ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Նահատակությունն ու քրիստոնյաների հալածանքները աստվածաբանական շահարկումներ են
17:16, 30.07.2018
6240 | 0

Արդեն երրորդ դարում եկեղեցական գործիչները ջանացել են սկզբունքային տարբերություն սահմանել նահատակների ու հեթանոսական աստվածների պաշտամունքների միջև: Ըստ նրանց` նահատակներին կամ մարտիրոսներին իբր երկրպագում են քրիստոնեական հավատին նախանձախնդրորեն հավատարիմ լինելու, հերոսաբար զոհվելու համար: Նախորդ հոդվածներում բազմիցս արձանագրվեց, որ բարձրագույն աստվածությունների առջև մարդկանց պաշտպանությամբ հանդես գալը եղել է հունական առասպելական հերոսների կարևորագույն գործառույթներից մեկը: Դեռևս մ.թ.ա. 4-րդ դարում փիլիսոփա Պլատոնը գրել է, թե ցանկացած դիվային արարած աստծո և մահկանացուի միջակայքում է, թե նա մարդկանց աղոթքները աստծուն հասցնող և աստծո կամքը մարդկանց փոխանցող միջնորդ է: Բանաստեղծ Կատուլիոսը գրում է բարեբեր քամու մասին` որպես հերոսներ Կաստորի ու Պոլուքսեսի միջնորդական խնդրանքի արգասիք: Այս հերոսների պատվին ոմն Արտեմիդորես զոհասեղան է կանգնեցրել` այն ընծայելով «աստվածներից օգնություն խնդրող մարդկանց աստվածային փրկիչներին»:

Բայց մարտիրոսների ու սրբերի գլխավոր ու միակ գործառույթը հասարակ մարդկանց պաշտպանությունը չի եղել, ու նրանց երկրպագությունը ոչնչով չի տարբերվել ոչքրիստոնեական աստվածների ու հերոսների երկրպագությունից: Քրիստոնեական սրբերին ու մարտիրոսներին նույնպես տաճարներ են ընծայվել, նրանց էլ են աղոթքներ հասցեագրվել, նրանց էլ են զոհեր մատուցվել, նրանց հիշատակին էլ են խնկարկել ու մոմավառություն կատարել, նրանց արձանների ու նկարների առաջ էլ են խոնարհվել:

Նույնքան անլուրջ է եկեղեցականների այն պնդումը, թե իբր նահատակներին պատվում են այն բանի համար, որ նրանք բարձրագույն մկրտությունն ստացել են իրենց արյամբ և արժանացել են բարձրագույն օրհնության ու դարձել են աստտծու մերձավորներ: Բայնն այն է, որ քրիստոնյաների հալածանք կոչեցյալ, որն իբր եղել է հին Հռոմում, և որի արդյունքում նահատակների լեգեոններ են գոյացել, անասելի չափազանցություն է ու լուրջ սրբագրման կարիք ունի: Քրիստոնյաների հալածանքների մեծ մասը հորինված է, իսկ իսկապես տեղի ունեցած հալածանքների բնույթը եկեղեցականների կողմից էականորեն այլափոխված է:

Եկեղեցական ավանդույթը քրիստոնյաների հալածանքը սկսում է Ներոն կայսեր կառավարման ժամանակներից` հենվելով 2-րդ դարի հռոմեացի պատմիչ Տակիտոսի այն հաղորդման վրա, թե կայսրը Հռոմի հրկիզման մեղավոր է հայտարարել քրիստոնյաներին ու հրամայել է նրանց նետել գազաների առաջ` հոշոտման, կրկեսի հանդիսականների աչքի առաջ այրել և այլն: Սակայն, ինչպես ցույց է ցույց է տալիս Տակիտոսի տեքստի անկողմնակալ վերլուծությունը, այդ «վկայությունը» հետագայում է ներմուծվել պատմագրի աշխատության մեջ: Եկեղեցական դոգմաներն ու եկեղեցական ավանդությունն այս կամ այն կերպ արատավորող ամբողջ գրականությունը «պատվախնդիր» վանականներն ամենևին անհարմար չեն զգացել, հին հեղինակների ձեռագրերն արտագրելիս, ամբողջական պարբերություններ ու նույնիսկ գլուխներ վերաշարադրել այնպես, որպեսզի հաստատվի ավերտարանական ստերի արժանահավատությունը: Ի օգուտ եկեղեցու և նրա հայրերի կատարված կեղծիքները համակարգային բնույթ են ունեցել: Բազում դարերի ընթացքում Հռոմի պապերն իրենց աշխարհիկ իշխանության իրավունքը «հիմնավորել են» Կոնստանդին կայսեր` բացահայտորեն կեղծված որոշումներով, իսկ այս կամ այն տեքստի «ուղղումները» արտագրողների աշխատանքի բաղկացուցիչն են եղել: Հին հեղինակների տեքստերում փոփոխություններ կատարելը պայմանավորված է եղել նույնիսկ արտագրողների ճաշակով: Այն, որ Տակիտոսի հաղորդումը Ներոնի ժամանակներում քրիստոնյաների հալածանքների մասին կեղծիք է, ապացուցվում է նաև նրանով, որ եկեղեցու հայրերի բազում ստեղծագործություններից ոչ մեկում խոսք չկա այդ հալածանքների մասին ու նրանցից ոչ մեկը հղում չի կատարում Տակիտոսին: Մինչդեռ նրանք դա անպայման պիտի անեին, որովհետև այն հրաշալի նյութ կարող էր ծառայել քրիստոնեական քարոզչության համար: Երկրորդ դարի առաջին կեսին գրված ավետարաններից ոչ մեկում անգամ հպանցիկ հիշատակում չկա այն մասին, որ կայսրության իշխանությունները հալածել են քրիստոնյաներին: «Գործք առաքելոց» -ում պատմվում է առաջին նահատակ Ստեփանոսի քարկոծման մասին, բայց «Գործք» -ը նույնիսկ այդ սպանության որոշումը վերագրում է ոչ թե հռոմեական դատարանին, այլ հրեական սինեդրիոնին:

Կրոնի տեսանկյունից հռոմեացիների աչքում քրիստոնյաները հրեաներից ոչնչով չեն տարբերվել: Բայց պատմությանը հայտնի չէ գոնե մեկ փաստ հավատի համար հրեաների հալածանքների մասին: Հրեաների հալածանքներ, նույնիսկ դաժան հալածանքներ, եղել են, բայց այդ հալածանքները նրանց հավատքի համար չեն եղել: Մինչև 2-րդ դարի կեսերը հրեաները շարունակ ապստամբել են կայսրության դեմ: Այդ ապստամբությունները դաժանորեն ճնշվել են, ու իշխանությունները հաշվեհարդար են տեսել ապստամբությունների մասնակիցների հետ, բայց հուդայական հավատքին պատկանելիությունը չի պատժվել: Այդ ժամանակներում կրոնական համոզմունքների կամ տեղային պաշտամունքային արարողություն կատարելու համար պատժելն անիմաստ է համարվել: Հռոմեական ընդարձակ կայսրությունը հեղեղված է եղել արևելյան բազմաթիվ պաշտամունքներով, որոնց հետևորդները ոչ միայն ազատորեն դավանել են իրենց «բարբարոսական» հավատքը, այլև դրանք ամենուր քարոզել են: Օտարերկրյա նոր աստվածներն ազատ ներթափանցել են հռոմեական պաշտոնական աստվածների աշխարհ ու զգալիորեն փոխել են դրանց բնույթը: Այնպես որ քրիստոնեությանը պատկանելիությունն ինքնին չի նշանակաել պատժելի արարք: Պետության ու քրիստոնյաների միջև կոնֆլիկտը, հնարավոր է, եղել է միայն կայսրի պաշտամունքի հողի վրա: Կայսրի ոգուն զոհեր մատուցելը համարվել է քաղաքական բարեհուսության ձևական արտահայտություն, դրսևորում, բայց քրիստոնյաները հաճախ չեն ցանկացել ենթարկվել այդ պահանջին: Իսկ կայսրին զոհաբերություն մատուցելու պահանջը ներկայացվել է միայն այն դեպքում, երբ քրիստոնյայի բարեհուսությունը կասկածելի է համարվել: Բայց այս դեպքում էլ կայսրության պաշտոնյաները բավարարվել են ծեսի ձևական կատարմամբ ու քրիստոնյային համապատասխան վկայական են տվել: Բազմաթիվ քրիստոնյաներ կաշառքով այդպիսի վկայականներ են ստացել ու ծեսը չեն կատարել: Նրանց «libellatci» («տոմսակայիններ») են անվանել: Վաղքրիստոնեական նշանավոր աստվածաբան Տերտուղիանոսի վկայությամբ` քրիստոնեական համայնքները համապատասխան մուծման դիմաց ազատվել են իրենց համար անընդունելի պահանջից` կայսրին երկրպագելուց: Պաշտոնատարներն իրենք են օգնել քրիստոնյաներին, որպեսզի նրանք դուրս գան անհարմար վիճակից: Պրոկոնսուլ Ցինցիոս Սևերոսը, ըստ Տերտուղիանոսի վկայության, քրիստոնյաներին անձամբ է հուշել, թե քրիստոնյաներն ինչ պետք է պատասխանեն, որպեսզի պատժից ազատվեն:

(շարունակելի)

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
299 | 0
09:44, 13.04.2024
406 | 0
11:39, 08.04.2024
404 | 0
09:16, 06.04.2024
353 | 0
08:44, 03.04.2024
290 | 0
դեպի վեր