mamul.am
Загрузка...
Ամբողջական տարբերակ
USD 480.94, EUR 585.83, RUB 8.48, GBP 660.52 Մանրամասն
+25 °C, +18 °C ... +30 °C Վաղը`+31 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Թացը չորից չեք զանազանում...
15:37, 14.06.2018

«Ժամանակը խառնակ էր. թացն ու չորը միասին կրակի բերան էին տալիս, ամեն ինչ կորում էր ծուխ ու դումանի մեջ ու դեռ տրտնջում էին, թե արևն էլ արև չի՝ ո´չ լույս է տալիս, ոչ տաքություն, մի աղոթող էլ չկա՝ ո´չ տերտեր, ոչ էլ մոնթ: Չկար մեկը, որ ընդամենը ասեր. «Այ ժողովուրդ, չորը չորի հետ վառեք, իսկ թացը թողեք գալիք տարվան՝ մինչև չորանա»: Այս խոսքերի հեղինակը ես չեմ և ոչ է որևէ գրող կամ անվանի մեկը: Այս խոսքերը լսել եմ մի իմաստուն ու ծեր գյուղացուց՝ շատ տարիներ առաջ: Սա հիշեցի, քանզի մենք այսօր նույն թացն ու չորն ենք միասին այրում, երբ մանավանդ խոսքը վերաբերում է մեր Եկեղեցուն կամ նրա գահակալին:

Ժամանակները կարող են խառնակ լինել, ժամանակները կարող են անբարենպաստ լինել, բայց ազնիվ ու հեռատես մարդու գործը թացն ու չորն իրարից բաժանելն է, արածի ու չարածի միջև սահման դնելը, արածի համար դրվատանքի խոսքեր ասելը, իսկ չարածի համար՝ նոր միայն փնովելը: Բայց երբ ահռելի արածին անգամ մի փոքր չարածն ես խառնում, միևնույն է ծխում է ու ծուխը, ցավոք, արածին էլ է ծխակոլոլ անում: Սա չարակամ մտայնություն է, որի թունապատ պտուղներից օգտվում են բոլորը, նաև հենց ինքը՝ չարակամը:

Հայոց Եկեղեցուն աջ ու ձախ գանահարողները պետք է իմանան, որ աշխարհում չկա մի Եկեղեցի, որ թերություններ ու թերացումներ չունենա, քանզի Եկեղեցին կենդանի օրգանիզմ է՝ բաղկացած կենդանի՝ կատարելիության ձգտող, բայց ոչ կատարյալ մարդկանցից: Մեր ճիպոտների տակ «անառակ որդու» պատկերը թաքցրած՝ կարող եք գոհություն պարգևել սոսկ մեր նմաններին, բայց ոչ Եկեղեցու ճշմարիտ զավակներին, քանզի ճշմարիտ զավակը նախընտրում է իր օգնությունն ու օգտակարությունը բերել ավելի ազնիվ ճանապարհով: Ձեր մասնավոր տանն ամեն բան անթերի չէ, բայց դուք ձեր տան աղբը դուրս չեք բերում հրապարակ, այլ փորձում եք հնարավորինս մաքրել ու շտկել ձեր ընտանիքում առկա խնդիրները՝ հենց ձեր տան պատերի ներսում, փորձում եք ձեր ծնողների ու զավակների միջև հայելապատ սյուն դառնալ ու ամրացնել հիմքերն ու պատերը: Իսկ Եկեղեցին ոչ այլ ինչ է, եթե ոչ մեր հոգևոր Մեծ Տունը, և նրա ամրությունն ու հզորությունը մեզանից՝ նրա զավակներից է կախված և ոչ միայն Եկեղեցու գահակալից ու մի բուռ հոգևորականներից: Ուստի հարկ է, որ մեկ-մեկ էլ մենք մեզ հարց տանք, թե ինքներս ի՞նչ ենք անում՝ մեր ցանկալի տեսլականին հասնելու համար:

Ամփոփելով ասենք, որ մեր Եկեղեցու այս 19 տարիների իրական գործունեության անդրադառնալը շատ բան կարող է ասել Հայոց հավատի Տան ու նաև նրա Հովվապետի անձի մասին, ով նախընտրում է իր կարողությունների ու հնարավորությունների սահմաններում աստվածսիրության ու հայրենասիրության իր ողջ պաշարը, իր դարավոր Եկեղեցու «սնունդը» ժողովրդին մատուցել իրական գործերով և ոչ թե կեղծահունչ ու սին քաղցրախոսությամբ, ով գիտակցաբար նախընտրում է լինել պետականության կողքին՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն է տվյալ պահին գլխավորում պետութան ղեկը, քանզի Հայոց Հայրապետը քաջ գիտի, որ մեր պատմության լավագույն էջերը կերտվել են այն ժամանակ, երբ Եկեղեցին ու պետությունը գործել են միասնաբար, ձեռք-ձեռքի տված:

Ուստի Հայոց Եկեղեցու անցյալի և ներկայի ժառանգության, նրա գահակալների, որոնց թվում՝ Գարեգին Բ Կաթողիկոսի վաստակի նկատմամբ երախտագետ լինելու գիտակցությամբ, մի կողմ դրած մեր ճղճիմ մտքերն ու նկրտումները, և մեզանից վանելով թացն ու չորը միասին այրելու տխուր փորձառությունը, մեկ անգամ ևս խորհենք, որ «Եթե սկիզբը սուրբ է, սուրբ է և զանգվածը, և եթե արմատը սուրբ է, ապա և` ոստերը» (Հռոմ. ժԱ 16)»:

Մեկը Հայ Առաքելական Եկեղեցու մտահոգ զավակներից


Մամուլի խոսնակ` Հեղինակ
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Հեղինակ
դեպի վեր


loading...