ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Չեմ լա մանուշակս, տղամարդը արցունք չի թափի
14:40, 22.05.2018
4258 | 0

Սասուն պապը հայրենական պատերազմի հերոսներից է: Նա, ինչպես սովորական մարդիկ, չունի անուն-ազգանուն, ասում է` երբ ծնվեցի, արդեն Սասուն պապ էի: Նրա տունը Երևանն է՝ քաղաքի փողոցները: Հաճախ տանը չի գիշերում, նախընտրում է շրջել քաղաքով և հսկել նրա խաղաղությունը:

Սասուն պապին՝ այն կարմիր մարզահագուստով, եռագույն գլխարկ ու շարֆով ծերուկին, ով բոլոր բարևողներին տուն է հրավիրում բրինձով ապուր ուտելու, որը պատրաստել է իր ձեռքով, ու շատ է պատրաստել, որ մանուշակներն ու զինվորները ևս համտեսեն: Մանուշակներ կանանց ու աղջիկներին է ասում Սասուն պապը:

Բայց ապրիլյան քառօրյայից հետո զվարթություն ու ակտիվություն չկա ծերուկի աչքերում, միայն ցավ ու զայրույթ է նրա կնճռոտված դեմքին:

«Ջահելքը զոհվեցին սահմանին, իսկ ես չգնացի տղերքի թիկունքին կանգնելու, բանի պիտանի չեմ» մերթընդմերթ կրկնում է ծերուկը, հետո լռում, հետո նորից կրկնում:

Վերջին օրերի Ղարաբաղյան մարտերը տպվել են Սասուն պապիի գիտակցության մեջ:

Խոնավ են աչքերը, որքան էլ փորձում է աննկատ պահել:

«Չեմ լա մանուշակս, տղամարդը արցունք չի թափի, անկարելի է» ասում էր ծերուկն ու թաքցնում տղամարդկային արցունքները: Ապա, կարծես, սթափվում է և սովորության համաձայն ապուրի հրավեր անում: Որքան էլ սոված էի, մերժեցի պապիի հրավերը, քաղցս մի տեսակ անհետացել էր:

Հրաժեշտ եմ տալիս ու քայլում դեպի կանգառ: Մտածում եմ ծերուկի մասին, ով անպիտան է զգում իրեն միայն այն բանի համար, որ տարիքն այն չէ ու առողջությունն էլ թույլ չի տալիս սահմանին, տղերքի կողքին կանգնել:

Երևանը դատարկ է, բացակա են տղերքը:

Վառ են լույսերը, ամեն շեն իր զավակին է սպասում: Ճրագը զինվորը պիտի տուն բերեր:

Հասուն է քաղաքն այս օրերին:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Անուշ Պողոսյան
14:21, 25.05.2018
3073 | 0
դեպի վեր