ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Ի՞նչ գործ ունեն այդ երգում «բեյբիական» ելևէջները». եվրոտեսիլյան երգի բուռն քննարկումները` համացանցում
13.03.2015
«Եվրոտեսիլ 2015»-ին Հայաստանը կներկայացնի Genealogy խումբը` ներկայացնելով «Don’t deny» կատարումը: Երգի մասին կարծիքները հակասական են. ոմանք այն հավանում են, ոմանց համար երգը հերթական «մղկտոցն» է, շատերին էլ նյարդայնացնում է baby բառը:
Անիտա Հախվերդյան, հաղորդավար
Ինձ դուր է գալիս երգը:
«Բեյբի» բառը շատերին նյարդայնացնում է, ինձ՝ ոչ, ուղագիծ դիմելաձև է, մարդամոտից մինչև արհամարհական come on, babies, stop looking for the catch…
Երգի տեքստը կապ չունի թեմայի հետ: Չունի, եթե ունենար՝ թույլ չէին տա: Մրցույթի կանոնադրության մեջ կա կետ քաղաքական պատգամների վերաբերյալ: Don`t deny-ը լուծում է խնդիրը:
Ես հավանում եմ երգը:
Արթուր Իսպիրյան, երգիչ
Ինձ համար երգը սովորական, չհիշվող, հերթական ողբ ու լացուկոծ է: Թեʹ տեսահոլովակը, թեʹ իրենց տխուր դեմքերը ինձ չհուզեցին: Ավելի ուրիշ ֆորմատով կարելի էր անել այս ամենը: Հերթական երկու հոգու կարծիքով ստեղծված երգ է, հասարակական կարծիքը հաշվի չառնված: Չեմ ուզում վատաբանեմ, քանի որ այս տարի շատ պատասխանատու ելույթ է լինելու, երեխաներն էլ շատ հուզված են լինելու, և եթե ամեն մեկն իր կարծիքը հայտնի, դա կարող է խանգարել:
Ինձ համար «Եվրոտեսիլ» երգի մրցույթը էտալոն չի, ինչքան վատ ու անհաջող երգ կա, ես լսել եմ «Եվրոտեսիլում»:
Կարեն Վարդանյան, վերլուծաբան
Ընտրված երգը, իմ կարծիքով, ամենևին էլ լսելի, ընկալելի, սիրելի դառնալու, առավել ևս հաղթող լինելու համար պիտանի չէ: Մանավանդ, եթե երգի ենթատեքստում կոչ է Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ, ապա անհասկանալի է, թե ինչ գործ ունեն այդ երգում «բեյբիական» ելևէջները: Հասկացանք՝ «Don’t deny», այսինքն՝ «Մի ժխտիր», բայց ինչո՞ւ «Baby, don’t deny», ինչո՞ւ որոշեցին այդ «բեյբին» պարտադիր «խցկել» այդ թեմայի մեջ. ի՞նչ է՝ ժամանակակից եվրոպական ստանդարտնե՞րն են այդպես թելադրում, թե՞ միայն «բեյբիներն» են ժխտողները և կոչը միայն նրանց է ուղղված:
Լևոն Մութաֆյան, թատերագետ
Եվրատեսիլի այս տարվա մեր երգը նման է հայաստանյան ընդդիմությանը. նախապես մեծ աղմուկ, խոստումներ, վերջում՝ կատարյալ խոտան...
Վարդան Հովհաննիսյան, բեմադրիչ
Շա՛տ, շա՛տ լավ է նկարած, գեղեցիկ, բարձր ճաշակով, յուրաքանչյուր մասնիկ մտածված է և տեխնիկապես, և գեղարվեստի տեսանկյունից, ամբողջ պատմությունը, սկիզբը, վերջը, միջավայրը, գույնը, լույսը հագուստը, շարժումը և վերջապես կատարումը, ոչ մի ավելորդ բան և ոչ էլ պակաս: Չգիտեմ ով է արել, բայց հատատ գիտեմ, որ շնորհքով մարդ է, արժանապատիվ: Գերազանց:
Սիրան, օգտատեր
Շատ հոյակապ ու տեղին երգ էր: Համոզված եմ, որ հաղթելու ենք: Երբ պետք է մեր ժողովուրդը ազգային գիտակցության ու մենքի զգացում ունենա: Վատաբանելու փոխարեն մտածենք, որ դա էլ մի չնչին բան է` ուղղված Ցեղասպանության 100-ամյակին:
Արմեն Աշոտյան, ԿԳ նախարար
Պատկանում եմ այն մարդկանց թվին, ով մաքսիմալիստական ակնկալիքներ ունի մեր հրաշալի թիմից:
Երեկ լսեցի մեր երգը, անգամ լուռ դժգոհեցի: Բայց այսօր նորից լսեցի, թարմ ականջով ու ասեմ, որ հուզիչ է, տպավորիչ, գուցե ոչ շատ հիշվող, բայց ազդեցիկ է:
Շնորհակալություն հայտնենք մեր վեցյակին, ասենք, որ մենք իրենց հետ ենք, երկրպագում ենք, սատարում ենք և փորձում իրենց հետ միասին երգել` DON'T DENY:
GOOD LUCK, ARMENIA !
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր