ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Վհուկների գիշերաժողովի կամ նրանց շվայտ խրախճանքի մասին (նախորդի շարունակությունը)
22:07, 17.08.2018
5552 | 0

Իսկ այժմ անդրադառնանք վհուկների շվայտ խրախճանքի մասնակիցների մեկի՝ Մադլեն Բավանի շատ հետաքրքրական ցուցմունքին, որը նա տվել է բացահայտվելուց հետո:


Նա խոստովանել է, որ երեք տարի աշխատել է կար անողի մոտ և որ ինքն ու մի քանի այլ աշխատողներ ինչ-որ կախարդ կողմից գայթակղվել են: Չար կախարդն իր այս բոլոր զոհերին տարել է վհուկների խրախճանքի: Այնտեղ նա պատարագ է կատարել, որի ժամանակ հատուկ այդ օրվա համար նախատեսված կեղտոտ շապիկ է հագել: Նա իր բոլոր զոհերին ցույց է տվել մի գիրք և ստիպում է, որ նրանք բոլորն այդ գրքում գրանցվեն: Մադլենը նաև հավելում է, թե երբ ինքը հեռացել է այդ հավաքույթից, գայթակղիչն իրեն ստիպել է հագնել այն շապիկը, որը հագել էր հավաքույթի ժամանակ, և ամբողջ ժամանակ, երբ այդ դժոխային հագուստն իր հագին էր, ինքը ամենամահացու տենչերով է համակված եղել: Երբ նա հետո հոգևորականին խոստովանել է ամեն ինչ, դեն է նետել այդ շապիկն, ու այդ պահից իսկ բոլոր մեղսական մտքերը լքել են իրեն:

Առաջին վհուկահավաքից հետո Մադլեն Բավանը էլի մի քանի անգամ մասնակցել է այդ հավաքներին: Վհուկահավաքներից մեկի ժամանակ իր դժոխային պատարագը մատուցած գայթակղիչը Մադլենին հանդիսավորապես ամուսնացնում է դևերից մեկի հետ, որ անունը Դագոն է եղել: Այս հետաքրքրական փեսացուն գայթակղիչ երիտասարդի կերպարանք է ընդունել: Նա աղջկա մատին մատանի է դրել, իսկ նշանադրությունից հետո նորապսակները բաժանվել են, բայց երիտասարդն իր կնոջն ասել է, թե իրենք նորից կհանդիպեն և, իսկապես, հաջորդ օրը նա հայտնվել է Մադլենին ու նրանք կենակցել են մի քանի տարի շարունակ: Բայց սիրունատես դևի կիրքը նրան ավելի շատ տառապանք է պատճառել, քան հաճույք:

Այնուհետև այս նույն Մադլենը ցուցմունք է տվել, որ այդ գիշերահավաքների ժամանակ ինքը 3-4 անգամ վկա է եղել, թե ինչպես են վհուկներից ոմանք ծննդաբերել: Նորածիններին սովորաբար դրել են զոհասեղանին, որի առաջ դժոխային պատարագ է մատուցվել, և այդ պատարագի ամբողջ ընթացքում նորածինը ողջ է եղել, շարժվել է, ձայներ հանել, իսկ երբ պատարագն ավարտվել է, բոլոր վհուկները, այդ թվում նաև նորածինների մայրերը, նետվել են երեխայի վրա ու խեղդել են նրան, որից հետո նրան կտոր-կտոր են արել, այդ կտորներն իրենց տներն են տարել, որովհետև այդ նյութը կախարդության անհրաժեշտ բաղադրիչ է համարվել: Ընդ որոմ, դիակներից վերցրել են միայն որոշ մասեր, օրինակ, սիրտը, իսկ մնացածը թաղել են:

Ժամանակի աստվածաբաներից մեկը, որը նույնպես անդրադարձել է վհուկների գիշերահավաքներին, դրանց մի քիչ այլ մեկնաբանություն է տվել: Նրան թվացել է, թե այն ամենը, ինչ տեղի է ունենում այս հավաքների ընթացքում, վհուկների իսկ ցուցմունքների համաձայն, իրական չէ, այլ ընդամենը երազ հիշեցնող զգացմունքների խաբկանք է: Նա ասում է, թե երբ վհուկները ցանկանում են իրենց մոտ կանչել չար ոգիներին, ապա իրենց մարմնին հատուկ քուք են քսում և այդ քսուքի ներգործությամբ խորը քուն են մտնում, որից նրանք ոչ մի կերպ չեն կարողանում դուրս գալ: Այդ վիճակում հայտնված կնոջը կարելի է դաղել շիկացած երկաթով, ասեղներով ծակծկել, և նրանք չեն արթնանա: Եվ ահա այն ժամանակ, երբ նրանք ընկղմված են այդ խորը քնի մեջ, նրանց հայտնվում են սատանաները և պարահանդես, խրախճանք և ամեն տեսակի զվարճանքներ են կազմակերպում: «Բայց, - ասում է Լաֆատերը, - դևերն այնքան հզոր են, որ եթե ուզենան, մարդկանց կարող են տեղափոխել մի որևէ անապատային վայր կամ անտառ ու այնտեղ խաբկանքի միջոցով նրանց ինչ-որ մի տեսարան ներկայացնել»: Օրինակ՝ մի անգամ այնպես է պատահել, որ մեկը, դիմելով այդպիսի միջոցների, մի օր հափշտակվել է անտեսանելի ուժի կողմից, տնից հանվել է ու հասցվել է մի շատ հետաքրքրական վայր, որտեղ ամբողջ գիշեր պարել են ու խրախճացել: Առավոտյան բոլորն անսպասելիորեն անհետացել են, և նա զարմանքով նկատել է, որ ինքը փշոտ թփերով պատված բացատում է: Սակայն, Լաֆատերը խոստովանում է, որ, դրանից բացի, սատանայական հակում ունեցողները տարբեր չարագործություններ ու դաժան արարքներ են գործում: Օրինակ՝ ինքը հավատում է, որ սատանաները տուն են մտնում կատուների կամ շների կերպարանք առած ու սպանում են փոքր երեխաներին կամ նրանց առևանգում են:

«Մարդու նկատմամբ սատանայի ատելության մասին» գրքի հեղինակ Քրեպեն իր գրքում զետեղել է 16-րդ դարում ապրած մի իտալացու մասին հետևյալ պատմությունը: Այս մարդու կինը վհուկ է եղել: Մի անգամ նա համոզել է ամուսնուն, որ մարմնին մի ինչ-որ յուղ քսի, հետո նրանք երկուսով օդ են բարձրացել ու սլացել առաջ: Այդ ամենում սատանայի օգնությունը չի եղել, ամեն ինչը տեղի է ունեցել կախարդական յուղի ու կնոջ արտասանած կախարդական խոսքերի շնորհիվ: Դժվար չէ հասկանալ, թե գրքի հեղինակն ինչու է հավելում այս բացատրությունը: Ակներև է, որ նա ուզում է կախարդությունը բաժանել սատանայությունից: Նրա կարծիքով՝ այս երկուսն իրարից անկախ են: Բայց շարունակեմ պատմությունը: Ամուսինները Հռոմից սլանում են Բենեվենտ ու վայրէջք են կատարում ընկուզենու ստվերում, որտեղ արդեն հավաքվել էին բազմաթիվ կախարդներ ու վհուկներ: Նրանք բոլորն ուտում էին ու խմում, և նոր ժամանած ամուսինները նույնպես սեղան են նստում: Բայց սեղանին աղ չի լինում: Անաղ ուտելիքից միշտ հրաժարված ամուսինն աղ է խնդրում՝ չիմանալով, որ սատանաներն աղից զզվում են: Բայց և այնպես, նրան աղ են մատուցում, և նա դրանից այնքան է ուրախանում, որ ակամա բացականչում է. «Փա՛ռք Աստծո, ահա՛ և աղը»: Հենց որ Աստծո անունը հիշատակվում է, բոլոր սատանաները, կախարդներն ու վհուկներն անմիջապես անհետանում են, իսկ խեղճ ամուսինը մենակ ու կատարելապես մերկանդամ մնում է դաշտամիջում աճած մենավոր ծառի տակ: Նա այս տեսքով մի կերպ Հռոմ է հասնում՝ ճանապարհին ողորմություն խնդրելով: Վերադառնալով Հռոմ՝ նա անմիջապես մատնում է իր չարագործ կնոջը, որին դատում են, վհուկ են հռչակում և խարույկի վրա այրում են:


(շարունակելի)

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
293 | 0
09:44, 13.04.2024
401 | 0
11:39, 08.04.2024
404 | 0
09:16, 06.04.2024
352 | 0
08:44, 03.04.2024
290 | 0
դեպի վեր