ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Գարեգին Բ-ի «թիկնազորի» ցայտնոտը կամ խոսող քաղաքական դիակները
20:52, 20.07.2018
4422 | 0

Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջը գնալով ավելի ու ավելի մեծ թափ է առնում Հայաստանում և Սփյուռքում՝ «արհամարհելով» համաժողովրդական դարձող շարժումը կասեցնելու հոգևորականության ջանքերը: Գարեգին Բ-ի և իր վարչակազմի անհեռատես քայլերն ու բացահայտ ստերը արդեն լցրել են բոլորի համբերության բաժակը, իսկ օր-օրի հրապարակ բերվող բացահայտումներն ավելի ու ավելի են գրգռում ազգի զայրույթը և տեղիք տալիս բազմաշերտ քննարկումների:
Երեկ և այսօր իրար հետևից հայտարարություններ «շտապեցին» անել նաև Հայաստանի ՀՅԴ Գերագույն մարմինը և ՀՀԿ-ն: Այս երկու քաղաքական ուժերը, որոնք երբևէ չեն փայլել ո՛չ իրենց ադեկվատությամբ, ո՛չ ազգասիրությամբ, ո՛չ քրիստոնեավայել կեցվածքով ու գործունեությամբ, ո՛չ բարոյականությամբ, ո՛չ ինքնասիրությամբ ու այլ բարձր արժեքներով, այսօր որոշել են ազգին դաս տալ՝ «սովորեցնելով ու հիշեցնելով» եկեղեցու առաքելությունը:
Եվ այս ամենը հասկանալի է ինչու. նրանք ոչ թե սրտացավ են Գարեգին Բ-ի հանդեպ կամ անհանգաստանում են նրա համար, այլ՝ կրկնակի վախի մթնոլորտում են և վախենում են իրենց բաժին սրբապղծությունների համար պահանջվելիք պատասխանատվությունից: Գարեգին Բ-ի գահակալությունը «ապահովեց» տապալված նախկին իշխանությունը՝ կեղտոտ գործարք կնքելով վերջինիս հետ, իսկ այդ գործարքը ազգի միասնական կեղեքումն էր՝ հոգևոր-բարոյական անապատացում, համատարած աղքատություն, զանգվածային արտագաղթ, գաղափարական սնանկություն, փողերի լվացում ու յուրացում, ազգային սրբազան արժեքների օտարում ու վաճառք, մի խոսքով՝ բառի բուն իմաստով Հայաստանի անապատացում:
Եվ 19 տարի շարունակ Գարեգին Բ-ի հետ ձեռք-ձեռքի տված աճուրդի հանեցին ոչ միայն մեր ազգային արժանապատվությունը, կյանքը, այլև այնՙ ինչ հնարավոր էր: Շատ բաներ Հայաստանում գործող այս երկու քաղաքական հեղհեղուկ և պետականաքանդ ուժերը կատարեցին եկեղեցու անվան տակ՝ Գարեգին Բ-ին ունենալով իբրև հենարան և պատվանդանՙ եկեղեցին ևս վերածելով բիզնես կենտրոնի: Ասվածի փաստացիությունը այս երեք ուժերի նույն գործելակերպն է, նրանց արժեհամակարգային նույնությունը, նույն մեթոդը, նույն քաղաքականությունը:
ՀՅԴ–ն եկեղեցու ներքին միասնականության մասին հայտարարություն անելիս «մոռանում» է, որ ինքն ազգատյաց ու դավաճան ուժ է, պետականաքանդ, բացահայտորեն դեմ է քրիստոնեությանն ու եկեղեցուն, որի պատմական փաստը առաջին հանրապետության տարիներին Հայոց եկեղեցու հանդեպ դրսևորած վայրագ քաղաքականությունն է, 1950-ականներին՝ նաև Հայոց եկեղեցու պառակտումը և Կիլիկիո կաթողիկոսական աթոռի բռնագրավումը: Ի՞նչ եղավ հանկարծ, որ այս քաղաքական անդեմությունը հիշեց եկեղեցուն, ավելին՝ զորակցություն է հայտնում: Նույն բանն անում է ՀՀԿ-ն, ու կրկին իր նման ամպագորգոռ, անհիմն ու սնամեջ հայտարարություններ անելով «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության հասցեին: Հասկանալի է՝ ուժգին երերացող նրանց հենարանը ցայտնոտի մեջ է գցել նրանց. նրանք զրկվում են «կառավարման» իրենց վերջին լծակից ու հարմար առիթ են համարում վարկաբեկել նորաստեղծ կառավարությանը՝ շտապելով դասեր տալ նրան:

Ուշքի՛ եկեք, սա այլևս ձեզ խոսք տրամադրող և այն արժեքավորող հարթակը չէ, ոչ էլ փորձեք ինքնահաստատվել՝ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության հասցեին ցեխ շպրտելով: Այն մեզ չի հասնի, բայց ձեր՝ առանց այն էլ կեղտոտ ձեռքերը ավելի կկեղտոտվեն: Իսկ այն, ինչ կա հրապարակում, հարկ չենք համարում ձեզ համար ևս մեկ անգամ կրկնել. ամեն ինչ ասվել է և հիմնավորվել, մենք մեղավոր չենք, որ իմաստուն խոսքը ննջում է հիմար ականջում, իսկ շահամոլ ու անառակ միտքը թափառում է արդարացումների արահետում և անհաղորդ մնում ճշմարտությունից:

Ի գիտություն. մենք՝ ՀՀ հպարտ քաղաքացիներս, որպես հայ հասարակության երիտասարդ ուժ, դրսևորելով քաղաքական միասնական ու անկոտրում կամք՝ մաքրեցինք մեր հայրենիքն ու պետությունը ձեզ նման կեղտոտ ու արատավոր համակարգից և հիմա հասել է ժամանակը մեր ազգային եկեղեցին, որի նվիրյալ, գիտակից, հավատավոր ու եկեղեցու պատվին նախանձախնդիր զավակներն ենք, մաքրել պիղծ, շնաբարո, հավատքից ու Աստծուց հեռու Գարեգին Բ-ից ու նրա վարչակազմից: Եվ սա մե՛ր իրավունքն է:

Հայոց եկեղեցու պատվին ու անվանը նախանձախնդիր հայ երիտասարդներ

Մամուլի խոսնակ` Ազատ Խոսք
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ազատ Խոսք
դեպի վեր