ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Հին Հռոմում տիրող այլանդակ բարքերի հորձանուտը նետված պատմագիր Գայոս Սալյուստիոսի խոստովանությունը
16:21, 13.08.2018
5475 | 0

Մյուսներից տարբերվել ձգտող բոլոր մարդիկ պետք է ամեն կերպ ջանան այնպես ապրել իրենց կյանքը, որպեսզի հողին հակված ու որովայնին հլու անասունի նման անճանաչ չմնան: Մեր ամբողջ ուժը ոգու և մարմնի մեջ է. ոգին մեծի մասամբ կարգադրիչ է, մարմինը` ծառա: Առաջինն աստվածների հետ ընդհանրական է, երկրորդն ընդհանրական է կենդանիների հետ: Այդ իսկ պատճառով, ինձ թվում է, որ ավելի բանական կլինի փառք փնտրել ոչ թե մարմնի, այլ` մտքի օգնությամբ, և, քանի որ մեզ հրճվանք պատճառող կյանքը կարճ է, հնարավորինս երկար ապրող հիշողություն թողնել մեզնից հետո: Որովհետև այն փառքը, որ տալիս են հարստությունն ու գեղեցկությունը, վաղանցուկ է ու անկայուն, իսկ արիությունը հավերժական է ու շողշողուն:

Հնուց ի վեր մարդիկ կատաղի կերպով վիճում են այն մասին, թե ռազմական գործն իր հաջողություններով ամենից շատ ինչին է պարտական` ֆիզիկական ուժի՞ն, թե ոգու արիությանը: Քանի որ սկսելուց առաջ պետք է մտածել, իսկ երբ մտածում ես, արագ ես գործում: Այսպես և' մեկը, և' մյուսը ինքնին անբավարար են ու փոխօգնության կարիք ունեն:

Եվ ահա սկզբում թագավորները, հետևելով իրենց հակադիր հակումներին, ոմանք զարգացրել են բնական խելքը, ուրիշները` մարմինը: Այդ ժամանակ մարդիկ ապրում էին` դեռևս գաղափար չունենալով պատվախնդրության մասին, յուրաքանչյուրը գոհ էր իր ճակատագրից: Բայց երբ Ասիայում Կյորոսը, իսկ Հունաստանում սպարտացիներն ու աթենացիները սկսեցին քաղաքներ գրավել ու ժողովուրդներ հնազանդեցնել, երբ պատերազմի առիթ դարձավ գերիշխելու ծարավը, երբ մեծագույն փառքը համարվեց մեծագույն իշխանությունը, միայն այդ ժամանակ մարդիկ իրենց սեփական փորձառության ու գործունեության հենքի վրա հասկացան, որ պատերազմում ամենակարևորը խելքն է: Եվ եթե թագավորների ու տիրակալների համար ոգու արիությունը խաղաղ ժամանակ նույնպիսին լիներ, ինչպես պատերազմի ժամանակ է, ապա մարդկային գործերն առավել համաչափ ու հարթ կընթանային, և մենք չէինք տեսնի, թե ինչպես է մեկն առաջինի կողմն հակվում, իսկ մյուսը` երկրորդի, չէինք տեսնի, թե ինչպես է ամեն ինչ փոփոխվում ու իրար խառնվում: Չէ՞ որ իշխանությունն ավելի հեշտ է պահպանել այն միջոցներով, ինչ միջոցներով դրան հասել ես: Բայց երբ աշխատանքին փոխարինելու եկավ ծուլությունը, զսպվածությանն ու արդարությանը` սանձարձակությունն ու ամբարտավանությունը, նրանց ճակատագիրը նրանց բարքերի փոփոխման հետ միժամանակ փոխվեց: Ահա այդպես իշխանությունը միշտ էլ լավագույնից փոխանցվում է վատագույնին:

Ինչին մարդիկ հասնում են հողը մշակելով, նավարկելով, շինություններ կառուցելով, պայմանավորված է արիությամբ: Եվ ահա շատերը` իրենց որովայնի ստրուկներն ու քնասերները, անկիրթներն ու անմշակները, իրենց կյանքը ճանապարհորդների նման անցկացրեցին. նրանց համար, ինչ խոսք, բնությանը հակառակ, մարմինը վայելքին է ծառայում, իսկ հոգին լուծ է: Նրանց կյանքն ու մահը ես միատեսակ եմ գնահատում, քանի որ երկու դեպքում էլ լռություն է պահպանվում: Բայց իրապես ապրող ու կյանքը վայելող ես համարում եմ միայն նրան, ով նախանձախնդրորեն տրվելով մի որևէ գործի, իր արժանավոր գործերի կամ գեղեցիկ հատկանիշների բարի համբավն է փնտրում:

Բայց նկատի առնելով բնատուր հակումները` բազում գործեր մեկին մի ճանապարհ են ցույց տալիս, մեկ ուրիշին` ուրիշ: Հիանալի է, երբ արժանապատվորեն ես ծառայում պետությանը, պակաս կարևոր չէ ըստ արժանավույն խոսել այդ ծառայության մասին: Ե'վ խաղաղ, և' պատերազմական ժամանակներում կարելի է փառաբանվել, և փառաբանում են նրանցից շատերին, ովքեր անձամբ են գործեր կատարում, և նրանց, ովքեր գրի են առնում ուրիշների գործերը: Ընդ որում հենց ինձ (թեպետ գրողին ու գործչին ամենևին էլ նույն փառքը չի պսակում) սխրանքների նկարագրությունը շատ դժվարին գործ է թվում. նախ` այն պատճառով, որ գործերը պետք է ներկայացնել համապատասխան բառերով, այնուհետև, քանի որ մարդկանց մեծ մասը, եթե դու ինչ-որ բան դատապարտում ես, կհամարի, որ դա անբարյացկամորեն ու նախանձի դրդմամբ է ասվել, իսկ եթե դու ազնիվ մարդկանց մեծ սխրանքի ու փառքի մասին հիշատակես, ապա յուրաքանչյուր անտարբեր մարդ կհամարի, թե, իր կարծիքով, ինքն էլ կարող է այդ ամենը կատարել, իսկ այն, ինչը դրանից բարձր է, կհամարի հորինվածք ու սուտ:

Անձամբ ինձ, ինչպես շատերին, դեռ պատանեկությանս տարիներին համակել էր պետական գործունեության ձգտումը, և այստեղ ես շատ հիասթափություններ ունեցա, որովհետև խղճահարության, զսպվածության ու խիզախության փոխարեն ծաղկում էին անպատկառությունը, կաշառակերությունը, ագահությունը: Թեպետ հոգուս խորքում ես ատում էի այս ամենը, բայց այդքան ծանր արատների միջավայրում պատվախնդրությամբ փչացած ու դեռևս չամրապնդված երիտասարդիս համար այդ ամենը մերժելի չեղավ: Եվ ինձ, ուրիշների վատ բարքերը քննադատողիս, այնուամենայնիվ տանջել է պատիվների արժանանալու ծարավը, որը նրանց ստիպել է տառապել չարախոսությունից ու ատելությունից:

Եվ ահա, երբ իմ ոգին խաղաղվեց բազում դժբախտություններից ու փորձություններից հետո, և ես որոշեցի կյանքիս մնացորդն ապրել պետական գործերից հեռու, մտադրություն չունեի բարի ժամանցս վատնել` տրվելով ծուլության ու պարապության, ոչ էլ կյանքս անցկացնել` երկրագործությամբ ու որսով զբաղվելով, որոնք ստրուկների զբաղմունք են: Ո'չ, վերադառնալով երիտասարդությանս տարիների նույն հակումներին, որոնցից ինձ շեղել էր հիմար պատվախնդրությունը, ես որոշեցի մաս առ մաս գրել հռոմեական ժողովրդի գործերը` որքանով որ դրանցից որոշները հիշատակության արժանի ինձ թվացին, առավել ևս որ ես հույսերից, վախերից ոգով ազատ էի և պետության մեջ գոյություն ունեցող կողմերից ոչ մեկին չէի հարում:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
295 | 0
09:44, 13.04.2024
403 | 0
11:39, 08.04.2024
404 | 0
09:16, 06.04.2024
352 | 0
08:44, 03.04.2024
290 | 0
դեպի վեր