ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Մաքսիմ Գորկի. «Հրեաների մասին»
20:49, 17.07.2018
5202 | 0

Ժամանակ առ ժամանակ և ավելի ու ավելի հաճախակի հանգամանքները ռուս գրողին հարկադրում են իր հայրենակիցներին հիշեցնել մի քանի անվիճելի, այբբենարանային ճշմարտություններ:

Շատ դժվարին, տանջալիորեն անհարմար պարտականություն է չափահասներին ու գրագետ մարդկանց ասել.

-Պարոնա՛յք, պետք է մարդկային լինել, մարդկայնությունը ոչ միայն գեղեցիկ է, այլև օգտակար է ձեզ: Պետք է արդարացի լինել. Արդարությունը մշակույթի հիմքն է:

Անհրաժեշտ է հոգածու լինել իրավունքին ու քաղաքացիական ազատությանը. այս գաղափարների յուրացման օգտակարությունն ապացուցվել է արևմտաեվրոպական երկրների, օրինակ՝ Անգլիայի բարձր մշակութով:

Նաև անհրաժեշտ է, որ մարդն ինքն իր մեջ զարգացնի բարոյական մաքրակյացություն, նողկանքի զգացում դաստիարակի մարդու կենդանական դրսևորումների նկատմամբ. այդ դրսևորումներից մեկը այլ ցեղերի պատկանող մարդկանց նկատմամբ մարդուն նսեմացնող թշնամանքն է:

Հրեաների հանդեպ թշնամանքը գազանային, կենդանական երևույթ է. դրա դեմ պետք է գործուն պայքար մղել՝ հանուն ընկերային զգացմունքների, ընկերային մշակույթի շուտափույթ զարգացման:

Հրեաները նույնպիսի մարդիկ են, ինչպես բոլորը, և ինչպես բոլոր մարդիկ, հրեաները պետք է ազատ լինեն:

Քաղաքացու բոլոր պարտականությունները կատարող մարդն արժանի է, որ ճանաչվեն նաև նրա քաղաքացիական իրավունքները:

Ամեն մարդ իրավունք ունի իր էներգիան գործադրել աշխատանքի, մշակույթի բոլոր ոլորտներում, և որքան լայն են անձնական ու հասարակական գործունեության սահմանները, այնքան շահում է երկրի կյանքը:

Կան նաև շատ այլ պարզ ճշմարտություններ, որոնք պետք է ռուսական հասարակության միսն ու արյունը դառնան, մինչդեռ չեն դարձել ու չեն դառնում:

Կրկնում եմ՝ շատ ծանր գործ է սոցիալական պարկեշտության դիրքում կանգնել ու մարդկանց համոզել, որ դա լավ չէ, որ ձեզ պատիվ չի բերում կեղտոտ, փնթի, ասիական կյանքով ապրելը: Լվացվե՛ք:

Եվ մարդկանց նկատմամբ ամենայն սիրով հանդերձ, նրանց նկատմամբ ամենայն խղճահարությամբ հանդերձ, երբեմն սառը հուսալքության գիրկն ես ընկնում ու ատելությամբ մտորում ես՝ որտե՞ղ է այդ ռուսական լայնաբաց, գեղեցիկ հոգին: Այնքան շատ են խոսել ու խոսում են դրա մասին, բայց որտե՞ղ է այն, ինչո՞ւմ է դրսևորվում դրա ընդարձակությունը, դրա հզորությունն ու գեղեցկությունը: Եվ արդյո՞ք այդ հոգին այն պատճառով է ընդարձակ, որովհետև կատարելապես տձև է: Գուցե հենց այդ տձևության շնորհի՞վ է, որ մենք այդքան հեշտությամբ տրվում ենք արտաքին ճնշումներին, այն ճնշումներին, որոնք այդքան արագ ու անճանաչելիության աստիճան աղավաղում են մեզ:

Մենք մեր մասին ասում ենք, թե մենք բարեհոգի ենք, բայց երբ ուշադիր զննում ես ռուսական այդ բարեհոգությունը, ապա տեսնում ես, որ այն շատ նման է ասիական անտարբերությանը:

Մարդկության ամենածանր հանցագործություններից մեկն անտարբերությունն է, իր մերձավորի նկատմամբ անուշադրությունը. այս անտարբերությունը բնորոշ է հատկապես մեզ:

Ռուսական մշակույթի համար խայտառակություն է հրեաների նկատմամբ վերաբերմունքը Ռուսաստանում. սա նույնպես հենց ինքներս մեր, կյանքի խիստ ու արդարացի պահանջների նկատմամբ անտարբերության արդյունք է:

Ի շահ բանականության, արդարության ու մշակույթի՝ չի կարելի թույլ տալ, որ մեր մեջ իրավազուրկ մարդիկ ապրեն. Մենք չէինք կարողանա դա թույլ տալ, եթե մեր մեջ զարգացած լիներ հարգանքի զգացումը մեր իսկ նկատմամբ:

(շարունակելի)

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
227 | 0
դեպի վեր