ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Պատմականորեն իրական նահատակություններն ընդամենը առասպելներ հորինելու ազդակ են ծառայել (նախորդի շարունակությունը)
20:18, 04.08.2018
6125 | 0

Նախորդ հոդվածում ներկայացված վարքագրությունն ամբողջությամբ կրկնել է Ֆելիցատիի ու նրա յոթ որդիների` Յանուարիի, Ֆելիքսի, Փիլիպոսի, Սիլբանիոսի, Ալեքսանդրի, Վիտիլիոսի ու Մարցիլիոսի վարքագրությունը, որոնք իբր դարձել են Տրայանոս կայսեր դաժան հալածանքների զոհը: Ինչպես Մաքեականների մայրը, այնպես էլ այս քրիստոնյա մայրը խրախուսում է իր որդիներին, որ սխրանք գործեն հանուն աստծո փառքի: Պրեֆեկտ Պուբլիոսն այս կնոջը կոչ է անում` անսալ իր զավակների տառապանքներին, բայց նա պատասխանում է ստոյիկ փիլիսոփայի ոգով. «Քո սպառնալիքներն ինձ չեն վախեցնում, որովհետև աստծո հոգին իմ մեջ է, ու այն ինձ վստահություն է ներշնչում, որ ես քո նկատմամբ հաղթանակ կտանեմ ոչ միայն հիմա, այլև մահվանիցս հետո»: Նրա բոլոր որդիներին տանջալի մահապատժի են ենթարկում մոր աչքերի առաջ, հետո սպանում են նաև նրան:

Ֆելիցատին թաղվել է Մաքսիմուսի գերեզմանում: Հռոմեական «Depositio Martyrum» -ը նրա ու իր եղբայրների մահվան հիշատակի օրը սահմանել է հուլիսի 10-ը` 162 թվականի այն օրը, երբ նրանք նահատակվել են: Նրանք բոլորը թաղվել են Հռոմի չորս տարբեր կատակոմբաներում: Ֆելիցատիին թաղել են Սիլվանոսի կողքին, որից էլ ծնունդ է առել այն առասպելը, թե նա այդ յոթ եղբայրների մայրն է եղել ու նրանց հետ միասին մարտիրոսական մահ է ընդունել (տեսնում եք, թե որքան նման է Մաքեյան յոթ եղբայրների նահատակության պատմությանը):

Հանուն հավատի նահատակվածների պակաս չունի նաև հայ եկեղեցին: Ահա՛ դրանցից մեկի՝ Նիկողայոսի վարքագությունը: Այն կազմել է պատմագիր Առաքել Դավրիժեցին՝ սուտն ու կասկածելի ճշմարիտը բավականին հմտորեն իրար բաղդատելով:

«Այս երանելի նահատակ Նիկողայոսը Տիգրանակերտ քաղաքից էր, որ այժմ կոչվում է Ամիդ, ծնվել ու սնվել էր նույն քաղաքում, հասակով պատանի էր դեռ՝ մոտ տասնհինգ տարեկան, տեսքով գեղեցիկ էր, հասակով վայելուչ, ազգությամբ քրիստոնյա հայի զավակ։

Մի օր, երբ Նիկողայոսը շրջում էր շուկայում իր մշտական սովորությամբ, մի մահմեդական մարդ, որի անունը Մահմեդ էր, մոտեցավ Նիկողայոսին, ձեռքը քսեց երեսին և վերաբերվում էր տռփական ցանկությամբ, որպես միշտ երևում է մահմեդականների մեջ ունակություն դարձած (արուի նկատմամբ) ։ Իսկ Նիկողայոսը նեղվելով ղրանից, սաստիկ բարկությամբ իրենից հեռացնում է։ Այդտեղ էր մի այլ մարդ, հավատով մահմեդական, որի անունը նույնպես Մահմեդ էր։ Նիկողայոսի հետ այժմ խաղացող այս Մահմեդը Նիկողայոսին ասաց. «Ինչպե՞ս է, որ մյուս Մահմեդի հետ սեր ես անում և մերձավորվում, իսկ ինձ հետ չես անում» ։ Նիկողայոսը ասաց. «Քո մերն էլ, նրա մերն էլ էսպես անեմ» ։

Նույն ժամին այս Մահմեդը ասաց մոտիկ կանգնած մարդկանց ու խանութպաններին, թե` «Վկա եղեք, որ սա հայհոյեց մեր օրենսդիր ու մարգարե Մահմեդին» ։

Բազմաթիվ մահմեդականներ այնտեղ նրանց վրա հավաքվեցին իբրև կատաղի շներ և Նիկողայոսին հափշտակեցին տարան դատարան դատավորի մոտ։ Նրանցից ոմանք դատախազ դարձան, ոմանք վկաներ, ոմանք վրեժխնդիրներ և մահվան էին դատապարտում Նիկողայոսին:

Դատավորը Նիկողայոսին հարցրեց, թե իրո՞ք հայհոյել է պատգամաբեր Մահմեդին, Նիկողայոսը պատասխանեց. «Ես չհայհոյեցի և ոչ էլ որևէ խոսք ասացի պատգամաբեր Մահմեդին, այլ այս մարդը մարդկանց մեջ տռփանքով էր վերաբերվում ինձ հետ և խայտառակում ինձ, ուստի ես սրան մայր հայհոյեցի» ։ Իսկ Նիկողայոսի հետ խաղացող այս Մահմեդը դատախազ եղավ և ասաց, թե պատգամաբեր Մահմեդին հայհոյեց։ Նաև ասաց. «Ահավասիկ երկու մարդ էլ վկա ունեմ»: Սրանք եկան դատավորի առջև վկայեցին, թե մենք դրանից լսեցինք, որ հայհոյեց Մահմեդին։

Դատավորը Նիկողայոսին ասաց. «Որովհետև այդքան մահմեդականներ են հավաքվել քո գլխին, գիտեմ, քեզ կենդանի չեն թողնի, այլ կսպանեն, ուստի լսիր իմ խոսքին և եղիր մահմեդական, որ ազատվես մահվանից»: Իսկ Նիկողայոսը հանձն չառավ լինել մահմեդական: Շատ անգամ ասաց դատավորը. «Քեզ շատ փող և թանկագին ունեցվածք, գեղեցիկ կին կտամ, եթե ընդունես Մահմեդի հավատը» ։ Իսկ Նիկողայոսը ասաց. «Ես իմ լույս հավատը չեմ թողնի և իմ Քրիստոս աստծու ուղիղ կրոնը չեմ փոխանակի ձեր կրոնով, իսկ եթե անմեղ ինձ սպանում եք, այդ դուք գիտեք» ։

Իսկ մահմեդականները, որոնք չար գազանի նման ծարավի են քրիստոնյաների արյան, Նիկողայոսին տարան փաշայի մոտ։ Փաշան ասաց Նիկողայոսին. «Լսիր իմ խոսքերին և դարձիր Մահմեդի պայծառ հավատին, իսկ ես քեզ կնշանակեմ մշտապես ինձ համար իմ առջև սպասավոր և իբրև որդու կընդունեմ քեզ, կտամ քեզ շատ դրամ և թանկագին ունեցվածք, իշխանների աղջիկ կին, ումը որ կամենաս, պետական պաշտոն և ուրիշ շատ բարիքներ» ։ Նիկողայոսը պատասխանեց, «Այդ բարիքներից ոչինչ ինձ պետք չէ ամենևին, իսկ եթե ինձ բարություն ես անում, թող ինձ ապրեմ իմ հավատով, իսկ եթե ինձ իզուր դատապարտում և սպանում եք, դուք գիտեք» ։

Բազմաթիվ անգամ փաշան ասաց. «Կտամ քեզ մեծություն, փառք, եթե քո հավատից հրաժարվես և ընդունես Մահմեդի հավատքը» ։ Բայց Նիկողայոսը չդարձավ մահմեդական։ Երբ փաշան իմացավ, որ Նիկողայոսը չի դառնա, ապա նրան սպանելու վճիռ ու հրաման տվեց։

Այդ ժամանակ դահիճների խումբը հավաքվեց նրա գլխին և մերկացրին նրան, գլուխը բաց ու բոկոտն, ձեռքերը ետևը կապված առան նրան, տարան, պտույտ տալու քաղաքի բոլոր տեղերում։ Իսկ մունետիկը նրա առջևից հայտարարելով գնում էր։ Նրան տարան մեծ հրապարակի մեջ, այնտեղ, որտեղ մահապարտների ձեռքերն ու ոտքերը քարի վրա կոտրատում են: Այդ պահին քաղաքի քահանաներից Մարտիրոս անունով մի քահանա հաղորդը դրած արմավի մեջ բերեց, տվեց Նիկողայոսին, որը այն առնելով ճաշակեց։ Երբ դահիճները այդ տեսան, աղմկեցին և սկսեցին հարցուփորձ անել, թե այն ինչ էր, որ քահանան տվեց Նիկողայոսին. իսկ քահանան հապճեպով խույս տվեց, փախավ տեղից ու փրկվեց։ Ապա դահիճները ասացին Նիկողայոսին. «Որովհետև չես համաձայնվում ընդունել Մահմեդի կրոնը, այժմ տարածիր քո ձեռքերը այդ քարի վրա, որպեսզի կոտրատենք» ։

Եվ երանելի Նիկողայոսն ինքը քարի վրա տարածեց երկու ձեռքերը, իսկ դահիճները խփեցին կացնով և ջարդեցին երկու ձեռքերի բազուկները, ապա պահանջեցին ոտքերը, և նա տարածեց, իսկ դահիճները փշրեցին երկու ոտքերի ոլոքները։

Նիկողայոսը այդպես ջարդոտված անդամներով այդ օրը մնաց այնտեղ հանդիսարանում ընկած, իսկ երկրորդ օրը քրիստոնյաները մոտեցան փաշային ու դատավորին և խնդրեցին թույլատրել նրան այնտեղից վերցնել և տանել իրենց տուն։ Նրանք թույլատրեցին, իսկ քրիստոնյաները նրան վերցրին տարան իրենց տուն։ Նիկողայոսը կենդանի մնաց երեք օր, ապա իր սուրբ հոգին ավանդեց իբրև անուշ խունկ աստծու ձեռքը։

Այն գիշեր տեր Քրիստոսը փառավորեց նրան երկնային լույսով, որ իջավ նրա վրա։ Քրիստոնյաները բոլորը, որոնք այնտեղ էին, ականատես տեսան այն և ուրախացան. մեծ խնդությամբ ու ցնծությամբ փառավորում էին աստծուն։ Նաև ինքը սուրբ Նիկողայոսը քանի դեռ կենդանի էր, պատմեց, թե այն ժամին, երբ փշրվեցին իր ձեռքերն ու ոտքերը, տեսավ, որ պայծառ լույսը շողալով երկնքից իջավ, մտավ իր բերանը։

Սրբի մահից հետո, մյուս օրը քրիստոնյաների բազմությունը հավաքվեց, վերցրեց Քրիստոսի նահատակին սաղմոսներով, օրհնություններով տարավ հայոց գերեզմանատուն սրբերի գերեզմանոցը և դրեցին հանգիստ սուրբ նահատակների շարքում։

Այժմ ցավագարներն ու հիվանդները գնում են նրա սուրբ գերեզմանը և ամեն ցավի համար առողջություն են գտնում սուրբ նահատակ Նիկողայոսի աղոթքներով և մեր Քրիստոս աստծու շնորհներով։

Սուրբ Նիկողայոսի նահատակության գործողությունը կատարվեց հայոց 1091 [1642] թվականի ապրիլ ամսի տասնհինգին։

Մինչդեռ սուրբ Նիկողայոսը կենդանի էր, այնտեղ Ամիդ քաղաքում պատահեց մի վարդապետ, որի անունը չգտանք։ Սա եկել էր սուրբ Նիկողայոսի մոտ, բռնել էր նրա ջախջախված աջը, համբուրել և խնդրել էր նրանից, թե` «Այս քո սուրբ աջը շնորհիր ինձ, քանզի ես պատրաստվում եմ եկեղեցի շինել, այս սուրբ աջը կդնեմ այն եկեղեցու հիմքում»: Սուրբ Նիկողայոսը սիրով տվեց, որովհետև ասաց. «Արդեն իսկ կտրիր և առ քեզ մոտ» ։ Բայց քանի կենդանի էր, չկտրեցին, այլ մահից հետո կտրեցին, և վարդապետը ինքը առավ Նիկողայոսի սուրբ աջը և մեծ փափագով տարավ դրեց եկեղեցու հիմքում, որ շինեց։ Նաև այն քարը, որի վրա ջախջախեցին սուրբ Նիկողայոսի ձեռքերն ու ոտքերը, վարդապետը գողացավ, տարավ, դրեց եկեղեցու հիմքը, որ շինեց, որով փառավորվում էր մեր տեր Հիսուս Քրիստոսի անունը հավիտյանս հավիտենից. Ամեն» ։

Ի վերջո, այն «հրաշքներ» -ը, որոնք ուղեկցել են նահատակների մահապատիժներին, քրիստոնեական վարքագրություններում ամենևին ինչ-որ նոր, յուրահատուկ բան իրենցից չեն ներկայացնում, դրանք առկա են և և' հինհունական, և' հրեական գրականությունում:

Այսպիսով, ինչպես պատմական փաստերը հալածանքների մասին, այնպես էլ վարքագրությունների բնույթը ցույց են տալիս, որ նահատակների պաշտամունքը, հակառակ աստվածաբանների պնդումներին, սիրո, նվիրվածության, բարեսրտության դրսևորում չեն եղել: Մենք այստեղ գործ ունենք հիմնականում աստվածաբանական շահարկման հետ, որը գրական հորինվածքի շնորհիվ, առանձին խռովարարների ու մոլեռանդների եզակի մահապատիժների դեպքերը փորձել է ծառայեցնել եկեղեցու ազդեցության ամրապնդմանը: Ընդ որում փորձ է արվել այդ նպատակին ծառայեցնել անդրշիրիմյան կյանքի մասին պարզունակ պատկերացումները, որն առկա է նաև այսօր: Քաղաքային համայնքների հովանավոր հերոսները փոխարինվել են քրիստոնեական համայնքների համար զոհված նահատակներով: Առաջներում մահացած հայրերի հոգիներին մատուցվող պաշտամունքը, փոխարինվել է եկեղեցու հայրերի պաշտամունքով: Դա հաստատվում է նաև նրանով, որ նահատակների պաշտամունքն ամրապնդվում է եկեղեցու աճի ու ամրապնդման հետ մեկտեղ և որ հալածանքների դադարեցմամբ, որ տեղի ունեցավ 311 թվականի Միլանի հրովարտակից հետո, նոր նահատակների մասին առասպելաբանությունը ոչ միայն չդադարեց, այլև ուժեղացավ և բացահայտվեցին քրիստոնեական աստված-սրբերի նոր աղբյուրներ` ի դեմս վանականների, «լուսավորիչներ» -ի ու եպիսկոպոսների:

Նահատակների պաշտամունքը եպիսկոպոսների վերահսկողության ներքո է գտնվել: Նրանք են որոշել, թե ովքեր են արժանի սրբադասվելու: Երբեմն նրանք նույնիսկ դրանով անձնական հաշիվներ են մաքրել: Այսպես, Հիպոլիտոսը փորձել է նահատակի կոչումից զրկել իր հակառակորդին` Հռոմի եպիսկոպոս Կալիստոսին: Եպիսկոպոսից է կախված եղել նահատակի ընտրությունը, նրա գործունեության մասին արձանագրության կազմումը ու այն օրացույցում ներառելը: Ընդ որում եպիսկոպոսներն առաջնորդվել են եկեղեցական իշխանությունների, կղերականության ու սեփական շահերով: Այդ իսկ պատճառով մարտիրոսների հռոմեական ցուցակում չեն եղել կարթագենական եկեղեցու կողմից սրբադասվածները և հակառակը: Մասնավորապես, խուսափել են զինվորականներին սրբադասելուց, որպեսզի այդ հողի վրա կոնֆլիկտ չունենան իշխանությունների հետ: Ինքնին հասկանալի է, որ խմբավորմանը թշնամի կղերականությանը պատկանելը բացառել է այս կամ այն նահատակի ընդգրկվելը սրբերի շարքում:

Նահատակների վարքաբանությունը երբեմն ծառայել է այս կամ այն կրոնական դոգմայի հաստատմանը: Այսպես, օրինակ, Պերպետուայի վարքագրությունում պատմվում է այս նահատակված կնոջ տեսիլքների մասին. նա տեսել է Հիսուսին հովվի հագուստով` ոչխարներով շրջապատված: Հիսուսը նրան մի կտոր պանիր է տվել` պատրաստված այն կաթից, որն ինքն անձամբ էր կթել: Դա երկնային արքայությունն է եղել: Այս դրվագը հորինվել է նրա համար, որպեսզի երկնային հեղինակությամբ հաստատվի քրիստոնեական հոսանքներից մեկի` մոնտանիստների` պանրով հաղորդվելու սովորույթը (Պերպետուան մոնտանիստ է եղել):

Սրբադասելով այս կամ այն նահատակին` եկեղեցին ամենևին էլ հաշվի չի առել նրա իրական ծառայություններն ու դրանց իրական լինելը: Ականավոր աստվածաբան ու նահատակ Յուստինոս փիլիսոփային երկրորդական տեղ է հատկացվել սրբերի դասում, իսկ առասպելական Նիկողայոս Զմյուռնիացին կամ Եղիա Մարգարեն գրեթե աստվածների կարգի է բարձրացվել: Շատ քչերն են լսել Դազիա նահատակի մասին, որի իրական լինելը գրեթե կասկած չի հարուցում, բայց Սուրբ Գևորգը (Գեորգի Պոբեդոնոսեց) հատկապես ռուս ուղղափառ եկեղեցում նսեմացրել է նույնիսկ Աստծո փառքը:

Քրիստոնյաներն իրենց սրբերին ստեղծել են նույն կերպ, ինչպես ստեղծել են իրենց աստվածներին, իսկ պատմականորեն իրական նահատակություններն ընդամենը առասպելներ հորինելու ազդակ են ծառայել: Վարքագրությունների հեղինակները, առանց անհարմար զգալու, վարքաբանությունների համար հարմար նյութ են քաղել ամեն տեղից` հինկտակարանային պատումներից, ավետարանական առասպելներից, հունական ժամանցային գրականությունից, ժողովրդական հեքիաթներից ու նաև գործի են դրել իրենց վառ երևակայությունը:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
171 | 0
դեպի վեր