ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ինչպես են սրբերն ստեղծվել
15:28, 23.07.2018
5845 | 0

Նախորդ դարի կեսերին Սիրիայի Ամար գյուղի բնակիչներից մեկի աչքերը գիշերվա կեսին սաստիկ ցավում են. նա տնից դուրս է գալիս ու Ալլահին օգնության է կանչում: Հիվանդի եղբայրը նրան ասում է. «Մի՞թե չգիտես, որ Ալլահը քեզ չի կարող բուժել: Պետք է սուրբ Մար Սարգիսին կանչես»:

Պարզվում է, ամենազոր Ալլահը որոշ դեպքերում անզոր է, և Ալլահից կարգով ցածր մեկ այլ աստվածություն իր նեղ մասնագիտացման ոլորտում Ալլահից ուժեղ է:

Այսպիսին է նաև հավատացյալ քրիստոնյայի համոզմունքը, և հոգևորականները շատ հաճախ Աստծուն խնդրում են «մարմնական ցավերի բուժման համար» օգնության ուղարկել այս կամ այն սրբին:

Քրիստոնեական եկեղեցում միաստվածության դոգման շատ մեծ հաջողությամբ գոյակցում է բազմաստվածության հետ: Բացի Սուրբ Երրորդության երեք աստվածներից ու աստվածամորից, ըստ քրիստոնեական ուսմունքի, գոյություն ունեն բազում ստորին կարգի աստվածություններ՝ լուսավոր ու մութ, բարեգործ ու կործանարար, հրեշտակներ ու դևեր: Ավետարանական գրականությունը լի է հրեշտակների ու դևերի, մարդկանց փորձության տանող սատանայի, երկնային ու դժոխային ուժերի մասին պատմություններով: Փառաբանելով իրենց աստվածներին՝ եկեղեցու հայրերը չեն բացառել հեթանոսական աստվածների գոյությունը. նրանք այդ աստվածներին պարզապես քրիստոնեական աստվածներից կարգով ցածր ու վնասաբեր են համարել:

Եվ դա հասկանալի է. եթե Հիսուսին կամ Հայր աստծուն իրական գոյություն է վերագրվում, ապա ոչ մի հիմք չկա աստվածության անձնագիր չտալ, ասենք, Ապոլոնին, Զևսին կամ Անահիտին: Հեթանոսական աստվածների դեմ պայքարը քրիստոնեության սյուները դիտարկել են որպես պայքար կենդանի հակառակորդների ու մրցակիցների դեմ: Այս առումով նրանք շարունակել են հինհրեական ավանդույթը: Հին հրեաների համար շատ բնական է եղել, որ, օրինակ, փղշտացիներն իրենց աստվածն ունեն, որը պարզապես Եհովային հավասար զորավոր չի եղել, ուստի արժանի չի եղել երկրպագության: Դատավորների գրքում (գլուխ 5) պատմվում է այն մասին, թե փղշտացիները գերեվարում են Եհովայի տապանը և դնում են իրենց աստծո՝ Դագոնի տաճարում. առավոտյան նկատում են, որ Դագոնը գետնին է փռված: Դագոնի այս երկրպագությունը Եհովային կրկնվում է նաև հաջորդ օրը, և ի վերջո փղշտացիներն ստիպված են լինում տապանակը վերադարձնել հրեաներին: Այս նույն գրքում Հեփթայեն ամորհացիների թագավորին ասում է. «Չէ՞ որ քո աստծո՝ Քամովսի քեզ ժառանգություն տվածը կժառանգես. մենք էլ ժառանգում ենք մեր Եհովա աստծո մեր առաջից հալածածը» (Թագավորաց 11, 24):

Հիմնական աստվածներից՝ Հիսուսից և կույս Մարիամից, նվազ որոշակի, բայց նույնքան պատվարժան աստվածներից՝ Հայր Աստծուց և Սուրբ Հոգի աստծուց բացի, քրիստոնյաները պատվում են նաև ստորակարգ աստվածներին՝ նահատակներին ու սրբերին: Վերջին երկուսը, ճիշտ է, այն բազմակողմանի հզորությունը չունեն, որպիսին ունեն հիմնական աստվածները: Դրանց գործառույթների շրջանակը համեմատաբար նեղ է ու պաշտամունքի վայրերը՝ սահմանափակ, բայց նրանց լեգեոններն անհամար են: 17-րդ դարում աստվածաբան գիտնական Բոլանդը փորձել է կարգաբերել կաթոլիկ սրբերի վարքագրությունը: Նրա սկսած գործը համբերատարությամբ ու համառ հետևողականությամբ շարունակել են նրա աշակերտներն ու հետևորդները: Այժմ էլ այդ աշխատանքը շարունակվում է, և դրա վերջը նշմարելի չէ:

Միաստվածությունը առավել «վեհ» հավատ համարող աստվածաբանները ջանում են տարատեսակ խորամանկություններով, խճճումներով ու մշուշոտ բառահեղեղումներով քողարկել սրբերն երկրպագելը: «Քրիստոնյա ժողովուրդը, - ասում է Ավգուսինոս Երանելին, - նահատակների հիշատակը հավատի հաղթանակով է պանծացնում…, բայց այնպես, որ մենք նահատակներին զոհաբերություն չենք մատուցում, մենք զոհաբերություն մատուցում ենք նահատակների աստծուն, չնայած ի հիշատակ նահատակների զոհասեղաններ ենք շինում»:

«Դոգմատիկ աստվածաբանություն» գրքում Մակարիոսը գրում է. «Քրիստոսի եկեղեցին արդար սրբերին պատվում է ոչ թե որպես աստվածներ, այլ որպես Աստծո հավատարիմ ծառաներ ու բարեկամներ, փառաբանում է նրանց սխրանքներն ու վարքը, որոնք կատարվել են նրանք Աստծո օրհնությամբ ու հանուն Աստծո փառքի, այն Աստծո փառքի, որին նրանք գոհացրել են իրենց երկրային կյանքի ընթացքում: Քրիստոսի եկեղեցին սրբերին պատվում է նրանց մասին ամենամյա հիշատակությամբ, համաժողովրդական տոնակատարություններով, նրանց անունով տաճարներ կառուցելով և այլն»:

«Սրբերին մեծարելով որպես Աստծո հավատարիմ ծառաներ ու բարեկամներ, եկեղեցին դրա հետ մեկտեղ իր աղոթքներում նրանց է դիմում ո՛չ թե որպես սեփական զորությունն ունեցող աստվածների, այլ որպես Աստծո առջև մեր ներկայացուցիչների, որպես մեր այն ներկայացուցիչների ու միջնորդների, որոնք Քրիստոսից տրված միջնորդության զորությունն ունեն, այն Քրիստոսի, որն Աստծո և մարդու միջև միակ ինքնազոր միջնորդն է, որն իր կյանքը զոհեց, որպեսզի բոլորին փրկի»: «Եկեղեցու ներկայացուցիչների ու միջնորդների պարտականությունները կատարող նահատակներն ու սրբերը, չնայած մեզ նրանցից բաժանող տարածությանը, կարող են լսել մեր աղոթքները և իմանալ մեր կարիքները»:

Որպես միջնորդներ ներկայացվող սրբերին պատկերելը հավատացյալների աչքում ամենևին չի նսեմացնում այդ սրբերի աստվածային բնույթը, չէ՞ որ հռոմեական ու հունական ստորակագ աստվածները «intercessores» («միջնորդներ»), advocati («հավատարմատար»), tutelares («հովանավորներ») են անվանվել: Պարսկական Միհր աստվածը «mesites» («միջնորդ») է անվանվել: Միջնորդ է անվանվել նաև ինքը՝ Հիսուսը («Որովհետև մեկ Աստված կա, և մեկ միջնորդ Աստծո և մարդկանց միջև՝ Քրիստոս Հիսուս մարդը» - Առաջին նամակ Տիմոթեոսին 2, 5): Բայց վճռորոշը համարվում է ոչ թե աստվածության անվանումը, այլ նրա գործառույթը և նրան մատուցվող պաշտամունքը: Այս առումով սրբերը նույն աստվածներն են: Նրանք ևս անմարմին, գերբնական արարածներ են: Նրանք առանձնահատուկ զորություն ունեն և կարող են ներգործել մարդկանց ճակատագրերի վրա: Նրանց պատվին զոհասեղաններ են դրվում ու տաճարներ են կառուցվում, նրանց օգնությունն ստանալու համար մոմավառություն ու խնկարկում է տեղի ունենում, նրանց աղոթքներ են ուղղվում ու փառաբանական երգեր են երգվում, նրանց պատվին տոնակատարություններ ու ճաշկերույթներ են տեղի ունենում, նրանց հիշատակի օրերին եկեղեցիներում «անարյուն զոհաբերություն» է մատուցվում, նրանղ պատվին սրբազան ծեսեր են կատարվում:

Համենայն դեպս, հավատացյալների պատկերացմամբ պաշտոնական աստծու և սրբերի միջև տարբերությունը միայն քանակական է և ոչ թե սկզբունքային: Սիցիլիայի մի փոքրիկ քաղաքում՝ Մոդիկեում, բնակչության կեսը մեծարում է սուրբ Պետրոսին, մյուս կեսը՝ սուրբ Գևորգին: Նրանք իրենց տարբեր աստվածների նվիրյալներ են համարում, և «սանջորջերո» -ն (սուրբ Գևորգի երկրպագու) երբեք չի ամուսնանում «սանպետրանե» -ի (Պետրոսի երկրպագուհի) հետ:

(շարունակելի)

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
220 | 0
դեպի վեր