ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Հրեաներն ինչպես են հայ դարձել (նախորդի շարունակությունը)
20:18, 04.09.2018
8089 | 0

Մ.թ.ա. չորրորդ դարում Արմավիրում հրեական մեծ համայնք է եղել: Երվանդ 4-րդ թագավորի ժամանակ Արմավիրի հայերը վերաբնակեցվում են նոր մայրաքաղաքում` Երվանդաշատում, իսկ Արտաշես Առաջինի գահակալության տարիներին կառուցվում է նոր մայրաքաղաքը` Արտաշատը, որտեղ բնակեցվում են նախկին մայրաքաղաք տեղափոխված հրեաները:

Հրեաներին Հայաստանում վերաբնակեցնելու քաղաքականությունը շարունակվում է նաև Տիգրան Երկրորդի գահակալության շրջանում: Ինչպես հաղորդում է պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցին, Տիգրանը տիրում է Պաղեստինին և բազմաթիվ հրեաներ է գերեվարում: Հետագայում ևս, երբ նա ստիպված է լինում հեռանալ Պաղեստինից, 10 հազար հրեա է տանում Հայաստան ու նրանց բնակեցնում է Արմավիր մայրաքաղաքում ու Քասախ գետի ափին գտնվող Վարդգեսավան բնակավայրում: Հրեաստանից Հայաստան քշված հրեական ընտանիքները բնակեցվում են նաև Երվանդաշատում, Վանում Նախիջևանում և մի քանի այլ քաղաքներում:

Տիգրանի վերաբնակեցրած հրեաների առաջին ալիքը ժամանակին քրիստոնեություն է ընդունում, իսկ երկրորդ ալիքը, որը կազմակերպել էր Արտավազդ 2-րդը` նրանց բնակեցնելով Վանում, հետագայում էլ շարունակում են հուդայականություն դավանել:

Հայոց թագավորները զարկ են տալիս քաղաքների կառուցմանը, և հրեաները հարկավոր էին դրանց զարգացման համար, քանի որ նրանք քաղաքային կյանքի հմտություններ ունեին: Արդյունքում հրեաների թվաքանակը Հայաստանում աճում է, որոշ քաղաքներում նրանք կազմում են դրանց բնակչության կեսը: Հայաստանի հրեաները զարգացնում են առևտուրն ու արհեստները: Ազգությամբ հրեա պատմագիր Հովսեփիոս Փլավիոսը, երբ Հռոմի կայսեր կնոջ ընդունելությանն էր արժանացել, վերջինիս այն հարցին, թե ինչ գիտի Հայաստանի մասին, պատասխանել է. «Հրեաներն Հայաստանում լավ են ապրում»: Այդ ժամանակաշրջանում Հայաստանի քաղաքները հելլենիստական նկարագիր են ունեցել ու համեմատաբար ինքնավար են եղել: Իշխանությունները չեն խոչընդոտել տարբեր դավանանքի մարդկանց ազատ տեղաշարժին, որը նպաստել է առևտրով ու արհեստներով զբաղվող հրեական համայնքի բարեկեցությանը:

Տիգրան 2-րդի ժամանակ, ինչպես գիտեք, Մեծ Հայքը դարձավ Պաղեստինից մինչև Կասպից ծով տարածված մեծ պետություն, բայց նրան հռոմեացիները նրան ստիպեցին հրաժարվել բոլոր նվաճումներից: Հետագայում Հայաստանը դարձավ բուֆերային պետություն Պարսկաստանի և Հռոմի միջև, իսկ ավելի ուշ (մ.թ. 3-րդ – 4-րդ դարերում)` Հռոմի և Սասանյան Պարսկաստանի միջև:

387 թվականին Մեծ Հայքը բաժանվում է . արևմտյան մասը միացվում է Հռոմին, իսկ հիմնական մասը` Պարսկաստանին: Երկրի կայունությունն ու զարգացումը կանգ է առնում, երբ շատ Շապուհ 2-րդի գահակալության ժամանակ հազարավոր հայեր ու հրեաներ Հայաստանից տարվում են Պարսկաստան: Այդ ժամանակաշրջանում հրեաների թվաքանակի մասին տեղեկացրել է Փավստոս Բուզանդը: Ըստ նրա` Հայաստանից Պարսկաստան է քշվել 83 հազար տուն հրեա երկրի վեց քաղաքներից: Նա գրում է.

«Առան (պարսիկները) Երվանդաշատ մեծ քաղաքն էլ. այստեղից դուրս բերին քսան հազար տուն հայ և երեսուն հազար տուն հրեա, իսկ քաղաքը հիմնահատակ կործանեցին: Հետո առան Բագրևանդի Զարեհավան քաղաքը, այնտեղից էլ գերի վերցրին հինգ հազար տուն հայ և ութ հազար տուն հրեա և քաղաքը հիմնիվեր կործանեցին: Առան նաև Զարիշատ մեծ քաղաքը Աղիհովիտ գավառում (գերի վերցրին) տասնչորս հազար տուն հրեա և տասը հազար տուն հայ և այն էլ հիմնահատակ կործանեցին: Առան նաև Վան ամուր քաղաքը Տողբ գավառում, կրակ տվին այրեցին, հիմքերը քանդեցին, այնտեղից էլ դուրս բերին հինգ հազար տուն հայ և տասնութ հազար տուն հրեա:

Տիգրան մեծ թագավորը այս բոլոր հրեությունը իր դարում բերեց բնակեցրեց Հայաստանի քաղաքներում: Իսկ այս ժամանակ (պարսիկները) ավերեցին այդ քաղաքները, նրանց բնակիչներին գերեցին, նրանց հետ միասին Հայոց ամբողջ աշխարհն ու գավառները: Դուրս բերին գերիներ զանազան գավառներից, կողմերից, ձորագավառներից, աշխարհներից, հավաքեցին բերին Նախճավան քաղաքը, որ իրենց զորքերի բնակատեղն էր: Այս քաղաքն էլ առան, քանդեցին, այնտեղից էլ հանեցին երկու հազար տուն հայ և տասնվեց հազար տուն հրեա ու մյուս գերիների հետ տարան»:

Նշանավոր պատմագետ Հակոբ Մանանդյանը գրում է, թե «կասկած չի հարուցում, որ հրեաներն ու ասորիները…կազմել են Հայաստանի քաղաքային բնակչության զգալի մասը»: Հրեաների գաղթեցումը Հայաստանից նկարագրել է վիպասան Րաֆֆին: Նրա «Սամվել» պատմավեպի մի ամբողջ գլուխ նվիրված Հայաստանից Պարսկաստան հրեաների գաղթեցմանը: Ահա մի հատված այդ վեպից.

«Գերեվարվածներին ոչ մի ծածկ չէին տրամադրում, և նրանք պառկում էին բաց երկնքի տակ` հենց չոր գետնին` ցերեկը տառապելով կիզիչ արևից, իսկ գիշերը` ցրտից: Նրանց մեջ կային հայեր և հրեաներ, որոնց մեծ մասը քրիստոնեություն էր ընդունել դեռևս Գրիգոր Լուսավորիչի ժամանակ…Այդ հրեաներին Տիգրան 2-րդ թագավորի ժամանակ գերել էին, ու նրանց Հայաստանում վերաբնակեցրել էր Բարզաֆրան Ռշտունին: Տիգրանի այս քաջարի զորավարը նրանց բնակեցնում է պատերազմից հետո ամայացած քաղաքներում ու իր երկրի բնակչությունը համալրում է գործարար ու խելացի ժողովրդով»:

Հենց այս ժամանակաշրջանին է վերաբերում Թալմուդում հիշատակվող հայաստանցի իմաստուն Հակոբը, բացի այդ հիշատակվում է նաև Հայաստանի Նիզբիս քաղաքում գործող «իեշիվա» -յի (Թորայի ուսուցման դպրոց) մասին:

1603 թվականի նոյեմբերին Պարսից արքա Շահ Աբբաս Առաջինը հրամայում է Արևելյան Հայաստանի ամբողջ բնակչությանը տեղահանել և քշել Պարսկաստան, որպեսզի օսմանյան զորքերը ամայի, մարդազուրկ երկրում հայտնվելով` դադարեցնեն առաջխաղացումը: Ինչպես վկայում է պատմիչ Առաքել Դավրիժեցին, տեղահանվածների մեջ կային նաև մեծ քանակությամբ հրեաներ: Պատմիչը համակրանքով է խոսում պարսկական գերության մեջ հայտնված հրեաների մասին:

Հուդայականությանը հավատարիմ հրեաներին քշում են Պարսկաստան, իսկ քրիստոնեություն ընդունածները հայանում են:


Նկարում.
հրեաների Դավիթ թագավորի խորհրդանշանը կրող այս տապանաքարը Մարտունու շրջանի Զոլաքար գյուղի գերեզմանոցում է:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
169 | 0
դեպի վեր