Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը հանդիպել է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում բացված Երևանի ինկուբատորի անդամ 22 քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներին առնչվող հարցերն ու հանրային քաղաքականությունների մշակման գործընթացում կառուցողական երկխոսության և համագործակցության հնարավոր ուղենիշները: Նշենք, որ ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարած կոնսորցիումի կողմից: Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ կազմակերպությունների անդամները ներկայացրել են իրենց դիտարկումները ծրագրում ընդգրկված թիրախային՝ հանրային ֆինանսների կառավարման, կրթության, սոցիալական, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառման, էներգետիկայի և այլ ոլորտներում: |