ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +8 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Թող ուղևորը որոշի` ավել գումար վճարի՞, թե` ոչ». ի՞նչ անել, երբ տաքսու վարորդն ավել գումար է պահանջում
02.02.2015
Չնայած տաքսի ծառայությունները վստահեցնում են, որ 1 կիլոմետրն արժե 100 դրամ, բայց երբեմն 8 կիլոմետրի համար պահանջում են 1200 դրամ` պատճառաբանելով, որ մեքենայի հաշվիչն է թվերն ամրագրում:
Ինչպե՞ս են արձագանքում այս ամենին մեր համաքաղաքացիներն ու արդյո՞ք վճարում են պահանջված գումարը:
Լուսինե Քոչինյան, լրագրող
Մի քանի անգամ պատահել է, երբ տաքսու վարորդն ավել գումար է փորձել վերցնել` պատճառաբանելով, որ մանր դրամ չունի: Նման դեպքերում չեմ վստահում վարորդին, մի քանի անգամ անձամբ իջել եմ մեքենայից, գումարս մանրել մոտակա խանութներից մեկում, և վարորդին վճարել եմ իրական գումարը:
Լիանա Բալյան, սանիտարափորձագետ
Հազվադեպ եմ օգտվում տաքսի ծառայություններից, բայց, պատահում են անբարեխիղճ վարորդներ, որոնց նշած գումարը չի համապատասխանում իրականությանը: Ցավոք, իրենց փոխարեն ինքս անհարմար զգալով, վճարում եմ գումարն ու իջնում: Պատահում է նաև, որ մանր չեմ ունենում, և ստիպված ավել գումար եմ թողնում, իսկ մարդկային և բարեխիղճ վերաբերմունքի դեպքում ինքս եմ ավել գումար վճարում և շնորհակալություն հայտնելով իջնում:
Նատաշա Հարությունյան, լրագրող
Հիմնականում նստում եմ մասնավոր տաքսիներ, որոնց վարորդներին արդեն ճանաչում եմ ու գիտեմ` ինչքան գումար են ուզելու: Բայց, իհարկե եղել է ու շատ է եղել, որ անծանոթ տաքսի եմ նստել, ու վարորդն ավել գումար է ուզել, հիմնականում խելոք տվել եմ, որովհետև մի տեսակ վախեցել եմ կռիվ անել, դե տղամարդիկ են, վախեցել եմ` կոպիտ ինչ-որ բան ասեն: Իհարկե, դրանից հետո այդ տաքսի ծառայությունից այլևս չեմ օգտվել:
Մանե Մկրտչյան, արվեստաբան
Տաքսի նստելուց աշխատում եմ ուշադրություն դարձնել, որ նորմալ սերվիս լինի, և հաշվիչ ունենա, բայց ինքս որպես կանոն 1000 դրամ եմ վճարում, չնայած` գումարը կազմում է 700 դրամ: Բայց եղել են դեպքեր, երբ վարորդները նախապես իմանալով ուր եմ գնալու, զգուշացրել են, որ 1000 դրամ կկազմի, ես նրանց անպարկեշտության վրա բարկացել եմ ու չեմ նստել:
Արմեն Մարության, դերասան
Շատ հազվադեպ եմ օգտվում տաքսի ծառայությունից և հաշվի առնելով, որ ինձ ճանաչում են, բնականաբար, իրենց թույլ չեն տալիս նման պահվածք: Ճիշտ հակառակը` ասում են պետք չի վճարել: Մյուս դեպքերում, երբ շարքային քաղաքացուց են ավել գումար պահանջում, ես դա համարում եմ անբարոյականություն: Ասում են` գյուղն առանց շուն չի լինում: Բայց ես ուզում եմ, որ գնանք դեպի ավելի բարձր արժեքներ, ավելի քաղաքակիրթ երկիր դառնանք: Մի պատմություն կա. «Մի մարդ հարևանի տղային տալիս է 1000 դրամ և ուղարկում ծխախոտ բերելու: Տղան բերում է ծխախոտը, իսկ ավելացած գումարը չի վերադարձնում: Այդ մարդը 400 դրամը հետ է ուզում, հետո հանում է 1000 դրամ, տալիս ու ասում է` թող ես որոշեմ որքան ավել գումար տամ, կամ չտամ…»: Ուղևորը թող որոշի` ավել գումար տա՞, թե` ոչ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր