ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Որքանո՞վ է ազատ հայ մամուլը. գնահատում են լրատվամիջոցների աշխատակիցները
03.05.2015
Մայիսի 3-ը մամուլի ազատության օրն է: Որքանո՞վ է ազատ հայ մամուլն ու ի՞նչ կփոխեին հայ լրագրողները, եթե հնարավոր լիներ: Այս հարցերի շուրջ ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակիցը զրուցել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Շատերի կարծիքով` իշխանությունների ճնշումներն ու վերահսկողությունն անխուսափելի են, ոմանք էլ գտնում են, որ Հայաստանի անկախացումից հետո մամուլը ևս որոշակի ազատություն է ստացել:
Պետրոս Ղազարյան, «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ և վարող, լրագրող
Հայաստանյան մամուլն ի տարբերություն Ֆրանսիայի, Բելգիայի և Շվեդիայի, համամատաբար ազատ չէ: Իսկ եթե համեմատենք մեր հարևան Ադրբեջանի կամ Եվրասիական տնտեսության միության հետ` բնականաբար ազատ է: Կարևորը տենդենցն է:
Ինչպես իշխանության մյուս թևերը, այս թևը ևս պետք է անկախ լինի: Իշխանության կողմից ճնշումն ու վերահսկողությունն առաջին հերթին խանգարում է ընդհանուր համակարգին, իսկ մենք բոլորս այդ համակարգի մեջ ենք, և անհատականացված նույնպես խանգարում է: Մի օր շատ, մի օր քիչ, բայց խանգարում է:
Արտակ Բարսեղյան, Հանրային ռադիոյի կայք-էջի խմբագիր
Հետևելով մամուլի հրապարակումներին` կարող եմ նշել, որ հայկական մամուլը` տպագիր և էլեկտրոնային մասով, ազատ են: Այստեղ կան տարբեր կարծիքներ: Սակայն դրա հետ մեկտեղ կա որակյալ հրապարակումների պակաս:
Արփինե Սիմոնյան, «Առավոտ» օրաթերթ, լրագրող
Իմ կարծիքով` մամուլը երբեք բացարձակ ազատություն չի ունենա Հայաստանում, քանի դեռ մնում է` որպես կոնկրետ անձանց քարոզչամեքենա: Վերջին տարիներին ազատության առաջընթաց նկատվում է, բայց միևնույնն է, չեմ կարող ասել, որ բացարձակ ազատ է:
Տիրայր Մուրադյան, լրագրող
Հայաստանում մամուլի ազատության մասին խոսելից պետք է տեսնել, թե մեր երկրում մամուլի ազատությունը զարգացման ինչ փուլերով է անեցել: Հայաստանի անկախացումից հետո, իհարկե, մամուլն էլ է որոշակի անակխություն ստացել, բայց ասել, որ Հայստանում մամուլն ազատ է՝ տեղին չեմ համարում: Բոլորովին վերջերս «Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակեց մամուլի ազատության համաշխարհային ցուցանիշը որտեղ Հայաստանը դասարկարգել էր մասամբ ազատ մամուլ ունեցող երկների շարքում: Մեզ մոտ մամուլը համարվում է ազատ՝ համեմատվելով Թուրքիայի և Ադրբեջանաի նման երկրների հետ: Իմ կարծիքով պետք է Հայաստանում գործող լրատվամիջոցների գործունեությունը համեմատել ժողովրդավարության ավելի բարձր մակարդակ ունեցող երկրների հետ և այդ ժամանակ կտեսնենք, թե որքան վատ վիճակում է հայաստանյան մամուլը: Իմ խորին համոզմամբ Հայասատնում մամուլը այն մակարդակում է, որ մակարդակում ժողովրդավարությունն է, իսկ մամուլի ազատության հասնելու համար մեզ մոտ լրագրությունը ձևափոխության է ենթարկվում, որն անխուսափելի է: Ձգտել մամուլի ազատության՝ չպետք է ինչ-որ մեկը հուշի լրագրողին, այլ լրատվական գործունեություն իրականացնելիս պետք է պարզապես կարևորել լրագրողի գործոնը ժողովրդավարության կայացման գործում և այդ դեպքում է, որ հնարավոր է ունենալ ազատ մամուլ և կայացած ժողովրդավարություն:
Արմինե Գրիգորյան, «Իրավունք» շաբաթաթերթ, լրագրող
Այսօր մամուլը մի քանի անգամ ավելի ազատ է, քան երբևէ: Մամուլի ազատությանը մեծապես նպաստեցին էլեկտրոնային լրատվամիջոցները, որոնք էլ իրենց հերթին սոցիալական ցանցերի զարգացման արդյունք էին: Այնուամենայնիվ, այսօր մեկ բան հստակ է, և կարելի է արձանագրել, որ այլևս չկան տաբուներ: Իմ կարծիքով, եթե այս կամ այն քաղաքական գործիչը որոշ ժամանակով չի հայտնվում լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, ապա դա լոկ բացթողում է, ոչ թե՝ քաղաքական պատվեր: Սակայն, այստեղ կա մի ԲԱՅՑ, որի մասին միշտ պետք է հիշել՝ ազատությունը չի կարելի շփոթել ամենաթողության հետ: Անընդունելի է այն մոտեցումը, որ եթե ազատ ենք, ուրեմն կարող ենք գրել ինչպես ուզում ենք, կամ ինչպես որ հասկանում ենք: Կարևոր է հիշել, որ լրագրողն իրավունք ունի գրել ցանկացած թեմայի մասին, սակայն չի կարելի բամբասանքը բերել մամուլ: Արժանահավատ են այն հրապարակումները, որոնք պարունակում են կոնկրետ փաստեր և դրանք հիմնավորող ապացույցներ:
Հասմիկ Մովսիսյան, «ՄԱՄՈՒԼ.am», լրագրող
Չնայած Հայաստանում վերջին տարիներին նկատելի է խոսքի ազատության հարցում որոշակի տեղաշարժ, սակայն համարել այն բավարար, անշուշտ, չի կարելի: Որքան էլ պարծենանք, թե մեր երկրում մամուլի ներկայացուցիչն ազատ է իր խոսքն արտահայտելու, բարձրաձայնելու հարցում, միևնույն ժամանակ էլ պետք է փաստենք, որ նույն այդ մամուլի ներկայացուցիչը շատ հաճախ բռնությունների և ճնշումների է ենթարկվում իր իսկ երկրում միայն այն բանի համար, որ փորձում է անաչառ լինել իր գործունեության մեջ, քաղաքացիներին մատուցել ճշգրիտ լրատվություն: Խոսքի ազատության հարցում մենք առաջ ենք միայն գրեթե այն երկրներից, որոնք, մեղմ ասած, հեռու են ժողովրդական արժեհամակարգից կամ եվրոպական քաղաքակրթությունից առհասարակ: Տարբեր միջազգային հետազոտություններն ու մոնիթորինգները նույնպես վկայում են, որ մեր երկիրը դեռևս հեռու է այս հարցում բավարար արդյունքներից:
Իրինա Մկրտչյան, «Շանթ» հեռուստաընկերություն, լրագրող
Մամուլը, թերևս, ամենաազատն է շարունակում մնալ` համեմատած զանգվածային մյուս լրատվամիջոցների հետ: Տարակարծության ու օբյեկտիվության մեծացման համար կցանկանայի, որ մամուլի և ոչ մի տարբերակ չպատկաներ այս կամ այն կառույցին, այլ լիներ բացարձակ անկախ:
Օվսաննա Մնացականյան, «Սլաք.am», լրագրող
Կարծում եմ՝ Հայաստանում մամուլի ազատություն կա, սակայն մամուլն այսօր կենտրոնացված է իշխանության կողմից վերահսկվող կազմակերպությունների կողմից և մանիպուլյատիվ է: Հեռուստաընկերություններում մամուլի ազատությունը խիստ սահմանափակված է, անգամ լրատվությունից հեռու մարդիկ, նայելով լուրերի թողարկումը ցանկացած հեռուստաալիքով, կարող են կռահել, թե որ կուսակցությանը կամ քաղաքական որ թևին է պատկանում տվյալ հեռուստաընկերությունը: Իսկ ինչ վերաբերում է լրատվական կայքերին կամ բլոգներին, այնտեղ արդեն, պատկերն այլ է. կայքերում մամուլի ազատություն, այնուամենայնիվ, կա: Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, ապա այսօր մարդիկ ավելի անկաշկանդ են արտահայտվում ու դրան նպաստեց ինտերնետի տարածումը, սոցիալական ցանցերի մասսայականացումը, որն անխուսափելի է դարձնում որևէ տեղեկության, կարծիքի հրապարակումը: Այսօր գրառումների միջոցով մարդիկ կարողանում են արտահայտել ցանկացած կարծիք, բողոք ու ամենակարևորն, այն դառնում է լսելի:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր