ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ոչինչ չեն ձեռնարկում, միայն կոշտ դիտարկումներ են անում». կարծիքներ` Տեր-Պետրոսյանի հոդվածի մասին
08.06.2014
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն օրերս ծավալուն անդրադարձ էր կատարել` ա. նորանշանակ կառավարության առջև դրված խնդիրներին, բ. Մաքսային (Եվրասիական) միությանն անդամակցության գործընթացին, գ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին և դ. Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության հիմնավորմանը:
Քաղաքական գործիչները արձագանքում են հարցազրույցում առկա շեշտադրումներին:
Հովիկ Աբրահամյան, ՀՀ վարչապետ
Ժողովուրդը նման դեպքերում ասում է` աղվեսն իր պոչն է վկա բերում: Թալանի նախահայրը ամենուր թալան է փնտրում, որ սեփական մանր շահերն առաջ տանի: Ամոթ է: Չի ստացվելու: Մեր գործունեությամբ ավելի քիչ տարածք ենք թողնելու նման ցնդաբանությունների համար:
Էդուարդ Շարմազանով, ԱԺ փոխնախագահ
Մաղձոտ, նենգությամբ լի հոդվածները ես չեմ մեկնաբանում: Եթե մարդիկ այդքան վստահ են, որ Հայաստանը գնում է դեպի կործանում, և դրանից երջանիկ են, ապա ես չեմ ցանկանում մեկնաբանել դա: Ես նման ցինիզմը չեմ մեկնաբանում:
Լեռնիկ Ալեքսանյան, ՀՀԿ-ական պատգամավոր
Բնական եմ համարում, որ այսօր արմատական ընդդիմությունը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը քննադատում է: Ես բազմիցս ասել եմ, որ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը բավականին նմանություններ ունի Լևոն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքականության հետ: Իհարկե կարող են լինել պրոցեսներ, որոնք անդառնալի լինեն: Լևոն Տեր-Պետրոսյանին համարում եմ շատ հեռատես մարդ, նրա օրոք մենք պատերազմ ենք հաղթել, բայց ամեն ժամանակաշրջան ունի իր առանձնահատկությունները, այսօր աշխատելու ժամանակն է, ոչ թե քննադատելու: Պետք է ասել, որ սխալների մի մասը գալիս է հնուց:
Գագիկ Ծառուկյան, ԲՀԿ առաջնորդ
Գագիկ Ծառուկյանի կողմից մեկնաբանություն չի լինի Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածի վերաբերյալ:
Միքայել Մելքումյան, ԲՀԿ-ական պատգամավոր
Ես Լևոն Տեր-Պետրոսյանի շատ վերլուծությունների ու մեկնաբանությունների հետ միգուցե համաձայնեմ, բայց մի շարքի հետ էլ այլ կարծիք ունենամ: Իսկ ընդհանուր առմամբ չէի ուզենա խորը մեկնաբանել: Քառյակի քաղաքական օրակարգում այդ խնդիրները դրված չեն, ինքը որպես hանրապետության առաջին նախագահ իր մեկնաբանությունները տալիս է, որի իրավունքն ունի: Հիմա մենք չշտապենք, սպասենք դեպքերի ընթացքին:
Արմեն Մարտիրոսյան, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ
Ինչպես նախկինում ասել եմ, իշխանությունը, այդ կառավարության փոփոխությամբ, սահմանադրական բարեփոխումներ ձեռնարկելով, ժամանակ շահելու խնդիր է լուծում: Եվ ես չգիտեմ` կարո՞ղ է ընդդիմությունը սահմանադրական հանրաքվեի փուլի ժամանակ մեծ դիմադրություն ցույց տալ, որովհետև ժամանակն այլևս աշխատում է ի օգուտ իշխանության: Որքան ժամանակն առաջ շարժվի, իշխանության օգտին է լինելու` բացառությամբ մի դետալի: Այդ դետալը կոչվում է ներտնտեսական բարդ իրավիճակ, որովհետև սոցիալ-տնտեսական իրավիճակը բավականին վատթարացել է, և իշխանությունը, կարծես թե, արտաքին դաշտում այլևս գործընկեր չունի, բոլոր կողմերից մերժված է:
Ստյոպա Սաֆարյան, «Ժառանգություն» կուսակցության անդամ
Ես ուղղակի կարծում եմ, որ եթե առաջին և երկրորդ նախագահների համոզմամբ՝ սա օրհասական պահ է, և Հայաստանի կործանման պահն է, ապա ներեցեք, նրանց դիտարկումներից դա չի երևում: Մեկը մարզվում է Ռուսաստանում, իսկ մյուսն էլ Հայաստանի կործանման մասին հերթական հոդվածն է տպագրում: Արտաքին քաղաքականության մեջ կատարվող իրադարձություններին արձագանքեցին հետին թվով, չափազանց կոշտ, սակայն ոչինչ չձեռնարկելով: Ուղղակի տհաճ է:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր