ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Կարգապահական հանձնաժողովի հիմնական առաքելությունը ոչ թե պատժիչ գործառույթն է, այլ հնարավորություն ընձեռելը՝ սխալ ընթացքը սրբագրելու» Պարույր քահանա Ավետիսյան
12:49, 24.06.2018
3117 | 0

Շաբաթներ առաջ հայտնի դարձավ, որ Մայր Աթոռի միաբանությունը դիմել է Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ Մայր Աթոռի միաբաններից, Կորյուն աբեղա Առաքելյանի հարցը Կարգապահական հանձնաժողովին ներկայացնելու համար։

Ցանկանալով պարզաբանել, թե ինչ է ներկայացնում իրենից Կարգապահական հանձնաժողովը, Primenews.amկայքի հարցմանը պատասխանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Պարույր քահանա Ավետիսյանը։ Մայր Աթոռի պաշտոնական պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ․

1. Ինչպիսի՞ ընթացակարգով է տեղի ունենում կրոնական ասպարեզում հակաիրավական գործողություն կամ իրավախախտում կատարած հոգեւորականի հարցի ընդունումը Մայր Աթոտի Կարգապահական հանձնաժողով.

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կարգապահական հանձնաժողովն ունի 7 եպիսկոպոս անդամներ: Ներկայացուցչական այսպիսի բարձր հանգամանքով օժտված մարմինը լիարժեք իրավասություն ունի եկեղեցականների հետ կապված կանոնական վճիռներ կայացնելու: Կարգապահական հանձնաժողովը ուսումնասիրում և քննում է եկեղեցականներին վերաբերող կանոնական հարցերը: Քննության արդյունքում կայացված որոշումները ներկայացվում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերջնական տնօրինությանը: Ըստ անհրաժեշտության՝ հարցերը կարող են քննարկվել նաև Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում: Եկեղեցականների հետ առնչված խնդիրները Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացվում են թեմակալ առաջնորդների, հայրապետական պատվիրակների և եկեղեցական այլ կառույցների ղեկավարների կողմից, որոնք Նորին Սրբության հաստատմամբ փոխանցվում են հանձնաժողովի քննությանը: Քննության համար հիմք կարող են ծառայել նաև լրատվամիջոցների հրապարակումները եկեղեցականների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպերի մասին:

2. Արդյո՞ք հարուցվում է համապատասխան կրոնա-իրավական վարույթ տվյալ հոգեւորականի հետ կապված.

Կարգապահական հանձնաժողովի գործունեությունը չպետք է նույնացնել քաղաքացիա-իրավական հարաբերությունների ոլորտը կարգավորող պետական մարմինների գործունեության հետ: Այսուհանդերձ, յուրաքանչյուր նման պարագային ամբողջացվում են նյութերը, հանդիպումներ են լինում ինչպես եկեղեցականի, այնպես և գործին առնչվող բոլոր անձանց հետ: Անհրաժեշտության դեպքում նշանակվում են նաև փորձաքննություններ:

3. Ի՞նչ ժամկետներում է տեղի ունենում այդ վարույթի կամ ներկայացված հարցի քննությունը.

Կարգապահական հանձնաժողովի հիմնական առաքելությունը ոչ թե պատժիչ գործառույթն է, այլ կարգազանցության մեջ գտնվող եկեղեցականին հնարավորություն ընձեռելը՝ իր սխալ ընթացքը սրբագրելու, զղջման և ապաշխարության միջոցով հոգևոր կարգի մեջ վերականգնվելու համար: Այս տեսանկյունից ժամկետները պայմանավորված են խնդրի բնույթով: Կան դեպքեր, երբ հանձնաժողովի մեկ նիստը բավարար է լինում որոշման կայացման համար: Սակայն կան պարագաներ, երբ հարցի քննությունը կարող է երկար է տևել, հատկապես երբ անհրաժեշտություն է առաջանում լսելու տարբեր կողմերի, կատարելու հավելյալ ուսումնասիրություններ, դիմելու փորձագիտական եզրակացությունների:

4. Արդյո՞ք այն բաց է զանգվածային լրատվական միջոցների համար.

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կարգապահական հանձնաժողովի նիստերը փակ են: Գիտեք, որ հաճախ քննվում են հարցեր, որոնց հրապարակայնությունը նախ և առաջ չի բխում այդ ատյանի առջև հայտնված անձի շահերից: Այդ է նաև պատճառը, որ երբ Մայր Աթոռը հրապարակում է այս կամ այն եկեղեցականի՝ ասպարեզը թողնելու լուրը, պատճառները հիմնականում ներկայացվում են ընդհանրացված կերպով: Այսպիսով փորձ է արվում կարգալույծ հռչակված տվյալ անձին հնարավորություն տալ աշխարհիկ կյանքում սրբագրելու իր ընթացքը և գտնելու իր տեղը հասարակության մեջ: Հանձնաժողովն իրավունք ունի ըստ անհրաժեշտության, ելնելով քննվող հարցի առանձնահատկությունից, նիստերին հրավիրել եկեղեցական կամ աշխարհական այլ անձանց` նկատի ունենալով վերջիններիս հովվական փորձառությունը կամ մասնագիտական կարողությունները: Ամենայն Հայոց Կաթողիկոսը չի մասնակցում հանձնաժողովի նիստերին:

5. Ունի՞ արդյոք կրոնական առումով հակաիրավական արարք կամ կրոնական իրավախախտում կատարած հոգեւորականը ինքնապաշտպանվելու հնարավորություն, եւ եթե այո, ո՞վ է հանդես գալիս որպես նրա շահերի պաշտպան.

Կարգապահական հանձնաժողովը կարգազանցության մեջ մեղադրվող եկեղեցականին, բնականաբար, միշտ հնարավորություն տալիս է թե՛ արտահայտվելու, թե՛ ներկայացնելու իր որդեգրած ընթացքի վերաբերյալ բացատրություններ և թե՛ ինքնապաշտպանվելու, եթե բողոք է ներկայացվել կամ մեղադրանք առաջադրվել նրա նկատմամբ: Շահերի պաշտպանի հարց չկա այստեղ: Եկեղեցականներն ապրում են միաբանության մեջ հավասար իրավունքներով ու պարտականություններով՝ ըստ իրենց կոչման ու ծառայության: Միաբանության ամեն անդամ գիտակցում է իր պատասխանատվությունը և իր գործած մեղքի և կամ թույլ տված կանոնական շեղման համար ինքն է փորձում արդարացնել իր ընթացքը կամ ընդունել իր սխալը՝ կրելով համապատասխան պատիժ: Հարկ է նշել, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի վճիռները սովորաբար կայացվում են` հիմք ընդունելով կարգապահական հանձնաժողովի եզրակացությունները: Թեև Վեհափառ Հայրապետը կարող է կայացնել նաև այլ որոշում, ինչը Ամենայն Հայոց Կաթողիկոսի կանոնական իրավունքն է:

6. Կարգապահական հանձնաժողովի վճռի հրապարակումից հետո, ո՞ւնի արդյոք կրոնական հակաիրավական արարք կամ կրոնական իրավախախտում կատարած հոգեւորականը բողոքարկելու այդ վճիռը, եւ եթե այո, ապա ի՞նչ ընթացակարգով եւ ո՞ր ատյաններին, եւ արդյո՞ք կա վճռի վերանայման կամ բեկանման հնարավորություն.

Այստեղ պետք է նկատի առնել մի կարևոր նրբություն: Կարգապահական հանձնաժողովը հաճախ անդրադառնում է դեպքերի, որոնք թեև պետական օրենքներով արգելված չեն, սակայն եկեղեցական կանոնների սկզբունքներից ելնելով դրանք մերժելի են ու դատապարտելի: Ինչպես օրինակ՝ եկեղեցականների ամուսնալուծությունը, ծառայության վայրն ինքնակամ լքելը կամ իրեն վստահված հավատացյալներին թողնելը և այլն: Այսպիսի պարագաներին քաղաքացիական օրենքները և սրբազան ավանդույթով նվիրականացած եկեղեցական կանոնները խիստ տարբեր մոտեցումներ ունեն: Եկեղեցականները և նույնիսկ եկեղեցու հավատացյալները միմյանց միջև ծագած վեճերն ու խնդիրներն իրավունք չունեն եկեղեցուց դուրս հանելու և վիճարկելու աշխարհիկ ատյաններում: Եթե կայացված որոշումը չի բավարարում եկեղեցականին, ապա տվյալ անձը կարող է գրավոր դիմել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ իր հարցը վերանայելու խնդրանքով:

7. Պատասխանատվության ինչպիսի՞ տարբերակներ են գործում՝ տույժ, պատիժ, տուգանքի վճարում, հանրօգուտ աշխատանքի կատարում, աքսոր, ապաշխարանք, կարգալուծություն.

Դրանք տարբեր են: Անշուշտ տույժ ու տուգանքի վճարման, հանրօգուտ աշխատանքների նշանակման, աքսորելու պրակտիկա Եկեղեցում չկա: Սակայն կարող է լինել փիլոնազրկություն, կախակայում, ապաշխարության շրջանի նշանակում, ծառայության վայրի փոփոխություն կամ վանքում ժամանակավոր բնակեցում: Եկեղեցականի կարգալուծությունը, ինչպես արդեն ասացինք, հետևանք է բոլոր հնարավորությունների սպառման»:

Ավելին կարող եք կարդալ primenews.am կայքում

Հեղինակ` Հեղինակ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Հեղինակ
12:40, 16.08.2018
5734 | 0
15:58, 07.07.2018
4623 | 0
դեպի վեր