնունդ,
Որը ապրում է
Արդարից հեռու,
Սակայն կոչվում է
Հենց նույն արմատով,
Որը էն գլխից
Արմատախիլ են
Արել բճերը.
Արդարը չկա,
ՈՒթյունն է այսօր,
Լոկ սին վերջածանց,
Դարձել նախարմատ,
Նույնիսկ մայրարմատ։
Սու՜տ արդարություն,
Քո դեմքը գոնե
Մեկ անգամ տեսնեմ.
ՈՒ՞մ ես դու նման,
Ինչի՞ ես նման...
Գոնե մեկ անգամ
Քո դեմքը տեսնեմ–
Հոգ չէ, որ կյանքի
ՈՒ մահվան գնով
Թքեմ ճակատիդ։
Հանուն արդարի՝
Չեմ կարող չասել՝
Դու մեռելածին
Մի ընկեցիկ ես,
Բայց հայր ես դարձել
Անհայր բճերին՝
Ստի բճերին,
Ովքեր չեն ուզում
Հայր էլ ունենալ,
Ովքեր իսկական
Հայրերին թողած՝
Լոկ քեզ են ընտրել
Որպես հայրացու...
Սու՜տ արդարություն,
Այս փուչ աշխարհի
Այլասերված դի,
Որը նեխել է,
Բայց դեռ չեն թաղում,
Իսկ նեխահոտը
Աշխարհն է բռնել...
Եթե թաղեն էլ,
Հողն ես պղծելու,
Նույնիսկ վառելու
Արժանի էլ չես,
Օդն ես պղծելու...
Դու տուն էլ չունես,
Որ գլխիդ քանդեն,
Սակայն ամեն տեղ
Դու տնատեր ես,
Նաև ցանկալի,
Շատ սիրված հյուրն ես
Ճոխ դղյակների
ՈՒ պալատների։
Սու՜տ արդարություն,
Այս մոլորակի
Հենման կետն ես դու
Վաղու՜ց, շա՜տ վաղուց...
Եվ դրա համար
Մեր մոլորակը
Մեկ–մեկ ցնցվում է
Հոգեվարքի մեջ,
Որը երկրաշարժ
Բառով ենք կոչում,
ԵՎ արդարության
Արդար զայրույթը
Բանտված ընդերքից
Դուրս է ժայթքում
ՈՒ փրկում հողը
Ահեղ պայթյունից։
Այս երկրագնդին
Հենման կետ է պետք,
Մի նոր հենման կետ,
Որով պտույտը
Մեր մոլորակի
Մոլորված շարժման
ՈՒղեծիրներից
Մտնի բնական
Այն ուղեծիրը,
Որ Տերն ստեղծեց։
Տե՛ր, ու՞ր է կորած
Մեր հենման կետը,
Որով մենք պիտի
Աշխարհը շրջենք։
Տե՛ր, օգնի՛ր գտնենք
Մեր հենման կետը...




ՏԱԳՆԱՊՈՒՄ ԵՄ

Պարույր Սևակին

Տագնապում եմ տագնապահար
Այս խելագար դարի համար,
Որ անդունդ է հա գլորվում,
Տագնապում եմ մարդու համար՝
Քարանձավ է նորից մտնում ...
Տագնախում եմ ջրի համար,
Որ եռում է առանց կրակ,
Տագնապում եմ հրի համար,
Որ չի վառում ոչ մի ճրագ,
Տագնապում եմ քարի համար,
Որ պատի մեջ որմ չի դառնում,
Տագնապում եմ հողի համար,
Որում սերմը բույն չի դնում,
Տագնապում եմ լույսի համար,
Որ խավարին միացել է,
Տագնապում եմ հույսի համար,
Որը վերջում մահացել է,
Տագնապում եմ այսպես անվերջ
ՈՒ չգիտեմ ինչի համար ...
Տագնապում եմ օդի համար,
Որը լիքն է ալիքներով,
Օրորոցի բախտի համար՝
Դեռ չծնված բալիկներով,
Տագնապում եմ բառի համար՝
Տող չդարձող խաղիկներով,
Տագնապում եմ մայրամուտին
Չմայրացած կորչող օրով,
Տագնապում եմ մինչև անգամ
Առանց տագնապ պահի համար,
ՈՒ վերջապես տագնապում եմ
Իմ տագնապի բախտի համար ...

7.04.2007թ.


ՑԱՎԻ ՇԱՊԻԿԸ
Լույսը բացվում է, աչքս չի կպել,
Գիշերն եմ մաշում՝ տագնապով լցված,
Ցավի շապիկն եմ վերստին հագել,
Կարծես թե հատուկ ինձնով է կարած ։

Լույսը բացվում է, աչքս չի կպել,
Քանի քանիսն են բաց աչքով քնած,
ՈՒզում եմ ցավի շապիկը հանել,
Բայց, ավաղ, արդեն մաշկիս է կպած ։

Լույսը բացվում է, աչքս չի կպել,
Ցավի դերձակը շապիկ է կարում,
Վաղուց հին շապիկն ինձ մաշկ է դարձել,
Դերձակը ինձ նոր շապիկ է կարում ...

25.01.2009


ՀԻՆ ԱՍՏՎԱԾՆԵՐԸ

Սատանան է տաճար մտել
Քրմապետի վսեմությամբ,
Հին բամբիռի լարն է ձգվել,
Մղկտում է լոկ դալկությամբ ։

Եվ նորօրյա արքաներն են ելնում որսի,
Որսաշունն է ապականում եղնիկին տաք,
Հարճի տեղակ պարն է կրքոտ մերկ ******ի,
Շաղ է տալիս աջ ու ահյակ համբույրներ խակ ։

ԵՎ հարճի տեղ գալարվում է ամոթանետ ******ը մերկ,
Բամբիռները մղկտում են մայրամուտը աստվածների,
Ծնծղաները հնչեցնում են արքաների փառքերը եղկ,
Հողն է տնքում ամոթախեղդ հոգեվարքից աստվածների ։

Արշալույսն է շատ ուշանում, լույսը չկա,
Պարն է ձգվում ու զեխանում նոր կավատով,
Տառապեցինք կիսահավատ, վերջը չկա,
Մայրամուտին գոնե մեռնենք լի հավատով ։

1.05.2006

ՔԱՂՑՐ ՍՈՒՏ

Մենք սիրում ենք ապրել
Անհայտ քաղցր ստով,
Հպարտորեն կռվել
Բարոյական սրով ։

Բայց հոգնել ենք Տղմուտ
Գետի ափին, քնել,
Բարոյական տիղմոտ
Հաղթանակներ կրել ։

Անվերջ ետւ–ետ նայել–
Մենք հոգնել ենք արդեն
ԵՎ ծուռվիզ ենք դարձել
ՈՒ հիվանդ ենք արդեն ։

Տերը թև է տվել
Մեզ ճախրելու համար,
Բայց ճահիճում խրվել,
Տեղ ենք փնտրում հարմար ։

Մի օր պիտի բացվեն
Մեր թևերը արծիվ,
ԵՎ հաղթությամբ ճախրեն
Բազեները անթիվ ։

Ավարայրից հոգնած՝
Սարդարապատ կանչեմ,
Բարոյական կոչված
Հաղթանակը ջնջեմ...

17.04.2008


Քնով ենք ընկել

Զարթնիր, լաո, մեռնիմ քզի...
Ժողովրդական

Այսքան երազը շատ է մի ազգին,
Երբ նույնիսկ չունենք գուշակ իմաստուն,
Երազախաբ ենք լինում վերստին,
ԵՎ երազներ են ծնվում օրնիբուն ։

Տեսլականներ ենք հորինում անվերջ,
Որ վերջ չունենան մութ երազները...
Այս երազները վաղուց չունեն վերջ .
Մեզ թմրեցնում են մեր երազները ։

Քնով ենք ընկել ու անցնում ենք մենք
Աշխարհի կողքով, երազի միջով,
Այնինչ ազգովին պիտի անցնեինք
Աշխարհի միջով, երազի կողքով ։

Դիվադադար փոշոտ այս աշխարհում
Դեռ անչափն է մնում հայի չափը,
Լավ է ապրենք անվերջ քնահարամ,
Քան թե մնանք ընդմիշտ երազախաբ ։

25.02.2007
Անդրանիկ զորավարի ծննդյան օրը



ԱԿԱՆՋ ՔԱՇԵԼԸ ԿԱՐԳԻՆ ՕՐԵՆՔ Է

Եթե լսող ես,
ՈՒրեմն լսիր .
Ականջ քաշելը
Օրենք է կարգին,
Նույնիսկ մանկական
Անմեղ խաղերում ։
Ականջն են քաշում
Այն փոքրիկների,
Ովքեր չեն լսում
Խելոք մեծերին
ԵՎ արդարներին
Կամ ուժեղներին...
Պիտ քաշել նաև
Ականջը նրանց,
Այն մեծ մեծերի,
Ովքեր չեն լսում
Թույլերի ձայնը,
Խուլ են ձևանում ։
Բայց եթե ձգես
Ականջը նրա,
Խուլ չէ այլևս .
Նույնիսկ ուլտրաձայն
Կարող է լսել,
Դեռ չասված բառեր
Անգամ կլսի
Իր խուլ ականջով ։
Խուլ է աշխարհը
Թույլերի համար...
ԵՎ նաև հիշիր՝
Երբեք ուժեղի
Ականջ չեն քաշում .
Քաշողը ինքն է ։
Եթե կարող ես՝
Դու էլ պինդ ձգիր
Ականջն աշխարհի,
Որ նա քեզ լսի ։
Ավաղ՜, լսելու
ՈՒրիշ ճար չկա
Այս խուլ ու համր
Աշխարհի վրա ...
Աշխարհի կարգ է՝
Անօրեն պահին
Ականջ քաշելը
Օրենք է կարգին ։

15.05.2011


ԱՆՏԵՐ ԵՐԱԶԸ

Մի անտեր երազ
Որտեղից որտեղ
Եկավ ու թառեց
Հոգնած կոպերիս ։
Մի թաս գինին էր
Թե կարոտը հին,
Ձեն ձենի տված,
Պատկերդ բերին ։
Գիշերվա երազ –
Հենց այդ է, որ կա ...
ՈՒ մի ցավ իջավ
Կոպերիս հոգնած...
ԵՎ տրորում եմ
Գիշեր ու ցերեկ .
Նա չի հեռանում։
Փակում եմ, նա կա,
Բացում եմ, նա կա,
Բայց ինքը ... չկա .
Գիշերվա երազ –
Հենց այդ է, որ կա ։
ՈՒ քիչ է մնում
Աչքերս հանեմ,
ՈՒղարկեմ նրան,
Որ բերի ինձ տա ...

2011


ՊՈԵՏԻՆ ԳՐՈՂԸ ԹՈՂ ՏԱՆԻ ...

Հնձանում մաճառն է եռում .
Ինչ անուշ երգում է գինին,
Խաղերով գավաթն է կանչում
Իր ընկեր հարբած պոետին ։

Խմում է պոետը արքա,
Հոսում է գավերով գինի,
ՈՒ մտքում փերիներն ինչքան
Երգում են, պարում գեղանի ։

Խմում է, հարբում պոետը,
Զարկում է ձեռքը սեղանին,
Գինովցած մենակ պոետը
Չարի դեմ գնում է մարտի։

Աշխարհի ցավերը շալակած ՝
Իր համար աշխարհում տեղ չկա .
ՈՒ նույնիսկ գավաթն իր շուտ պարպած
Մի կարգին լիք լցնող էլ չկա ։

Հասկացեք, պոետը հարբեցող
Ձեր ցավն է լոկ խմում, որ տանի .
Ամբոխը ծաղրում է բամբասող ՝
«Պոետին գրողը թող տանի ...» ։

ՈՒ մի օր կթողնի հեռանա
Հիվանդ, վիրավոր պոետը .
Կթաղեք ու կասեք ՝ՈՒր ՞ է նա,
Ախ ուր ՞ է մեր անուշ պոետը ...

Կփնտրեք, բայց, ավաղ, չեք գտնի,
Էլ չկա մարգարե պոետը,
Լոկ դառը գավաթում կլինի
Թասընկեր, հարբեցող պոետը ...

Պոետին արցունքով չհիշեք,
Պոետին չասեք՝ Ողորմի ...
Միշտ սիրո կենացով հիշեք .
Նա եղել, հիմա կա, կլինի ...

17.10.2010


ՇՈՒՆԸ

Շունը հաչում է, այդպես է ծնվել,
Ձագեր է պահում, հացի խնդիր կա ։
Ոռնում է, ձայնը գլուխն է գցել,
Հացը դեռ ոչինչ, պատվի խնդիր կա ։

Շուն իմ, փաղաքուշ մեզ ես ողջունում
ԵՎ իբրև բարև պարզում քո թաթը,
Բայց մարդիկ անսիրտ դեմքերն են շրջում
ԵՎ օդում թողնում մոլորված թաթը ։

...Շունը շան թաթը երբեք չի կծում,
Ոսկոր չի խլում ուրիշի լափից,
Օտար շան ձագին հացից չի զրկում,
Չի էլ նեղանում մարդահաչերից ։

...Հենց տիրոջ բակում քեզ կրակեցին,
Ձագերդ գրկած՝ ոնց էիր ոռնում,
Քո տերը հեգնեց, բաժակը ձեռքին ՝
«Շունը մի վերքից երբեք չի սատկում» ։

Խեղճ շուն, քո տերը վրադ է հաչում,
Երբ իր սրտով չէ քո կիսատ քունը,
Նրա չար աչքին շատ մեծ է թվում
Ցեխի մեջ կորած քո փայտե տունը ։

Տերդ հաչում է, դու շան տեղ մի դիր .
Գայլի ոռնոցով շան հացն է կտրում,
Իր արշինով է չափում դավադիր,
Իր մեղքը անմեղ քո վզին բարդում ։

Ա՜խ, թե հրաշքով փոխվեն դերերը ՝
Քո տերը մտներ քո փայտե բույնը,
Գուցե խելքի գար քո անսիրտ տերը,
Դու էլ փորձեիր քո տիրոջ տունը ...

Ճակատագիր է, այ շուն, մ՛ի տրտմիր,
Տիրոջ դավելը հեչ քո բանը չի,
Առաջվա նման դղյակը պահիր,
Շունը կհաչի, քամին կփչի ...

2007. հոկտեմբեր



ԾԵՐ ՇՈՒՆԸ

Ծեր շուն, իզուր ես հաչում, բողոքում,
Քո տերը քո տեղ շնիկ է բերել,
Մի կիսատ բերան հաչում, գրմռում ...
Քո տերը արդեն քո փոսն է փորել ։

Ավելի լավ է օրերդ վերջին
Գնաս չոլերը մենակ ապրելու,
Թե չէ ամեն օր վրադ կհաչեն,
Որ իզուր տեղը հաց ես ուտելու ։

Երբ մոտենում էր տերը շնիկին,
Նա կեղծ հաչում էր պառավ շան վրա,
Տերը ոսկոր էր գցում շան թուլին
ՈՒ մրթմրթում էր նա ծեր շան վրա ։

Ապերախտ մարդուց ծեր շունը լալիս
ՈՒ կախկանձում էր իր բախտի վրա,
Կողքից թուլա շան ծիծաղն էր գալիս
ԵՎ զարմանում էր իր խելքի վրա ։

Թուլա շնիկը ՝ դղյակ վայելող,
Շուտ է մոռանռւմ ցեղակիցներին ...
ՈՒ մորմոքում էր շեր շունը մեռնող
Ձորերում հանգչող բախտակիցներին ։

2010


ՏԻՐԱՄԱՅՐ

Տիրամայր, քո գրկում մեկն էլ կար,
Նա հայ էր ՝ լոկ դավից նույն խաչված ...
Հիսուսին իր խաչից իջեցրին,
Իսկ մենք դեռ նույն խաչին ենք գամված ։

Հիսուսին իր խաչից իջեցրին .
Լոկ մի կին և այն էլ անառակ,
Մոտեցավ, կարեկցեց Հիսուսին,
Իսկ մենք դեռ նույն խաչին ենք գամված ...

Եվ երբ մեզ կիջեցնեն այդ խաչից,
Թող մի կին անառակ մոտենա,
Թող լվա մեր վերքը արյունից,
Մեզ համար նա նոր սուրբ կդառնա ։

ԵՎ մենք շալակած կտանենք
Աշխարհի խաչերը բոլոր,
Միայն թե փայտերից հանենք
Արյունոտ մեխերը մոլոր ...

06.05.2007


ԱՐԱՐԱՏ

Մեր բարուրը Սարն է եղել,
ՈՒ քնած ենք դեռ սարի մեջ,
Մեր արյունը ամպն է եղել .
Դեռ նիրհում ենք ամպերի մեջ ։

Սարն է քնած մեր արյան մեջ,
ՈՒ սարվոր ենք ծնված օրից .
Ինչ է կորել էդ սարի մեջ,
Որ չենք գտնում մանկութ օրից ։

Ձյուն է նստում սարի գլխին,
Մենք մրսում ենք ջրից այս կողմ .
Ամպ է նստում Սարի գլխին,
Մշուշվում ենք ջրից ա յս կողմ ...

Խոր վիհի մեջ Արքան քնած ՝
Հոր անեծքը էլ չի հիծում,
Իսկ քաջքերից սարը զզված ՝
Հրաբուխ է լոկ երազում ...

2007. ապրիլ



ՀԱՅԻ ՈՏՔԵՐ

Հայի ոտքեր ՝ թափառական,
Աշխարհ չափող ու գաղթական ։
Հայի ոտքեր ՝ այսքան հոգնած,
Տանից խռով, բախտից լքված ։

Առեղծված եք ու հանելուկ,
Հալից ընկած, բայց նորելուկ ։
Մհերի ոտք ՝ խրված հողում,
Օտար ոտքեր ՝ ուրիշ տեղում ։

Հայի ոտքեր ՝ քելքով անուշ,
Ճամփեն ՝քարոտ, գետինը ՝ փուշ ։
Բոբիկ ոտքեր, վերքեր բազում,
Ոչ մի կոշիկ ձեզ չի սազում ։

Մի օր ե՞րբ եք դուք քայլելու
Մի ուղղությամբ ՝լոկ տունդարձի,
Մի օր ե՞րբ եք աչք փակելու՝
Մայրամուտը առանց լացի ...

13.09.2005




ՀԱՅԻ ՁԵՌՔԵՐ

Հայի ձեռքեր, բարի ձեռքեր,
Աշխարհ գրկող սիրո երգեր,
Բռունցք դարձող, ափերդ բաց .
Միշտ ափեափ լիքը ձեռքեր ։

Ձեռքեր բարի, ձեռքեր դողդոջ,
Ինչպես գարնան բացվող բողբոջ,
Սիրո պես եք բացվում, ծաղկում
ՈՒ ջերմացնում աշխարհը ողջ ։

Ձեռքերից ձեռք անցած ձեռքեր,
Երգերից երգ լցված ձեռքեր,
Աշխարհին շատ բարև տված,
Բայց անբարև մենակ ձեռքեր ։

Օտարի վերք դարմանող ձեռք,
Սերմեր ցանած՝ բայց առանց բերք,
Աստծուն է բարևն ախր,
Բարև տալու ծնված հայ ձեռք ։

03.01.2006




ՔԱՐԱՎԱՆ

Օտար, ամայի ճամփեքի վրա
Իմ քարավանը մեղմ կղողանջե ...
Ավետիք Իսահակյան

Ե՛տ դառ, քարավան, դու էլ մի գնա
Օտար, ամայի ճամփեքի վրա,
Որտեղ կհոգնես, գլուխդ վար դիր
Տուն բերող ճամփի քարերի վրա ։

Ե՛տ դառ, քարավան, բավ է թափառես
Սև անապատի ավազի վրա,
Մեր թափառ հոգին հերիք է մաշես,
Կարոտը վառես ավազի վրա ։

Արի՛, քարավան, ու մեղմ ղողանջիր
Հայրենիք դարձող ճամփեքի վրա,
Էլ չես հոգնելու, գլուխդ մի դիր
Ժեռ քարերի մեջ, ավազի վրա ։

Օտար, ամայի ճամփեքի վրա
Մեր քարավանը մեղմ կղողանջե ...
Հաստատ իմացիր՝ մայր հողի վրա
Քեզ հայրենիքեն շատ մարդ կկանչե ։

28.08.2006


Տերն է խաչին դարձնում զորավոր

Տեր աստված, ու՞ր է մեր տերը .
Մի՞թե անտեր ենք լրիվ ։
Տեր աստված, ու՞ր է քո սերը,
Մեր հոգին եղել է ցրիվ ։

Տեր աստված, ո՞վ է քո տերը …
Թե՞ դու էլ որբ ես մեզ նման ։
Մեր աստված, մե՞նք ենք քո տերը .
Դե մենք էլ կլռենք քեզ նման։

Այսպես լռելով երկուսով ՝
«Հայր մեր» –ը մնջիկ կասենք,
Մեզ տեր փնտրելու հույսով ՝
Հավիտյա՜ն, հավիտյա՜ն կսպասենք ...

23.03.2006


ՀԱՅԿԱԿԱՆ ՍԵՐ

Գնա մեռի, արի սիրեմ ...
Էլ ի՞նչ սիրես, էլ ու՞մ սիրես,
Ինչի համար կամ ում համար ։
Գնա մեռի, արի սիրեմ .
Այդ ուշացած սիրո տեղակ
Նախընտրում եմ ինձ ատելը,
Նույնիսկ մաս – մաս թրատելը...
Ախր ինչու՞ ինձ չսիրես
Իմ աչքերի մեջ նայելով,
Որ բիբերս լույս ստանան,
Որ կոպերս չծանրանան
ՈՒ չփակվեն քո պատկերով...
Իմ մեռնելը հոգ չէ անգամ,
Թե որ սիրես մինչ մեռնելը։
Էլ մեռնելս ինչ մեծ բան է .
Հանգիստ խղճով ես կգնամ ՝
Քեզ թողնելով սերս նվեր ...
Գնա մեռի, արի սիրեմ .
Էլ ի՞նչ սիրես, էլ ու՞մ սիրես,
Ինչի համար կամ ում համար ։
Տեսնես մի օր խելքի կգա՞ս,
Թե պարտադիր պիտի մեռնեմ ՝
Հայավարի դու ինձ սիրես ...
9.10.2005




Ների՛ր, մայրիկ, ների՛ր...

Ների՛ր, մայրիկ, ների՛ր
Այն ճերմակի համար,
Որ տվեցի ես քեզ։
Աչքերդ փակ՝ ների՛ր
Գիշերների համար,
Որոնց աչք չես փակել։
Ների՛ր, անխոս ներիր
Այն խոսքերի համար,
Որոնք քեզ չեմ ասել։
Ների՛ր, Անմեղ, ների՛ր
Այն մեղքերիս համար,
Որ քեզ ցավ են բերել։
Ների՛ր, ձեռաց ների՛ր
Իմ ձեռքերի համար,
Որ քեզ քիչ են գրկել։
ԵՎ ոտքերի համար,
Որ աշխարհ են շրջել,
Քեզ մոտ ուշ են եկել։
Աշխարհներից հոգնած՝
Քո աշխարհը կգամ,
Որ ինձ անվերջ ներես։
Ներողամիտ եղիր,
Որ քեզ վերջին նվեր՝
Բերելու եմ մեծ քար
ՈՒ այդ քարին պիտի
Մեծ տառերով գրեմ՝
Ների՛ր, մայրիկ, ների՛ր...




Շա՜տ եմ ցանկանում

Ես չկամեցա
Սիրո փոթորկի
Կապերը քանդել,
Որ չհրդեհվենք,
Որ չմոխրանանք,
Բայց ես հասկացա,
Որ այդ փոթորկի
Քամիները տաք
Վաղուց շրջում են
Քո ճամփաներին։
Քառասուն տարի
Ես քեզ չեմ տեսել,
Բայց քեզ տեսնում եմ
Ամեն առավոտ,
Երբ օրն է զարթնում
Սիրո բարուրում,
Ես քեզ տեսնում եմ
Ամեն երեկո,
Երբ օրն է գնում
Մի քիչ ննջելու,
Ես քեզ չեմ տեսել,
ՈՒ չեմ կամենում
Սիրո փոթորկի
Կապերը քանդել,
Որ չմոխրանա
Հեքիաթը սիրո։
Ես չեմ կամենում,
Բայց ցանկանում եմ,
Շա՜տ եմ ցանկանում՝
Գոնե մեկ անգամ
Տաք քամիների
Կապերը քանդենք,
Իսկ փոթորիկը,
Հանուն հեքիաթի,
Թող մնա կապած...

2013.հունվար


Ես չգիտեմ

Ես չգիտեմ, հեչ չգիտեմ ՝
Քանի կյանք է հերիքելու
Մի մեծ, շատ մեծ սիրո համար ։
Բա յց դե գիտեմ, հաստատ գիտեմ .
Որ մի կյանքը չի բավելու
Մի մեծ, շատ մեծ սիրո համար ...
2006թ.


ՍԻՐՈ ԾԱՂԻԿ
Սիրո ծաղիկ, ուր ես աճում,
Սարի լանջին, ձորի մեջ,
Գետի ափին, թե քարերում,
Թե իմ վառվող սրտի մեջ ։

Սիրո ծաղիկ, սիրուն ծաղիկ,
Դու լույս կրակ սրտիս մեջ.
Մի քիչ ժպիտ, մի քիչ տաղիկ,
Թաքուն արցունք աչքիս մեջ ։

Քանի սիրտ է քեզնով վառվել
ՈՒ անթեղվել մոխրի մեջ,
Քանի ժպիտ կրակ դառել
ՈՒ տաղ դարձել երգի մեջ ։

Սիրո ծաղիկ, ուր ես աճում,
Սարի լանջին, ձորի մեջ,
Գետի ափին, թե՝ քարերում,
Թե իմ վառվող սրտի մեջ ։

2006թ.


Հեքիաթ

Օրօրիր, գիշեր իմ, օրօրիր,
Պատմիր ինձ ոսկեծամ հեքիաթներ,
Երկարիր, գիշեր իմ, երկարիր,
Երկնքից ցած իջեք լուսաստղեր ։

Հեքիաթը թող ձգվի անսահման,
Երկնքից թող թափվեն խնձորներ,
Թող ջուրն ու առուն համրանան,
Դե երգեք, իմ անուշ ծղրիդներ ։

ԵՎ անվերջ թող ձգվի գիշերը,
Հեքիաթի հերոսներ մենք դառնանք,
Թող ճախրեն, թող ճախրեն հուշերը,
Հեքիաթի թևերին մենք մնանք ։

2008թ.


Մեր ցավերի ցավը տանենք

Ի՞նչ է սերը .
ՈՒղեղի սուր
Մի ծանր ցա՞վ,
Սրտի նոպա՞ ։
Ես չգիտեմ,
Բայց դե գիտեմ,
Որ գլուխս
Սուր ցավում է,
Իսկ իմ սիրտը՝
Շատ ավելի ։
Չե, դրանցից
Պրծում չկա ։
Հիվանդ եմ ես,
Հիվանդ ես դու,
Նրանք՝ նույնպես։
Ու երբ մեռնենք,
Այդ ցավերը
Մեզ հետ երբեք
Չեն մեռնելու ։
Ցավատեր ենք
Մենք մնալու
Մեռնելուց ետ ...
Մեզ մնում է
Մեր ցավերի
Ցավը տանենք ։
Իսկ ով չունի
Այդ ցավերից,
Անցավ պիտի
Մեռնի գնա,
Անհետ կորչի,
Բան չմնա ...
2006թ.…


Հեղինակ` Armenak Avetisyan
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Armenak Avetisyan
21:02, 07.01.2018
8329 | 0
դեպի վեր