ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Փեսա լինելն էլ քաղաքական կատեգորիա չէ…». քաղաքական գործիչները` Կարապետ Գուլոյանի մարզպետ դառնալու մասին
03.04.2015
Գագիկ Ծառուկյանի փեսա, Աբովյանի արդեն նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանի` Կոտայքի մարզպետի պաշտոնում նշանակվելը քննարկումների նոր թեմա է դարձել հասարակական-քաղաքական շրջանակներում: Կարապետ Գուլոյանն, անդրադառնալով լուրերին, թե նշանակումն արվել է Գագիկ Ծառուկյանի միջամտությամբ, ասել է, որ կառավարությունն իր աշխատանքը գնահատելով է գնացել այդ քայլին, ուրիշ` ոչինչ: Քաղաքական գործիչներից ոմանք այս քայլը դիտարկում են որպես մխիթարանք, մյուսներն էլ նշանակումը համարում են տրամաբանական` կարծելով, որ նորանշանակ մարզպետն արժանի է այդ պաշտոնին:
Գուրգեն Եղիազարյան, քաղաքական գործիչ
Դա մեր քաղաքական մշակույթում վերջին շրջանում տեղի ունեցած օրինակներից մեկն է: Սկզբում ասում են` Պյութագորասի թեորեմը չգիտի, Հայ ժողովրդի պատմություն չգիտի, «Վարդանանք» չի կարդացել, ավելին, մականունով են դիմում, իսկ հետո նորից` «պարոն Ծառուկյան»-ով: Եթե սիստեմին դեմ է, մականունով է, եթե չէ` չէ: Ինչ վերաբերում է մխիթարանքին, այո, սկսել են փեսայից, հետողորմյա է էլի:
Արամ Հարությունյան, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ
Գագիկ Ծառուկյանի հետ կապված` ես գործ ունեմ միայն նրա` փետրվարի 13-ի ելույթի հետ, դրան հաջորդող ելույթներն ամեն ինչի տեղ թողնում են` սկսած վերադարձից: Դրա համար չեմ ուզում մեկնաբանել ոչ նրա հետագա քայլերը, ոչ էլ այդ նշանակումները: Միայն մի բան կասեմ` քաղաքական վերջին զարգացումները ցույց տվեցին, որ խնամի լինելը քաղաքական կատեգորիա չէ, ուստի փեսա լինելն էլ քաղաքական կատեգորիա չէ:
Վահան Բաբայան, ԲՀԿ մամուլի խոսնակ
Կարապետ Գուլոյանը մեծ փորձ ունի տեղական ինքնակառավարման ոլորտում, եղել է լավ քաղաքապետ և կարծում եմ, որ կկարողանա մարզը զարգացնել և մեծ հաջողություններ գրանցել: Ես կարծում եմ, որ նորանշանակ մարզպետը, անկախ իր կուսակցական և քաղաքական գործունեությունից, աչքի է ընկել իր աշխատանքով և որևէ այլ մեկնաբանություն չենք ընդունում: Մենք ողջունում և շնորհավորում ենք:
Հերմինե Նաղդալյան, ԱԺ փոխնախագահ
Եղել է որոշում, ըստ որի` Կարապետ Գուլոյանը նշանակվում է մարզպետ: Մյուս ենթադրությունները ֆանտազիայի ժանրից են: Որևէ մեկը չի ծնվում պաշտոնով և չի մահանում այդ պաշտոնում: Արտասովոր երևույթ չկա:
Արագած Ախոյան, ԱԺ պատգամավոր
Ընդամենը հանգամանքների բերումով եղել են վերադասավորումներ: Որոշ խումբ դուրս եկավ ԲՀԿ-ից, այդ թվում նաև կուսակցության ղեկավարը` հստակ արտահայտելով իր ցանկությունը: Բոլոր շեշտադրումները պետք չի ուղղորդել դեպի Գագիկ Ծառուկյանը: Նա հրաշալի կերպարով անձնավորություն է, որպես մարդ ես իրեն բարձր եմ գնահատում, իսկ քաղաքական առումով գիտեք, որ նման որոշումները մենակ չեն կայացնում, կոլեկտիվ է արվում: Մարդը միայնակ չի կարող լուրջ պրոցեսների տիրապետել կամ վարել:
Լյովա Խաչատրյան, ԱԺ պատգամավոր
Միգուցե քաղաքապետ աշխատելու ժամանակ նորմալ աշխատել է, արդարացրել է իրեն, հետևաբար` արժանի է: Ես Աբովյան քաղաք մտնելիս երբևէ տհաճ բաների ականատես չեմ եղել: Ամեն ինչ մաքուր է, կազմակերպված:
Չեմ կարծում, որ սա նվեր է Գագիկ Ծառուկյանին: Վախեցիր նվեր անող դանայացիներից:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր