ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Արմեն Աշոտյանի «Արևելյան Հայաստանը»՝ հանրային քննարկման թեմա
21.01.2014
Հունվարի 17-ին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրառել էր. «Կարծում եմ, որ առավել ճիշտ կլիներ Հայկական բարձրավանդակի այս հատվածի վրա կառուցվող պետության անունը դնել Արևելյան Հայաստանի Հանրապետություն»:

Այս առաջարկս հնչեցրել եմ դեռևս 2005 թվականին Ազգային Ժողովում, կրկին Սահմանադրական փոփոխությունների փաթեթի քննարկման ընթացքում:

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը մոտենում է»:
Նախարարի առաջարկը հասարակության տարբեր շերտերում քննարկումների թեմա է դարձել:
Արմեն Աշոտյան
Ես տվել եմ առաջարկություն հանրային քննարկման համար, շատ շնորհակալ եմ. առաջարկս շատ բուռն քննարկումներ ու արձագանքներ է ստացել: Ես շնորհակալ եմ, որ քննարկումները ծավալվել են, դա նշանակում է, որ իմ առաջարկը հետաքրքրական է: Անկախ դրական կամ բացասական արձագանքներից` այն մտորելու, քաղաքական ենթատեքստերը վերաիմաստավորելու, պատմությունը վերաարժեվորելու, Ցեղասպանության 100-ամյակին մեր քայլերի հաջորդականությունը, ուժգնությունը վերաիմաստավորելու հնարավորություն է տալիս:
«Պանորամա.am»
Սուրեն Սուրենյանց, քաղաքագետ
Միանգամից ասեմ, որ դեմ եմ Արմենի առաջարկին։
Պատմական արդարությունը քաղաքական կատեգորիա չէ, առավել ևս՝ չի կարող կանխորոշիչ դառնալ հեռանկարի համար։
Պետության այսօրվա անունը որևէ կերպ հակասության մեջ չի մտնում հայրենասիրության պատկերացման հետ։
Եվ, վերջապես, պահանջատիրությունն ընկած չէ Հայաստանի իշխանությունների քաղաքականության հիմքում, ու սխալ կլինի դրա արտացոլումը պետության անվան մեջ։
Այս առաջարկի ռեալիզացիան շոշափելի արդյունք չի ունենալու, բայց ավելի է բարդութավորելու մեր հասարակությանը՝ խորացնելով պետության չկայացվածության, կիսատության մասին առկա պատկերացումները։
Էլ չեմ խոսում միջազգային կանխատեսելի բացասական արձագանքի մասին։
Սամվել Կարապետյան, հուշարձանագետ
Արևելյան Հայաստանի անքակտելի մասերն են Նախիջևանը, Սուրմալուի գավառը, Կարսի մարզը, Մակուի, Խոյի, Սալմաստի, Ղարադաղի գավառները, Հյուսիսային Արցախը, Գուգարքի` ՀՀ-ին սահմանակից վրաստանյան շրջանները, միասին` շուրջ 60.000 քկմ, ուստի ներկա ՀՀ-ն Արևելյան Հայաստանի 1/3-րդ մասն է կազմում և հետևաբար հարկ չկա տուրք տալ ինքնախաբեությանն ու կեղծ գոյընթացին:
Կիրո Մանոյան, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն
Արմեն Աշոտյանից առաջ, 1990թ. օգոստոսին, երբ Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդում քննարկվում էր Հայաստանի անկախության մասին հռչակագրի բովանդակությունը, պատգամավոր Սեյրան Բաղդասարյանն այդ հարցը բարձրացրեց` նույն հիմնավորումով։ Այն ժամանակվա ԳԽ մեծամասնությունը մերժեց այդ առաջարկը. արդյունքում՝ ունենք 1990թ. օգոստոսի 23-ին որդեգրված Հայաստանի անկախության մասին հռչակագիրը։ Այդ հռչակագիրը հիմքն է հանդիսանում ՀՀ Սահմանադրության. ՀՀ Սահմանադրությունը կարելի է բարեփոխել, Անկախության մասին հռչակագիրը՝ ոչ։
Այսպիսով, անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը հռչակած Հայաստանի Հանրապետությունը հանձն է առել «համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում» «իր պատասխանատվությունը»։
Հետևաբար, պրն Աշոտյանի առաջարկը կարող է ենթադրել ու մեկնաբանվել որպես այդ պատասխանատվությունից Հայաստանի Հանրապետության խուսափում։ Եթե պրն Աշոտյանի նպատակը «պատմական արդարության վերակագնման, հայրենատիրության և պահանջատիրության» հարցերն են, ապա մինչև Սահմանադրական բարեփոխումները, դա կարելի է դրսևորել Հայաստան-Թուրքիա արձանագրություններից ՀՀ կողմից ստորագրությունները հետ կանչելով, Հայաստան-Թուրքիա սահմանի մասին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920թ. նոյեմբերի 22-ի իրավարար վճիռը հռչակելով որպես ՀՀ-Թուրքիա իրավական սահման. այդ վճռի իրագործումը դարձնելով պետական նպատակ, և այլն։ Իսկ սահմանադրական բարեփոխումներում, կարելի է Սահմանադրության ներածական պարբերությունում կատարել հետևյալ հավելումը. «ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, իբրև իրավաժառանգորդը 1918թ. մայիսի 28-ին հռչակված Հայաստանի Հանրապետության՝ վերականգնելու համար 1920թ. նոյեմբերի 22-ի իրավարար վճռով ճշտված իր տարածքային ամբողջականությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»:

Պետության անվանափոխությամբ «պատմական արդարության վերակագնման, հայրենատիրության և պահանջատիրության» կեցվածք դրսևորելու մոտեցումը ժամանակավրեպ է. հատկապես, երբ առկա է նաև պատմական Արևելյան Հայաստանին մաս կազմած Արցախի անկախ Հանրապետությունը։
Գագիկ Գորգինյան, ֆեյսբուքյան օգտատեր
Առաջարկը հետաքրքիր է, բայց անհիմն ու անընդունելի: Ինչո՞ւ:
Այսպես. Ա. Աշոտյանն առաջարկում է քննարկել մեր պետության վերանվանման հարցը պատմական արդարության վերակագնման, հայրենատիրության և պահանջատիրության դիտանկյունից: Կարծում եմ՝ շատերը, այդ թվում՝ հենց Ա. Աշոտյանը, համամիտ կլինեն, որ անվանափոխումներով պատմական արդարության վերակագնման, հայրենատիրության և պահանջատիրության հարցեր չեն լուծվում: Եթե լուծվեին, կարելի էր միանգամից վերանվանել Մեծ Հայք:
Խնդիրն այն է, որ մեր պահանջատիրության իրավական հիմքը ԱՄՆ պրեզիդենտ Վ. Վիլսոնի 1920 նոյեմբերի 22-ի հայտնի իրավարար վճիռն է, որը պարտադիր է, անբեկանելի, անժամանցելի: Հետևաբար, անհրաժեշտ է մշակել Հայ Դատի հայեցակարգ: Անհրաժեշտ է վարել ինքնիշխան պետությանը բնորոշ արտաքին քաղաքականություն՝ հիմնովին հրաժարվելով փաստացի վարվող հորթի դիվանագիտությունից:
Վերջապես, անհրաժեշտ է անհապաղ չեղյալ հայտարարել 2009թ. հոկտեմբերի 10-ին միջազգային ճնշումների արդյունքում պաշտոնական Երևանի վզին փաթաթված և հայ ժողովրդի կամքին հակառակ ստորագրված՝ ցյուրիխյան՝ հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունները. դրանցում ամրագրված են հայոց պետականության հիմնարար սկզբունքներին ու համազգային նպատակներին կոպտորեն հակասող դրույթներ, որոնք այլ կերպ կոչվում են թուրքական հիմնական նախապայմաններ:
Ի դեպ, հուսով եմ՝ Ա. Աշոտյանը ծանոթ է ՀՀ Սահմանադրության նախաբանի և Հայաստանի Անկախության հռչակագրի դրույթներին, որտեղ «պատմական արդարության վերակագնման, հայրենատիրության և պահանջատիրության» մասին վաղուց ամրագրված է: ԱՄՐԱԳՐՎԱԾՆ ԻՐԱԳՈՐԾՈ՛Ղ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ: ԲԱՅՑ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՔԱՆ ՀԵՌՈՒ ՄՆԱ ՀԱՅ ԴԱՏԻՑ, ԱՅՆՔԱՆ ՕԳՏԱԿԱՐ ԿԼԻՆԻ, ՔԱՆԶԻ 2009-ԻՑ Ի ՎԵՐ ՎԱՐՎՈՂ ՀՈՐԹԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼ ԲԱՆ ՉԻ ԱՊԱՑՈՒՑՈՒՄ:
ԻՍԿ ՀԱՅ ԴԱՏԸ ԼՈՒԾՎԵԼՈՒ Է՝ ՎԱՂ ԹԵ ՈՒՇ:
Գարուշ Պարոնյան, ֆեյսբուքյան օգտատեր
Հանրապետակաների այս առաջարկը այլ նպատակ է հետապնդում, պահանջ ներկայացնել սամանադրական փոփոխություներ կատարելու նպատակով, նպատակը այլ կետի փոխելն է:
Էդիկ Մինասյան, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան
Արևելյան Հայաստանի մի մասն էլ հայերիս համար կորսված է: Այլ կերպ ասած, տրամաբանական տեսանկյունից մենք համաձայն կլինեինք, եթե Արևելյան Հայաստանն ամբողջությամբ մերը լիներ, մենք նոր պահանջատիրություն կներկայացնեինք: Բայց Հայաստանի Հանրապետությունն էլ պահանջատեր կարող է լինել ցանկացած պահի:
«Թերթ.am»
Աշոտ Մելքոնյան, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն
Մենք պետք է կշռադատենք. վերանվանելով՝ այսօր մենք հայտ ենք ներկայացնում Արևմտյան Հայաստանի նկատմա՞մբ: Այսինքն՝ այդ քայլը պետք է ունենա տրամաբանական շարունակություն: Արմեն Աշոտյանի առաջարկը հայրենասիրական պոռթկում է, որը հետագա գործողությունների առումով անհասկանալի է՝ հիմնավորվա՞ծ է, թե՞` ոչ:
«Թերթ.am»
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր