Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 483.62, EUR 565.59, RUB 7.22, GBP 637.31
+25 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«ՀԻՇԵՑԵՔ ՁԵՐ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՆ, ՈՐՈՆՔ ՁԵԶ ԱՍՏԾՈ ԽՈՍՔՆ ԱՍԱՑԻՆ» (Եբրայ. 13: 7)
09:26, 14.06.2018

Դժվար է այս օրերին, լինելով Հայ եկեղեցու ընդհանրական մարմնի մեկ մասնիկը, չարձագանքել մի այնպիսի գործընթացի, ինչպիսին է Սուրբ Թադեոս Առաքյալից ժառանգություն ստացած Ամենայն Հայոց Կաթողիկոսության Գահի Գահակալի խնդիրը։ Առավել ևս աններելի կլինի չանդրադառնալ այս խնդրին, երբ մի ամբողջ «շարժում», թեկուզև այն նախաձեռնողների կարծիքով իբր «բարի» նպատակի համար, հիմնված է ատելության և մերժման վրա։ Երբ տեսնում ես, որ մեկ-երկու եկեղեցականներ, ովքեր պարտավորություն են վերցրել իրենց վրա՝ ամեն վայրկյան, ամեն րոպե և ամեն ժամ ՍԵՐ և ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ քարոզելու, ուղղակիորեն ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ են տարածում։
Շատերը կարող են ասել, որ Հայ եկեղեցում ներկայումս առկա խնդիրներն են ստիպում այլևս հանդես գալ կտրուկ քայլերով։ Սակայն արդյո՞ք սա է ճանապարհը, արդյո՞ք հնարավոր է ատելություն քարոզելով սեր հաստատել երկրի վրա. վստահաբար ո՛չ, կարելի չէ։
Կաթողիկոսի դեմ ուղղված շարժման կազմակերպիչներն իրենց նախաձեռնությունը համեմատում են վերջին ամիսներին Հայաստանում և առհասարակ հայ իրականության մեջ տեղի ունեցած աշխարհիկ-քաղաքական հեղափոխության հետ՝ մոռանալով սակայն, որ այն անվանվեց «Սիրո և համերաշխության» հեղափոխություն։ Նույնիսկ փողոց դուրս եկած աշխարհիկ գործիչներն ու բազմաթիվ քաղաքացիները ներքին խոհեմություն և պատասխանատվություն ունեցան՝ գործելու երկրի օրենքների ու սահմանադրության տառին և ոգուն համատասխան։ Իսկ ո՞րն է եկեղեցու «ներսում» ծավալվող այս շարժման կանոնական հիմքը, թե՞ Առաքյալներից ժառանգություն ստացած, եկեղեցու ավանդույթով թրծված և բյուրեղացած կանոնները մեզ համար այլևս Ավետարանական հիմք չունեն և չեն բխում ճշմարտությունն ապրեցնելու սկզբունքներից։ Եթե այդպես է, ապա հարց եմ ուղղում «շարժման» մասնակիցներին՝ որքանո՞վ է կանոնական ձեր իսկ քահանայական ձեռնադրությունը կամ եկեղեցու ավազանի մկրտությունը։
Ըստ ո՞ր կանոնի կամ Ավետարանական ո՞ր ճշմարտության համաձայն եք կոչ անում հավատավոր ժողովրդին՝ Հայոց Հայրապետին մերժելու կարգախոսով և բարկությամբ Սուրբ Էջմիածնի դեմ գնալ, այն պարագայում, երբ իբրև Սուրբ Հոգու շնորհները ձեր վրա կրող «եկեղեցականներ» և «հավատացյալ քրիստոնյաներ» պետք է քարոզեք անձնազոհություն և խաղաղություն։
Այո՛, միանշանակ և ակնհայտ է, որ ունենք բազմաթիվ ներեկեղեցական խնդիրներ և թերացումներ հոգևոր կյանքում, սակայն չե՞ք կարծում, որ դուք պայքարում եք այդ ամենի հետևանքների դեմ և ոչ թե փորձում եք պատճառը վերացնել, իսկ պատճառը մեզանից յուրաքանչյուրի ներսում ՍԻՐՈ պակասն է և ինքներս մեզանից հեռանալու ու ինքնաճանաչ չլինելու հանգամանքը։
Արդ, վերջ տվեք եկեղեցու կյանքը խռովվող ձեր հակականոնական, հակաավետարանական, հակաեկեղեցական գործողություններին և ընթացքին: Դարձի եկեք խոտոր՝ հոգու ու մարմնի կորստյան տանող ճանապարհից: Մի դարձեք ուրիշ հոգիների համար գայթակղություն, քանզի Սուրբ Ավետարանը ձեր նմաններին դատապարտել և սահմանել է պատիժ. «Վայ այն մարդուն, որի ձեռքով ուրիշները գայթակղության մեջ կնգնեն: (Ղուկ. 17: 1-2): »

Տ. Մուշե քահանա Ենգիբարյան

Մամուլի խոսնակ` Հեղինակ
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Հեղինակ
դեպի վեր