Ուզում եմ բացել բոլոր փակագծերը և լինել անկեղծ։ Ինձ առաջարկվել են համագործակցության բազմաթիվ տարբերակներ, անձնական շահեկան առաջարկներ, այդ թվում՝ նախագահի պաշտոնը սահմանադրությունը փոխելուց հետո` մեկ պայմանով, որ ես համաձայնեմ իր իշխանության վերարտադրությանը։ Այսինքն՝ աջակցեմ փաստացի երրորդ ժամկետով և ցմահ կառավարելու իր ցանկության իրականացմանը՝ սահմանադրական փոփոխությունների միջոցով։ Ես կտրականապես մերժեցի այս հակապետական մոտեցումը, քանզի Հայաստանի հետընթացն ապահոված մարդը չի կարող նման հավակնություններ ունենալ: Ահա իմ այս դիրքորոշումն էլ հանդիսացավ հիմնական պատճառը, որ նա խախտի քաղաքական և մարդկային հարաբերությունների կանոնները: Սա՛ է իրականությունը և ոչինչ ավելին:
Փաստորեն, այդ մարդու ծրագրային ելույթն անձամբ ինձ էր վերաբերում, այսինքն՝ նրա ծրագիրն ինձ պատերազմ հայտարարելն ու ցմահ իշխելու խոչընդոտը վերացնելն է։ Դա՛ է նրա ծրագիրը։ Առաջ անցնելով ասեմ, որ ես ընդունում եմ մարտահրավերն ու գնալու եմ մինչև հաղթանակ։
Հաջորդը։
Երեկվա ելույթում ակնկարկվեց իբր չվճարված իմ հարկերի մասին։
Ասեմ, որ իր պաշտոնավարման բոլոր տարիներին, ամիսներ շարունակ ստուգվել են իմ և իմ մերձավորներին պատկանող բոլոր հիմնարկները:
Ի տարբերություն իրեն, ես չստուգված լուրերի և մերկապարանոց հայտարարությունների փոխարեն բերեմ պաշտոնական թվեր և խոսեմ բոլորի աչքի առաջ տեղի ունեցածից:
Իր կառավարման ժամանակահատվածում երկրի արտաքին պարտքը ավելացավ ավելի քան երեք միլիարդ դոլարով: Որտե՞ղ է այդ գումարը, պարո՛ն Սարգսյան։ Դոլար–դրամ խաղերի արդյունքում միլիոնավոր դոլարներ գողացվեցին ժողովրդից։ Ո՞ւր գնացին այդ գումարները:
Ժողովուրդը այդ հարցերի պատասխանն է ուզում ստանալ ձեզանից: Թեև ձեր ասած չստուգված լուրերի համաձայն՝ ժողովուրդը շատ լավ գիտի, թե ուր են գնացել այդ փողերը: Ինչպես որ գիտի, թե ովքեր են բյուջեն տարիներով մսխում և «ատկատներով» զբաղվում։
Ո՞ւր են մեր թոշակառուների, ուսուցիչների, բժիշկների, գյուղացիների, զինվորականների, ոստիկանության և անվտանգությա ն ծառայության, ուսանողների, դասախոսների հասանելիք գումարները։
Սիրելի՛ ժողովուրդ
Պատրաստվե՛ք պայքարի։ Երեք հազր մարդ է դուրս գալիս փողոց, սրանք ստիպված օրենք են փոխում: Ամբողջ ժողովուրդը դուրս գա, իշխանությունը կփոխվի: Ես այժմ կոչ եմ անում համազգային մոբիլիզացիայի, ունենալով մեկ նպատակ` քաղաքական բոլոր օրինական մեթոդներով (անդադար հանրահավաքներ, երթեր, ցույցեր, անհնազանդություն և այլն) հասնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը` ազատվելու համար չարիքի այս իշխանությունից։