ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Համացանցում Տիգրան Խզմալյանին քննադատում են և դավաճան համարում
13.05.2015
Կինոռեժիսոր և հասարակական գործիչ Տիգրան Խզմալյանի ադրբեջանական «Հաքքին»–ին տված հարցազրույցը մեծ արձագանք բարձրացրեց հայկական լրատվական դաշտում: Նա խոսել է երկրում տիրող ծանր տնտեսական իրավիճակի, արտագաղթի, կոռուպցիայի, սոցիալական անարդարության և այլ խնդիրների մասին, քննադատել Հայաստանի իշխանություններին: Համացանցում սկսեցին ակտիվ քննարկումներն ինչպես մասնագետների, բլեգորների, այնպես էլ օգտատերերի կողմից:
Սամվել Մարտիրոսյան, տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ
Խզմալյանի հարցազրույցի պահով ասեմ.
ա․ Ես համարում եմ, որ մենք պետք է ապրենք ազատ երկրում և մարդ ազատ է՝ հարցազրույց տալ ում ուզում է
բ․ Մյուսներն էլ ազատ են էդ մարդու մասին մտածել այն, ինչ համարում են հարկը.
Հիմա կոնկրետ բովանդակության մասին, առանց քննադատելու, զուտ տրամաբանելու պահով․
ա․ քաղաքական գործիչը պետք է հաշվի առնի, թե ում է հարցազրույց տալիս։ Օրինակ, ամերիկյան ընդդիմադիր Մաքքեյնը հարցազրույց չի տա «Урюпинская правда об НЛО» թերթին։ «Հաքքին․ազ»-ը դրա պես մի բան է․ դա ԶԼՄ չէ, այլ մաքուր քարոզչական հարթակ։ Մի ուրիշ, մի քիչ մակարդակով լրատվական լիներ՝ բան չէի ասի
բ․ «Հաքքին․ազ»-ին և ադրբեջանցիներին չի հետաքրքրում կոնկրետ Խզմալյանի կարծիքը, քանի որ իրենք չեն տարբերում Խզմալյանին Ծառուկյանից կամ Գալուստ Սահակյանից։ Իրենց մենակ պետք ա, որ Հայաստանին դեմ խոսա ինչ-որ մեկը։
գ․ Եթե Խզմալյանը խոսեր հայ֊ադրբեջանական հարաբերությունների մասին՝ հասկանալի կլիներ հարթակի ընտրությունը։ Բայց ո՞րն է իմաստը գնալ ադրբեջանական հարթակ և խոսել լրիվ հայաստանյան լսարանի համար։ Ես էդ ֆիշկեն չեմ ջոգել, կարող ա հասկացող կա՝ բացատրի՞։ Նենց չի, որ Հայաստանի ներսում ինքը տեղեկատվություն տարածելու խնդիր ունեցել ա։
Նենց որ, կարծում եմ, սխալ քայլ է արել:
Հ․Գ․ Խնդրում եմ կեղտոտ սպիտակեղենը դուրս չհանելու վերաբերյալ այս կամ այն կողմի մեկնաբանություններ չանել։ Ես անձամբ համարում եմ, որ լռել, մենակ թե թուրքը չուրախանա՝ շատ սխալ է։ Բայց մունաթը ինքնանպատակ էլ չպետք է լինի:
Արմեն Հովասափյան, օգտատեր
Ինչպե՞ս կարող է «ՅԱՆ» ազգանունով մարդը հարցազրույց տալ ադրբեջանական քարոզչամեքենայի շահերը սպասարկող լրատվամիջոցին, ավելին` սեփական երկրի ներքաղաքական թերացումները բարձրաձայնել ու իր պիտակավորումներ հնչեցնել:
Պատմության դառը փորձը ցույց է տալիս, որ հայ իրականության մեջ, ցավոք, ժամանակ առ ժամանակ «խզմալյանական» տարրեր են ի հայտ եկել, որոնք, ունենալով օտարապաշտ ու սինլքոր կեցվածք, իրենց համարել են գերժամանակակից, մոդեռն գաղափարների կրող, կոսմոպոլիտ մտածելակերպով ու ազգեր ու կրոններ չճանաչող զանգվածի ներկայացուցիչներ, սակայն այդ ամենը համեմատել ու դա ծառայեցնել «ադրբեջանական նավթախավիարապաշտական» քաղաքականությանն, ուղղակի վերջին ստորության ու անբարոյականության գագաթնակետն է:
Չփորձելով անդրադառնալ այդ ռեժիսոր-միջակության կամ չկայացած ակտիվիստի մտավոր զառանցանքներին, և չկենտրոնանալով նրա «հարցազրույցի» վրա՝ փաստենք մի կարևոր հանգամանք. ո՞ւմ ջրաղացին ենք ջուր լցնում, երբ բարձրաձայնում ենք, որ ՀՀ տնտեսությունը ներկա փուլում գտնվում է աննախանձելի վիճակում, կամ Հայաստանում առկա է կոռուպցիա: Նույնն է, թե Ադրբեջանի խանությանը Խզմալյանը հրամցներ նաև ՀՀ պաշտպանության բանակի քարտեզներն ու ստրատեգիական պլանները:
Արդյոք երբևիցե մենք կունենա՞նք հավաքական ազգային մտածելակերպ ու գերակա պետական շահ, և մեր անհատական գործունեությունը կծառայացնե՞նք բացառապես հայկականությանն ու պետականաշինությանը:
Արթուր Իսպիրյան, երգիչ
Տիգրան Խզմալյանը դաստիարակված, կիրթ, քաղաքավարի և հայենասեր անձնավորության տպավորություն է թողել իր վրա, բայց նրա այս քայլն իր համար ոչ միայն անընդունելի է, այլև պատվի հարց: Այդ քայլով նա նաև իմ պատվի հետ է խաղացել:
Այն, որ Հայաստանը կոռումպացված է, դա բոլորը գիտեն, բայց այլ երկրում ես նման բան չէի ասի:
Ես այստեղ կգոռամ, կղժամ, կբողոքեմ, բայց ուրիշ երկրում, մանավանդ նրանց մոտ, բացի լավից ուրիշ ոչ մի բան չեմ ասի:
Մեր թերություններով ուրախացողներին նման բաներ ասելն անթույլատրելի է ինձ համար: Ուզում է Խզմալյանը լինի, ով ուզում է լինի: Նա շատ բաներ է ասել, որ շատ ճիշտ է եղել, ես համաձայն եմ եղել դրանց հետ, բայց սա անթույլատրելի է: Երբեք չէր կարելի մեր թշնամու դեմ կանգնել նման լացակումած բաներ ասել մեր երկրի մասին: Ես, ճիշտն ասած, չէի սպասում հայրենասեր մարդուց նման քայլ: Ես քննադատում և դատապարտում եմ նրա արած քայլը («Տեսակետ.info»):
Հրանտ Սարաֆյան, լրագրող
Վասակ Սյունին ու Մերուժան Արծրունին 1600 տարի առաջ ղալաթ են արել, թե կհասնեին մեր օրերի Տիգրան Խզմալօղլուն: Հետաքրքիր է, նրա արյան մեջ ինչքան նավթադոլար են սրսկել, որ հայի արյուն մեջը չի մնացել ու որոշել է ադրբեջանական կայքերի լրահոսի հերոսը դառնալ: Ու ի՞նչ պիտի նա հիմա ասի` սխալվե՞լ է: Ժամանակն է չհանդուրժելու ազգի դավաճանների բազմացմանը: Այս մարդուն ազգային հալածանքների դիմաց մի լավ ապաստան է պետք եվրոպաներում: Ուրեմն` մտածենք, թե ինչպես պիտի մեր շուրջը մաքրենք, այլապես Սումգայիթի, Բաքվի, Խոջալուի զոհերի խռոված հոգիները մարմին կստանան ու կթքեն մեր նման հանդուրժողների ճակատին:
Ազգս Խզմալյան է տշում ու լավ էլ անում է: Հիմա բոլորն ասում են, թե պետք չէր այսպիսի մեծ թափով անդրադառնալ դրան ու ուրախացնել ազերուն: Բայց, աչք փակելով էլ էս վարակը մնում է մեզանում, ժամանակն է վարակազերծելու նմաններին: Ու, ի վերջո, ԱԱԾ-ի ականջն էլ կանչի, մենք ինչի՞ ենք խառնվել իրար:
Տիգրան Խզմալյան, կինոռեժիսոր
Ես ընդամենը ևս մեկ անգամ բարձրաձայնել եմ այն, ինչ ամեն օր ասում եմ: Ես ասում եմ այն, ինչ մտածում եմ, ինչո՞ւ պետք է անհանգստանամ: Ես ասել եմ ադրբեջանցուն այն, ինչ կասեի չինացուն, ինչ ամեն օր ասում եմ հայերին: Մենք պետք է ստե՞նք, ասենք այն, ինչ դո՞ւր է գալիս մեր իշխանություններին, որ բոլորը երջանի՞կ լինեն: Եթե ճշմարտություն ասելը, եթե դավաճանին դավաճան անվանելը կոչվում է դավաճանություն, ապա ուշադիր եկեք նայենք, թե ո՞վ է ինձ անվանում դավաճան: Ես դավաճան անվանում եմ մարդկանց, ովքեր մեր երկիրը զավթել են, ովքեր կոպեկներով վաճառել են մեր տնտեսությունը, նրանց, ովքեր օտար երկրի զորքն են բերել պահել մեր փողերով, ովքեր կեղեքում են մեր ազգը, իսկ եթե ինչ-որ մեկը դավաճանություն է համարում այդ մասին բարձրախոսով բարձրաձայնելը, ապա, այդ դեպքում, թող ես լինեմ դավաճան:
Կարեն Վարդանյան, հրապարակախոս, հասարակական գործիչ
Ու հետո ոմանք պիտի բողոքեն մեր երկրում ազատության պակասի՞ց…
Մարդը հանգիստ օրը ցերեկով ադրբեջանական կայքին հարցարզույց է տալիս, որտեղ սրտանց բողոքում է իր երկրից՝ ընդ որում ոչ միայն իշխանություններից, այլ նաև հասարակությունից, թշնամի պետության լրատվամիջոցով վարկաբեկում է իր պետությունը և ժողովրդին ու ոչինչ… Շատ հանգիստ, կարծես թե ոչինչ էլ չի եղել… Մի հատ էլ վերջում ուրախությամբ հաստատում է, որ ադրբեջանական «Հաքքին»-ն իր խոսքերը չի խեղաթյուրել:

Ու հետո ոմանք պիտի ողբան, թե մեր երկրում ազատություն չկա: Բայց ախր կա, ու ոչ միայն ազատություն, այլ նույնիսկ՝ ամենաթողություն, և ասեմ, որ վաղուց արդեն սանձերը ձգելու ժամանակն է…

Սանձերը ձգել էր պետք դեռ այն ժամանակ, երբ առաջացավ «Հաքքինի վկա» տեսակը, որը ջանասիրությամբ սկսեց հիմնվել ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունների վրա և ոչ պակաս ջանասիրությամբ սոցիալական ցանցերում վարկաբեկել իր և մեր երկիրը: Նրանց սանձերը չձգվեցին, և նրանք սկսեցին բազմանալ, տարածվել, բուծվել, կատարելագործվել: Եվ ահա այսօր ունենք այն, ինչ ունենք: Նախկինում հարգելի մի անձնավորություն՝ Խզմալյան Տիգրանը հարցազրույց է տալիս տխրահռչակ «Հաքքին»-ին՝ ամենայն մանրամասնությամբ բողոքելով Հայաստանից: Անշուշտ, այդ հարցազրույցը չեմ կասկածում, որ կողջունվի Գեորգի Վանյանի, Վահե Ավետյանի, Արմեն Մելիքյանի, Ալեքսանդր Վարպետյանի և նմանատիպ այլ վտարանդիների ու նրանց՝ հոգով վտարանդի հետևորդների, ինչպես նաև Epress-ատիպ լրատվամիջոցների կողմից, բայց ոչ՝ առողջ մտածող ու արժանապատվությունը չկորցրած քաղաքացիների:

Ես հասկանում եմ, որ կարելի է դժգոհ լինել սեփական երկրից, իշխանություններից, ընդդիմությունից, հասարակության որոշ մասից, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում ըմբռնել այդ դժգոհությունը թշնամի պետությանը հայտնելու դավաճանական տրամաբանությունը: Դեռ ոչ հեռավոր անցյալում գոնե Եվրոդատարան էին դիմում, իսկ հիմա կատարելագործվել են. էլ ինչու՞ Եվրոպայի միջոցով, եթե կարելի է միանգամից դիմել թշնամի պետությանը, ի՞նչ կարիք կա ընկնել ձևականությունների հետևից…

Իհարկե, այստեղ կա նաև մի դրական կողմ, որը չեմ կարող չնկատել: Դա այն է, որ Խզմալյանը հարցազրույցի ժամանակ ադրբեջանցիներից ներողություն չխնդրեց Խոջալուի համար, ինչի համար կարելի է նրան շնորհակալություն հայտնել:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր