ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Ծառուկյանի հետքայլի հիասթափությունները համացանցում
20.02.2015
Քաղաքական գլխավոր հարցը` Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հակամարտությունը, շատերի համար անսպասելի, բայց շատերի համար էլ տրամաբանական հանգուցալուծում ստացավ: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարությունը շատերին վերջնականապես հուսախաբ արեց:
Գագիկ Ծառուկյան, ԲՀԿ առաջնորդ
Սիրելիʹ հայենակիցներ, ինչպես ես բազմիցս ասել եմ, մեր բոլորի, և անձամբ իմ խնդիրը ես միշտ տեսել եմ մեր ժողովրդին, մեր երկրին օգտակար լինելու մեջ: Հայաստանում առկա խնդիրները լուծելու համար մեզ անհրաժեշտ է ոչ թե պատերազմել միմյանց դեմ, այլ հանգիստ, առանց միմյանց վիրավորելու աշխատել, ցույց տալ առկա բոլոր բացերը, գտնել լուծումներ և կյանքի կոչել դրանք: Միայն այդպես է հնարավոր վերացնել այն իրավիճակը, որն այսօր մենք ունենք մեր երկրում:
Ցավով եմ նշում, որ վերջին օրերի ընթացքում գործընթացները մեր երկրում բոլորովին այլ ուղղությամբ են ընթանում: Սա որևէ բարի տեղ չտանող ուղղություն է: Դժվար չէ պատկերացնել, թե այն, ինչ կատարվում է հիմա, ինչի կհանգեցնի ընդամենը մի քանի շաբաթների ընթացքում: Այսպես շարունակվելու դեպքում` չի շահի ոչ մեկը և առաջին հերթին` մեր ժողովուրդը: Այսպես շարունակել չի կարելի, հետո բոլորս մեղադրելու ենք ինքներս մեզ:
Ինձ համար թանկ է մեր քաղաքացիներից յուրաքանչյուրի կյանքն ու արժանապատվությունը: Ոչ մի նպատակ չի կարող արդարացնել նույնիսկ մեկ անմեղ մարդու արյուն: Թե իշխանության, թե ընդդիմության խնդիրն է չանցնել ողջամտության սահմանը: Բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով:
Պարույր Հայրիկյան, ԱԻՄ առաջնորդ
Նույն պապան ունեն` ռուսական իմպերիալիզմը: Մաֆիան մնում է մաֆիա: Սա ես պարզունակ մաֆիա չեմ համարում, սա պուտինյան մաֆիայի տեղական ներկայացուցչությունն է: Այն բանից հետո, երբ իրենց ասում ենք մենք ԵՏՄ-ի կողմն ենք, ուրեմն ռուսական իմպերիալիզմի կողմն են, էլ ի՞նչ ասես. ուզում են հազար հարցում վիճեն, այդ մի հարցում միասի՞ն են, ստրատեգիայով միասի՞ն են, մնացածը երկրորդական է:
Էդվարդ Անտինյան, քաղաքագետ
Գագիկ Ծառուկյանի սպասված ելույթը, կարծում եմ, հանրությանը հուսախաբ չարեց, և այն ինչ կցանկանային լսել նրա բերանից՝ լսեցին: Որ ԲՀԿ առաջնորդը հետքայլ չի անելու, որ թեպետ դեմ է մայդանին, բայց վճռական է մեր երկրի առաջ ծառացած խնդիրները լուծելու հարցում հասարակական ճնշում գործադրելու իշխանությունների վրա և հասնել անարյուն իշխանափոխության:
Կարևոր է նաև, որ անցնցում իշխանափոխություն իրականացնելու համար երկրի ողջ տարածքում ստեղծվելու են համաժողովրդական շարժման համատեղ կառույցներ՝ շտաբներ, որոնք ամենօրյա ռեժիմով աշխատանք կտանեն հանրության հետ տեղերում: Սա նույնպես խոսում է այն մասին, որ հախուռն, չպլանավորված քայլեր չեն լինելու։ Իսկ սա չափազանց կարևոր է մեր բարդ տարածաշրջանի ու չավարտված պատերազմի պարագայում:
Ամեն օր Հայաստանի ու մեր ժողովրդի վիճակը վատանում է, այս իշխանությունները վտանգ են մեր երկրի անվտանգության համար, բայց որքան էլ Սերժ Սարգսյանի վարչակազմի հեռացումն օրախնդիր է, ցանկություն չկա դրան հասնել երկիրը ցնցումների մեջ գցելու ճանապարհով, ինչն իրենց չեն պատրաստվում թույլ տալ շարժման պատասխանատվությունը ստանձնած ուժերն, ու դա հստակ երևաց Գագիկ Ծառուկյանի ելույթից:
Ստեփան Սաֆարյան, քաղաքագետ
Հայաստանյան ընդդիմության դաշտում փորձ արվեց կատարել մի բան, որն ի սկզբանե հակասում էր խաղի բոլոր կանոններին և քաղաքական կյանքի տրամաբանությանը: Քաղաքական մի ուժ, որն իր մեծությամբ երկրորդն է, խոսքը ԲՀԿ-ի մասին է, հիմնադրված լինելով առավելապես իշխանության տիրույթներով, չգիտես ինչու, այլ ուժերի պատկերացմամբ ու մղմամբ, հայտնվեց ընդդիմադիր դաշտի կենտրոնում, և սկսեցին հույսեր փայփայել, որ այդ ուժը կարող է դառնալ ընդդիմադիր, արմատական, հեղափոխական մթնոլորտի կամ դրա առանցքային մասնակից: Ծառուկյանին ոչինչ չէր մնում անել, քան կամ` շարժվել դեպի առաջ` կորցնելով շատ բան, կամ` ետքայլ կատարել, և այն, ինչ նա արեց, դա ուղղակի ամենահավանական տարբերակն էր:
Տիգրան Ուրիխանյան, ԲՀԿ մամլո խոսնակ
Եթե որևէ մեկին թվում է, որ ԲՀԿ կազմում մնացած համոզմունքներին ու ժողովրդի շահին հավատարիմ մարդիկ կարող են շեղվել նրանից, ինչ հռչակված էր, կարող են փոխել քաղաքական կուրսը, չարաչար սխալվում է: Այո, ունենք քաղաքական այլ իրավիճակ ու դրա մասին չխոսելը կլինի կեղծավորություն, բայց դա չի նշանակում, որ ունենալու ենք քաղաքական այլ կուրս ու գործունեություն: Չգնալ ազգությամբ հայ մարդու արյուն թափելու ճանապարհով, դա չի նշանակում` դադարեցնել պայքարը:
Լևոն Մութաֆյան, թատերագետ
Մինչև երեկ որոշ նախկիններ, որ իշխանափոխության հոտն էին առել և արդեն նոր իշխանության մեջ չաղլիկ պաշտոններ ստանալու երազանքով էին ապրում, քծնում էին Ծառուկյանին, պատրաստ էին ոտքերը համբուրել: Իսկ այսօր հայտարարում են, թե օլիգարխն իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվել...
Այս ամենի մեջ ինձ միակ ոգևորողն այն է, որ նորից չեն հայտնվելու նախկինները...
Դրանց տեսնելիս՝ սրտխառնոց եմ զգում...
Օգտատեր
Ես շատ հեռու եմ քաղաքական դաշտից, բայց մի քիչ տրամաբանություն ունեմ, և կարողանում եմ փաստերն իրար համադրել: Սա հերթական քաղաքական խաղն էր, ինչին բոլորս շատ լավ ծանոթ ենք: Մեր քաղաքական դաշտում ձևավորված ավանդույթ կա, երբ պետք է ժողովրդին շեղել մի բանից մյուսը, դա շատ արագ և ճկուն կազմակերպվում է: Այս ամենը խաղ էր` հերթական թեմայից շեղում: Չեմ սիրում, երբ ամեն ինչ քաղաքականացնում են, բայց սա այդ դեպքը չէ: Սա ուղղակի Պերմյակովին Հայաստանում թողնել, թե՞ տանել, դատել, չդատել լարված իրավիճակից շեղում էր: Եվ հաջողվեց:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր