ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Սրբազա՛ն, Քրիստոսին մի կողմ թող, ավելի խաղաղ պիտի լինես». Գարեգին Բ-ի պատասխանը Նորվան Սրբազանին
13:06, 21.07.2018
5475 | 0

2018 թ. հունիսի 30-ին Էջմիածին քաղաքում տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականի պահանջով: Ներկայացնում ենք այդ օրվա հնչած ելույթներից մեկը:

Օրեր շարունակ ուշի ուշով հետևում եմ Հայ եկեղեցու սրտում սկիզբ առած այս հոգևոր ճգնաժամին, որի հանգուցալուծումը ես տեսնում եմ միմիայն վիրահատական միջամտությամբ: Չի կարող որևէ մարմին առողջ անդամներ ունենալ, եթե այդ մարմնի գլուխը անբուժելիորեն հիանդ է, հետևաբար և՝ պիտանի չէ մարմնին: Ինչպես ժողովրդա­կան իմաստությունն է ասում, ձուկը գլխից է հոտած, սակայն ոմանք ուզում են այն մաքրել պոչից: Ո՛չ, հարգելիներս, դա անհնարին է, մահացու վիրավոր մարմինը պետք է բուժել՝ նախ և առաջ առողջ գլուխ ապահովելով այդ մարմնին: Հակառակ դեպքում, եթե եկեղեցու բարեկարգման գործընթացն սկսենք ներ­քևից վերև, պիտի հայտնվենք ինքնախաբեության մեջ, իսկ խոցոտված մարմինը այս անգամ կսկսի արյու­նա­քամ լինել: Սակայն մենք բոլորս ցանկանում ենք տեսնել սուրբ, առողջ, կենսունակ և հզոր Հայ Առաքելական եկեղեցի, որ բանաստեղծի խոսքերով՝ ծննդավայրն է մեր հոգիների...

Իմ այսօրվա ելույթը պայմանավորված է վերջին օրերի ներեկեղեցական լարված զարգացում­նե­րով և ստեղծված խառնաշփոթով: Ես պիտի չուզեի խոսել Գարեգին Բ կաթո­ղիկոսի անձնական, բարոյական և ոչ ժողովրդավարական բնույթի հարցերի մասին, քանի որ դրանց մասին բազմիցս խոսվել է: Ես պիտի խոսեմ կաթողիկոսի հրաժարականի պահանջին առնչվող աստվածաբանական և վարդապետական հարցերի մասին, որոնք ամենաէականն եմ համարում ներկա մարտահրավերը դիմագրավելու ճանապարհին: Իսկ մինչ այդ Ավետարանից մեջբերեմ մի քանի հատվածներ:

«Մինչ Հիսուսի շուրջը բյուրավոր ժողովուրդ հավաքվեց՝ իրար կոխոտելու աստիճան, նա սկսեց նախ իր աշակերտներին ասել. «Նախ դուք ձեզ զգու՛յշ պահեցեք փարիսեցի­ների խմորից, որ կեղծավորությունն է, որովհետեւ չկա ծածուկ բան, որ չհայտնվի, և գաղտնի բան, որ չիմացվի, քանի որ, ինչ որ խավարի մեջ ասեք, լսելի պիտի լինի լույսի մեջ. և ինչ որ շտեմարաններում փսփսաք ականջների մեջ, պիտի քարոզվի տանիքների վրայ (Ղուկ. 12: 1-3): «Ով Քրիստոսին հավատում է, չպիտի դատապարտվի, և ով նրան չի հավատում, արդեն իսկ դատապարտված է, քանի որ Աստծու միածին Որդու անվանը չհավատաց» (Հովհ. 3: 18): «Որդյակնե՛ր, վերջին ժամանակն է։ Եվ ինչպես լսել եք, Նեռը գալու է. բայց արդեն իսկ եկել են բազում նեռեր. դրանից էլ կարող ենք իմանալ, որ վերջին ժամանակն է» (Ա. Հովհ 2: 18): «Իսկ ո՞վ է ստախոսը, եթե ոչ նա, ով ուրանում է, թե Հիսուսը Քրիստոսն է։ Նա՛ է Նեռը, ով ուրանում է Հորը և Որդուն» (Ա. Հովհ. 2: 22):

2011 թվականին, երբ դեռ գործող միաբան էի Սուրբ Էջմիածնի և Վատիկանի հրավերով ու վերջինիս տրամադրած կրթաթոշակի շնորհիվ ուսանում էի Փարիզում, օրերից մի օր հերթական անգամ Փարիզ այցելեց Գարեգին Բ կաթողիկոսը: Ես հրավիրվեցի այն շքեղ և թանկարժեք հյուրանոցը, ուր իջևանում էր կաթողիկոսը (նա սովորություն չունի իջևանելու առաջնորդարանների պարզ և համեստ սենյակներում): Փարիզի առաջնորդանիս Սբ. Հովհաննես Մկրտիչ մայր եկեղեցու հարևանությամբ գտնվող այդ հյուրանոցում էին նաև այդ օրերի թեմակալ առաջնորդ Նորվան արք. Զա­քար­յանը, ևս 4-5 հոգևորականներ Էջմիածնից և Փարիզից, որոնց թվում նաև՝ Իսի-լե-Մուլինոյի հոգևոր հովիվ Ավետիս քհն. Պալըգյանը:

Այնտեղ ես ականատես եղա մի տհաճ խոսակցության Գարեգին Բ-ի և Նորվան Սրբազանի միջև: Այսօրվա պես հիշում եմ այն նախատինքները, որ կաթողիկոսը բոլորի ներկայությամբ տեղացնում էր Նորվան Սրբա­զանի հասցեին՝ նրա եկեղեցականի արժանապատվությունը ստորացնելու աստիճան: Կաթողիկոսը Նորվան Սրբազանին նաև մեղադրում էր, որ հաճախակի մկրտություններ և պսակադրություններ է կատա­րում՝ ան­միջա­կան շփում ունենալով ժողովրդի հետ: Կաթողիկոսի տրամաբանությամբ՝ դա պատիվ չէր բերում և էժանացնում էր թեմակալ առաջնորդին: Նորվան Սրբազանին Գարեգին Բ կաթողիկոսը հանդի­մանում էր, որ անտարբեր է գտնվում թեմի խնդիրների հարցում՝ նկատի ունենալով Վաչե քհն. Հայրապետյանի հարցը, ով ֆրանսական օրենքներով քրեական հետապնդումի տակ էր և Ստրասբուրգում պահակ էր աշխատում՝ իր օրապահիկը վաստակելու համար, քանի որ առաջնորդարանի կողմից աշխատավարձ չէր ստանում: Նորվան Սրբազանը հանդարտ ոճով պատասխանեց կաթողիկոսին՝ ասելով. «Վեհափա՛ռ, ես անտարբեր չեմ, ես խաղաղ եմ Քրիստոսով»: Վեհափառը այլայլվեց և հակադարձեց. «Սրբազա՛ն, Քրիստոսին մի կողմ թող, ավելի խաղաղ պիտի լինես»: Նորվան Սրբազանը միանգամից գունատվեց՝ պատասխանելով. «Կարելի՞ բան է Քրիստոսին մի կողմ թողնել»: Կաթողիկոսը կրկնեց. «Այո, Քրիստոսին մի կողմ թող, և կտեսնես, որ ավելի խաղաղ պիտի լինես»: Նորվան Սրբազանը լռեց, իսկ ներկա հոգևորականները իրար երես նայեցին:

Այս տխուր երկխոսությունը, որը բառացիորեն մեջբերեցի, գալիս է հերթական անգամ վկայելու, որ Գարեգին Բ-ն անարգում, անտեսում և ի վերջո՝ ուրանում է Քրիստոսին՝ մեր Տիրոջը և Փրկչին, ով գլուխն է իր հիմնադրած եկեղեցու, իսկ մենք՝ հավատացյալներս, անդամներն ենք այդ մարմնի: Ավետարանը պատգամում է, որ եթե մի անդամը քեզ գայթակղեցնում է, կտրել և դեն գցել այն, քանզի լավ է, որ քո անդամներից մեկը կորչի, բայց քո ամբողջ մարմինը չընկնի գեհեն (հմմտ. Մատթ. 5: 29):

Եկեղեցական կանոնները խստորեն պատժում են ուրացողներին և մինչև կյանքի վերջ ապաշ­խա­րու­թյուն նշանակում: Մինչև հիմա Գարեգին Բ կաթողիկոսի բերանից չենք լսել մի քարոզ, սրտի անկեղծ խոսք աստ­վածային ողորմության, Քրիստոսի փրկագործության, մեղքի վնասակարության, ավետա­րա­նա­կան ճշմար­տությունների, հավիտենական կյանքի և ահեղ դատաստանի մասին: Մի՞թե նա չի հավա­տում այս բոլորին: Այդ դեպքում ի՞նչ հավատք է նա դավանում: Տարիներ առաջ, երբ ընտիր մտավորական և Հայ եկեղեցու նա­խան­ձախնդիր սպասավոր Արամ դպիր Դիլանյանն աշխատում էր Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնում, մի առիթով բանավեճ ունեցավ Գարեգին Բ կաթողիկոսի հետ Աստվա­ծաշնչի թեմայով: Բանավեճը վերաբերում էր կետ ձկան փորում Հովնան մարգարեի՝ երեք օր գտնվելուն՝ համաձայն Հին կտակարանի. «Տերը խոշոր կետ ձկանը հրամայեց կուլ տալ Հովնանին։ Երեք ցերեկ և երեք գիշեր Հովնանը կետի փորում էր» (Հովն. 2: 1) ... Կաթողիկոսը ժխտում էր դրա հավանականությունը՝ ասելով, թե գիտնականները հիմա ապացուցում են, որ դա հնարավոր չէ: Սովետական աստվածամերժ գաղափա­րախոսությամբ, մատերիալիստական մտածողությամբ և «բիզ­նես» հոգեբանութեամբ դաստիարակված Գարեբին Բ կաթողիկոսի համար ավելի կարևոր և հիմնավոր են գիտնականների «պնդումները», քան Աստվա­ծա­շնչի անսուտ խոսքերը, որոնց ինքը, վստահ եմ, չի հավատում: Այո՛, ծառը պտղից է ճանաչվում: Իսկ ի՞նչ են ասում, Վեհափա՛ռ, գիտնականները, ասենք, Սուրբ Երրորդության և Քրիստոսի մարդեղության մասին... Տեղին է մեջբերել Հայ եկեղեցու լուսահոգի եկեղեցականներից Զարեհ. արք. Ազնավորյանի խոսքերը «Ո՞ւր է այդ եկեղեցին այսօր: Պատմական պա­րա­գաներն ստիպեցին, որ մենք բաւարարուինք մեր ազգի սահմաններուն մէջ միայն աւետարանչութիւն ընելով, եւ այդ ալ չպահեց իր թափը, այլ՝ աստիճանաբար նուազեցաւ, մինչեւ որ նուաղեցաւ: Չեմ ուզեր աւելին: Արդ, ի՞նչպէս կրնանք պատկերացնել եկեղեցի մը՝ որ աւետարանչութիւն չունի: Կը նմանի մարմինի մը, որուն մէջ արեան շրջագայութիւնը դադրած է, այլ խօսքով՝ դիակ մըն է պարզապէս»:

Կրկին հիշեցի կաթողիկոսի պատասխանը Նորվան Սրբազանին. «Քրիստոսին մի կողմ թող, և ավելի խաղաղ պիտի լինես»: Սա իր հերթին գալիս է փաստելու, որ Գարեգին Բ-ն Հիսուս Քրիստոսի ծառան չէ, քանի որ եթե Քրիստոսի ծառան լիներ, քրիստոսանման կլիներ, կունենար Քրիստոսի վարքը, Քրիստոսի սիրտը, Քրիստոսի հավատքը և Քրիստոսի ճշմարտությունը: Աստծո ծառան նաև աստվածավախ կլինի, մինչդեռ Գարեգին Բ կաթողիկոսը նման է Քրիստոսի պատմած այն անիրավ դատավորին, ով Աստծուց չէր վախենում և մարդկանցից չէր ամաչում: Այդ դեպքում ո՞ւմ կամ ինչի՞ է ծառայում կաթողիկոսը: Մեր Տերն ասում է. «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մեկին կ՚ատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կ՚արհամարհի. չէք կարող ծառայել Աստծուն և՝ մամոնային» (Մատթ. 6: 25):

Անցնող 19 տարիների գահակալությունը ցույց տվեցին, որ Գարեգին Բ կաթողիկոսը ծառան է դրամի, մամոնայի: Եվ ինչպես «արծաթսիրութեամբն մոլեալ Յուդա՝ զիւր զմեծ զՎարդապետն ընդ երեսուն արծաթոյ Հրէիցն մատնէր» (Շարական), կաթողիկոսը նույնպես «վասն դրամի սիրոյն» այս փուչ աշխարհի փառքն ու մեծա­րանքը գերադասեց Քրիստոսի ճշմարիտ աշակերտը լինելուց և «կույրը կույրին առաջնորդելով» (հմմտ. Ղուկ. 6: 42) ՝ ծառայեց այս հանցավոր ու անցավոր աշխարհին, որի իշխանը, ըստ Ավետարանի, սատանան է (հմմտ. Հովհ. 16: 11): Աստծու խոսքն ասում է. «Մի՛ սիրեք աշխարհը, ոչ էլ՝ ինչ որ աշխարհի մեջ կա (Ա. Հովհ. 2: 15): «Շնացողնե՛ր, չգիտե՞ք, որ սերն այս աշխարհի հանդեպ՝ թշնամություն է Աստծու դեմ, քանի որ, ով ուզում է աշխարհը սիրել, Աստծուն իրեն թշնամի կ՚անի» (Հակ. 4: 4): Սատանան նաև ստի և կեղծիքի հայրն է (հմմտ. Հովհ. 8: 44), և եթե հանկարծ Մայր Աթոռի Ապատեղեկատվական համակարգը՝ իր պաշտոնական և ֆեյսբուքյան ֆեյք խողովակներով, որոնք գիշեր-ցերեկ զբաղված են իրականությունը խեղաթյուրելով, մարդկանց ապակողմնորոշելով, շարժման համակիրներին զրպարտելով ու վարկաբեկելով, փորձի հերքել վերոհիշյալ զրույցը, ապա ես ստիպված կլինեմ հերքելու այդ հերքումը, քանի որ հերքում են սուտը, իսկ ճշմարտությունը հերքել կնշանակի ստել և ստախոսությամբ զբաղվել:

Ես պարզապես բոլոր կասկածողներին կարող եմ տրամադրել Նորվան Արք. Զաքարյանի բջջային հեռախոսահամարը, որպեսզի անձամբ իրենից ճշտեք ստուգությունը այդ զրույցի, որին ինձնից բացի ներկա են եղել այլ վկաներ ևս: Տեր Վահրամին և իր գործակիցներին արժե հիշեցնել տասնաբանյա պատվիրաններից նախավերջինը՝ սուտ վկայությունը չտալու մասին: Իսկ իմ վկայությունը ճշմարիտ է, որին վկա է Աստված: Իմ հաջորդ ելույթների ժամանակ կներկայացնեմ Գարեգին Բ կաթողիկոսի դավանաբանական, աստվա­ծա­բա­նական, կանոնական և ծիսական մյուս շեղումները՝ համաձայն Հայ Առաքելական եկեղեցու ուղղափառ վարդա­պետության:

Ես անձնապես խղճում եմ Գարեգին Վեհափառին, և ինչպես մի անգամ թափորի մեջ հայտարարեց Փառեն արք. Ավետիքյանը՝ «Ես մի օր չէի ցանկանա լինել Գարեգին Բ կաթողիկոսի փոխարեն, որովհետև անտանելի բեռ է դրված իր ուսերի վրա»: Այո՛, անտանելի բեռ է վերցրել կաթողիկոսն իր ուսերի վրա, քանի որ նա Բարձրյալին պատասխան է տալու այն անթիվ հոգիների կորստյան համար, որոնք իր անհավատության և անփութության պատճառով զրկվեցին Տիրոջ կենարար վարդապետությունը լսելուց և մեղքի մեջ գլորվելով՝ կորստյան մատնվեցին: Այդ «անտանելի բեռները» կաթողիկոսը երբեք չհանձնեց Քրիստոսին, առանց որի ինքն ավելի խաղաղ է իրեն զգում: Մինչդեռ Քրիստոս ասաց. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովվեն, և չվախենաք (Հովհ. 14: 26): Նաև՝ «Եկե՛ք ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և ես ձեզ կհանգստացնեմ։ Իմ լուծը ձեր վրա վերցրե՛ք և սովորեցե՛ք ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ. և ձեզ համար հանգիստ պիտի գտնեք, որովհետև իմ լուծը քաղցր է և իմ բեռը՝ թեթև» (Մատթ. 11: 28-30):

Այսքանից հետո, Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոսնե՛ր, վարդապետնե՛ր, քահանանե՛ր, սարկավագներ և դպիրներ (իրական կամ վարձկան), ինչպե՞ս պիտի պաշտպանեք ձեր քրիստոսուրաց կաթողիկոսին, ի՞նչ խղճով և իրար հերթ չտալով պիտի արդարացնեք ու սրբացնեք ձեր աստվածանարգ հայրապետին, դո՛ւք, որոնց մի մասդ ոչ միայն քաջատեղյակ, այլև մեղսակից եք նրա կատարած ապօրինություններին ու զանցանքներին: Իսկ միգուցե աստվածամա՞րտ էլ դառնաք և ձեր անխոհեմ ու փարիսեցիական կեցվածքով հայ ազգի վրա իջեցնեք երկնային պատուհասներ և Աստծո արդար ցասումը: Հավատացեք, որ «ահաւոր է ընկնել կենդանի Աստծու ձեռքը» (Եբր. 10: 29): «Քանզի եթե կամավոր կերպով ենք մեղանչում ճշմարտությունն իմանալուց և ընդունելուց հետո, ուրեմն մեղքերի քավության համար այլևս ուրիշ զոհ չի մնում. այլ մնում է դատաստանի ահեղ սպասումը և կրակի կատաղությունը, որ լափելու է Աստծու հակառակորդներին», - զգուշացնում է Պողոս Առաքյալը (Եբր. 10: 24-25):

Ես անձնապես չեմ ցանկանում Գարեգին Բ կաթողիկոսի հոգու կորուստը, այլ սրտանց մաղթում եմ, որ ժամ առաջ սրտի զղջումով դեպի Քրիստոս վերադառնա, անկեղծ խղճմտանքով որևէ հոգևորականի առաջ խոստովանի իր բոլոր հանցանքները և արձակում ստանալով չարի կապանքներից, որոնցով տարիներ ի վեր բռնված է, հրաժարվի Սուրբ Լուսավորչի սրբազան Աթոռից, հեռանա մի խաղաղ անկյուն՝ իր կյանքի մնացած օրերը անցկացնելով հարատև աղոթքի և ապաշխարության մեջ, քանի որ մեր Տերը պատվիրեց՝ ասելով. «Այն տասնութ մարդիկ, որոնց վրա Սելովամում աշտարակը փուլ եկաւ և սպանեց նրանց, կարծում եք, թե ավելի մեղապա՞րտ էին, քան Երուսաղեմում բնակվող բոլոր մարդիկ։ Ո՛չ, ասում եմ ձեզ, սակայն եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք» (Ղուկ. 13: 4-5): Եվ վերջապես՝ Ի՛նչ օգուտ կ՚ունենայ մարդ, եթէ այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կործանի։ Կամ՝ մարդ իր անձի փոխարէն ի՞նչ փրկանք պիտի տա» (Մատթ. 16: 25), «որովհետեւ, ով որ ինձ և իմ խոսքերը ամոթ կհամարի, նրան մարդու Որդին էլ ամոթահար պիտի անի, երբ գա իր և Հոր ու սուրբ հրեշտակների փառքով (Ղուկ. 9: 26): Ամեն:


Եղիա Արմեն Խաչատրյան

աստվածաբան-մատենագետ

Գարեգին Բ կաթողիկոսը բոլորի ներկայությամբ նախատինքներ էր տեղացնում Նորվան Սրբա­զանի հասցեին՝ նրա եկեղեցականի արժանապատվությունը ստորացնելու աստիճան:
Մամուլի խոսնակ` Ազատ Խոսք
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ազատ Խոսք
դեպի վեր