ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Մտավորականը պահանջում է Աթեշյանին կարգալույծ անել
00:26, 18.02.2017
3853 | 0
Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանը և տեղի հոգևորականները եթե հրապարակայնորեն չողջունեցին Գերմանիայի խորհրդարանի որոշումը, դա մարդկայնորեն հասկանալի էր: Սակայն այն, ինչ արեց Արամ Աթեշյանը, հակասում է առողջ բանականությանը և թույլատրելի բոլոր չափանիշներին և չի բացատրվում անգամ Թուրքիայի այսօրվա իրողությունների շրջանակում:
Նրա պես նկարագիր ունեցող անձնավորությունից թերևս ավելին չարժեր ակնկալել: Մեր պահանջներն այժմ, սակայն, պետք է ուղղվեն Մայր Աթոռին, որ Աթեշյանը կարգալույծ արվի, այլապես Մայր Աթոռի հոգևոր իշխանությունը կընդունի, որ եկեղեցական աթոռին հասնելու համար թույլատրելի է անգամ ազգադավությանը դիմելը:
Չցանկանալով անդրադառնալ այն հարցին, թե Մայր Աթոռը որքանով իրական ազդեցություն ունի պատրիարքական երկու աթոռների նկատմամբ, ասենք, որ թե՛ ազգային-բարոյական առումով և թե՛ եկեղեցական նվիրապետության տեսանկյունից շատ ավելի և հեշտ և ճիշտ է նրան հիմա կարգալույծ անելը, քան թե պատրիարքական իր բաղձած աթոռին հասնելուց հետո:
Եթե նա կարգալույծ չարվի, նրա նամակը շատ ավելի բացասական հետևանքներ կունենա, քան այն ողջ դրական արդյունքները, որոնք առաջ է բերում Գերմանիայի խորհրդարանի որոշումը:
Նախ այն կխոչընդոտի նոր երկրների կողմից համանման բանաձևերի ընդունմանը:
Այն սակայն շատ ավելի ծանր հետևանքներ կուենա տարբեր երկրների եկեղեցիների ու կրոնապետերի կողմից Հայկական ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունների ընդունման վրա, եթե Ամենայն Հայոց կաթողիկոսը և Մայր Աթոռի հոգևոր իշխանությունը չընդունեն նրա կարգալուծության վճիռը:
Այսօր թուրքական պետությունում տարբեր ժողովուրդներ մեր պատմական հայրենիքի հայրենազրկված տարածքում կռիվ են տալիս իրենց իրավունքների համար, իսկ Հայոց եկեղեցու պատրիարքական փոխանորդը նման նամակ է գրում:
Աթեշյանին կարգալույծ չանելը կխոչընդոտի նաև թուրքական հասարակության մեջ Հայոց ցեղասպանության ընկալման հարցում ընթացող ներքին խմորումներին:
Այն մեծ հարված կհասցնի նաև իսլամացած հայերի ազգային ինքնագիտակցության այժմյան դրսևորումներին:
Ինչպես ճիշտ նշել էր քաղաքագետ Արա Պապյանը, թուրքական զինվորական իշխանության պայմաններում իսկ Շնորհք պատրիարք Գալուստյանը համարձակություն էր ունեցել բարձրաձայնելու ճշմարտությունը:
Ավելացնենք նաև, որ երկբևեռ աշխարհի սառը պատերազմի տարիներին Վազգեն Վեհափառը իրեն բնորոշ վճռականությամբ փիլոնազուրկ արեց Երուսաղեմի Եղիշե պատրիարքին, ով ի տարբերություն Աթեշյանի նման կամազուրկ և ողորմելի արարածի, ուներ ոչ միայն միջեկեղեցական, այլև միջազգային մեծ հեղինակություն և կապեր: Եղիշե պատրիարքը եկավ Ս. Էջմիածին և ներողություն խնդրեց Հայոց հայրապետից և նոր վերականգնվեցին նրա իրավունքները:
Մեր եկեղեցին միշտ նշել է, որ Քրիստոսի կողքին իր երկրորդ սրբությունը ազգը և հայրենիքն է: Եթե ներվում է ազգուրացությունը, արդյո՞ք ներվելու է նաև Քրիստոսին ուրանալը և արդյոք դրանից Մայր Աթոռը չի վերածվելու ուրացողների աթոռի:
Կա նաև մեկ այլ հարց: Բազմաթիվ հոգևորականներ, այդ թվում և եպիսկոպոս, կարգալույծ են արվել 1999 թ. հետո: Արդյոք նրանց զանցանքը ավելի մեծ է եղել, քան Աթեշյանինը:
Կան նաև շատ ավելի խորը և լուրջ հարցադրումներ, որոնք չենք ցանկանա բարձրաձայնել, որովհետև դրանց բարձրաձայնումը մեր եկեղեցու և ժողովրդի շահերից չէ, որ բխում է:
Աթեշյանի նման եկեղեցականներին ու նրան պաշտպանող եկեղեցականներին կցանկանայինք հիշեցնել, որ եկեղեցական աստիճանը չի տրվում ժողովրդի միջոցների հաշվին մարմինները պարարտացնելու ու տարբեր վայելքներից օգտվելու և տարտամ ու ոչինչ չասող կեղծ քարոզների համար, այլ տրվում է մեր եկեղեցուն ու ժողովրդին եթե ոչ բոլորանվեր ծառայելու, ապա գոնե չդավաճանելու համար:
Նման հոգևորակաները միթե գոնե մի քիչ չեն ազդվել 18-20 տարեկան մեր զինծառայողների անձնազոհությունից…

ՎԱՐԴԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն
Մամուլի խոսնակ` Ազատ Խոսք
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ազատ Խոսք
դեպի վեր