ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Նրա արցունքների ու մեծ ուժի մասին
17:01, 17.06.2018
3632 | 0

Այդ առավոտ ես մորս լացի ձայնից արթնացա.

Դուք երբևէ մտածե՞լ եք, թե ինչ է զգում կինը, երբ արթնանում է և տեսնում, որ իր կողքին ամուսնու սառած ու գույնը գցած մարմինն է...

...Ես ծնողներիս սենյակի դռան արանքից նայում էի, թե ինչպես էր մայրս համբուրում հորս դեռ տաք մնացած շուրթերը.
Նա ամբողջ մարմնով դողում էր։ Ես նայում էի նրան ու նրա ամեն մի թափվող արցունքի հետ զգում մարմնիս վրայի փշաքաղությունները ։ Մայրս արդեն կուլ գնացած ձայնով խնդրում էր հորս, որ բացի աչքերը։ Նայում էի ու ներս չէի մտնում. որովհետև չգիտեի հետը ինչ խոսել, ինպես օգնել. չգիտեի, որովհետև ես ինքս օգնության կարիք ունեի։
Արդեն կեսօր էր. մայրս ուժասպառ էր եղել։ Նա հանել էր գիշերազգեստը և նորից անկողին մտել։
Տասներեք տարեկանում ես առաջին անգամ ծխեցի։ Առաջին ու վերջին։
Երբ հետ եկա մայրս հորս գրկում քնած էր։ Գլուխը դրել որ հորս կրծքին, իսկ հորս ձախ ափի մեջ դրել իր աջ կուրծքը։
Նա առաջին անգամ իմ աչքերում կին էր, ոչ թե մայր։
Նա կին էր, ով միշտ ցանկալի էր եղել, միշտ սպասված ու գնահատված. եղել էր իր տղամարդու` հորս պատիվը։
Նա իր ողջ կյանքն այնպես էր ապրել, որ իր կյանքում եղած երեք տղամարդկանցից և ոչ մեկը գլուխը կախ չքայլի. ո’չ հայրը, ո'չ ամուսինը, ո'չ էլ որդին։ Եվ այդ ժամանակ, երբ ոչ իր հայրը կար, ոչ էլ ամուսինը` մտքերը միայն որդու մասին էին, թե ինչպես էր որդուն առանց հայր դաստիարակելու, ինչպես մարդիկ կնայեն և կընդունեն առանց հոր մեծացած տղային, ինչպես նա կլրացներ ամուսնու բացը որդու կյանքում։
Աստված գիտի, թե նա ինչ էր զգում. հա... զգում, ոչ թե մտածում։
Նա անկողնում մնաց մինչ կեսգիշեր։
Հետո կիսամերկ դուրս եկավ անկողնուց ու գնաց պատուհանի մոտ։ Ես երբեք նրան այդքան հոգնած չէի տեսել. այդքան անպաշտպան և թույլ։ Ես չէի հասկանում, թե նա ինչ էր անում, ինքն իր հետ էր ասես խոսում։ Հիմա վստահ եմ, որ աղոթում էր...
Հետո վերցրեց հեռախոսն ու զանգեց ոստիկանություն։ Կես ժամ հետո հորս դին տարան ։ Ոստիկաններից մեկը սկսեց հարցեր տալ։ Մայրս պատասխանում էր, իսկ ես անգամ հարցերը չէի լսում։ Ականջներումս միայն լռություն էր ու այդ լռության մեջ մորս լացի ձայները...

Այդ առավոտ ես մորս լացի ձայնից արթնացա...

Եթե անգամ ձեզ պատմեն, թե ինչ է զգում կինը, երբ արթնանում է և տեսնում իր կողքին պարկած ամուսնու սառած ու գույնը գցած մարմինը, միևնույն է դուք ոչինչ չեք իմանա իմ մոր մասին։
Նրա արցունքների ու մեծ ուժի մասին...


Արփի Գրիգորյան

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4902 | 0
դեպի վեր