ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Վերջին դասը մշակութային ինքնատիպ ծրագրով են անցկացրել «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի շրջանավարտները
14:50, 25.05.2018
2868 | 0
Երևանի քաղաքապետարանի ենթակայության արվեստի հանրակրթական միակ դպրոցում՝ «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրում, 12-րդ ավարտական դասարանի աշակերտների վերջին զանգի միջոցառումն ուղեկցվել է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված ցուցահանդեսով: Գեղանկարչական և այլ լուծումներով աշակերտները ներկայացրել են մայրաքաղաքն իրենց պատկերացմամբ՝ Երևանի գլխավոր խորհրդանիշի շուրջ:
Ցուցահանդեսին ծանոթացել և կոջոյանցիների ավարտական հանդիպմանը ներկա են եղել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը:
Վերջին դասի գլխավոր միջոցառմանը աշակերտները հանդես են եկել մշակութային հետաքրքիր ծրագրով՝ վերհիշելով դպրոցական տարիներն ու ընդգծելով ուսուցիչների ուրույն դերն իրենց կյանքում: Ավանդույթի համաձայն՝ արդեն երիտասարդ արվեստագետներն իրենց հագուստին ամրացված օրվա խորհրդանիշ զանգերը պատրաստել էին սեփական ձեռքերով:
Երևանի քաղաքապետի անունից շնորհավորելով շրջանավարտներին ու փոխանցելով բարեմաղթանքները՝ Արամ Սուքիասյանն ընդգծել է կրթահամալիրի դերը մայրաքաղաքի մշակութային կյանքում:
«Օրեր անց, երբ հնարավորություն կունենաք վերընթերցելու Երևանի քաղաքապետի ձեզ ուղղված ուղերձը, կցանկանայի, որ վերլուծեք և այն դարձնեք ձեր քաղաքացիական կենսագրության բաղկացուցիչը: Սիրելի շրջանավարտներ և հարգելի մանկավարժներ, սրտանց շնորհավորում եմ օրվա առթիվ և շնորհակալություն հայտնում մեր մայրաքաղաքին նման սերունդ հանձնելու համար», - նշել է քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:
Աշակերտներն իրենց հերթին նկատել են, որ մասնագիտական ինչ ուղի էլ ընտրեն, շարունակելու են ուրույն նպաստ բերել՝ 2800-ամյա քաղաքամայր Երևանի զարգացման և հզորացման գործում:
Հեղինակ` Yerevan info
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Yerevan info
դեպի վեր