ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
«Քաղաքական պատվեր և անիմաստ դատաքննություն». փաստաբաններն ու արվեստագետները` Վարդան Պետրոսյանի դատավարության մասին
23.01.2015
Դերասան Վարդան Պետրոսյանի ավելի քան մեկ տարի ձգվող դատավարությունը բազում հարցականներ է առաջացրել: Ե՞րբ և ինչո՞վ կավարտվի այս ամենը, փաստաբանն էլ հստակ չի պատկերացնում: Արդյո՞ք Վարդան Պետրոսյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման, և ներկայացված պատմությունը հորինվածք է: Այս հարցերի շուրջ հետևությունները տարբեր են:
Նիկոլայ Բաղդասարյան, փաստաբան
Վարդան Պետրոսյանին զրկեցին ազատությունից` ելնելով բարոյական սկզբունքներից: Վարդան Պետրոսյանը դեպքի առաջին օրից միայն մի բան է խնդրում` ճշտել վթարի իրական վայրը, գծել հետքերն ու բացահայտել իրականությունը: Ինձ զրկեցին այդ իրավունքից, դատարանը վերցրեց իր վրա, սակայն ոչինչ չարեց բացի փաստերն աղավաղելուց, ստորագրություններ կեղծելուց, վթարի ժամն ու վայրը փոխելուց, որոնք իրականում քրեորեն պատժելի են: Դիմել ենք փորձաքննական տարբեր ծառայությունների, ոչ մի տեղ փորձաքննություն չիրականացրեցին: Դատարանն անում է այն, ինչ իրեն ասել են: Ինչպե՞ս կարելի է դեպքի հաջորդ օրը` առանց որևէ քննություն անցկացնելու որոշումներ կայացնել: Եվ, եթե դեռ չի որոշվել` մարդն իրականում մեղավոր է, թե անմեղ, ինչպե՞ս կարելի է պատժամիջոց առաջարկել: Սա քաղաքական պատվեր է, Վարդանին փաստացի ներկայացնում են հորինված պատմություն, և ստիպում, որ ընդունի: Վարդան Պետրոսյանն ուղղակի ենթարկվում է քաղաքական հետապնդման:
Մարի Լոռ Դոզե, ֆրանսիացի փաստաբան
Մեզ մոտ` Ֆրանսիայում դատաքննությունը հրապարակային չէ, և այն դատարանը, որն անցկացնում է քննությունը, իրավունք չունի դատելու: Ինչ վերաբերում է Վարդան Պետրոսյանի դատաքննությանը, տպավորություն է, որ այս մեկ տարվա քննությունը տեղի չի ունեցել: Այս ամբողջ ընթացքում մեղադրյալին տրվել են հարցեր, որոնց պատասխանները ոչնչի չեն ծառայել, այլ` զուտ տպավորություն են ստեղծել, որ քննություն է անցկացվում: Ես սա գնահատում եմ որպես մեկամյա դատարկ և իմաստազուրկ դատաքննություն:
Ժիրայր Դադասյան, ռեժիսոր
Պարզ է, որ այն ինչ տեղի է ունեցել, կանխամտածված չի եղել: Ցավալի է, բայց Վարդանը բոլոր դեպքերում պատրաստ է ընդունել իր մեղքը: Ես մանրամասները չգիտեմ, բայց գիտեմ, թե ինչպիսի մարդ և քաղաքացի է Վարդան Պետրոսյանը: Որքան հետևել եմ դատաքննությանը, նկատել եմ, որ Վարդանը շատ հավասարակշռված պատասխաններ է տալիս, և պարզ է դառնում, որ եթե անգամ պարզվի, թե իրականում վթարն իր մեղքով է տեղի ունեցել, նա պատրաստ է կրելու իր մեղքը: Այս ընթացքում ես նրան չեմ հանդիպել, ինքս չեմ նախաձեռնել հանդիպում, քանի որ չեմ ուզում այս իրավիճակը շոուի վերածել: Բայց շատ կուզեմ նրան ազատության մեջ տեսնել:
Գոռ Մարգարյան, ռեժիսոր
Ցավոք ոչ մի հիմնավոր վերլուծություն չեմ կարող անել` կապված քաղաքական հետապնդման հետ, սակայն, դեռ ուզում եմ հավատալ, որ այդքան էլ վատ երկրում չենք ապրում, որ նման բարոյական բարձր արժեքներով, ու արվեստագետին հատուկ խորը մարդկայնությամբ օժտված մարդուն և արտիստին կարելի է տարբերել շարքային հանցագործից: Մենք պահանջում ենք հարգալից ու հանդուրժողական վերաբերմունք Հրաչյա Հարությունյանի հանդեպ, ով անկախ իր կամքից է հայտնվել մեղադրյալի աթոռին, այնինչ` Վարդանը մեր երկրում է նույն իրավիճակում հայտնվել, ու նրա հանդեպ հենց սկզբից սխալ էր նման արձագանքն ու վերաբերմունքը իրավապահների կողմից: Ամեն դեպքում, ուզում եմ, որ արդարություն սփռվի գործի վրա և ոչ միայն սահմանադրական, այլև` մարդկային ու բարոյական արդարություն: Վարդանին ցանկանում եմ առողջություն ու շուտափույթ վերադարձ ընտանիք:
Արփենիկ Հակոբյան, թավջութակահարուհի, հեղինակ կատարող
Կարծում եմ, որ Վարդան Պետրոսյանի դատավարության մեղադրող կողմն ավելի շատ առաջնորդվում է էմոցիոնալ տեսակետից, քան հիմնվում փաստարկների վրա: Համարում եմ վենդետա թեʹ քաղաքական հետապնդման տեսքով, թեʹ մորալ գաղափարային: Բոլորս էլ այս մեկ տարում հետևել ենք Վարդանի գործին և պարզ հասկացել ենք, որ ՀՀ արդարադատության հետ կապված դրական ոչ մի հույս չունենք: Աստված չանի օրենքի հետ կապված խնդիրներ առաջանան Հայաստանում, վստահության գործոնը գոնե սիստեմի հանդեպ ինձ մոտ հավասար է 0-ի: Իմ ամբողջ հույսերը կապում եմ Եվրոդատարանի հետ, հույս ունեմ, որ Վարդանի ֆրանսիացի փաստաբանի ձայնը կհասնի միջազգային տարբեր կառույցներ, և վերջիվերջո աղմուկը այնքան մեծ կլինի, որ նաև Ֆրանսիան, որպես նրա երկրորդ հայրենիք, շահագրգռված կգտնվի իր քաղաքացու շահերը պաշտպանելու խնդրում: Ինքս Վարդանին ճանաչում եմ երկար տարիներ, դեռ պատանի էի, որ ծանոթացանք, ու մինչ օրս շնորհակալ եմ կյանքից, որ նման մարդու եմ ճանաչում: Ես հպարտ եմ Վարդանի նման բարի, հոգատար, ժպտերես, բազմաշնորհ մարդ, և ջենթլմեն տղամարդ ճանաչելու փաստով: Բախտավոր կլինեմ, եթե մի օր նորից հանդիպեմ նրան:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր