ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Ճահճում խեղդվողի վերջին ճիչը». Եվա Ռիվասին արձագանքում են լրատվամիջոցների ներկայացուցիչներն ու մշակութային գործիչները
13.04.2015
Երգչուհի Եվա Ռիվասի անդրադարձը Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան այցելությանը` բուռն քննարկման առիթ դարձավ:
ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակիցը լսել է լրագրողների և մշակութային գործիչների արձագանքը` Եվա Ռիվասի աղմկահարույց հայտարարության վերաբերյալ: Ոմանք գտնում են, որ ամեն մարդ իրավունք ունի հայտնելու սեփական կարծիքը, ոմանք էլ Եվա Ռիվասին համարում են չռեալիզացված անձ:
Հիշեցնենք, որ երգչուհին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ժողովուրդն արդեն երկրորդ օրն է՝ վազում է Քիմի հետևից: Բացի այդ, նա վիրավորական արտահայտություններ էր արել ոչ միայն ժողովրդի հասցեին՝ նրան անվանելով «տառականներ», այլև լրատվամիջոցներին, որոնք, ըստ նրա, ծայրաստիճան սահմանափակ ուղեղով և փայլուն երևակայությամբ, «շներն» են, ովքեր կատարում են իրենց մասնագիտական աշխատանքը՝ լուսաբանելով Քիմ Քարդաշյանի յուրաքանչյուր քայլը:
Նադեժդա Սարգսյան, երգչուհի
Ծիծաղս գալիս է ուղղակի: Գիտե՞ք ինչու. ցավն այն է, որ նման բան գրում է այն մարդը, որը ոչինչ չի արել: Մեր այսօրվա հյուրերը մի քանի օրվա մեջ Հայաստանը ճանաչելի դարձրեցին, ոչ միայն Ցեղասպանությունը, այլև մշակույթը: Եվ ընդհանրապես, մեր երկիր այցելող ցանկացած հյուր ինչ-որ կերպ նպաստում է այդ գործին: Բայց ա՜յ Եվա, որ նույնիսկ չգիտեմ՝ հայ ես, հայ չես, նույնիսկ չեմ կարողանում Ռիվաս էլ ասել… դու ո՞վ ես, որ եկել, իմ ժողովրդին վիրավորում ես, տառական ու շուն ես անվանում: Չի կարելի նման բան ասել, ամոթ է, մի փոքր համեստ է պետք լինել, պետք է ուրախանալ, որ այս մարդիկ ամեն ինչ անում են մեր 100-ամյակի տարելիցը ինչ-որ կերպ ճանաչելի դարձնելու համար: Ինչո՞ւ ես չարանում: Գնա քո երկիրը:
Ռուբեն Բաբայան, Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար
Ինձ վրա տխուր տպավորություն թողեց նրա այդ գրառումը՝ անկախ նրանից, թե դրա ասողն ով է: Նման արտահայտություններ, մտքեր արտահայտողը ժողովրդի հասցեին միայն կարող է անել օտարը, ոչ թե հայը: Եվա Ռիվասի այս պահվածքը, կարծում եմ, օրինաչափ է, հատկապես, երբ մարդը հասնում է որևէ բանի՝ բացարձակապես դրա արժանիքները չունենալով:
Այդ տողերը գրելիս նրա մեջ երևի թե մեծամտությունն է խոսել: Հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր մատը մատին չեն խփում, բայց դրա փոխարեն փորձում են սեփական անձը ներկայացնել: Իրականում, նա ով որ երկրի, ժողովրդի համար ինչ-որ բան անում է, երբեք չի բարձրաձայնում այդ մասին: Ես ինչ անում եմ իմ երկրի համար, առաջինն անում եմ ինձ համար: Կարծում եմ՝ այս ամենը կանցնի, կգնա, նեղացած, ջղայնացած, նախանձոտ, նաև՝ չստացված երգչուհին նույնպես: Սակայն պետք է մի բան ասեմ՝ ընդհանրապես, որոշակի ընտրություն կատարելիս, պետք է մասնագիտական կարողությունների վրա ուշադրություն դարձնել, որովհետև լավ մասնագետը, անկախ նրանից, թե որ ոլորտում է աշխատում, նման բաներ իրեն թույլ չի տա: Դա թույլ են տալիս մարդիկ, որ ոչ թե մասնագիտական ուղիով են հասել բարձունքների, այլ ուրիշ ուղիներով:
Մարի Սանթրոսյան, դերասանուհի
Էսպիսի խոսք կա, երբ ասում են` մարդու ոտքը տրորի և իրական դեմքը կերևա... Այսօր, մեր այսպես ասած, աստղերը իրենց դեմքերը ցույց տվեցին... Այն, որ Եվա Ռիվասը ժողովրդին շան հետ համեմատեց, կուզեմ իմանամ, թե այսքան տարի որտե՞ղ էր մեր հայրենասեր հայուհին... Այն մութ ու ցուրտ տարիներին ո՞ր անկյունում էր տաքանում և ինպե՞ս, որ այսօր էլ իրեն իրավունք է վերապահում նման կերպով արտահայտվել… Թող բոլորն իրենց բարձունքներում մնան, այդ դեպքում շատ ավելի գնահատված ու ճիշտ տեղում կլինեն...
Արմինե Գևորգյան, լրագրող, «Haynews»
«Մեղավորը» մենք ենք, որ իրեն էլ լուսաբանեցինք այն ժամանակ, երբ եկավ Հայաստան: Պարզապես մենք մեր մասնագիտական պարտքը կատարեցինք: Կարող եմ ասել, որ նրա այդ խոսքերը ևս մեկ անգամ վկայում են ներքին կուլտուրայի պակասի մասին: Ու որքան միջակ արտիստներից մենք շուտ ձերբազատվենք, այնքան լավ: Եվ որքան այս թեման քիչ լուսաբանենք, այնքան ավելի լավ: Ուղղակի չեմ ուզում իրեն պատասխանել իր բառապաշարով: Այսքանից հետո պարզապես այդ միջակությանը չպետք է լուսաբանել ու վերջ: Եվ մեկ հիշեցում. նույն հայ ժողովրդի միջոցով նա հասավ «Եվրատեսիլ» ու չասենք, թե ինչ ելույթ ունեցավ:
Լիանա Մարգարյան, լրագրող, ռադիո «Վան»
Չռեալիզացված անձ:
Արմինե Գրիգորյան, լրագրող, «Իրավունք»
Ես կնախընտրեի, որ Եվա Ռիվաս անհատի կարծիքը պարզապես շրջանցվեր, քանի որ իմ կարծիքով նա դրանով փորձ կատարեց լրագրողների ուշադրությունն իր վրա հրավիրել` օգտվելով պատեհ առիթից: Այլ կերպ ասած՝ Քիմ Քարդաշյանի ֆոնին փորձեց ուշադրությունն իր վրա հրավիրել, որը, ցավոք, մեր լրատվական դաշտի ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունքում կարելի է ասել, որ ստացվեց: Եթե մի փոքր ետ գնանք և փորձենք հասկանալ, թե ով է առհասարակ Եվա Ռիվաս անհատը, կհասկանանք, որ նա չստացված երգչուհի է ռուսական և հայկական շոու բիզնեսներում, և առհասարակ նա ներխուժեց մեր իրականություն «Եվրատեսիլի» շնորհիվ, երբ կասկածելի հանգամանքներում նրան իրավունք վերապահվեց ներկայացնել Հայաստանը այդ հեղինակավոր մրցույթի ժամանակ: Նրա նմանները շատ են նաև Հոլիվուդում, այսինքն այստեղ ևս նրա համար դրսևորվելը և ճանաչում ձեռք բերելը հեշտ չի լինի: Սա գիտի ինքը, գիտենք նաև մենք ուստի նրա քայլը ես կարող եմ վերնագրել՝ «Ճահճում խեղդվողի վերջին ճիչը»:
Լուսինե, լրագրող
Այստեղ ամեն ինչ հստակ է. նա պարզապես լրագրությունից հեռու մարդ է: Իսկ առհասարակ, յուրաքանչյուր մարդ իրավունք ունի հայտնելու իր կարծիքը:
Աննա Հայրապետյան, լրագրող
Ամեն մարդ, իհարկե, իրավունք ունի սեփական կարծիքը, տեսակետն ունենալու ու արտահայտելու: Սակայն այս դեպքում, կարծում եմ` հենց մենք` լրագրողներս ենք մեղավոր, որ հանրայնացնում ենք ինչ- որ մեկի կարծիքը, լսելի դարձնում բոլորին ու ամենուր և դրանից շոու սարքում: Եթե պարզապես չանդրադառնայինք նրա գրառմանը, հակահարվածն ավելի ուժեղ կլիներ: Իհարկե այս օրերին հայ աստղերը փայլեցին իրենց նախանձությամբ, վերջնականապես խամրեցին: Ամբողջ շոու-բիզնեսը տարիներ շարունակ չկարողացավ անել այն, ինչ երեկ տեղի ունեցավ Կարապի լճում: Անակնկալ համերգի լուրը տարածվեց րոպեների ընթացքում ու հոծ բազմություն հավաքվեց, իսկ մեր աստղերն ամիսներով պատրաստվում են ու կիսադատարկ դահլիճներում երգում: Չեմ զարմանա, եթե նույն Եվա Ռիվասը երեկ համերգի շտապած լիներ: Իհարկե նրա գրառումը իմ սրտով էլ չէր, բայց նա այն համարձակների թվում էր, որ չվախեցավ ու արտահայտեց իր կարծիքը: Իսկ նրա նման աստղիկներից քանիսը լռեցին...
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր