ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Պատմության Մեջ Անունդ Հիշելով
23:06, 12.04.2017
5944 | 0
ՙԿյանքդ պիտի այնպես ապրես, որ անունդ պատմության մեջ հիշվի՚.այս խոսքերը Արամայիսը հաճախ էր կրկնում ու ինքն էլ կյանքն այնպես ապրեց, որ իր սխրանքով անմահացավ յուրաքանչյուրիս մեջ:
Քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված` Արամայիս Գրիգորի Միքայելյանը սովորել և ավարտել է Արմավիրի մարզի` Ոսկեհատ գյուղի միջնակարգ դպրոցը: Դպրոցի ռազմագիտության կաբինետը հերոսի պատվին են անվանել: Մինչև հերոսածին մոր հետ զրույցը, իրենց լուսավոր հուշերով կիսվեցին դպրոցի տնօրեն` Սյուզաննա Շմավոնյանը և դասղեկ` Լուսինե Հարութունյանը:
Ս.Շմավոնյանի հուշերը հերոսի մասին...
-Արամայիսը խիստ տարբերվում էր մյուսներից: Իր համեստությունը դեռ դպրոցական տարիքից էր նկատվում: Նա նման չէր իրեն հասակակից տղաներին, շատ ավելի հասուն էր ու գիտակից: Միշտ լավ օրինակ է ծառայել իրենից փոքրերի համար:
Դպրոցում լավ է սովորել, բայց երբեք ցույց չի տվել, որ գիտի, որ շատ ավելին գիտի: Գերազանց պատմություն գիտեր և հայոց լեզու էր ուսումնասիրում: Մեծ ցանկություն ուներ ռազմական գիտելիքներ ձեռք բերելու: Հրաշալի քանդակում էր և իսկապես տաղանդավոր տղա էր մեր Արամը: Այժմ մեր հերոսի եղբայրը դպրոցում քանդակագործություն է սովորեցնում աշակերտներին, կարծում եմ այդ կերպ փորձում է եղբոր արվեստն ապրեցնել: Մենք ամեն օր ենք հիշում Արամին: Հպարտություն ու միաժամանակ մեծ ցավ ենք զգում: Անվերջ կարելի է խոսել նրա մասին, միայն լավը ասել, որովհետև նա հենց այդպիսինն էր` բարի ու դրական:
ՙՙԽոստանում եմ երդումս կատարել,
Հայրենիքիս քաջ, անվեհեր ծառայել՚՚:
Արամայիսի ավարտական վերջին դասի խոսքերն են-հիշում է դասղեկ Լ.Հարութունյանը:
-Արամը շատ հայրենասեր էր ու բարի, փխրուն հոգի ու ներաշխարհ ուներ: Երբ դասընկերները բարկացնում էին ինձ, իր հայացքից զգում էր, որ վատ էր զգում նրանց փոխարեն, ու միշտ մտածում էի, որ ՙայս երեխան իմ մասին էլ է անհանգստանում՚:
Ուրիշների հոգսը իր վրա վերցնող տեսակ էր, դիմացինին օգնող ու կարեկցող էր: Իմ հուշերում նա միշտ էլ այդպիսին կմնա:

Որդու մասին խոսելիս զգացմունքները խառնում են մոր ներաշխարհը:
Լիլիթ Ավագյանը թաց աչքերով ու մեծ ցավ զգալով է խոսում որդու մասին:
-Հիշում եմ որդուս ամեն մի խոսքն ու հայացքը.մեծ ցավ եմ ապրում: Արամը շատ հայրենասեր էր ու միշտ փորձել է իր կյանքը ճիշտ ապրել: Ձգտում էր կյանքում մեծ հաջողությունների հասնել: Մինչև բանակ գնալը տանը մեծ խաչ ուներ քանդակած, վերցնում էր ձեռքն ու ասում.ՙԵս մեծն Արամն եմ: Արամ, ամեն ինչ կարամ՚: Չեմ կարող ասել, թե ինչու, բայց միշտ ասում էր.ՙՉգիտեմ, ես վաղը կլինեմ, թե ոչ, բայց իմ գործով ինձ կհիշեն՚: Իր ծառայության ժամանակ ես ամեն պահ, ամեն րոպե ու ժամ ապրել եմ իր հետ: Գիտեի, երբ է քնում ու արթնանում, կամ ինչ է անում: Նա միշտ իմ մտքում ու սրտում էր ու հիմա էլ ապրում է իմ մեջ: Որդիս երբեք ծառայությունից չի դժգոհել, պարզապես քանի որ տիրապետում էր ռադիոկապերին, ուզում էր այդ ուղղությամբ ծառայել, բայց չստացվեց: Չնայած դրան խնդիրներ ունենալու դեպքում միշտ օգնել է իր ծառայակից ընկերներին:
Արամս սովորում էր Հայ Բուսակ համալսարանում` իրավագիտության բաժինում: Գերազանց առաջադիմություն ուներ: Ուզում էր ծառայությունից հետո շարունակել ուսումը, բայց...
Որդիս զինվորական վարժություններն էլ էր գերազանց կատարում ու խրախուսանքի արժանանում: Ոգևորված զանգում ու պատմում էր: Ինքն ուրախանում էր, իսկ ես տխրում: Զորամասում ինչ-որ բան վնասվելու դեպքում ամեն ինչ ինքն է նորոգել: Երբեք իր ընդունակությունների մասին չի բարձրաձայնել, բայց հարկ եղած դեպքում ցույց է տվել իր գիտելիքները: Իր հայացքի մեջ այնքան անպատասխան հարցեր մնացին: Երբ նայում եմ վերջին նկարին, անընդհատ խուսում եմ հետը ու հարցնում ինչ ես ուզում ասել ինձ, որ չեմ կարողանում հասկանալ:
Վերջին զրույցը հերոսի հետ...
-Ապրիլի 3-ին, երբ խոսում էինք, իրենց մոտ տիրող լարված իրավիճակի մասին ոչինչ չասաց: Եղբոր հետ էր խոսել ու ասել, որ իրավիճակը սահմանին ծանր է, իրենց դիրքերը գրավել են ու լարված հակամարտություն է սկսվել: Վերջում ասել էր, որ մամային ու պապային լավ կնայես ու այն ինչ կիսատ եմ թողել կշարունակես:
Հիշում եմ տղայիս ձայնն ու նրա խոսքերը: Հիմա ապրում եմ իր լուսավոր հուշերով, բայց չեմ համակերպվում, ոչ մի կերպ չեմ համակերպվում...
Ու ամեն դեպքում իմ բալեն ինձ համար միշտ ապրում է, Արամս ապրում է:

ԱՐԱՄԱՅԻՍ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ.19-ամյա պատանի, ով իր կյանքը զոհեց հանուն հայրենիքի և ընկավ հերոսաբար: Նրա անունն անմահացավ պատմության մեջ:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ֆլորա Աշուղբաբյան
դեպի վեր