ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Հայկական Հետքերը Վլադ Բընըցեանուի աշխատություններում
22:15, 23.11.2017
10214 | 0

Ռումինացի բազմահմուտ գիտնական Վլադ Բընըցեանուն ծնվել է Ռումինիայի Տիմիշոարա քաղաքում, 1900 թ. օգոստոսի 22-ին: Ավարտելով Չեռնովեցի համալսարանը, Բընըցեանուն մասնագիտական խոր գիտելիքներ է ձեռք բերել Փարիզում, Լոնդոնում եւ Դուբլինում (1924-1932): Նա ավարտել է նաեւ Փարիզի Արեւելյան լեզուների ազգային վարժարանը (1928), Փարիզի բարձրագույն դպրոցը (1932) եւ Արեւելյան դպրոցը (1932): 1923 թ. նա ստացել է իրավաբանական գիտությունների դոկտորի, իսկ 1931 թ.՝ բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճանները: Իբրեւ լեզվաբան, Բընըցեանուն հմուտ էր բազմաթիվ հինու նոր լեզուների, ինչպես սանսկրիտ, հայերեն, հունարեն, լատիներեն, հին պարսկերեն, կելտական լեզուներից գալերեն ու իռլանդերեն, հոլանդերեն, ալբաներեն, սլավոնական լեզուներ, այդ թվում նաեւ ռուսերեն, եվրոպական նորագույն լեզուներ եւ այլն: Պրոֆ. Բընըցեանուն իր ստեղծագործական կյանքը նվիրելով հանդերձ հնդեվրոպական լեզվաբանությանը, ինչպես նաեւ հնագույն լեզուների եւ արեւելքի ժողովուրդների մշակույթի պատմության ուսումնասիրությանը, անսահման սիրով ու մեծ նվիրվածությամբ զբաղվել է նաեւ հայագիտությամբ:
Պրոֆ. Բընըցեանուի գիտական եւ մանկավարժական գործունեությունը ծաղկում ապրեց հատկապես Ռումինիայի ազատագրումից հետո: Անսպառ եռանդի տեր գիտնականը երկար տարիներ շարունակ դասախոսել է Բուխարեստի պետական համալսարանում, մանկավարժական ինստիտուտում: Նա եղել է ռումինական ակադեմիայի հնդեվրոպական լեզվաբանության սեկտորի վարիչ, ստեղծել է Ռումինիայի պատմա-բանասիրական գիտությունների արեւելագիտական բաժանմունքը, հիմնադրել ու խմբագրել է լեզվաբանական եւ արեւելագիտական բնույթի կարեւոր հանդեսներ:
Պրոֆ. Վլադ Բընըցեանուի բազմաբովանդակ գիտական կյանքում կարեւոր տեղ է գրավել հայագիտությունը: Փարիզում աշակերտելով եւ ապա գործակցելով Ֆրանսիացի մեծանուն հայագետներ Անտուան Մեյեի, Ֆրեդերիկ Մակլերի եւ Լուի Մարիեսի, իսկ Ռումինիայում՝ ռումինացի նշանավոր գիտնական, հայագետ եւ հայասեր Նիկոլա Յորգայի, Վլադ Բընըցեանուի մեջ զուգորդվեց քաջ հայագետի կողքին նաեւ հազվագյուտ հայասերը:
Ռումինիայի պատմության մեջ Բընըցեանուն առաջին ռումինացի գիտնականն էր, որ դեռեւս 1931 թ., իր իսկ նախաձեռնությամբ, համալսարանում սկսեց դասավանդել հայագիտական առարկաներ: Պրոֆ. Բընըցեանուն շուրջ 200 գիտական աշխատությունների հեղինակ է: Նրա բազմաթիվ մենագրությունները, ուսումնասիրություններն ու հոդվածները լույս են տեսել Ռումինիայում եւ նրա սահմաններից դուրս՝ ռումիներեն, ֆրանսերեն, հայերեն, անգլերեն, գերմաներեն, ռուսերեն, պարսկերեն եւ այլ լեզուներով: Պրոֆ. Բընըցեանուի պատկառելի գիտական վաստակների շարքում գտնվում են բազմատեսակ գործեր նվիրված ռումինական մատենագիտության եւ ձեռագրագիտության հարցերին, հետազոտություններ լատիներեն լեզվի քերականության վերաբերյալ, իռլանդական լեզվի եւ գալլիական բանասիրության վերաբերյալ ուսումնասիրություն եւ բնագրերի հրատարակում: Մի քանի ուսումնասիրություններ նվիրված են հին հունական անուններին: Նա հրատարակել է Սուչավա քաղաքի պատմական վայրերի ուղեցույց հատորը, . «Երեւույթներ Ալբանիայից» ստվար հատորը:
Պրոֆ. Վլադ Բընըցեանուի անձնավորությունն ու նրա գիտական բազմաբեղուն գործունեությունը մեծ գնահատանքի էին արժանացած ինչպես ռումինական, այնպես էլ համաշխարհային գիտական հասարակայնությունների կողմից: Նա բազմաթիվ գիտական ընկերությունների պատվավոր անդամ էր ընտրված: Բընըցեանուն 1926 թ. անդամ էր ընտրված Փարիզի լեզվաբանական ընկերության, իսկ 1930 թ.՝ Լոնդոնի բնագրագիտական ընկերության, իսկ 1930 թ.՝ Լոնդոնի բնագրագիտական ընկերության եւ իռլանդական ընկերության: 1948 թ. նա ընտրվել էր Բուխարեստի լեզվաբանական ընկերության անդամ եւ երկու անգամ էլ դարձել նույն ընկերության նախագահի տեղակալ: 1956 թ. Ռումինիայի արեւելագետների ընկերության առաջին նախագահն էր, նրա հիմնադրումից սկսյալ: 1960 թ. նա անդամ էր Բուխարեստի դասական ուսումնասիրությունների ըկերության եւ աֆրիկա-ասիական լիգայի ղեկավար խորհրդի: Նա անդամ էր ընտրված նաեւ Հարավ-արեւելյան Եվրոպայի ուսումնասիրությունների ընկերությանը:
Պրոֆ. Բընըցեանուի գրչին պատկանող ստվարաթիվ աշխատություններից շուրջ 100-ը հայագիտական գործեր են, նվիրված հայ դասական լեզվի, հայ ժողովրդի մշակույթի պատմության եւ ռումինահայ գաղութի անցյալին: Նրա արժեքավոր հայագիտական ուսումնասիրություններից հիշատակենք մի քանիսը.
«Հունարեն դերբայներով կազմված դարձվածքների հայերեն թարգմանությունը» մենագրությունը (1937., ֆրանսերեն), որն արժանացավ իր ուսուցչի եւ Եզնիկի բազմահմուտ թարգմանիչ Լուի Մարիեսի բարձր գնահատանքին, «Հայերը ռումինական պատմության եւ կյանքի մեջ» (1938 թ., ռումիներեն մենագրություն), «Ուրարտական ածանցները դասական հայերենում» (1960 թ., անգլերեն), «Հայ ժողովրդի ծագման մի քանի խնդիրներ» (1960 թ., ռուսերեն), «Ուրարտական տեղանունները հայերենում» (1961 թ., գերմաներեն), «Հայկական ծագում ունեցող բարձրաստիճան պաշտոնյաները հին Մոլդովայում» (1962., հայերեն), «Հայագիտության զարգացումը Հայաստանում, դեմոկրատական երկրներում եւ արտասահմանում» (1962-1963 թթ., հայերեն), «Արճեշուլ» ռումինական տեղանվան չլուծված խնդիրը» (1959 թ., հայերեն), «Հայերը Բեհիստունի արձանագրության մեջ» (1958 թ., հայերեն եւ ֆրանսերեն), «Հայերը ռումինական տեղանունների մեջ եւ հայկական ծագումով ռումինական տեղանուններ» (ռումիներեն) եւ շատ ուրիշներ:
Պրոֆ. Բընըցեանուն զբաղվել է նաեւ հայ գրականության եւ ընդհանրապես հայ մշակույթի պատմության վերաբերյալ հարցերով: Նա հոդվածներով անդրադարձել է նաեւ հայ մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի եւ հայ նշանավոր բանաստեղծ Միքայել Նալբանդյանի գործունեությանը: Պրոֆ. Բընըցեանուն, ամբողջ քառորդ դար, հայագիտական բովանդակալից զեկուցումներով, մեր ժողովրդի հոգեւոր գանձերին հաղորդակից դարձրեց ռումինացի եւ հայ լայն հասարակությանը, այդպիսով խոշոր ավանդ մուծելով երկու ժողովուրդների բարեկամության էլ ավելի սերտացման գործում: Նար կարդացած զեկուցումներից հիշատակենք միայն մի քանիսը. «Հայերը Ռումինիայում», «Հին Հայաստանի մշակույթը», «Մեծ դեմքեր հայ մշակույթի պատմության մեջ», «Հայ միջնադարյան քնարերգությունը», «Մեսրոպ Մաշտոց», «Հովսեփ Օրբելի» եւ այլն:
Պրոֆ. Բընըցեանուն 1938-1947 թթ. հիմնադրել է ու խմբագրել «Revue des etudes indo-europeennes» ֆրանսերեն լեզվաբանական կարեւոր պարբերականը, ուր իրենց աշխատակցությունն են բերել եվրոպացի նշանավոր գիտնականներ, այդ թվում անվանի հայագետներ Ն. Ադոնցը, Պիզանին եւ ուրիշներ: Մեծ է նրա երախտիքը Ռումինիայի պատմա-բանասիրական գիտությունների ընկերության արեւելագիտական ուսումնասիրությունների բաժանմունքի եւ նրա 15 աշխատանքային խմբակների հիմնադրման եւ ղեկավարման գործում: Այդ խմբակներից առաջինը զբաղվում էր նաեւ դասական հայերենով, իսկ վեցերորդ խմբակը՝ հայ նոր գրականության եւ լեզվի հարցերով: Խմբակների շուրջ համախմբված անդամները լծված էին հրատարակության պատրաստելու մի շարք հայագիտական կարեւոր նշանակություն ունեցող մենագրություններ: Իբրեւ Ռումինիայի արեւելագետների բաժանմունքի տնօրեն, դարձյալ պրոֆ. Բընըցեանուին է ընկնում նույն բաժանմունքի պաշտոնաթերթը հանդիսացող «Studia et acta orientalia» հանդեսի հիմնադիրն ու առաջին գլխավոր խմբագիրը հանդիսանալու պատիվը: Հիշյալ հանդեսի մինչեւ այժմ լույս տեսած 4 ստվար հատորները կարեւոր ավանդ են հանդիսանում համաշխարհային արեւելագիտության համար: Նվիրված հայագետը այս հանդեսում մեծ տեղ է հատկացնում հայագիտությանը եւ սկսել էր նրա շուրջը համախմբել ոչ միայն Ռումինիայի, այլեւ Հայաստանի հայագետներից ոմանց: Այդ հանդեսում է, որ առաջին անգամ ի հայտ եկավ հայ արվեստին նվիրված ուշագրավ ուսումնասիրություններում պրոֆ. Բընըցեանուի կինը՝ տիկին Գլիա Բընըցեանուն:
1960 թ., պրոֆ. Բընըցեանուն Մոսկվայում գումարված արեւելագիտական համաշխարհային համաժողովին Ռումինիայի կողմից մասնակցելով եւ հայագիտական ուշագրավ զեկուցումով հանդես գալուց հետո, հրավիրվեց այցելելու իր այնքան սիրելի Հայաստանը եւ մոտիկից հաղորդակից եղավ Հայաստանի մշակությաին հիմնարկների, գիտնականների:
Պրոֆ. Բընըցեանուն վեց զեկուցումներով հանդես եկավ Հայաստանի գիտությունների ակադեմիայի լեզվի եւ պատմության ինստիտուտներում, Մատենադարանում, Երեւանի համալսարանում եւ Ս. Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանում: Նար կարդացած հայագիտական ուշագրավ զեկուցումները գիտական հասարակայնության կողմից ընդունվեցին մեծ հետաքրքրությամբ: Հայաստանից ստացած իր տպավորությունները անջնջելի մնացին անվանի հայագետի ու մեծ հայասերի սրտում: Ահա այդ տպավորությունների տակ էր, որ նա հետագայում պիտի գրեր. «Տասնյակ տարիներ զբաղեցա հայագիտությամբ ու հայոց պատմությամբ, բայց հիմա միայն ավելի լավ կըմբռնեմ զանոնք, այսօրվան մարդիկը ճանչնալե հետո» [1]: Եվ ահա այդ բոլորը «զիս վերջնականապես կապեցին այս երկրին, անոր ժողովրդին եւ Երեւանի հետ»: Պրոֆ. Բընըցեանուն իր գործին նվիրված անձնազոհ գիտնական էր: Բավական է միայն հիշատակել այն փաստը, որ երբ 1963 թ. Սինայայում գումարվեց Բալկանյան պատմաբանների միջազգային համաժողովը, նա տառապում էր հիվանդությամբ, սակայն Յունեսկուի կողմից իրեն վստահած լինելով ներկայացնելու հայագիտությունը, նա հիվանդանոցից անժամանակ դուրս գալով ներկայացավ համաժողովին եւ անվիճելի փաստերի հիման վրա ցույց տվեց հայերի խաղացած դերը ինչպես պավլիկյան ու թոնդրակյան շարժումների դեպի Բալկանները եւ Արեւմտյան Եվրոպա տարածվելու գործում, այնպես էլ Բալկաններում միջնադարյան քաղաքների կառուցման մեջ:
Մեծանուն հայագետը մահացավ 1963 թ. նոյեմբերի 8-ին:
Ինչքա՜ն հայագիտական ծրագրեր ուներ իր մտքում մեծանուն գիտնականը: Նրա մտասեւեռումներից մեկն էր նաեւ հայագիտական հանդեսի հիմնադրումն ու նրա շուրջը ինչպես արտասահմանի, այնպես էլ Հայաստանի գիտնականների համախմբումը:
Պրոֆ. Բընըցեանուի հուղարկավորությունը տեղի է ունեցել նոյեմբերի 10-ին, ռումինացի եւ հայ խուռն բազմության ներկայության: Հանգուցյալի ընկերներից բազմաթիվ գիտնականներ են խոսել, դրվատելով մեծ գիտնականի պայծառ կերպարը եւ ողբալով նրա անփոխարինելի կորուստը: Պրոֆ. Բընըցեանուի վերջին ցանկությամբ, նրա մարմինը հողին հանձնվեց Բուխարեստի հայկական գերեզմանոցում: Ռումինացի նշանավոր հայագետն ու հազվագյուտ հայասերը մահից հետո իսկ ցանկացավ մնալ շրջապատված հայերի աճյուններով:
Պրոֆ. Վլադ Բընըցեանուի հիշատակի հավերժացման լավագույն արտահայտությունը կլիներ նրա բոլոր հայագիտական ուսումնասիրությունների մի ստվար հատորում հավաքելը եւ հրատարակալեը: Մեր ուսումնասիրության մեջ փորձել ենք հավաքել եւ ներկայացնել Վլադ Բընըցեանուի այն աշխատությունները, որոնք կապված են ռումինահայ համայնքի հետ:

Սիրով՝ Տ․Հեթում քահանա Թարվերդյան

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Տեր Հեթում քահանա Թարվերդյան
23:26, 12.05.2018
6124 | 0
դեպի վեր