ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Հայ երեխաների օտարալեզու անունները
05.03.2014
Հայերը աշխարհի այն եզակի ազգերից են, որոնք իրենց երեխաներին շատ հաճախ կոչում են օտար անուններով: Ծնողների մի ստվար զանգված տուրք է տալիս նորաձևությանը՝ մտածելով, որ եվրոպական անուն ունենալով՝ իրենց երեխան շրջապատում ավելի հարգված կինի: Մի մասն էլ երեխային նախընտրում է անվանակոչել իր ծնողների պատվին, և եթե ծնողի անունը օտարալեզու է, ապա երեխայի անունն էլ, բնականաբար, օտարալեզու է:
Գառնիկ Ասատրյան, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Զուտ հայկական անձնանուններ (ուշ նորակազմությունները նկատի չառնելով) քիչ ունենք՝ Արեգ, Արա, Արփի, Արմենակ, Հայկ, Գյուտ, Հրանտ, Աստղիկ, Եզնիկ, Գառնիկ, Ծովինար ևլն: Հայոց անձնանունների մեծ մասը գալիս է իրանական, աստվածաշնչյան և հունահռոմեական միջավայրից՝ Արբակ, Արշակ, Արտավազդ, Համազասպ, Տիգրան, Տրդատ, Գոռ, Բաբկեն, Գուրգեն, Պապ, Նվեր, Դրաստամատ, Վարդան, Երվանդ, Զավեն, Վազգեն, Արտաշես, Արտավազդ, Արամազդ, Վահագն, Սուրեն, Պարույր, Վրույր, Շահեն, Վարուժան, Մերուժան, Միհրան, Անահիտ, Աշխեն, Նվարդ, Փառանձեմ, Ասպրամ, Հասմիկ, Անուշ, Հովհաննես, Աբրահամ, Իսահակ, Հակոբ, Սահակ, Հովսեփ, Սերոբ, Քերովբե, Սեդրակ, Սողոմոն, Մարիամ, Եղիշե, Գրիգոր, Գևորգ, Ղևոնդ, Սիմոն, Աղեքսանդր (Ալեքսանդր), Անդրեաս, Մարտիրոս, Կիրակոս, Պողոս, Պետրոս, Ղուկաս, Հեղինե ևլն: Սա, իհարկե, ծագումնաբանական դասակարգում է, այսինքն երբ մենք անձնանունները դիտում ենք դրանց ստուգաբանության տեսանկյունից: Սակայն այս կատեգորիայի բառերը, ըստ էության, նշաններ են, որոնք՝ ինչպես ամեն մի նշան, տարբերակիչ հատկություն ունեն, առարկան կոչելու միջոց են: Հենց դա է պատճառը, որ անձնանունը ինչպիսի ծագում էլ ունենա, ինչ էլ սկզբնապես նշանակի, ստեղծվելուց հետո կորցնում է իր նախնական իմաստը և վերածվում մերկ սիմվոլի. անվան ստուգաբանական կողմը դառնում է երկրորդական և անկարևոր՝ իհարկե, քննարկվող խնդրի առումով միայն: Առհասարակ անվանակոչության պրոցեսը (անունների առաջացման կանոնների մասին չէ խոսքը), ունի իր օրինաչափությունները, որոնցից առավել կարևորներն են՝ 1) պատմական և հայտնի անձանց ու առասպելական անունների օգտագործումը (օրինակ՝ Տիգրան, Վարդան, Անդրանիկ, Վահագն, ևն), 2) դրական բնութագրումներ և «խոսուն» անուններ (ինչպես՝ Սիրուն, Գեղեցիկ, Երջանիկ, Աստվածատուր (Ասատուր), Պերճ, Կայծակ, Փայլակ, Ժիրայր, Քաջայր, Խաժակ, Մարգարիտ, Անգին, Հերիք, Բավական, Մեղմիկ, Համեստ, Քնքուշ ևն), և 3) բացասական բնութագրումներ, որոնք միտված են հեռու պահելու նորածնին «չար աչքից» և դևերից (ինչպես՝ Վազգեն, որը ծագում է պահլավերեն Վազաղեն «գորտի նման, գորտի տեսք ունեցող, տգեղ» ձևից): Վերջին սկզբունքով է կազմված նաև Զրադաշտ մարգարեի անունը, որը նշանակում է «ծեր ուղտերի տեր»: Այս կանոնով հայկական օնոմաստիկոնի բնիկ շերտում, ինչքան ինձ հայտնի է, որևէ օրինակ չի վկայված: Սակայն կարելի է արձանագրել այս սկզբունքի մի այլ դրսևորում հայոց անվանացանկում. դա «մուսուլմանական» անունների օգտագործումն է` այն մտայնությամբ, որ դրանք, իբր, «չար աչքից» ու այլ փորձանքներից հեռու են պահելու երեխային: Մինչև վերջերս տարածում ունեցող Աթաբեկ, Ամիրխան, Ամիրբեկ, Բալաբեկ, Քյարամ, Խանչալբեկ, Ջալալ, Ջավադ, Գյուլբուդաղ, Մուրադ, Ջուլֆուկար, Ասլան, Իգիթ, Ջիվան, Ջհանգիր, Սարդար, Խաթուն, Խանում, Մուշկինազ, Խաթայի, Ֆաթմա, Դիլբար ևն անունները հենց այս տրամաբանությամբ են տրված:

Ազգային սեփական անձանվանական համակարգը յուրաքանչյուր հանրույթի ազգային մշակույթի բաղկացուցիչ մասն է կազմում: Իսկ ազգային են համարվում պատմամշակութային, կրոնական, քաղաքակրթական և, անգամ, աշխարհայացքային լիցք պարունակող անձնանունները: Այլ կերպ ասած, ազգային են միայն այն անձնանունները, որոնք արդեն իսկ սրբագործվել են տվյալ ժողովրդի պատմամշակութային ավանդությամբ՝ անկախ դրանց ծագման: Օրինակ՝ Արա, Տիգրան, Վարդան, Վռամշապուհ, Սահակ, Եզնիկ, Գրիգոր, Մուշեղ, Արիստակես, Աշոտ, Սմբատ, Շահամիր, Իսրայել, Ներսես, Անդրանիկ, Դրաստամատ, Նժդեհ, Սերոբ, Հայրիկ, Սարգիս, Հակոբ, Մարիամ, Անահիտ, Աստղիկ, Փառանձեմ անունները նախ և առաջ կապվում են Արա Գեղեցիկի, Տիգրան Մեծի, Վարդան Մամիկոնյանի, Վռամշապուհ արքայի, Սահակ Պարթևի, Եզնիկ Կողբացու, Գրիգոր Լուսավորչի, Արիստակես կաթողիկոսի (նաև՝ Արիստակես Լաստիվերտցու), Մուշեղ Մամիկոնյանի, Աշոտ Երկաթի, Սմբատ Բագրատունու, Շահամիր Շահամիրյանի, Իսրայել Օրու, Ներսես Աշտարակեցու (նաև Ներսես Արքեպիսկոպոս Մելիք Թանգյանի), Անդրանիկ Զորավարի, Դրաստամատ Կանայանի, Գարեգին Նժդեհի, Սերոբ Աղբյուրի, Խրիմյան Հայրիկի, Սբ. Սարգսի, Սբ. Հակոբի (նաև Հակոբ Մեղապարտի), Աստվածամոր, Անահիտ աստվածուհու, Աստղիկ դիցուհու, Փառանձեմ թագուհու կերպարների հետ: Դրանք այլևս սրբացված անուններ են՝ թեկուզ և դրանցից միայն Արան, Եզնիկը, Հայրիկը, Աստղիկն ու, թերևս, Անդրանիկն են հայկական ծագման:

Ընդհանրապես անունները հաճախ կանոնիկ են դառնում այն կրող անձանց պատմական դերի շնորհիվ: Օրինակ, չի բացառվում, ասենք, որ Վիկտորը ժամանակի ընթացքում դառնա ազգային օնոմաստիկոնի մաս, որովհետև այն եղել է ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անունը:
Այսպիսով, հայկական անձնանունների համակարգ (օնոմաստիկոն) ասելով, պետք է ի նկատի ունենալ այն բոլոր անունները, որոնք ունեն պատմական հիմնավորում և վկայված են 5-20-րդ դարի սկիզբը ընդգրկող ժամանակաշրջանի հայ իրականության մեջ: Ճիշտ է, դեռևս 19-րդ դարի վերջից ի հայտ են գալիս հնարովի անուններ (ինչպես՝ Շաքե, Կարինե, Արմինե, Լուսինե, ևլն, որոնք այսօր էլ օգտագործվում են), սակայն դրանք որակ չեն կազմել և շոշափելի տարածում չեն ունեցել: Հայկական ազգային անձնանունների կորպուսի մեջ պետք է ներառել նաև հիմնականում ազգային ազատագրական գործիչների՝ ո (դասական ուղղագրությամբ՝ օ) և ե (դասական ուղղագրությամբ՝ է) վերջավորությամբ կրճատ անունները՝ ինչպես Դրո (Դրաստամատ Կանայան), Արաբո, Սոսե (քրդերեն Սոսըն = հայ. Սուսան, իգական անվան կրճատ ձևը) ևլն: Նման անձնանունները պայմանականորեն ազգային կարելի է համարել, եթե դրանք հիմնավորվում են կոնկրետ պատմական նախակերպարներով (ինչպես նշված անունները): Մեզանում այսօր շատ տարածված ո-ով անունները (հիմնականում շոումենների շրջանում՝ Բղդո, Արամո, Հայկո ևլն), ըստ էության, նորամուծություն են և չեն համապատասխանում մեր ավանդությանը: Հարկ է հիշել, որ նշված ձևույթները քրդերենի կոչական հոլովի վերջավորություններ են՝ ո-ն արական սեռի, ե-ն իգականի համար և խորթ են հայերենի բառակազմական կանոններին: Մանավանդ, երբ իգական սեռի անունը ստանում է արականի վերջավորություն (ինչպես, օրինակ՝ Սիրուշոն, որն օրենքով պետք է լիներ Սիրուշե): Բացառություն կարելի է անել, թերևս, Լորկե իգական անվան կապակցությամբ, որը թեև քրդերեն է (քրդ. լորըկ «լոր» բառի կոչականի իգական ձևը), բայց վկայված է հայերեն ժողովրդական երգերում և ունի ազգային լիցք:

Անվանակոչությունը Հայաստանում

Վստահությամբ կարելի է ասել, որ աշխարհում չկա մի ժողովուրդ, որն այնքան հակում ունենա օտար անունների հանդեպ, որքան հայերը: Դա, կարծես, ի սկզբանե հատուկ է եղել մեր ժողովրդին, թեկուզ հենց այն պատճառով, որ, ինչպես նշվեց, հայոց անձնանունների լոկ չնչին մասն է բնիկ հայկական ծագման: Հայաստանի խորհրդայնացումից հետո հայերը խորհրդային ժողովուրդների մեջ առաջին տեղն էին գրավում, այսպես կոչված, «հեղափոխական» անուններով՝ Մելս (ՄարքսԷնգելսԼենինՍտալին), Մելսիդա, Լենտրոշ (ԼենինՏրոցկիՇահումյան), Պեռվպիտ ( ), Լեկդար («Լսիր, երեխա, կոմունիստ դարձիր»), Դոնարա ( ), Իլյիչ, Սերգո (Սերգո Օրջոնիկիձե), Լավրենտի (Լավրենտի Բերիա), Կիմ և Կիմա ( ), Գերտրուդա ( ), Վիլեն, (Վլադիմիր Իլյիչ Լենին), Մառկլեն (Մառլեն), Կառլեն, Հոկտեմբեր, Օկտրյաբրինա ևլն: Ռուս և այլազգի գրողների, գիտնականների ու քաղաքական գործիչների անունները խորհրդային տարիներին՝ մինչև հետպատերազմյան առաջին տասնամյակները հայերի շրջանում չափազանց հարգի էին՝ Պուշկին, Լեռմոնտ (Լերմոնտով), Չապաև, Կատաև, Ֆրունզե (Ֆրունզիկ), Որոշ (այսինքն՝ Որոշիլով), Բերիա, Վավիլով, Բլյուխեր, Մոլոտով, Կամո, Ջոնռիդ (կամ ուղղակի Ջոն), Նապոլեոն, Ժուլվեռն, Դարվին, Վանցեռտ, Յուգար (Յուրի Գագարին), Գայդար ևն: Լայն տարածում էր ստացել նաև ծնողների անունների առաջին կամ վերջին վանկերի գումարով ստեղծված կեղծ անունները, օրինակ՝ Մելվար (Մելինե+Վարդան), Մարիել (Մարինա + Սամվել) ևն:

1950-ականներին «հեղափոխական» անունները աստիճանաբար իրենց տեղը զիջում են նոր օտարաբանությունների: Վոյնիչի «Բոռի» հայերեն հրատարակությունից հետո՝ Արթուրները ողողում են Հայաստանը այն աստիճան, որ նույնիսկ այսօր Արթուր անունը հայերի շրջանում գերակշռում է անգլիալեզու հանրույթներում այդ անվան շրջանառության ծավալներին (վկայված են նաև Իխտիանդր անունը «Երկկենցաղ մարդը» ֆիլմից, Աելիտան` Ալեքսեյ Տոլստոյի նույնանուն վեպից): Նույնը վերաբերում է նաև Համլետ, Օֆելյա, Էդվարդ, անգամ Դեզդեմոնա անուններին: Իհարկե, էլ չենք խոսում Վոլոդյա, Սաշա, Շուրա, Շուրիկ, Յուրիկ, Սերոժ (Սերյոժա), Ժոռա, Ռոբերտ, Ռոմիկ, Ալբերտ, Վերսանդիկ, Կնյազ, Ժուդեկս, Ժուդիկ, Ռուդիկ, Ռիմա, Լենա, Սվետա, Մարուսյա, Լուսյա, Անժիկ, Ռոզա, Ջուլիկ, Զոյա, Մանյա (Մանիկ), Մելադա, Մելանյա, Նելլի, Նորա, Նինա, Ժենյա, Ֆրիդա, Ժաննա, Աիդա, Էլմիրա, էլինա, Էլվիրա, Էռնա, Ֆենյա, Դիանա, Ադելաիդա, Ադելինա անձնանունների մասին: Արցախում և ընդհանրապես հայոց Արևելից Կողմանց տարածքներում, հիշյալներից զատ, նշանային են դառնում Արկադի, Սլավա (Սլավիկ), Վադիմ (Վադիկ), Անատոլի (Տոլիկ), Վիտալի(կ), Վալերի(կ), Ռադիկ և Վյաչեսլավ անձնանունները: Իսկ վրացահայերի մեջ այս բոլորին գումարվում է նաև վրացական անունների շարքը` Վախթանգ, Նուգզար, Էլգուջա, Նիկո, Թենգիզ, Շալվա, Նինո, Նանի, Նաթելլա, Դարեջան ևլն:

Սակայն հենց 1950-ականների վերջից, երբ լույս է տեսնում Րաֆֆու երկերի լիակատար ժողովածուի առաջին հրատարակությունը, ազգային անունները սկսում են լայն շրջանառության մեջ մտնել: Մանավանդ 1965-ի ազգային զարթոնքի և այդ տարիներին լույս տեսած մի շարք պատմավեպերի ազդեցության ներքո այս երևույթը սկսում է նոր թափ հավաքել: Ստեղծվում են նույնիսկ արհեստական ազգային անուններ՝ Նարեկ, Արծրուն, Գնուն, Նաիրա (Նարա), Նաիրի, Անի. իգական անունների մեջ տեսանելի են դառնում Գոհարը, Զարան (Զարուհի) և Տաթևիկը՝ երգչուհիներ Գոհար Գասպարյանի, Զարուհի Դոլուխանյանի և Տաթևիկ Սազանդարյանի ժողովրդականության շնորհիվ, նաև՝ փոքր ինչ ուշ Լիլիթը՝ Իսահակյանի համանուն պոեմից:

Այսուհանդերձ 1970-ական թվականներից օտար անունները վերստին սկսում են գերակշիռ դիրք գրավել (մինչ այդ էլ, իհարկե, դրանք ասպարեզը լիովին չէին զիջել): Կանանց անունների մեջ հատկապես սկսում են աչքի ընկնել Լիանան և Մարինան: Անգամ Հայաստանի անկախացումը դրությունը չի փոխում: Ընդհակառակը, օտարամետ անվանակոչությունը մեզանում այսօր, կարծես, նորից սկսում է մոդայիկ դառնալ: Այնպիսի օտարոտի և խորթ անուններ, ինչպիսիք Էլեն, Յանա, Մոնիկա, Մարիանա, Մելինե, Քրիստիկ (Քրիստինե), Միլենա, Էրիկ, Ալեն, Հենրի, Մայքլ, Վերոնիկա (գրում են ռ-ով՝ Վեռոնիկա), Նիկա ևլն այլևս կայուն տեղ են զբաղեցնում մեր նորօրյա անվանացանկում:

Անվանակոչությունը իրանահայոց մեջ

Սակայն անվանակոչությունը հայ ժողովրդի որևէ հատվածում երբևէ այնպիսի ողբալի վիճակում չի եղել, ինչպես այսօր իրանահայ համայնքում: Հայտնի փաստ է, որ իրանահայությունը՝ որպես Հայաստանին ամենամոտ համայնքը՝ մի կողմ թողնելով նրա դերը հայ հասարակական-քաղաքական մտքի, հայ մշակույթի զարգացման ասպարեզում, մշտապես աչքի է ընկել ծայրաստիճան պահպանողականությամբ, ազգային գաղափարներին ու քրիստոնեական արժեքներին իր անմնացորդ նվիրվածությամբ: Դա վերաբերում է և ազգային անվանացանկին: Ընդհուպ 1950-ական թվականների սկիզբը իրանահայոց անձնանունների մեջ օտար միավորները հազվագյուտ երևույթ էին: Ազգային անունների ֆոնդը արտահայտվում էր իր ամբողջ ընդգրկումով՝ իհարկե աստվածաշնչյան անունների գերակայությամբ:
1950-ական թվականներից աստիճանաբար սկսում են ի հայտ գալ օտարաբանությունների առաջին նշույլները այս համայնքում: Այդ տարիներին ծնված երեխաների մեջ առանձնանում են Ժոզեֆ, Ժորժիկ, Ջեֆերսոն, Վալոդ, Հենրիկ, Սերժիկ, Սերոժ, Էդիկ, էդո, Էդվարդ, Իգնատիկ, Ալիս, Քլարիս, Անժել, Ժենիկ, Ժուլեթ, Ժանեթ, Օժիկ, Օդեթ, Կատուշ (այսինքն՝ Կատյուշա), Ալենուշ (այսինքն՝ Ալյոնուշկա), Ժիլբերտ (որպես իգական անուն!), Լիլդա, Լիդա անձնանունները: Լայն տարածում է գտնում նաև Վիգեն անձնանունը՝ պարսկահայ երգիչ Վիգեն Տերտերյանի ժողովրդականության հետևանքով: Վերջինս ծագում է լատինական Vincent-ից և մինչ այդ բնորոշ է եղել ավելի շուտ կաթոլիկ հայերին: Իսկ «Քամուց քշվածները» հայտնի ֆիլմի ցուցադրումից հետո իգական անունների շարքում կտրուկ աճում է Սքառլեթ անվան շրջանառությունը: Այս երևույթը բուռն զարգացում է ապրում հետագա տարիներին՝ այնքանով, որ ազգային անվացանկն այսօր իսպառ վերանալու վրա է: Ընդ որում, եթե առաջ օտար անունները գոնե այս կամ այն կերպ ամբողջական տարբերակով էին օգտագործվում (երբեմն փաղաքշական ածանցներով՝ Ժորժիկ, Հենրիկ, Ժենիկ ևլն), այժմ արդեն օտար անունների գլխավորապես կրճատ ձևերն են գերակայություն ստացել՝ միտումնավոր փոփոխություններով և պատահական հավելումներով: Օրինակ՝ Ռոնի, Ռոբի, Միքիա, Լուդիկ, Ադրիկ, Արվին, Ալբա, Վալդեր, Ռուդվիգ, Ռոդրիկ, Առլեն, Ալեքս, Ալեն, Անիթա, Լինետ, Ամանդա, Իմելդա, Ռամոնա, Ռամելլա (և Ռոմելլա), Ջեսի (Ջեսիքա), Մարի (ռ-ով՝ Մառի), Նինելլի, Մինելլի, Բրայան, Փարվիկ, Փանվել (ոչ Մանվել), Էրիկ, Էլին, Սարբեյ (նաև Սարբել), Ռենիա, Իզետ ևլն: Հանդիպում են երբեմն այնպիսի արտառոց օրինակներ, ինչպիսիք Վեսթինգհաուս, Վայթհաուս, Վանասիս անունները: Վկայված են նույնիսկ Յուրիկ և Լարիսա անունները: Իսկ ընդհանրապես զգալի տոկոս են կազմում հնարովի՝ կամայական հնչյունական կոմբինացիաների վրա կերտված կազմությունները: Ծնողները, թվում է, ձգտում են իրենց երեխաներին տալ այնպիսի անուններ, որ մինչ այդ որևէ տեղ չեն հանդիպել: Ի՞նչ արժեն, օրինակ, Ադեն, Շիղա, Սաշե, Անաշե, Արին, Թեդի, Ռոդին, Արադա, Արիգա, Ազիթա, Մինե, Օնայնա, Շարիս, Սյունե, Ալե, Արմի, Արսիս, Ռադնի, Ադրին, Թեդիս, Բոբի, Դոդի, Էդին, Հիլմա, Սերվին, Էմլին, Գիլդա, Հարբիկ, Թիեդրա, Բուրե, Նարվիկ, Սոնի, Ադիկ, Ադեն, Նորա-Նարբիկ ևլն անունները, որոնք, թող ներվի ասել, ավելի շուտ կենդանիների մականուն են հիշեցնում, քան բանական էակի անուն ու, լավագույն դեպքում, կարող են համեմատվել երևանյան տաքսիների ֆիրմային անվանումների հետ: Իսկ հազվագյուտ շրջանառություն ունեցող հատուկենտ, այսպես կոչված, «հայրենասիրական» անունները ևս՝ մի քանի Մհերից, Սասունից, Դրոյից, Կարենից, Անուշից, Դալարից ու Բյուրեղից զատ, կրկին արտառոց ձևով են ի հայտ գալիս: Դրանք մեծ մասամբ տեղանուններ են, գետանուններ կամ պատմական ազգանուններ (երբեմն աղավաղված ձևով), ինչպես՝ Էջմին (Էջմիածին), Վարագա (Վարագ տեղանվան սեռական հոլովի ձևը), Օրբել (Օրբելյան իշխանական տան անունից), նաև՝ Դվին, Փարպի, Օշական, Թալին, Գորիս, Սևան և Սևանա (սեռական ձևը), Արփա, Ուրֆա, Բիայնա, Գառնի, Գեղարդ, Խանասոր ևլն: «Ազգային» անունների մեջ հանդիպում են Արութին (Հարություն անվան թիֆլիսյան արտասանությունը, բայց չկա ոչ մի նորմալ Հարություն!), Նորբերդ, Հայբերդ, Արինբերդ, Արգիշտի, Մենուա, Արքա, Քայլառ, Դուրեկ՝ ընդհանուր առմամբ հնարովի ու ոչ կանոնիկ անձնանունները: Զգալի թիվ են կազմում նաև ո-ով կրճատ անունները՝ Յարո, Փայլո, Լեռնո, Միրո: Վերջին 3-4 տարում Թեհրանի «Ալիք» թերթի հավելվածում տպված իրանահայ գերազանցիկ աշակերտների մոտ 6-7 հարյուր անուն ընդգրկող ցանկերում հիմնականում իշխում են վերոհիշյալ անձնանունները: Չի հանդիպում ո՛չ մի, ընդգծեմ` ո՛չ մի Վարդան, Վաղարշակ, Վարազդատ, Վահրամ, Վարդգես, Վաղինակ, Վահան, Գուրգեն, Բաբկեն, Արշակ, Հովսեփ, Հրանտ, Հակոբ, Հովհաննես (գոնե Հովիկ ձևով լիներ), Հասմիկ, Գոհար, Աշխեն, Անահիտ, Աստղիկ, Շուշան, Նվարդ, Աննա, Փառանձեմ... Հայ ազգային ազատագրական շարժման ակունքների մոտ կանգնած իրանահայության մատաղ սերնդի անձնանունների շարքում չի գրանցված ո՛չ մի Անդրանիկ, ո՛չ մի Սերոբ, ո՛չ մի Գևորգ: Հայ պետականության խորհրդանիշ Տիգրան Մեծի անվան մի օրինակ էլ չենք գտնում այդ ցուցակներում: Բացակայում են Արա (Արայիկ ձևով երկու վկայություն կա), Արամ և, անգամ, ՀԱՅԿ անունները: Հիրավի, աղետալի վիճակ է: Համայնքում իշխող մտայնությունն այն է, որ, իբր, հայրերի ու պապերի անունները իրենց դարն արդեն ապրել են, և որ նոր ժամանակները պահանջում են անվանական նոր համակարգ: Բայց իրականում ազգային անունները երբեք չեն հնանում. անձնանունը, գինու պես, որքան հին է, այնքան մեծ է դրա արժեքային լիցքը և ազնվական ոգին: Իրականում հայ մարդը երեխայի անունը որոշելիս, նախ և առաջ ի նկատի է առնում դրա արտասանության դյուրությունը օտարների կողմից, իրանահայ համայնքի դեպքում, իհարկե, ամերիկյան միջավայրի համար: Այսպիսով, անունը ինքնըստինքյան ձեռք է բերում աշխարհայացքային բնույթ և դառնում մարդու ճակատագրի կողմնորոշիչ: Նման անունները, ըստ էության, կանխորոշիչ դեր են խաղում դրանց կրողների համար, որոնք, կարծես, ճակատագրով դատապարտվում են ապրել ու մեռնել օտար միջավայրում և ոչ թե հարազատ համայնքում կամ հայրենիքում: Խնդիրը, անգամ, ազգային անունների պարտադրության, և օտարների ի սպառ մերժման մեջ չէ. ի վերջո ներկայիս գլոբալիզացիայի պայմաններում յուրաքանչյուրն իրավունք ունի բանեցնելու իր սեփական ճաշակն ու հակումները` թեկուզ իր երեխայի անվանակոչության դեպքում: Խոսքը նախ և առաջ ԼԻԱՐԺԵՔ անունների մասին է: «Ալիքի» հրատարակած ցուցակներում ինձ սարսափեցրել է ոչ թե ազգային անունների բացակայությունը, այլ որ գեղեցկատես մանուկների նկարների ներքո` առանձին բացառություններից զատ, ընդհանրապես ԱՆՈՒՆ չկա: Հնչյունական քմահաճ կոմբինացիաներով հնարովի կազմությունները չեն կարող մարդու անուն լինել: Ակամայից կուզենայի դիմել այդ երեխաների ծնողներին: Հայրենակիցնե՛ր, հարգե՛ք ձեր զավակներին: Որպես մեր ժողովրդի ապագա, նրանք արժանի են լիարժեք անուններ կրելու: Եթե Ձեր երեխան երբևէ հայտնվի Ամերիկայում կամ ցանկանա դառնալ շոումեն, հավատացեք, նա կգտնի իր համար հարմար մականուն կամ «կլիչկա», ինչպես Հայաստանում են ասում... Թող նա կրի լիարժեք և հայ մարդուն արժանի անուն:

Ի՞նչ է անձնանունը

Անձնանունները, ինչպես ասվեց, կազմում են, նախ և առաջ, նշանային համակարգ և, ըստ էության, տեղայնական բնույթ ունեն (այն է՝ ազգային, էթնիկ, ցեղական, նույնիսկ կրոնական, դավանական և այլն): Այլ կերպ ասած, անձնանունները յուրաքանչյուր հանրույթի բնորոշիչ կոդերն են: Նույնիսկ այնպիսի համաշխարհային մի ժողովուրդ, ինչպիսիք հրեաներն են, հետևողականորեն պահպանում են իրենց ավանդույթը՝ կապված անվանակոչության հետ: Ինչ էթնիկ միջավայրում էլ նրանք գտնվեն, ինչ լեզվով էլ խոսեն, հրեաներին կարելի է տարբերակել նրանց անուններով (Աբրահամ, Մովսես, Իսահակ, Հովսեփ, Սողոմոն, Դավիթ, Հակոբ, Ահարոն, Իսրայել, Սառա, Ռաքել, Ռեբեկա, Սուլամիթ ևլն անունների արևելյան կամ արևմտյան տարբերակներով): Հետևաբար, մարդու անունը ազգային (կամ էթնիկ, կրոնական, ևլն) ինքնության ամենաառաջնային ցուցանիշն է: Անգամ լեզուն այս տեսանկյունից դառնում է երկրորդական: Անձնանունները, փաստորեն, հանդես են գալիս որպես ազգային արժեքային համակարգի անքակտելի տարրերից մեկը:

Անվան և անվանյալի միջև գոյություն ունեցող սերտ դիալեկտիկական կապը նկատել են դեռևս հին մտածողները: Անվան դետերմինիզմը մարդու ճակատագրում հնուց ի վեր եղել է իմաստունների քննարկման առարկա: Բայց, անկախ դրանից, ընդունում ենք այս դրույթը, թե՝ ոչ, կասկածից վեր է, որ հնչյունական սիմվոլիզմի հիման վրա հորինված անուններ կամ արտառոց փաղաքշական մականուններ կրող մարդիկ ակամայից դառնում են իրենց անվան գերին: Անունը, հիրավի, երբեմն որոշիչ նշանակություն է ունենում մարդու ճակատագրում:
Մի հանգամանք ևս: Ըստ մեզանում իշխող մտայնության, հայրենասիրությունը հիմնականում ինչ-որ վեհ արարքների արտահայտություն է: Իրականության մեջ, սակայն, հայրենիքի, սեփական ժողովրդի հանդեպ սերը պարզապես նշանակում է նվիրում ազգային ավանդույթներին, որից էլ, բնականաբար, բխում են մյուս, այսպես ասած, վեհ արարքները (ինքնազոհություն մարտի դաշտում, հերոսություն, ևլն): Հայրենասիրական ֆրազեոլոգիան դեռևս հայրենասիրություն չէ բնավ: Թուրքին հայհոյելը, ապրիլքսանչորսյան երթին մասնակցելն ու ֆիդայական երգեր երգելն այն դեպքում, երբ մարդու, երեխայի անունը Ադրիան է, Էլվիս, Բրայան, Քևին կամ, ավելի վատ, Բոբի, Ռոնի, Դոդի ու Էմլիկ, ծաղր ու ծանակ է հիշեցնում և ոչ հայրենասիրություն: Երեխայի անվանակոչությունը այն փորձաքարն է, որով որոշվում է, թե տվյալ մարդը ինչ աշխարհայացք է դավանում, ինչ ապագա է ծրագրել իր զավակի համար: Հայրենասիրության այդպիսի մի փորձաքար էր, օրինակ, խորհրդային տարիներին Հայաստանում երեխային հայկական դպրոց ուղարկելը: Օրն ի բուն խորհրդային կարգերը պախարակող ու հայրենասիրության մասին ճամարտակող շատերը, այդ թվում նույնիսկ գրողներ ու հայերենի մասնագետներ (որոնց համար հայոց լեզուն նաև ապրուստի միջոց էր), իրենց զավակներին ռուսական կրթություն էին տալիս: Այն տարիներին դա իսկապես մարդու նշանային վարքի դրսևորում էր:

Իհարկե, քավ լիցի, ես հեռու եմ հախուռն մեղադրելու բոլոր օտար անուններ կրող հայ երեխաների ծնողներին ապազգային վարքի կամ հայրենասիրության պակասի մեջ. հասկանալի է, որ այս երևույթը մեծամասամբ տուրք է օրվա մոդային, տիրող ընդհանուր հոսանքին, եթե կուզեք՝ գաղափարական վակուումի արտահայտություն է, ըստ էության, հաճախ՝ անգիտության արդյունք նաև: Սակայն դրանով գնահատականը չի կարող փոխվել. երևույթն արդեն իսկ սպառնում է դառնալ հայկական մենտալիտետի կայուն էլեմենտ, որն առաջիկայում կարող է լրջորեն սասանել մեր ինքնության հիմքերը:

Միով բանիվ, անվանակոչության խնդիրն այսօր դարձել է հրատապ ազգային հիմնահարցերից մեկը, որը պահանջում է լուրջ` ինչպես պետական, այնպես էլ հասարակական մոտեցում: Ըստ երևույթին, անհրաժեշտ է հայկական ազգային անունների համապարփակ մի բառարան, որը պետք է պարտադիր կերպով կիրարկվի Հայաստանում և սփյուռքյան համայնքների ազգային իշխանությունների ու թեմական խորհուրդների համար ծառայի որպես ուղեցույց անունների ընտրության գործընթացում: Այս խնդրում զգալի դեր կարող են խաղալ նաև մեր եկեղեցին և հոգևոր դասը:

Այնուհանդերձ, բնական է, որ դիրեկտիվ միջոցներով այս ոլորտում հնարավոր չէ արմատական փոփոխություն ակնկալել. պետք է փոխել անձանվան հանդեպ մեզանում այսօր իշխող աշխարհայացքային ընկալումները: Ժամանակն է, կարծում եմ, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը քննարկման դնի բուհերի համար «Հայ անվանագիտության ներածություն» պարտադիր դասընթացի (20 ժամ, մեկ կիսամյակ) հարցը և հայտարարի մրցույթ համապատասխան դասագրքի (ձեռնարկի) կազմման համար: Նման ձեռնարկը անտարակույս օգտակար կարող է լինել նաև սփյուռքյան համայնքների համար:
Անուշ Կլեկչյան, օգտատեր
Էլեն, Մոնիկա, Ռաուլ, Բելլա, Սոֆի, Ալեքս, Ալեն, Լերմոնտ, Լիպարիտ, Լյուդվիգ, Էլենձինա........սրանք իմ դստեր՝ Նանեի, մանկապարտեզի ընկերների անուններն են....Ինչ է նշանակում «ժամանակակից անուն», ծնողի ընտրած «մոդայիկ» անունը ծնողի ժամանակի համար է «մոդայիկ», իսկ երբ երեխան մեծանա ու մտնի մեծ շրջապատ, նրա ժամանակ արդեն ուրիշ անուններ են մոդայիկ լինելու, այսինքն ինչ՝ պետք է 10 տարին մեկ մարդը անու՞ն փոխի.......Իսկ ուր է մեր ազգի ինքնասիրությունը...Կյանքում տեսած կա՞ք, որ մի օտարերկրացի իր երեխայի անունը հայի անուն դնի...
Ալբերտ Հարությունյան, օգտատեր
Իմ կարծիքով պետք ա ժամանակին համընթաց անուններ դնել, կապ չունի հայկական ա, թե չինական։ Ես կողմ եմ հայկական անուններին, բայց չի նշանակում, որ չեմ ընդունում օտարազգի անուններ:
Իվանյան Սարգիս, օգտատեր
Զարմանում եմ Հայաստանցիների վրա, երբ մեր հայկական սիրուն անունները թողած ինչ որ Վիվիան են դնում։ Սկի Եվրոպայում ապրող հայը տենց անուն չի դնում։ Վարուժիկիս ու Նարեիս ցավը տանեմ։
Էլինա-Բելինա, օգտատեր
Չեմ սիրում հայկական անուններ, որ աղջիկ ունենամ, անունը դնելու եմ Ադրիանա: Գեղեցիկ անուն է ու ոչ շաբլոն:
Լիլիթ Վարդանյան, օգտատեր
Ինչ քաղքենի ազգ ենք մենք...Հայկական անունները լրիվ դուրս են մղվել, նախկինում աշխարհի որ կետում էլ լինեիր, մարդու անունից կարող էիր ենթադրել, որ նա հայ է, իսկ այսօր...
Արևիկ Մնացյան, օգտատեր
Շատ եմ սիրում հայկական անունները, աղջկաս անունը Նարե դրեցինք, օտարները որ լսում են, շատ են հավանում և ասում են, որ շատ յուրահատուկ անուն է: Կարծում եմ՝ պետք է պահել հայկականը:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր