ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Ինչո՞ւ ենք հայատառի փոխարեն նախընտրում լատինատառը
09.02.2015
«Baylus, inchka 4ka? Vochmi ban, vonca erexen?». մեր օրերում շատ ընդունված է նման գրելաոճն ու դժվար թե այն որևէ մեկին զարմացնի: Բայց անհնար է գտնել, օրինակ, մի ռուսի, ով կգրի` «Կա՞կ տի միլիյ»:
Ինչո՞ւ ենք հայատառ գրելու փոխարեն նախընտրում գրել լատինատառ. պարզաբանում են մեր զրուցակիցները:
Մարի Սանթրոսյան, դերասանուհի
Ես ինքս գրում եմ լատինատառ, քանի որ հեռախոսի մեջ չեմ ներբեռնել հայերեն գրելու ծրագիրը: Պատճառը միայն դա է: Չնայած` խոստովանեմ, որ էսպես ավելի արագ է ստացվում, քանի որ արդեն վարժվել եմ, իսկ հայերենի դեպքում զուտ սովորելու խնդիր է:
Ամալյա Խուրշուդյան, օգտատեր
Ինչու «Ֆայսբուք»-ն ու մյուս սոցցանցերը մեր միակ հո՞ւյսն են , որ եթե հայերեն չենք օգտագործում, ուրեմն` կորավ գնա՞ց: Շատ մարդիկ հայրենասիրություն են խաղում, և օգտագործում Զիա Բունիաթովի հայկական արժանապատվությունը` ստորացնելու համար հնարած «հայատառ» բառը: Ամոթ է, ուղղակի հայրենասեր են խաղում: Հայրենասեր նշանակում է պատմությունդ իմանաս, մշակույթդ տարածես, ապացուցես քո մտավոր ունակություններով, որ լավագույն ազգն ես: Ինձ հետաքրքիր է` հայկական այբուբեն օգտագործողներից քանի՞սն են իրենց համարում, և իրականում ավելի հայրենասեր են, քան օրինակ Շառլ Ազնավուրն, ով իր ֆեյսբուքյան էջն ընդհանրապես ֆրանսերեն է վարում:
Արման Եղոյան, օգտատեր
Այստեղ հայրենասիրության հարց չէ, այլ` պարզ տրամաբանության, հայերենը գրվում է հայատառ, վրացերենը` վրացատառ, չինարենը` չինական հիերոգլիֆներով և այդպես շարունակ: Ինձ թվում է` 90 տոկոսն ուղղակի ալարում է «alt-shift» սեղմի, ու մեկ -երկու շաբաթում սովորի հայկական տառերի տեղերը: Ցավալի է, որ մի հայ մարդ սրանից 1600 տարի առաջ, անհարմարություններ զգալով ասորական ու հունական տրանսլիտից, նստել ու հայկական տառեր է ստեղծել՝ հատուկ հայոց լեզվի հնչյունաբանությանը համապատասխան, իսկ շատերն ինձ հիմա բացատրում են, որ լատինատառ այբուբենով Խ-ն դա KH-ն է, Ր-ն դա R-ն է, իսկ, թե ո՞րն է, Ռ-ն, Ճ-ն, Ժ-ն, Ծ-ն, Փ-ն, Թ-ն՝ անհայտ է մնում:
Արշակ Թովմասյան, օգտատեր
Շատերը լատինատառ են գրում, քանի որ միաժամանակ մի քանի լեզուներով են աշխատում ու շփվում, և դժվար է ամեն անգամ լեզուն փոխել: Դա չի նշանակում, որ հայերենը ավելի քիչ են սիրում կամ ավելի վատ գիտեն:
Անուշ Կլեկչյան, բանասեր
Մի անգամ ծանոթ ուսուցչիս հանդիմանեցի լատինատառ մեկնաբանություններ անելու համար, արդարացավ, որ հայատառի դեպքում ուղղագրական սխալներ կանի, աշակերտների մոտ խայտառակ կլինի: Ու թող ասածս մերկապարանոց չհնչի, բայց լատինատառ գրելը ոչ մի արդարացում չունի, այն պարզապես մայրենի լեզվի հարցում անգրագիտությունը քողարկելու միջոց է:
Նառա Վարդանյան, գրող
Մենք ինքներս հեշտությամբ, առանց որևէ քարոզչության տրվելու, ինքնուրույն, մեր կամքով սիրով մասնակից ենք լինում մեր տառերի աղավաղմանը, այն արհամարհելուն, չհարգելուն՝ չգիտակցելով, որ այն ազատության ու անկախության մեր միակ գաղտնագիրն է: Լատինատառ հայերենը նման է անընդհատ ուրիշի զգեստները, դեմքը հագած ման գալուն: նորագույն տեխնոլոգիաները բոլոր հնարավորությունները տալիս են և համակարգչում, և բջջային հեռախոսներում ունենալ հայատառ ստեղնաշարեր:
Զոհրապ Եգանյան, ՀՀ կրթության և գիտության նախարարի մամուլի խոսնակ
ԿԳ նախարարը մշտապես խրախուսել է վիրտուալ տիրույթում հայատառ գրելը: Դեռևս անցած տարի պաշտոնապես դիմել է նաև էյփլ (Apple) ընկերությանը, որպեսզի իրենց կողմից արտադրվող սարքերում արվեն համապատասխան տեխնիկական և ծրագրային հավելումներ, ինչը պետք է թույլ տար այս սարքերով գրել հայատառ հայերենով:
Քննարկվում է նաև հայատառ հայերենի տարածման այլ տարբերակներ ևս, որոնց մասին խոսելն այս պահին վաղաժամ է:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր