ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Մուրացկանությունը բիզնե՞ս է, թե՞ մասնագիտություն. մեկնաբանում են հասարակական տարբեր խավերի ներկայացուցիչները
13.05.2015
Հայաստանում, թեև սոցիոլոգների դիտարկմամբ` զանգվածային մուրացկանությունը վերացել է, սակայն շատերի կարծիքով` ոմանց մոտ այն դարձել է մասնագիտություն:
Նյու Յորքում Գերագույն դատարանն իրավունք է տվել մուրացկաններին ապրել դրսում: Չնայած մեզ մոտ նման օրենք գոյություն չունի, բայց մուրացկաններից շատերն ունեն իրենց «աշխատավայրն» ու ոստիկանության հետ համաձայնագիր:
Ահարոն Ադիբեկյան, սոցիոլոգ
Մուրացիկությունը որպես երևույթ չի վերացել, իրականացման եղանակներն են փոխվել: Կան մարդիկ, ովքեր արդեն պրոֆեսիոնալ են, կոնկրետ տեղ ունեն ու տեղական ոստիկանության հետ պայմանավորված են` իրենց ձեռք չեն տալիս: Դա աշխատանքի նման բան է, մեկը հրապարակում է աշխատում, մյուսը` «Երևան» հյուրանոցի տարածքում: Դա, իհարկե, աննորմալ է:
Մեզ մոտ էլ, դրսում էլ` պատահում է, որ մոտենում են և ասում են՝ երեխան հիվանդ է, և օգնություն են խնդրում, դրա դեմ ինչպե՞ս պայքարես: Դա ուղղակի մարդկային հոգեբանություն է, դրա դեմ պայքարելն անօգուտ է:
Հռիփսիմե Սարգսյան, ՀՀ քաղաքացի
Ըստ Աստվածաշնչի պատգամների՝ ողորմություն տալը մեծ վարձք ունի երկնային արքայությունում: Ողորմած եղեք կարիքավորի նկատմամբ, և թող Ձեր աջ ձեռքը չիմանա, թե ձախը որքան զոհաբերեց...
Միշտ կարծել եմ՝ մուրացիկներին պետք է մոտենալ ըմբռնումով, բայց ցավալի է, որ հիմա Հայաստանում դա իսկապես վերածվել է բիզնեսի: Կենտրոնական շրջանում մուրացիկության դեպքերը ավելի շատ են: Վերջերս մի նոր ձևի մուրացիկություն է տարածվել` բաժանում են գրիչներ, նկարներ և մի քանի տող գրած թղթի վրա, որ իրենք խուլ ու համր են և ինչքան շատ վճարեք դուք կհամարվեք շատ բարի: Մի երկու անգամ տվեցի, բայց տեսա, որ ամեն քայլափոխի ուղղակի մարդկանց գթությունը շարժելով գումար են վաստակում: Ամենասարսափելին անչափահասների մուրացիկությունն է, որը վերածվել է թափառաշրջության: Մուրացկանությունը ողբի թեմա չէ և ոչ էլ ողբալու: Ամեն երկրում կա մուրացկանություն, բայց դրա դեմ պայքարում են և ոչ թե խեղճ ու անճար անվանում:
Ինչպե՞ս հետևես Աստվածաշնչի ուղղորդումներին, եթե դա վերածված է բիզնեսի:
Նատաշա Հարությունյան, ՀՀ քաղաքացի
Երբ ծեր մարդիկ են լինում, ովքեր ունակ չեն աշխատելու օգնում եմ, իսկ երբ երիտասարդ մարդը, որ կարող է գնալ, աշխատել, մուրացկանություն է անում, ակնհայտ է, որ հեշտ միջոց է գտել՝ փող ստանալու: Այս պարագայում դժվար է հավատալ կամ չհավատալը, կարող է շատ վատ կյանքից լինել, կարող է բիզնես լինել:
Հրանտ Ամիրյան, Բելգիայի քաղաքացի, ՀՀ քաղաքացի
Մուրացկաններ, որպես էդպեսին, այստեղ քիչ են, քանի որ պետությունը սոցիալական նպաստներ ունի սահմանած չաշխատողների համար` անաշխատունակ, հաշմանդամ և այլն, ինչպես և առողջ բայց գործազուրկ:
Այնուամենայնիվ այստեղ ևս մուրացկանություն գոյություն ունի: Հիմնականում՝ օտարազգի նելեգալներ (եթե բնակվելու իրավունք չունի, բնականաբար զրկված է նպաստից): Սրանք, փոքր բնակավայրերում, հայտնվում են, հիմնականում, տոների ժամանակ, սուպերմարկետների հարևանությամբ, իսկ խոշոր քաղաքներում իրենց մշտական տեղն ունեն` ինչպես Հայաստանում:
Հոլանդիայում կա թերթի հատուկ տեսակ: Կոչվում է «Ստրաատկրանտ» (փողոցային թերթ): Սրա վրա նշված է, որ այն նախատեսված է անտունների համար. մինչև չապացուցես որ, գոյատևման ուրիշ աղբյուր չունես, անտունի ու թերթը վաճառողի բեյջ չեն տա: Վերջիններս այն իրենք են գնում 75 ցենտով և իրավունք ունեն վաժառել 1.50 եվրոյով: Ինչ որ տեղ կարելի է ասել՝ այս մեխանիզմը հորինված է մարդու ինքնասիրությունը չվիրավորելու համար... Չէ որ նա չի մուրում, այլ՝ վերավաճառում է: Բայց իրականում մարդիկ գիտեն, թե ինչն ինչոց է ու ավելի շատ գումար են թողնում թերթը վերցնելիս, կամ էլ մի քանի ցենտ են տալիս ու թերթը չեն վերցնում: Սա իսկական մասնագիտություն են դարձրել մեր հայրենակիցներն ու թերթ վաճառելու են դուրս գալիս ինչպես աշխատանքի գնալիս:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր