ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Վհուկների գիշերաժողովի կամ նրանց շվայտ խրախճանքի մասին
11:13, 16.08.2018
6160 | 0

Վհուկների գիշերաժողովը կամ շվայտ խրախճանքը ժողովրդի ստեղծագործական երևակայության վիթխարի արարումներից մեկն է: Այն չափազանց հրապուրել է բանաստեղծներին ու նկարիչներին: Հիշենք թեկուզ Գյ ոթեի «Ֆաուստ» -ում ներկայացված վհուկների գիշերաժողովը: Ընդամենը հիշենք ու հանգիստ թողնենք մեծերին: Լսենք, թե հնում ինչ է ասել ժողովուրդը վհուկների խրախճանքների մասին ու ամենից առաջ անդրադառնանք խրախճանքների նախապատրաստմանը:

Դրան մասնակցել ցանկացող տիկնայք պարտավոր էին իրենց մարմնին հատուկ նյութ քսել: Այդ առանձնահատուկ քսուքի բաղադրության ու հատկությունների մասին իր ժամանակակիցներին ու սերունդներին տեղեկացրել է գերմանացի Յոհան Վիրը: Նա ասում է. «Նրանք (վհուկները) մանկանը եփում են պղնձե կաթսայում, ապա առանձնացած ճարպը խնամքով պահում են այնքան, մինչև դրա կարիքը լինի: Այդ ճարպով էլ պատրաստվում է կախարդական քսուքը շվայտ խրախճանքին նախապատրաստվելու համար: Բայց այդ քսուքին պետք է խառնել նաև տարատեսակ դարմաններ (ջրային մաղադանոս, ընձախոտ (ակոնիտ), կաղամախու տերևներ, մրուր…

Բացի այդ, նաև այսպես են անում. ջրակարոսը (պոռուչեյնիկ), հիրիկը, վայրի խաղողը, չղջիկի արյունը, գայլախաղողը, ծառի յուղը խառնում են իրար ու խյուս են պատրաստում: Մինչև այդ խյուսն իրենց մարմնին քսելը, վհուկները նախ իրենց ամբողջ մարմինը տրորում են, որպեսզի այն կարմրի, որից հետո միայն խյուսը քսում են: Այդպես է արվում, որպեսզի մարմնի եռքը հարուցվի, այսինքն բացվեն մաշկի ծակոտիները, ու մարմինը պատրաստ լինի քսուքն ինչպես հարկն է ներծ ծելուն: Նրանք համոզված են, որ այդ եռքը լուսնի լույսի ներքո իրենց օդով կտանի այն պարահանդեսին, որտեղ իրենք գրկախառնվելու են իրենց երազած գեղեցիկ տղամարդկանց հետ»:

Իսկ ինչպե՞ս է տեղի ունենում ուղևորությունը գիշերահավաքի վայր: Այդ մասին պատմում է 1611 թվականին տպագրված «Հակասություններն ու մոգական փնտրտուքները» գրքի հեղինակ Դելռիոն: Ավելի հաճախ վհուկները գիշերահավաքի են մեկնում փայտե ձողին հեծնած, որը յուղվում է հատուկ քսուքով: Այս քսուքը նույն բաղադրության է, ինչ մարմնին քսվողը: Դրա հիմնական բաղադրիչը փոքր երեխաների ճարպն է, որոնց վհուկներին տրամադրում է ինքը՝ սատանան: Նա, իմիջիայլոց, վհուկներին միայն հնարավորություն է ընձեռնում ձեռք բերել երեխաներին, իսկ նրանց սպանելու գործը թողնում է վհուկներին: Այսպիսով, վհուկները հեծնում են կախարդական յուղով պատված այդ փայտիկին կամ էլ հեծնում են եղանին, ցախավելին, երբեմն՝ ցուլին, այծին կամ շանը…Վհուկն անպայման վառարանի խողովակի միջով է անցնում, որից հետո սլանում է հավաքատեղի:

Երբ վհուկը տեղ է հասնում, թանկագին հյուրին դիմավորում է շվայտ խնջույքի կազմակերպիչը՝ սատանան՝ այծի կամ շան կերպարանքով: Սատանայական պարահանդեսը լուսավորվում է սարսափազդու կրակներով, որոնք սև ծխի թանձր քուլաներ են սփռում: Տարբեր կողմերից ժամանող վհուկները խոնարհվում են սատանային: Այդպիսի խոնարհման նշան են համարվում մարմնի հատուկ դիրքերը, օրինակ, վհուկները նստում են խաղաթղթերի վրա և, դևի առաջ գլուխները խոնարհելու փոխարեն, գլուխները հետ են թեքում կամ սատանայի հետ մեջք մեջքի են տալիս: Սատանայի այլ ջերմեռանդ երկրպագուներ նրան սև մոմեր կամ մանկան մարմնից պոկված մասնիկներ են մատուցում կամ էլ նրան հպվում են շրթունքներով, բայց ոչ թե նրա շրթունքներին, այլ մարմնի այլ մասերին: Եկեղեցական ծիսակարգը ծաղրող ամեն մի գործողություն, ինչ խոսք, հաճելի է սատանային:

Երբ բոլոր վհուկները հավաքվում են, սկսվում է խելահեղ պարը, հետո բոլորը սեղան են նստում վայելելու տարատեսակ բարիքները: Դրանց մի մասը չափազանց համեղ է, իսկ մի մասն էլ հոտած ու զզվելի՝ պայմանավորված նրանով, թե ովքեր են սեղանակիցները: Սեղան նստածները տեղավորված են որոշակի կարգով: Երբեմն յուրաքանչյուր վհուկի կողքին նստում է նրա ասպետ-դևը, երբեմն էլ կանայք նստում են սեղանի մի կողմում, իսկ նրանց դիմաց՝ ասպետ-դևերը: Կերուխումն սկսելուց առաջ օրհնվում են կերակուրն ու խմիչքը՝ ինչ խոսք, ասվածանարգիչ խոսքերով: Հացկերույթն ավարտվում է նույնատիպ օրհնությամբ: Պարում են՝ մեջք մեջի տված: Երբեմն երաժշտություն է հնչում, երբեմն էլ բոլոր պարողներն իրենք են երգում: Երբեմն խնջույքի մասնակիցները դիմակավորվում են, երբեմն էլ՝ երեսները բացում: Դիմակավորումը ավելորդ չի համարվում, որովհետև գիշերահավաքի մասնակիցները կարող էին անսպասելիորեն հանդիպել իրենց հարևանուհիներին ու ազգականուհիներին: Խնջույքը սովորաբար ավարտվել է նրանով, որ վհուկներից յուրաքանչյուրը սատանային հաշվետվություն է ներկայացրել իր յուրաքանչյուր կեղտոտ արարքի մասին, որից հետո սատանան նրանց կա՛մ պարգևատրել է, կա՛մ շշպռել: Շշպռանքի արժանացածին դաժանորեն ծեծել են:

Դելռիոն նկարագրել է նաև պարահանդեսի ավարտն ու հյուրերի հեռանալը: Խնջուքի ավարտից քիչ առաջ բոլոր վհուկները մի ինչ-որ փոշի են ստացել: Խնջույքին վիթխարի սև այծի կերպարանքով մասնակցող սատանան հանկարծ դժոխային կրակով է բռնկվել ու ամբողջովին մոխրակույտի է վերածվել: Ահա այդ մոխրակույտն էլ եղել է այն խորհրդավոր փոշին, որը վհուկները տարել են իրենց հետ՝ ի հիշատակ գիշերային անսանձ խրախճանքի: Պատահել է նաև, որ նրանք վերցրել են տարատեսակ թույներ, որոնք նրանց պետք էին գալու չարագործություններ կատարելու ժամանակ: Գիշերահավաքն ավարտվել է, և ովքեր մոտ են ապրել հավաքատեղիին, ոտքով են տուն գնացել, իսկ նրանք, ովքեր հեռու են ապրել, տուն են վերադարձել այն նույն «փոխադրամիջոցով», որով եկել էին:

«Ես մոտացա հիշատակել, - հավելում է Դելռիոն, -որ այս սատանայական գիշերահավաքները շատ հաճախ տեղի են ունենում կեսգիշերին մոտ, քանի որ սատանան իր բոլոր գործերը կատարում է խավարում: Տարբեր տեղերում գիշերահավաքը տարբեր օրերի է տեղի ունենում. Իտալիայում դրանք տեղի են ունենում ուրբաթ օրվա գիշերը, Լոթարինգիայում՝ չորեքշաբթի կամ ուրբաթ օրվա գիշերը, ուրիշ տեղերում՝ երկուշաբթի օրվա գիշերը»:


(շարունակելի)

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
220 | 0
դեպի վեր