Հին Հռոմի պատմությունը խորությամբ ուսումնասիրած գերմանացի ականավոր պատմագետ Թեոդոր Մոմզենի (1817 – 1903 թթ.) կարծիքով Պունիկյան պատերազմում Կարթագենի պարտության պատճառներից գլխավորը եղել է այն, որ սեմիտական ծագում ունեցող փյունիկեցի կարթագենացիների ամբողջ տաղանդը սպառվել է առևտրային հարաբերություններում, և նրանք ունակ չեն եղել հզոր պետական համակարգ ստեղծել:
Փյունիկեցիներն էլ ավելի նվազ ունակ են եղել պետական մեծ մարմիններ ստեղծելու գործում. նրանք չէին ցանկանում կամ չէին կարողանում կրել այն ծանր աշխատանքները, որոնք պարտավոր է կատարել ժողովուրդը ինքնուրույն գոյության մեծ բարիքներն իր համար ստեղծելու և ապահովելու համար: Փունիկեցիները հաճույքով ենթարկվում էին օտար իշխանությանը և իրավունք գնում իրենց առևտրային գործարքները կատարելու այնտեղ, որտեղ հելլեններն անհամեմատ չնչին ուժերով սկսեցին պայքարն ինքնուրույնության համար ու ազատություն նվաճեցին: Եթե հնարավոր չէր առանց պայքարի շահավետ առևտուր անել, փյունիկեցիները զիջում էին ու նոր շուկաներ փնտրում: Այդպես նրանք թույլ տվեցին, որ իրենց դուրս մղեն Եգիպտոսից, Հունաստանից, Իտալիայից: Նրանք ամեն տեղ ոչ թե գաղութարարների, այլ վաճառակաների նման էին գործում: Փյունիկեցիները լիովին զուրկ էին իրենց ձուլելու կարողությունից, բայց իրենք էլ չէին ձուլվում այլ ցեղերին ու հզոր պետական օրգանիզմ չէին ստեղծում: Նրանք իրենց կրոնական և հոգևոր ինքնուրույնությունը պահպանում էին այնպիսի հուսահատ համառությամբ, որից ավելի ուժգին չէին պահպանում նույնիսկ արիացիները: Երկար ժամանակ կարթագենացիները հարևան ցեղերին նվերներ տալով հանգիստ ապրելու և առևտուր անելու հնարավորություն են գնել, նույնիսկ պարսից թագավորին նրանք իրենց հնազանդությունն են հայտնել ու երբեմն հարկ են վճարել, որպեսզի պարսկական տիրույթներում պահպանեն իրենց շուկաները: Բայց Քրիստոսից առաջ մոտավորապես 600 թվականին կարթագենացիները ստիպված եղան առավել եռանդագին պաշտպանել իրենց կարգավիճակը. հույն վերաբնակիչները շարունակում էին դեպի արևմուտք տեղաշարժվել, և փյունիկեցիներն այլև գրեթե հնարավորություն չունեին ավելի հեռու ընկրկել, և այդ իսկ պատճառով վերջապես զենք վերցրին և, կարողանալով դիմանալ երկարատև ու համառ պայքաում, հույներին տրիպոլիական տափաստաններից այն կողմ չթողեցին: Ի դեպ, այս պայքարում էլ նրանք հավատարիմ մնացին իրենց էությանը. այդ պայքարի զգալի մասը նրանք մղեցին վարձկան զորքերի օգնությամբ, և պայքարի այդ եղանակը լայն մասշտաբներով առաջին անգամ հենց այստեղ է կիրառվել: Այլոց զինական ձեռքով կարևոր արդյունքների հասնելով` կարթագենացիներն էլի մի քանի քայլ են կատարում` բնականաբար, ելներով իրենց նոր դրությունից. Մոտավորապես 450 թվականին նրանք դադարեցնում են հարկ վճարել հարևան ցեղերին, իսկ հետո բավականին արագ հնազանդեցնում են նրանց: Այդ երկրներում մինչև այդ էլ ծաղկում էր երկրագործությունը, բայց կարթագենացիները վիթխարի չափերով զարգացրին այն` ինչ խոսք, օգտագործելով ստրկական աշխատանքը, ու դրա հետ մեկտեզ զարգացրին նաև իրենց առևտուրը: Մոտավորապես 450-ից 430 թվականներն ընկած ժամանակամիջոցում կարթագենացիները ոչ միայն հնազանդեցրին տեղաբնիկ հարևաններին, այլև իրենց իշխանությունը տարածեցին Լիբիայի փյունիկյան մյուս բնակավայրերի վրա… Այսպիսով, աստիճանաբար ծնունդ առավ լայնածավալ, հարուստ ու հզոր մի փյունիկյան պետություն: Կարթագենում իրենց կապիտալներով հանդերձ վերաբնակվեցին Տյուրոսի ու Սիդոնի հարուստները, քանի որ այդ քաղաքների վիճակը քանի գնում վատանում էր Միջերկրական ծովի արևելյան ափին տեղի ունեցող մի շարք իրադարձությունների պատճառով: Կարթագենը բազմաթիվ ու ընդարձակ գաղութներ է հիմնում Իսպանիայում, Սարդինիա կղզում ու Սիցիլիայի արևմտյան կեսում: Նա Միջերկրական ծովի արևմտյան կեսն առևտրի համար լիովին փակում է էտրուսկների ու հույների համար և սկսում է միայնակ օգուտ քաղել շատ աշխույժ առևտրային փոխանակությունից: Մ.թ.ա. մոտավորապես 400 թվականին Սիրակուզան շատ բարձր ծաղկման ու ու հզորության է հասնում, և այս քաղաքի տերերն սկսում են ամբողջ Սիցիլիայում իրենց տիրապետությունը հաստատելու և կղզու արևմտյան հատվածի հետ առևտուրն ընդլայնելու գործընթացը: Կարթագենացիներն սկսում են նրանց դեմ պայքարել, որը տևում է գրեթե հարյուր տարի (394 - 306) և, որոշակի տատանումներով հանդերձ, հաղթանակի նժարը թեքվում է կարթագենացիների կողմը, որն արդեն կանգ չէր առնում ոչնչի առաջ, որպեսզի իր լիակատար առևտրային գերիշխանությունը հաստատի Միջերկրական ծովի արևմտյան հատվածի վրա: Կարթագենում պետական կառավարումն իրականացրել է ավագների խորհուրդը, որը բաղկացած է եղել երկու թագավորներից ու 28 այլ անդամներից: Նրանք բոլորն ամեն տարի ընտրվել են, իսկ թագավորները սովորաբար գերագույն դատավորի պարտականություն են կատարել: Ավագների խորհուրդը երկրի զորքերի գերագույն հրամանատարին ընտրել է անորոշ ժամանակով, և նա մեծ լիազորություններ է ունեցել: (շարունակելի) |