ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Ռուս-ուկրաինական պայքարը Ղրիմի թերակղզու համար
04.03.2014
Այս օրերին ողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է ռուս-ուկրաինական իրադարձությունների վրա: Նախկինում եղբայրական երկու երկրների միջև Ուկրաինային պատկանող Ղրիմի թերակղզին դարձել է կռվախնձոր: Շաբաթ օրը Ռուսաստանը հայտարարել էր Ղրիմ զորք մտցնելու մասին, ինչին ուկրաինական կողմը պատասխանել էր, որ իր տարածքային ամբողջականությունը պահպանելու համար երկրում ռազմական իրադրություն է հայտարարում: Հակամարտությունը այժմ դիվանագիտական հարթակում է գտնվում, միջազգային կառույցներն ու արևմտյան գերտերությունները սպառնում են Ուկրաինայի վրա հարձակվելու դեպքում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ:
Սերգեյ Շաքարյանց, քաղաքագետ
Ուկրաինայում բնակչության մեկ երրորդը ռուսներ են, որոնց «նացիստները» փորձում են ճնշումների ենթարկել: Ինչ վերաբերում է Ղրիմի ինքնավար հանրապետությանը, ապա պատմանականորեն այն միշտ էլ ինքնավար տարածք է եղել: Ռուս-թուրքական պատերազմի արդյունքում Ղրիմի խանի պարտությունից հետո այն անցավ Ռուսաստանին, որը բոլշևիկների ժամանակ տրված «նվերներից» է: Ինչպես ժամանակին Արցախը և Նախիջևանը նվիրվեց Ադրբեջանին, այնպես էլ Ղրիմը՝ ուկրաինացիներին: Իմ կարծիքով Ղրիմը, Արցախի նման, պետք է լինի անկախ հանրապետություն, կամ միանա Ռուսաստանին, քանի որ այն Խրուշչովի ժամանակ ապօրինաբար է նվիրվել Ուկրաինային: Իսկ եթե այսօր Ուկրաինայում ռուսազգի 15 միլիոն մարդու իրավունք է ոտնահարվում, ուրեմն Ռուսաստանն իրավունք ունի պաշտպանելու իր ազգին: Ուկրաինան Ադրբեջանի նման արհեստականորեն ստեղծված պետություն չէ և Ռուսաստանի միջամտությունը ոչ միայն տեղին է, այլև՝ մեղմ:
Լեոնիդ Կովչուկ, Ուկրաինայի առաջին նախագահ
Ոչ մի ռուս չի զոհվել, ինչպես իրենք են ասում, ուկրաինացի ազգայնականների՝ բենդերների կողմից: Այդպիսի փաստեր չկան: Սակայն կան ուրիշ փաստեր. այսօր Ղրիմը փաստացի գրավված է ռուսական զորքերի կողմից, որոնք արգելափակել են մեր ռազմական տարածքները, գրավել են «Բելբեկ» օդանավակայանը, Գերագույն խորհրդի և Նախարարների խորհրդի շենքերը: Այսօր Ղրիմն ապրում է ռուսական ռազմածովային ուժերի հսկողության ներքո: Նրանք դուրս են եկել իրենց բազայի սահամաններից ու գրավել թերակղզին, սա փաստացիորեն տարածքի բռնազավթում է: Մեր երկու ազգերի մեջ չպետք է պատերազմ լինի: Մի՞թե Ռուսաստանը չի հասկանում, որ վերածվում է ագրեսորի, իսկ Պուտինը՝ ագրեսիայի նախաձեռնողի: Սա ի՞նչ է, երրորդ համաշխարհային պատերազմի սկի՞զբ…. Իմ նախապապն ու պապը պայքարել են Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Ռուսաստանի հետ միասին և կայսերական պարգևների արժանացել: Ես 80 տարեկան եմ, բայց զենք կվերցնեմ, որ պաշտպանեմ հայրենիքս: Ամեն մի քաղաքացի կպաշտպանի իր հայրենիքը՝ ինչպես իր տունը:

Ղրիմում կանայք և երեխաները դուրս են եկել, որ կանգնեն զինվորների միջև: Մենք ունենք Չեչնիայի փորձը. քանի խաղաղ բնակիչ զոհվեց այնտեղ…Մարտի ժամանակ զոհվում են ոչ միայն զինվորականները, որոնց մասնագիտական պարտքը մահանալն է, այլ ծերունիները, կանայք, երեխաները…Ի՞նչ է, նրանք պետք է մեռնե՞ն մի շիզոֆրենիկի կամքով:
Բոգուսլավ Սոբոտկա, Չեխիայի վարչապետ
Ղրիմում ընթացող իրադարձությունները միջազգային իրավունքի և Ուկրաինայի ինքնիշխանության կոպիտ խախտում են: Մենք կարծում ենք, որ ստեղծված իրադրությունից պետք է դուրս գալ միայն դիվանագիտական ճանապարհով: Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խախտելու բոլոր փորձերը անընդունելի են: Երկրի ճակատագիրը պետք է որոշեն ոչ թե Ռուսաստանը կամ Եվրոմիությունը, այլ ուկրաինացիները՝ ընտրությունների ճանապարհով:
Ալեքսանդր Տուրչինով, Ուկրաինայի ժամանակավոր նախագահ
Մենք Ռուսաստանի գործողությունները որակում ենք որպես մեր երկրի ինքնիշխանությանն ուղղված ագրեսիա: Ուկրաինան հույսը դնում է իր ռազմավարական գործընկերների աջակցության վրա
Արսեն Ավակով, Ուկրաինայի ՆԳՆ նախարար
Ղրիմի ողջ տարածքով մեկ տեղակայված ներքին զորքեր են ժամանում ՌԴ զինվորական պաշտոնյաներ՝ առաջարկելով ընդունել ռուսական քաղաքացիությունն ու անհապաղ ստանալ այդ երկրի անձնագիրը։ Առաջարկը հիմնականում ուղղվում է զորքերի միջին ու բարձրագույն սպայական կազմին։ Նման 5 դեպք է գրանցվել, 5–ի պարագայում էլ էմիսարները վռնդվել են։

ՌԴ զինված ուժերի խմբերը նշել են, որ իրենց ժամանման նպատակը ուկրաինական զինուժին «էքստրեմիստներից» պաշտպանելն է։ Նրանք խնդրել են գիշերել, օգտվել ջրից և զուգարանից, քանի որ ուղարկման որոշումն «արագ է կայացվել» և «նորմալ պայմաններ» չունեն։ ՌԴ զինվորականներին ասվել է, որ ուկրաինական զինուժը «էքստրեմիստներից պաշտպանության» կարիք չունի։ Նրանց զգուշացվել է, որ զինվորական տարածքի ապօրինի ներթափանցման պարագայում ի պատասխան մարտական զենք կկիրառվի։

Ղրիմի տարածքում չկան ուկրաինական բանակի կամ ներքին գործերի ստորաբաժանումներ, որոնք «սպառնում են ՌԴ քաղաքացիներին» կամ «ռուսալեզու բնակչությանը»։ Չկան Մայդանի ինքնապաշտպանական ջոկատներ։ Ղրիմի ապակայունությունը ունի աղբյուր և հրահրող՝ որը գտնվում է Ռուսաստանում:

Ուկրիանական զորքերի վրա հարձակման դեպքում ողջ պատասխանատվությունը կկրի սադրող կողմը։ Իսկ Ղրիմում իրավիճակն ապակայունացնելու փորձերը գալիս են հենց Ռուսաստանից:
Վլադիմիր Պուտին, ՌԴ նախագահ
Արևմուտքը հաճախ է որակում մեր գործողությունները որպես անօրինական, բայց եկեք նայենք ԱՄՆ-ի գործողություններին Աֆղանստանում, Իրաքում և Լիբիայում: Մեր գործողությունները միջազգային իրավունքի տեսանկյունից լիովին օրինական և արդարացված են, քանի որ Ուկրաինայի օրինական և գործող նախագահն է մեզնից օգնություն խնդրել: Այդ մարդկանց պաշտպանելը հումանիտար օգնության պես մի բան է մեր երկրի կողմից, և մենք չենք պատրաստվում ստրկացնել ոչ մեկին: Իսկ նրանք, ովքեր մտածում են պատժամիջոցներ կիրառելու մասին, պետք է մտածեն նաև հետևանքների մասին, քանի որ վստահ կարող եմ ասել, որ այդ դեպքում վնասները երկկողմ բնույթ են կրելու:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր