ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Որքանո՞վ է խելամիտ կամուրջների ցանկապատումը. պարզաբանում են տարբեր ոլորտների ներկայացուցիչները
06.05.2015
ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանի առաջադրած` կամուրջների ցանկապատման մասին նախագիծը, որն ընդունված է ամբողջ աշխարհում և նպատակ ունի կանխարգելել ինքնասպանությունները, Հայաստանում դիտարկվեց ոչ այնքան իրատեսական: Իրավապաշտպանների բնորոշմամբ` խնդիրն ավելի խորքային է և առավել լուրջ մոտեցում է պահանջում: Ճարտարապետներից ոմանք էլ մտահոգություն հայտնեցին, որ դա կաղավաղի կամուրջների ճարտարապետական տեսքը: ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակիցը զրուցել է տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ:
Մկրտիչ Մինասյան, Ճարտարապետների միության նախագահ
Ամբողջ աշխարհում ինքնասպանություններ է կատարվում կամուրջների միջոցով, նույնիսկ ֆիլմերից բոլորս գիտենք ու տեսել ենք, հետևապես` ցանցերի միջոցով աշխատում են զերծ պահել նման երևույթներից: Այս տարբերակն այնքանով է իրատեսական, որ եթե մարդ ուզում է ինքնասպան լինել, կամրջից չի նետվի, ցուցանիշն այդ կլինի: Դա բավական մեծ արդյունք է: Անկախ նրանից, թե ֆինանսական ինչ ծախսեր կպահանջվեն` կողմ եմ նախագծի իրականացմանը:
Ելենա Աթոյան, ճարտարապետ
Ինչ վերաբերում է արտաքին տեսքի աղավաղմանը` համամիտ եմ. ինչպիսին էլ, որ այն լինի, ինչ նյութից էլ, որ կատարվի, ինչ ճարտարապետական լուծում էլ, որ առաջարկվի: Մյուս կողմից, եթե այդպիսով կառավարությունը փորձում է լուծել անվտանգության խնդիր, որպեսզի իր քաղաքացիները սուիցիդի չդիմեն` ավելի լավ է այդ ֆինանսական միջոցներն ուղղի մարդկանց սոցիալական վիճակը բարելավելուն, իսկ հոգեկան խնդիրներ ունեցողների համար` կազմակերպի արդյունավետ, անվճար բուժում: Քանզի, ըստ իս, սուիցիդն առաջին հերթին հոգեկան խանգարման հետևանք է, երկրորդ` սոցիալական ծանր վիճակը, որն էլ հաճախակի դառնում է դրա պատճառը:
Արթուր Սաքունց, իրավապաշտպան
Խնդիրը չափազանց լուրջ է, ինչը, բնականաբար, լուրջ մոտեցում է պահանջում: Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ մարդիկ կամ չեն հասկանում, թե ինչի հետ են կապված այդ ինքնասպանությունները, կամ հասկանում են, բայց գիտակցված լռության են մատնում: Հո չե՞ս կարող հանրապետության բոլոր բարձրահարկ շենքերը ցանցապատել: Դա այնքան էլ լուրջ մոտեցում չէ: Հայաստանում այնպիսի իրավիճակ են ձևավորում, որ միակ ելքը մնում է կաʹմ երկրից, կաʹմ կյանքից հեռանալը: Եվ այս երկընտրանքի միջև գտնվող մարդկանց խնդիրները չհասկանալ և առաջարկել, որ կամուրջների հարակից տիրույթները ցանցապատել` նույնիսկ, կարելի է ասել, անմարդկային է և դաժան:
Հրանուշ Խառատյան, ազգագրագետ
Ինքնասպանություններն սկսվում են բարձրահարկ շինություններից, ավարտվում` թունավորումներով: Բայց ամենից շատ կախվում են: Ի՞նչ է դա նշանակում. դա նշանակում է` երկրից բոլոր հնարավոր տարբերակները վերացնել` գոտիները, պարանները, սավանները: Այսինքն` խնդիրները լուծելու, որոնք մղում են ինքնասպանության, լուրջ միջոցներ չեն առաջարկվում, այլ` ձևացնում են, թե ինքնասպանության շուրջ ինչ-որ լուծում են առաջարկում:
Լուսինե Արշակյան, ՀՀ քաղաքացի
Ինքնասպանությունները շատացել են, դա լայն խորհելու առիթ է տալիս: Կամուրջները ցանկապատելով հարցին որոշ չափով լուծում կտան, բայց ոչ լիարժեք: Պետք է ինքնասպանություն գործել ցանկացողների հոգեկան աշխարհն ուսումնասիրել և բուժել: Կարծում եմ` դա կլինի հարցի վերջնական լուծում:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր