ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Ականջակալները «խրում» են ականջները, գլուխները «մտցնում են» հեռախոսի մեջ, իբրև` ոչինչ ոʹչ տեսնում են, ոʹչ` լսում»
04.03.2015
Ավագ սերնդի բողոքներն` ուղղված երիտասարդներին երբեմն իրական են, երբեմն էլ` շատ ծայրահեղ: Հաճախ դժգոհում են, որ երթուղու մեջ «ջահելները» նստած են, մեծահասակները` կանգնած, որ գլուխները «մտցնում են» հեռախոսների մեջ, կամ էլ ականջակալները «խրում» ականջները, իբրև` ոչինչ ոʹչ տեսնում են, ոʹչ` լսում:
Արդյո՞ք իրական են այս բողոքներն, ու ինչո՞ւ չեն զիջում երիտասարդներն ավագ սերնդին, ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանում են մեր զրուցակիցները:
Լուսինե Բադալյան, հաղորդավարուհի
Տրանսպորտում երիտասարդները նստած են, տարեցները կողքները կանգնած, տղամարդիկ նստած են, կանայք` կանգնած: Գենդերը սպանեց մեր ազգի առաքինությունն ու վեհանձնությունը: Այնքան տհաճ է տեսնել լկտի դեմքով նստած լակոտին, կամ իրեն գեղեցկուհու տեղ դրած աղջնակի, ու կողքին տառապող ծեր կնոջը կամ պապիկին: Ուզում եմ մոտենալ և ապտակել:
Լիլիթ Բարսեղյան, լրագրող
Վերջերս տեսանյութ էի պատրաստում այն մասին, թե ավագ սերունդն ինչ է կարծում մեր սերնդի մասին: Պատասխանները բազմազան էին՝ անհավատից ու չարացածից մինչև աշխատասեր... Բոլորը հիմնականում բողոքում էին նրանից, որ մենք՝ երիտասարդներս, ականջակալները «խրում» ենք ականջներս, ու երբ մի ծեր կին է նստում, գլուխներս թեքում ենք ականջներիս ուղղությամբ ու չնկատելու ենք տալիս....
Անձամբ ես պապիկներին իսկապես տեղ չեմ տալիս. մի անգամ վեր կացա ավտոբուսում, խնդրեցի նստել ու պապիկը, զարմացած իր ծերությունից, սկսեց ջղայնանալ վրաս` կարողա՞ գիտես պապուդ թայ եմ, տեղ ես տալիս...
Ճիշտ է` բացասական ամրապնդում է, բայց պապիկներին այդ օրվանից տեղ չեմ տալիս, իսկ տարեց կանանց տեսնում եմ, կանգնում եմ, նստում են:
Մարիամ Մկրտչյան, օգտատեր
Սարսափելի է…տղամարդիկ մոռացել են, որ իրենք պիտի տղամարդ լինեն ոչ միայն ֆիզիկապես, այլև իրենց էությամբ, իրենց գաղափարով, վարք ու բարքով: Երիտասարդները մոռացել են հարգել մեծերին, կան մեծեր, որոնք իրենց հերթին երիտասարդներից ավելի շատ կարող են սխալական լինել, աղջիկները կորցրել են իրենց կանացիությունը: Իսկական քաոս է...
Արշակ Արշակյան, օգտատեր
Ես 4 տարի ուսանող եմ եղել, դասի էի գնում ու աղջիկներին զիջում տեղս, բայց 99 տոկոսը նույնիսկ տետրս ու գիրքս չէին վերցնում, ու հիմա կյանքում աղջկան տեղս չեմ զիջի: Էնպես չի, որ մենակ տղաներն են, աղջիկներն էլ են անշնորհք: Իսկ մեծ կնոջը կամ տղամարդուն զիջում եմ:
Կարինա Հովհաննիսյան, օգտատեր
Ես ինքս շատ եմ զարմանում. ո՞նց կարելի է տարեց կնոջը կամ տղամարդուն նստելու տեղ չառաջարկել, երբ ինքդ նստած ես, իսկ նա՝ կանգնած: Ինքս բազում անգամ ականատես եմ եղել նման դեպքերի. երիտասարդ տղան նստած է, աղջիկն անմիջապես իր կողքին կանգնած, տեղ էլ չի առաջարկում: Ու առանց վատ զգալու: Ես հասկանում եմ, որ կարող է տղամարդիկ էլ հոգնած կամ հիվանդ լինեն, բայց եթե ի վիճակի ես կանգնելու, ապա ինչո՞ւ քո կողմից բարի գործ չմատուցես:
Փոխվել են վարքերն ու բարքերը...
Գուրգեն Խանջյան, արձակագիր, դրամատուրգ
Այսօրվա երիտասարդներն անտարբեր չեն, շատ ավելի կիրթ ու դաստիարակված են, քան 10 տարի առաջ: Պարզապես ավելի պրագմատիկ են, դա էլ արհեստական շփումների հետևանքն է: Այսօր արհեստական շփումները գրավել են մեր հասարակությանը, բայց գոնե հասարակական վայրերում կարելի է ժամանակավորապես հրաժարվել դրանցից ու մի քանի րոպե կենդանի շփվել, նայել մարդկանց աչքերի մեջ: Եթե երիտասարդները շատ տարված չեն իրենց հեռախոսներով, լավ էլ զիջում են: Լինում են դեպքեր ինձ ևս զիջում են: Եթե աղջիկ է զիջողը, համառորեն չեմ նստում:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր