ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Ո՞ւր է կորել Գարեգին Բ-ն
23:31, 15.08.2018
4336 | 0

Վերջին երկու շաբաթներին Գարեգին Բ-ի մասին խորհրդավոր լռություն է պահում Մայր Աթոռի (ապա) տեղեկատվական համակարգը: Մինչ այդ Գարեգին Բ-ի` ամեն օր սրան-նրան ընդունելու կամ այստեղ-այնտեղ իր օրհնությունը (?!) բաշխելու մասին լուրեր տարածող տեր Վահրամ քահանա Մելիքյանը երեւի հանգստանում է` ամիսներ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության դեմ աշխարհով մեկ պատերազմելուց հետո: Ինչ խոսք, հսկայական գործ է արել, մի քիչ էլ չհանգստանա՞ մարդը...
Իսկ ո՞ւր է կորել Գարեգինը, ի՞նչ գործով է նա զբաղված այս օրերին:
Ինչպես հայտնի է` դեռեւս երջանկահիշատակ Վազգեն Ա վեհափառ հայրապետի տարիներից, Ամենայն հայոց կաթողիկոսն ուներ ամառանոց Աշտարակի շրջանի Բյուրական գյուղում: Վազգեն Ա-ը, ճիշտ է, երբեմն հանգստանում էր արտասահմանում, մասնավորապես` Չեխիայի Կառլովի Վարի առողջարանային քաղաքում, այդուհանդերձ, շատ տարիներ նա ամառն անցկացնում էր Մայր Աթոռից ոչ հեռու գտնվող Բյուրականում:
Մեզ հասած հավաստի տեղեկություններով` Գարեգին Բ-ն օգոստոսի 1-ից գտնվում է Հյուսիսային Կովկասի Կիսլովոդսկ առողջարանային քաղաքի կենտրոնում տեղակայված «Դոլինա նազրանով» առողջարանում: Նա այնտեղ մենակ չէ: Նրա հետ են Հարավային Ռուսաստանի թեմի առաջնորդ Մովսես եպս. Մովսիսյանը, Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպս. Հովհաննիսյանը եւ գավազանակիր Անանիա աբղ. Ծատուրյանը: Քառյակին միացել է նաեւ Գարեգինի եղբայրը` Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Եզրաս չ-արք. Ներսիսյանը: Անշուշտ, Նորին (ան) սրբության համար մեծ ամոթ կլիներ հանգրվանել սովորական կամ մի քիչ ավելի բարձրակարգ համարում: Նշված առողջարանային համալիրում նրանք վարձել են VIP բնակարաններ, որոնց յուրաքանչյուր օրվա վճարը շուրջ 11 հազար ռուբլի է: Այս հաշվով, հնգյակը օրական վճարում է շուրջ 55 հազար ռուբլի (շուրջ 835 դոլար): Իսկ քանի որ Գարեգին Բ-ի կեցությունը այս առողջարանում նախատեսված է մինչեւ օգոստոսի 25-ը, նրա «հանգիստը» մեր Եկեղեցու վրա նստելու է առնվազն 20 հազար դոլար: Հաշվի առնելով ինքնաթիռի եւ այլ ծախսերը, գումարը կարող է հասնել 25 հազար դոլարի եւ դա նույնիսկ գերազանցել: Առողջարանի ծառայություններն ընդգրկում են օրական չորսանգամյա սնունդ, բուժում Տամբուկան լճի առողջարար ցեխով (ըստ երեւույթին, Գարեգինին չի բավարարում այն ցեխը, որի մեջ գցել է ինքն իրեն եւ ուրիշների), բուժական այլ միջոցներ, լողավազան, մարզասրահ, մշակութային-ժամանցային միջոցառումներ եւ այլն:
Եվ սա այն պայմաններում, երբ՝
1. Ինչպես նշեցինք, Ամենայն Հայոց հայրապետը Բյուրականում ունի ամառանոց, որտեղ հանգստանալը տասնապատիկ եւ ավելի անգամ էժան կարժենա,
2. ՀՀ եւ Արցախի քահանաների մի զգալի մասը ապրում է ծայրահեղ վատ կենսապայմաններում, նույնիսկ չունեն անհետաձգելի վիրաբուժության գումարները,
3. Հայրենաբնակ ժողովրդի մեծագույն մասը հնարավորություն չունի հանգստանալու նույնիսկ կիրակի օրերին` ընտանիքի մի կտոր հացը վաստակելու հեւքում,
4. ՀՀ-ում կան շատ ավելի մատչելի գներով եւ գրեթե նույնամակարդակ ծառայություններ մատուցող առողջարաններ,
5. ՀՀ նոր իշխանությունները կոչ են անում ոչ թե երկրից գումարներ արտահանել քոչարյանա-սերժական փչացած վարչակարգերի «հերոսների» նման, այլ ընդհակառակը` աշխարհասփյուռ հայության գումարներն օգտագործել հենց Հայրենիքում:
Ի դեպ, մինչ Լիբանանի Բիքֆայա գյուղի ս. Աստվածածնի վանքում Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը մեծ շուքով ու ժողովրդային հոծ մասնակցությամբ ամեն տարի տոնակատարում է Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնի վերափոխման տաղավար տոնը, Գարեգինը հանրապետությունից, ամենաքիչը՝ Մայր Աթոռից ՄԻՇՏ բացակայում է այդ տոնի օրերին: Աստվածամայրը նրան ինչո՞ւ հետաքրքրի երբ կյանքում տարաբնույթ ժամանցներ ու զվարճանքներ կան...

Ժամերգության իջնող վարդապետ...

Մամուլի խոսնակ` Ազատ Խոսք
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ազատ Խոսք
դեպի վեր