Mamul.am
Загрузка...
Ամբողջական տարբերակ
USD 483.80, EUR 554.58, RUB 7.37, GBP 630.39
+13 °C, +11 °C ... +19 °C Վաղը`+20 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Արշա՛կ Սրբազան, ինչո՞ւ եք հանդուրժում Հայ Առաքելական Եկեղեցում նման հոգևորականի գոյությունը
19:20, 09.08.2018
«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդրադարձը 2018 թ. օգոստոսի 7-ին Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ), Մայր Աթոռի և հայ հոգևորականի դիրքորոշմանը Շուռնուխ գյուղի հայտնի դեպքերի վերաբերյալ

Սրբազա՛ն Հայր, Շուռնուխի դեպքերը մտահոգել են ոչ միայն Ձեզ, այլև բոլորիս: Ճիշտ եք, առաջինը քրիստոնեությունը ընդունած երկրում չէին կարող տեղ գտնել նման դեպքեր և անձեր, որոնք սեռական շեղումները դարձրել են կենսակերպ: Մտահոգիչ է, այո՛, որ բավարար չէ՝ ձեռք են բերել այդ շեղումն ու ախտը, նաև տարածում են անարգել և նվիրագործում` փորձելով ներկայացնել որպես բնականոն կենսակերպ:
«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնությունը ողջունում է Հայ Առաքելական Եկեղեցու դիրքորոշումը, որը հստակ է սեռական սանձարձակության և ալտերնատիվ սեռականության դրսևորումների նկատմամբ: Եվ որ այս առումով եկեղեցու դիրքորոշման մեջ փոփոխություն չի եղել և չի կարող լինել:
Այո՛, վտանգված է ազգային արժեհամակարգը, խաթարված է հայ ընտանիքների ավանդական բարոյականության մթնոլորտը, սասանված են ընտանեկան ինստիտուտի հիմքերը… Ամեն բան ճիշտ եք ասում, Սրբազա՛ն Հայր: Իսկ ինչո՞ւ է այդպես, տվե՞լ եք արդյոք Ձեզ այդ հարցը: Ձեր խոսքում նշեցիք, որ եկեղեցու դիրքորոշումը հիմնված է Սուրբ գրքի վրա, որը որպես սոդոմական ախտ՝ բացարձակապես դատապարտված է: Նշեցիք նաև, որ շնացողները, արվամոլները, պօռնիկները, իգացողները Երկնքի Արքայություն չեն տեսնի: Ամեն ինչ ճիշտ է, Արշա՛կ Սրբազան: Այդ դեպքում կարո՞ղ եք ասել, թե ինչո՛ւ են շնանում, պօռնկանում հոգևորականները՝ լավ իմանալով Սուրբ Գրքի դատապարտության մասին:
Աստվածաշնչի միակ նպատակը Աստծո ներգործությունը մարդկային կյանքում բացահայտելն է, որը մեզ տվել է բարոյական որոշակի ուղղություններ, որոնցից մեկն էլ ընտանիք-սրբությունն է: Ինչո՞ւ այդ մասին չեք հիշեցնում Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, ինչո՞ւ եք հանդուրժում Հայ Առաքելական Եկեղեցում նման հոգևորականի գոյությունը, ով չգիտի և չի հարգում հայ ընտանիքը՝ որպես սրբություն:
Ձեր խոսքում խոսեցիք նաև ազատության մասին: Պետրոս առաքյալն ասում է՝ ազատությունը չպետք է չարության պատրվակ դարձնել: Ազատությունը մեծ արժեք է: Ճիշտ եք, երբ այն ազատություն է կրքերից և մեղքերից, ոչ թե ազատ լինել կրքերի և մեղքերի համար: Գարեգին Բ կաթողիկոսը հավանաբար ազատությունը հենց այդպես էլ հասկացել է` ազատ լինել կրքերի և մեղքերի համար, որոնցով էլ պայմանավորված է նրա կողմից կուսակրոնության և աղքատության ուխտերի դրժումը: Ցավ է և ամոթ…
Հայ ազգը, հայ մարդը միշտ էլ ձգտել է իր մտքի, հոգու, սիրո կաթիլը ներարկել համամարդկությանը: Այսօր ի՞նչ օրինակ է ծառայում հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և իրեն նմանվող, իր կողմից հովանավորվող որոշ հոգևորականներ: Ու դեռ զարմանում ենք, որ կարող են Շուռնուխի դեպքերի նման դեպքե՞ր լինել: Արշա՛կ Սրբազան, երկաթը մաշվում է իր իսկ ծնած ժանգից:
Քրիստոնեությունը կենսակերպ է, ապրելու ոճ: Քրիստոնյա և եկեղեցու անդամ կամ զավակ լինելու համար կա դասական վարքականոնի դրսևորում: Այո՛, չի կարելի շարունակաբար շնանալ, պօռնկանալ և դա համարել օրինաչափ երևույթ: Եկեղեցին մի վայր է, որտեղ փորձում են մաքրվել, սրբվել և ձգտում են սրբանալ: Այս տողերը մեջբերված են Ձեր խոսքերից, ուրեմն խնդրում ենք հետևողական լինել Ձեր իսկ խոսքին և հորդորել Գարեգին Բ-ին, Գևորգ եպիսկոպոսին և նմանատիպ հոգևորականներին մաքրվել, հեռանալ շնությունից, մեղքից, և որ կարևորն է՝ եկեղեցուց:
Քրիստոնեությունը սեր է, բայց ոչ սեր մեղքի դեմ հանդուրժողականության: Ձեր այս ձևակերպումից հուսով ենք հասկանում եք, թե ինչո՛ւ ենք մենք մերժում Գարեգին Բ-ի անձը, և չենք ուզում հանդուրժել նման կաթողիկոսի: Կամ ի՞նչը հանդուրժել, այն թե ինչ կենսակերպով է մեզ օրինակ ծառայո՞ւմ: Ինչո՞ւ եք մեզ պարտադրում հոգևորականի ոչ ավանդական հոգևոր կենսաոճը:
Դուք Ձեր խոսքում տվեցիք ճիշտ ձևակերպում՝ տարբերակելու բռնությունը այն գործողությունից, որն ուղղված է սեփական ինքնության համոզումը, կրոնական զգացումները պաշպանելու գործողությունից: Քրիստոնեությունը հստակորեն տարանջատում է մեղքն ու առաքինությունը, որի համար էլ այսօր «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնությունը ոտքի է կանգնել և պահանջում է սրբապիղծ Գարեգին Բ-ի հրաժարականը: Հայ ազգը և Հայ Առաքելական Եկեղեցին արժան են ունենալ ԱՌԱՔԻՆԻ, ԻՐ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՉՈՒՄԻՆ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԸՆՏՐՅԱԼ ԿԱԹՈՂԻԿՈՍ:
Լույսը հաճախ ցավեցնում է նրանց աչքերը, ովքեր ընտելացել են խավարին: Ով իր խավարի մեջ է շրջում, նա չի կարող ճշմարտության լույսով առաջնորդվել:
Աշխարհին մանկան մաքրություն է պետք, եկեղեցուն՝ առավել…

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնություն
Շուռնուխի դեպքին անդրադարձել է Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը
Մամուլի խոսնակ` Ազատ Խոսք
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Ազատ Խոսք
դեպի վեր