ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Բրենդային խանո՞ւթ, թե՞ տոնավաճառ. ո՞րն են նախընտրում մեր համաքաղաքացիները
29.01.2015
Բրենդային խանութներն օրեցօր Հայաստանում շատանում են` գնումների գործընթացն առավել հարմարավետ ու հաճելի դարձնելով: Չնայած գնային քաղաքականությունը շատերին վախեցնում է, բայց հարցման արդյունքում պարզվեց, որ մեր համաքաղաքացիները մեծամասամբ նախընտրում են գնումներ կատարել հենց բրենդային խանութներից` տոնավաճառները համարելով սպառված, ու ոչ բավարար հիգիենիկ:
Լիլիթ Բարսեղյան, լրագրող
Տանել չեմ կարողանում տոնավաճառ այցելելը, քանզի այնտեղ տարօրինակ կերպով ստիպում են անել այն, ինչը չես ուզում` գնել, փորձել և այլն: Իսկ բրենդային խանութներում այդ խնդիրը չկա: Միայն թե այստեղ էլ չեմ սիրում, երբ հսկիչներն են մոտենում ու պտտվում հետևիցդ: Գնային առումով աշխատում եմ միայն զեղչերի ժամանակ գնումներ կատարել, հնարավոր է ձմռանն ամառային զգեստներ գնեմ: Իսկ տոնավաճառում միայն սեզոնին համապատասխան զգեստներ կարող ես ընտրել:
Արթուր Օսիպյան, լրագրող
Տոնավաճառներից աշխատում եմ ընդհանրապես չօգտվել, որվհետև ընդհանուր սանիտարահիգիենիկ վիճակը, դասավորվածությունը քեզ ավելի շատ շեղում են: Ու բացի դրանից, որևէ բան գնելու պրոցեսը պետք քեզ հաճույք պարգևի բոլոր առումներով, ու հենց սա է պատճառը, որ սիրում եմ գնալ մեծ մոլեր ու հաճույք ստանալ այդ պրոցեսից: Բրենդամոլ չեմ, ուղղակի ընդհանուր կոկիկ ու գեղեցիկ միջավայրն ավելի եմ նախընտրում, իսկ որակի տեսանկյունից շատ հարաբերական է, թե որտեղից կարելի է գնել, որ ավելի որակյալ լինի:
Արմինե Սարգսյան, իրավաբան
Ես նախընտրում եմ գնումներ կատարել խանութներից, քանի որ սպասարկման մակարդակը բավականին բարձր է, ինչը չես ասի տոնավաճառների մասին: Տոնավաճառներից չեմ օգտվում, քանի որ ոչ մի պայման չկա բարեկիրթ գնումներ կատարելու համար: Գումարային առումով նույնն է, շատ տարբերություն չկա, էլ չեմ խոսում` զեղչերի մասին: Իսկ ո՞ր տոնավաճառի վրա կկարդաս sale բառը, բնականաբար` ոչ մի: Հիմնականում նախընտրում եմ գնումներ անել` «Zara», «Sali», «Ovs», «New Yorker», «Debenhams» խանութներից:
Անուշ Կլեկչյան, բանասեր
Համամիտ չեմ, որ տոնավաճառներում, կամ, ոչ բրենդային խանութներում հակահիգիենիկ վիճակ է կամ սպառված: Ճիշտ հակառակը, տեսականիով ավելի հագեցած են, քան բրենդայինները, որոնք մի քանի մոդել ունեն և դա ամիսներով չի թարմացվում: Բացի այդ, բրենդային խանութների մեծ մասի ճաշակն իմ կարծիքով շատ ցածր է, դրանք նման են Եվրոպայից բերված օգտագործված հագուստների: Ու որ ամենակարևորն է, պետք է գիտակցել, որ տոնավաճառի և բրենդային կոչված բուտիկի ապրանքը բերվում է նույն պահեստից և դրվում տարբեր գներով: Ինչ իմաստ կա միևնույն տեսակի ու որակի ապրանքի համար վճարել տասնապատիկ ավելի և հարստացնել առանց այդ էլ հարուստ մի քանի մարդկանց:
Տաթևիկ Մկրտչյան, հաշվապահ
Վերջին շրջանում շատ գնումներ չեմ կատարում: Խոսքը վերաբերում է հագուստին: Իսկ նախընտրում եմ տոնավաճառ, թե՞ խանութ` կախված, թե որքան գումար ունեմ: Եթե գումարս քիչ է, ուրեմն ընտրում եմ տոնավաճառ` Ֆիրդուս կամ Հրազդանի տոնավաճառը: Իսկ, եթե խանութ, ապա միայն զեղչերի դեպքում, որովհետև միայն այդ դեպքում կարելի է մի բան ընտրել գումարի տեսանկյունից:
Իրականում ճաշակով հագնվելու համար կարևոր չէ բրենդային խանութ, Ֆիրդո՞ւս, թե՞ Բանգլադեշ: Կարևորը` ճաշակ ու փող ունենալն է:
Գոռ Հարությունյան, պրոդյուսեր, հաղորդավար
Տոնավաճառներից չեմ օգտվում: Խանութում տեսականին ավելի ճիշտ է մատուցված, և գնումներ անելն ավելի հարմարավետ է: Որակապես չեմ կարող վստահ ասել, որ երևանյան մոլերում բացառապես որակյալ ապրանք է ցուցադրվում: Չի բացառվում, որ գնես վերնաշապիկ, երկու օր հագնելուց հետո բացահայտես, որ օրինակ` կարերը ծուռ են: Իսկ դրսում` բրենդային խանութներն իսկապես որակյալ ապրանքանիշ են ներկայացնում: Ես նախընտրում եմ ունենալ մեկ հատ, բայց լավը` որակյալ ու բրենդային վերնաշապիկ, քանի դրա փոխարեն մի քանիսը, բայց էժանագին:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր