ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Սրբերի պաշտամունքի սաղմերը հնադարյան ժողովուրդների մոտ (նախորդի շարունակությունը)
20:31, 24.07.2018
6098 | 0

Սրբերի պաշտամունքը զուտ քրիստոնեական երևույթ չէ: Դրա արմատները դարերի խորքում է, այն ժամանակներում, երբ ծնունդ է առել նախնիների պաշտամունքը: Մահացածների պաշտամունքը հիմնված է այն պատկերացման վրա, որ մարդու հոգին կամ ոգին նրա մահից հետո էլ շարունակում է ապրել ու մարդկանց ճակատագրերի վրա բարենպաստ կամ չար ազդեցություն է ունենում: Այդ իսկ պատճառով պետք է մահացածների այդ ստվերներին հաճոյանալ, որպեսզի նրանք իրենց ոչ միայն չվնասեն, այլև օգնեն:

Քանի որ մահացածի հոգու անմահության մասին անհեթեթությունը տարածված է ամբողջ աշխարհում, ապա մահացածների պաշտամունքն ածխարհում ամենատարածվածն է:

Սակայն բոլոր մահացածները միատեսակ պատվի չեն արժանանում: Այն մարդկանց հոգիները, որոնց կենդանության շրջանում մարդիկ նրանցից վախեցել են (ցեղապետեր, թագավորներ, հզոր ռազմիկներ, ուժեղ ստրկատերեր), մահից հետո առանձնահատուկ պատիվների են արժանացել: Նախնադարյան մարդկանց հոտում կենսափորձ կուտակած ծերերի իշխանությունը նրանց ցեղակիցների գիտակցության մեջ արտահայտվել է նախնիների պաշտամունքի ձևով: Համարվել է, որ մահացած ծերունիներից ու դեռևս ողջ նրանց հասկակակիցներից օրհնության նման մի բան է բխել: Նոր Գվինեայի պապուասները համոզված են եղել, թե գերբնական հատկությունների տիրապետող իրենց նախնիները ապրողների հետ մշտական կապի մեջ են ու նրանց կյանքի վրա ազդեցություն ունեն. նրանք օգնում են ցեղամիջյան կռիվների ժամանակ, ձուկ որսալիս, պաշտպանում են վտանգներից և այլն: Երբ ծովում փոթորիկ է սկսվել, նրանք իրենց մահացած նախնիների օգնությունն են խնդրել:

Ավստրալիայի բնիկները ծեսեր են կատարել, որոնց ժամանակ նրանք ներկայացրել են իրենց նախնիների գործերը:

Մելանեզիական ցեղերից մեկը երկրպագել է ոչ հեռավոր նախնիների (մինչև պապը) ոգիներին: Նրանք նախնիների հոգիներին ընծաներ են մատուցել, ընդ որում, համոզմունք է եղել, թե անմարմին հոգիները կերել են միայն ընծաների ոգին, այդ իսկ պատճառով զոհ մատուցողներն իրենք են կերել զոհաբերված սնունդը: Զոհաբերությունը յուրօրինակ գործարք բնույթ է ունեցել: Զոհ մատուցողը մահացած նախնուն ասել է. «Ահա ես քեզ ծխախոտ եմ տալիս, ծխիր այն ու ինձ ձուկ ուղարկիր, կամ էլ. «Ուղեկցիր ինձ արշավի ժամանակ և հոգ տար, որ այն հաջողի»:

Երբ Նոր Կալեդոնիայի բնիկը հիվանդացել է, նրա ընտանիքի անդամներից մեկը ստանձնել է նրա բուժման գործը: Բայց դրա համար նա սկզբում նա փորձել է ստանալ մահացած նախնիների օրհնությունը: Նա մտել է այն խրճիթը, որտեղ ննջում են իր հանգուցյալների գանգերը և այնտեղ դրել է շաքարեղեգնի մի քանի տերև` ասելով. «Ես ձեր վրա տերևներ եմ դնում, որպեսզի կարողանամ փչել մեր ազգականի վրա ու պահպանել նրա կյանքը»: Այնուհետև նա տերևները դրել է ընտանեկան ծառի բնի տակ ու ասել. «Ես տերևները դնում եմ իմ հոր ու պապի ծառի տակ, որպեսզի իմ շունչը բուժիչ զորություն ստանա»: Դրանից հետո նա ծամել է մի քանի տերև ու փչել է հիվանդի վրա, որի ընթացքում նրա բերանից թափված լորձն ու տերևների մանրատված կտորները պետք է բուժեին հիվանդին նախնու գանգից ու նրա ծառից առնված օրհնությամբ:

Նորկալեդոնիացիների մահացած նախնիների միջև աշխատանքի յուրօրինակ բաժանում է եղել. նախնիներից մեկին ուղղված աղոթքն ի զորու է եղել անձրև պարգևել, մեկ ուրիշ նախնին, ընդհակառակը, պայծառ եղանակ է ապահովել, երրորդը հոգ է տարել, որ բրնձի լավ բերք լինի, չորրորդին աղաչել են, որ հաղթանակ պարգևի թշնամու նկատմամբ և այլն:

Այս օրինակները ցույց են տալիս, որ նախնիների ներկա պաշտամունքի շատ տարրեր առկա են եղել նախնադարյան հասարակություններում: Այս տարրերն ամբողջովին պահպանվել են մշակութային ժողովուրդների կրոնական կենցաղում` անդրշիրիմյան կայանքի մասին միամիտ հավատի տեսքով:

Հասարակական հարաբերությունների փոփոխման ու բարդացման հետ մեկտեղ նախնիների պաշտամունքը ձևափոխվել է, բարդացել ու բարդ էվոլյուցիայի է ենթարկվել` աստվածացված տոտեմից վերածվելով ցեղային աստծու, հերոս կիսաստվածի և աստվածության: Բայց իր զարգացման բոլոր փուլերում նախնիների պաշտամունքը նոր տարրեր է ձեռք բերել: Կրոնական երանգները շերտ առ շերտ իրար ենձուլվել, և եթե մի կողմ ես տանում վերին շերտը, հայտնաբերում ես նախկին երանգի հետքերը, իսկ որոշ դեպքերում էլ դրանք այնպես են աչքի զարնում, որ ոչնչով հնարավոր չէ քողարկել:

(շարունակելի)

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
179 | 0
դեպի վեր