ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Հերոս սրբերը հելլենական պաշտամունքներում
11:44, 26.07.2018
5876 | 0

Հունահռոմեական աշխարհում, որի հենքի վրա աճեց քրիստոնեությունը, նախնիների պաշտամունքը պատմական դարաշրջանում հերոսի պաշտամունքի բնույթ ընդունեց: Ի սկզբանե դրանում արտացոլվեց ու արդարացվեց արիստոկրատների ու նվաճողների իշխանությունը: Հետագայում այն կերպափոխվեց հասարակական հարաբերություններում տեղի ունեցած փոփոխություններին համապատասխան:

Հունական պաշտամունքում հերոսի մասին հասկացությունը խիստ սահմանափակ չի եղել: Հոմերոսի պոեմներում «հերոս» բառով նշվել են ցեղի առաջնորդը, ցեղի երևելին կամ ընդհանրապես ազատ մարդը: Ավելի ուշ այս եզրը, որ գործածվել է մահվանից հետո աստվածացված մարդուն նշելու համար, հելլենական աստվածաբանությունում ճշգրիտ նշանակություն չի ստանում: Ըստ էության, հերոսները զբաղեցնում են աստվածների տեղը: Հելլենները, իսկ ավելի ուշ նաև հռոմեացիները երդվում են աստվածների անուններով, բայց ավելի հաճախ` հերոսների` Հերակլեսի կամ աստվածացված կայսրի անուններով: Որպես պայմանագրերի վկաներ «կանչվում են» աստվածներ և տեղական հերոսներ: Մ.թ.ա. 5-րդ դարում ապրած Հորոդոտոսը թշնամիների նկատմամբ հաղթանակները բացատրում է ասվածների ու հերոսների հովանավորությամբ:

Հերոսները նույն աստվածներն են, բայց` կարգով ցածր: Նրանց գործառույթների ոլորտն ավելի սահմանափակ է, նրանց հովանավորությունը տարածվում է երկրպագողների սահմանափակ շրջանակի վրա: Բայց հերոսների պաշտամունքը նշանակալիորեն տարբերվում է բարձրագույն աստվածների պաշտամունքից: Հերոսին նույնպես զոհեր են մատուցում, բայց զոհաբերվող կենդանիների հատուկ ընտրություն է կատարվում: Զոհաբերությունը ոչ թե ցերեկային ժամերին է լինում, այլ մայրամուտին, ոչ թե բարձր զոհասեղանին, այլ գետնի վրա, որպեսզի արյունը ներծծվի հողի մեջ: Կենդանուն մորթելիս դրա գլուխը գետնին են հակում և ոչ թե պարզում են դեպի երկինք: Անասունի միսն այրում են, այն ուտելն արգելվում է:

Հերոսների պաշտամունքի հետ են կապվել նաև համահունական խաղերը: «Հերոս» բառը ցույց է տալիս, որ խոսքը վերաբերում է այն նախնուն, որը, բնականաբար, իր կենդանության տարիներին կարևոր դեր է խաղացել, և բնական է, որ տվյալ հերոսի պաշտամունքը պետք է առնչվեր նրա գերեզմանի հետ: Եթե հերոսի պաշտամունքը յուրացվում էր մի ինչ-որ նոր քաղաքի կողմից, ապա պարտադիր այդ քաղաք էին տարվում հերոսի մասունքները: Հերոսների մասունքների բազմաթիվ տեղափոխությունների մասին վկայություններից առավել հետաքրքրական է պատմագիր Հերոդոտոսի ներկայացրածը.

«Տեգեացիների դեմ նախորդ պատերազմներում լակեդեմոնացիները մշտապես անհաջողություն են կրել. Իսկ Կրեսոսի ժամանակ, երբ Լակեդեմոնիայում բասիլևսներ էին Անաքսանդրիդեսը և Արիստոնը, սպարտացիներն արդեն պատերազմում գերակշռեցին, ահա թե ինչպես: Քանի որ տեգեացիների դեմ պատերազմում միշտ պարտվում էին, նրանք դեսպաններ ուղարկեցին Դելփի և հարցրին, թե աստվածներից ո՞ւմ խնդրեն, որ կարողանան պատերազմում հաղթել տեգեացիներին: Պյութիան նրանց պատգամեց, թե իրենք պետք է Ագամեմնոնի որդի Օրեստեսի ոսկորները ետ բերեն Սպարտա: Բայց քանի որ նրանք չկարողացան գտնել Օրեստեսի գերեզմանը, ապա դարձյալ դեսպան ուղարկելով, հարցրին աստծուն, թե որտե՞ղ է թաղված Օրեստեսը: Դեսպանների հարցին Պյութիան այսպես պատասխանեց.

«Արկադիայում, դաշտերի մեջ կա մի քաղաք` Տեգեա.

Այնտեղ երկու հողմեր են փչում` ուժեղ տարերքով բորբոքված.

Հարված է և հակահարված, աղետ է աղետի վրա:

Ատրիդեսի որդուն այնտեղ հողն է ծածկում կենարար,

Եթե նրան բերես, այնժամ կնվաճես Տեգեան»:

Այս լսելուց հետո ևս լակեդեմոնացիները չէին կարողանում գտնել գերեզմանը, թեև ամենուր փնտրում էին, մինչև որ Լիքեսը, Սպարտայում բարեգործներ անվանվածներից մեկը, գտավ այն` մասամբ պատահաբար, մասամբ էլ խելքով: Այդ ժամանակ հաղորդակցվում էին տեգեացիների հետ, և Լիքեսը, մտնելով մի դարբնոց, դիտում է երկաթի դարբնումը և հիանում է իր տեսածով: Նկատելով նրա հիացմունքը` դարբինը դադարեցնում է աշխատանքը և ասում է. «Ով լակոնիացի բարեկամ, եթե դու այդպես հիանում ես երկաթի կոփման աշխատանքով, ապա ինչքան առավել կհիանայիր, եթե տեսներիր այն, ինչը տեսել եմ ես: Ես ուզեցի այս բակում ինձ համար ջրհոր բացել, երբ փորելիս պատահեցի յոթ կանգուն երկարությամբ գերեզմանի: Չհավատալով, որ մարդիկ երբևիցե ավելի բարձրահասակ են եղել, քան այժմ, ես բացեցի գերեզմանը ու տեսա, որ դիակի երկարությունը հավասար էր գերեզմանի երկարությանը. չափելուց հետո այն նորից հողով ծածկեցի»: Լիքեսը խորհրդածում է նրա ասածների մասին: Նա ենթադրում է, որ դա Օրեստեսի աճյունը կլինի, որի մասին հայտնել էր գուշակը: Նա այսպես էր դատում. դարբնի երկու փուքսերը գուշակի ասած երկու հողմերն են, կռանը և մուրճը` հարվածը և հակահարվածը, իսկ դարբնվող երկաթը` աղետն աղետի վրա` կարծելով, թե երկաթը մարդկանց աղետի համար է հայտնաբերվել: Այդ ենթադրությունն անելով` նա վերադառնում է Սպարտա և այս ամենը պատմում է լակեդեմոնացիներին: Սրանք կեղծ մեղադրանքով նրան արտաքսում են: Սա նորից գալիս է Տեգեա և, պատմելով դարբնին իր դժբախտությունը, խնդրում է նրան վարձով իրեն տալ այդ բակը, բայց դարբինը սկզբում չի համաձայնվում: Ի վերջո Լիքեսը համոզում է դարբնին ու բնակվում է այնտեղ: Հետո փորում է գերեզմանը և, հավաքելով ոսկորները, դրանք բերում է Սպարտա: Այդ ժամանակից հետո լակեդեմոնացիները պատերազմում ամեն անգամ հաղթում են տեգեացիներին, այսպիսով նվաճում են Պելոպոնեսոսի մեծագույն մասը»:

Հերոսի ուժը, ահա այս կերպ դրսևորվում է այնտեղ, որտեղ գտնվում է նրա գերեզմանը, որտեղ գտնվում են նրա ոսկորները: Ծայրահեղ դեպքում կարելի է գոհանալ նաև դատարկ գերեզմանով. հերոսի ուժը մոգական եղանակով ձգվում է դեպի իր անունով օծված գերեզմանը: Հերոսի ոսկորների գտնվելը տվյալ բնակավայրում ապահովել է նրա հետ ամուր և մշտական կապ:

(շարունակելի)

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
368 | 0
09:44, 13.04.2024
443 | 0
11:39, 08.04.2024
423 | 0
09:16, 06.04.2024
373 | 0
դեպի վեր