ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
«Տնօրենը պարզորեն հասկացրեց, որ իրեն սիրուհի է պետք». աշխատանք փնտրելը կարո՞ղ է լինել վտանգավոր
28.01.2015
«Կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում ազատ աշխատանքային գրաֆիկով, բարձրագույն կրթությամբ, բարետես աղջիկների…»,- այս և նմանատիպ հայտարարությունները մեր օրերում դարձել են աշխատանք գտնելու հիմնական միջոց: Սակայն, միշտ չէ, որ ինտերնետային կայքերի միջոցով առաջարկվող աշխատանքն այն է, ինչ իրականում փնտրում ենք: ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հարցման արդյունքում պարզվեց, որ աղջիկներից շատերը` գրեթե բոլորը, ստացել են սխալ առաջարկ` աշխատանք փնտրելու ընթացքում: Աղջիկներից որևէ մեկը չցանկացավ ներկայանալ իրական տվյալներով:
Ժամանակին նմանատիպ մի իրավիճակում է հայտնվել նաև դերասանուհի Աննա Էլբակյանը, երբ պետք է նկարահանվեր «Մարդ Աստծո» ֆիլմում:
Ռուզաննա, 40 տարեկան
Տարիներ առաջ ընկերուհիս ցանկանում էր ընդունվել տաքսի ծառայություններից մեկում աշխատանքի: Հրավիրում են հարցազրույցի: Հարցազրույցի ընթացքում, որն անց են կացնում երեք երիտասարդներ (ընկերության տերերը) սկսում են տարաբնույթ անձնական հարցեր տալ և ակնարկել, որ աշխատանքի վարձատրության չափը կախված է այն բանից, թե որքանով նա բարեհաճ կլինի տերերի հանդեպ: Ընկերուհիս, բնականաբար չի համաձայնում առաջարկի հետ, և, ինչպես ինքն էր նշում` երկու ոտքս առա, երկուսն էլ պարտքով վերցրի ու փախա դրանցից:
Անուշ, 28 տարեկան
Աշխատանքի տեղավորման կայքերից մեկում` հայտարարության մեջ գրված էր, որ պահանջվում է գործավարուհի: Ես ռեզյումե ուղարկեցի, և ինձ կանչեցին հարցազրույցի: Տնօրենը պարզորեն հասկացրեց, որ իրեն սիրուհի է պետք, ասաց, որ աշխատելու եմ իր հետ, մի փոքր սենյակում, որտեղ կար երկու համակարգիչ և մեկ ընդարձակ բազմոց: «Լինելու է այնպես, որ արտաժամյա էլ աշխատես»,- ասաց տնօրենը` հասկացնելով, որ իրեն ավելի շատ սիրուհի է պետք, քան գործավարուհի: Ես էլ ասացի` հաջողություն ձեր բիզնեսին ու գնացի:
Անի, 29 տարեկան
Երբեք չեմ հավատացել, որ հնարավոր է աշխատանք գտնել ռեզյումեի օգնությամբ: Վերջերս դա իմ փոխարեն արեց ամուսինս: Նա տարբեր հասցեների ուղարկեց իմ ռեզյումեն, և պատասխանը չուշացավ: Ես, իհարկե գտա աշխատանք, չնայած` չէի պատկերացնում, որ որևէ մեկը կկարդա ռեզյումես ու ինձ կհրավիրի հարցազրույցի: Բայց, ընթացքում հասկացա, որ կայքերի օգնությամբ աշխատանք փնտրելը միշտ չէ, որ իդեալական է, հնարավոր են նաև վտանգավոր դեպքեր: Իմ դեպքում եղավ նմանատիպ մի աշխատանքի առաջարկ` բավական բարձր աշխատավարձով և «հեռանկարներ» խոստացող: Առաջին հանդիպումից հասկացա, որ դա վտանգավոր է և հեռու քաշվեցի, սակայն այդ անձը սկսեց հետապնդել ինձ այն դեպքում, երբ տեղյակ էր, որ ամուսնացած եմ: Բանը հասավ նրան, որ ես ամուսնուս տեղյակ պահեցի, բացի այդ նաև տվյալ կայքի մասին ասացի ծանոթներիս, որպեսզի ավելի զգույշ լինեն:
Աննա Էլբակյան, դերասանուհի
Երբ պետք է նկարահանվեի «Մարդ Աստծո» ֆիլմում, իմ և ռեժիսորի` Առնոլդ Աղաբաբովի զրույցը սկսվեց նրանից, որ նա ասաց. «Հանվիʹր, ես պետք է տեսնեմ քո ոտքերը»: Ես պատասխանեցի. «Եթե ուզում եք նկարել գեղեցիկ մարմին, վերցրեք մոդելներ: Բայց եթե Ձեզ պետք է դերասանուհի, ես պատրաստ եմ աշխատել, և հնարավոր է` ոտքերս մի քիչ էլ ծուռ լինեն»: Շատ կոպտորեն փակեցի դուռն ու դուրս եկա: Նա 3 օր մտածելուց հետո զանգահարեց, որովհետև հասկացավ, որ ես գիտեմ` ինչ է նշանակում` լինել դերասանուհի:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր