ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
«Աղետալի ծրագիր է». հասարակությունը` բուհերը Գյումրի տեղափոխելու մասին
20.05.2015
Քաղաքաշինության նախարարության նախագիծը, ըստ, որի նախատեսվում է Երևանի որոշ բուհեր տեղափոխել Գյումրի, հասարակության զայրույթն է առաջացրել: Շատերը համոզված են, որ դա կործանիչ նախագիծ է Հայաստանի համար, և սպառնում է բուհերի ոչնչացմանը: Ոմանք նույնիսկ հանդես եկավ առաջարկով, որ բուհերի փոխարեն Գյումրի տեղափոխվի Ազգային Ժողովի շենքը: Մանկավարժներից մի քանիսն էլ հստակ նշեցին, որ եթե նման բան լինի, իրենք պարզապես կհրաժարվեն աշխատել:
Գուրգեն Մուշեղյան, նախագծի հեղինակ, ճարտարապետ
Նախագծի նպատակն է թեթևացնել Երևանի ծանրաբեռնվածությունը և խթանել Գյումրիի զարգացումը:
Նախկինում կային 11 բուհեր, այսօր Երևան քաղաքում կա ուսումնական 60 հաստատություն: Ուսանողների թիվը կազմում է 100 հազար, դասախոսական կազմը` 10 հազար: Հանրային տրանսպորտի 30%-ն զբաղեցնում է ուսանողությունը: Այս ամենի գլխավոր պատճառը տարաբնակեցման խնդիրն է: Երևանը գերծանրաբեռնված է, իսկ մյուս մարզերում բնակչությունը պակասում է:
Գյումրիում բուհերը կունենան իդեալական կարգավիճակ` գերժամանակակից սարքավորումներով, ինչպես նաև կլուծվի տրանսպորտի հարցն ու կլինեն արագընթաց երթուղիներ:
Դավիթ Գասպարյան, գրականագետ
Ես կտրականապես դեմ եմ այդ փոփոխություններին, չէ՞ որ պատմականորեն ձևավորվել են բուհեր, միայն դասի գնալու հարցը չէ, այլև` մայրաքաղաքային դաստիարակության, սա աղետալի ծրագիր է:
Դա նույնն է, որ Օքսֆորդի համալսարանը տեղափոխեն Լիվերպուլ, այսպես թե այնպես մանկավարժական ինստիտուտ կա Գյումրիում, Վանաձորում, բուհեր ունեն տարբեր մարզեր՝ Սյունիքը, Գորիսը:
Ես Եղեգնաձորի «Գիտելիք» համալսարանում չորս տարի աշխատել եմ, հիմա ավերակ է:
Ֆերդինանտ Առաքելյան, քանդակագործ
Այդ ինչպե՞ս են գլխի ընկել, որ քաղաքը ծանրաբեռնված է: Խորհրդային միության տարիներին ուսանողների թիվն ինչքա՞ն էր, և հիմա՞ ինչքան է:
Քաղաքաշինությունը` դա քաղաքակրթություն է, որի մեջ նստած է ամեն ինչ` արդյունաբերություն, էկոնոմիկա, առողջապահություն, մշակույթ… Եթե գործարան չի աշխատում մարզերում, բուհերն ինչպե՞ս պետք է աշխատեն: Դուք գիտե՞ք ինչ վիճակում է հայ ժողովրդի թեթև արդյունաբերության գործարանը, որը գտնվում է Գյումրիում: Ամբողջը քանդել, կերել են ու մի հատ ռեստորան են սարքել: Պարզվում է` այս ազգը միայն սուպերմարկետ, ռեստորան և զուգարան կարող է ունանալ: Հյուրանոցն էլ դրսի մարդկանց համար է:
Ո՞ր դասախոսի ընտանիքը կթողնի, կգնա: Դե թող համալսարանը «պաչևնիկների» վրա դնեն, քշելով տանեն Գյումրի:
Սաշուր Քալաշյան, ճարտարապետ
Համաձայն եմ նախագծի հեղինակ Գուրգեն Մուշեղյանի բերած բոլոր փաստարկների հետ, հիմա ուսանողները մեքենաներով են դասի գնում, խցանումներ են առաջանում, իսկ Գյումրիում տեխնոպարկ է մշակվել, մարդկային ռեսուրսների խնդիր կա:
Պետք է օգնել, որ Գյումրին ոտքի կանգնի. ես պարոն Մուշեղյանի հետ համաձայն եմ, և գիտեմ, որ ամենամեծ վտանգը բնակչության տարհանումն է, դրանցից մեկն էլ երիտասարդության տարհանումն է:
Սամվել Խուդոյան, հոգեբան
Բուհը կահույք չի, որ էստեղից էնտեղ տեղափոխվի: Բուհն ունի իր համակարգը, իր հանրակացարանները տվյալ քաղաքում, գրադարանները, դասախոսական անձնակազմը: Պատկերացնո՞ւմ եք Մոսկվայի համալսարանը տեղափոխվի Լենինգրադ, կամ Օքսֆորդի համալսարանը տեղափոխեն Նյու Յորք: Դա աբսուդի գագաթն է: Անհնար է. ի՞նչ ֆանտազիա պետք է ունենալ նման բան մտածելու համար: Այստեղից ոʹչ դասախոսական անձնակազմը կգնա Գյումրի, ոʹչ էլ ուսանողությունը, նույնիսկ եթե տրանսպորտի հարցը լուծվի:
Արթուր Մարտիրոսյան, ԵՊՄՀ դասախոս, պրոֆեսոր, գեղանկարիչ
Եթե անգամ Մանկավարժական համալսարանի մասնաճյուղը տեղափոխեն «Երրորդ մաս», վստահ եմ, որ ուսանողների մեծ մասը չի գա: Ես ինքս, եթե այս նախագիծն իրականանա, կհրաժարվեմ աշխատել Գյումրիում:
Բուհը դա շենք-շինություն չէ, դա իր մեջ գաղափար է ամփոփում: Գաղափարը չեք կարող վերցնել, տեղափոխել: Ինչպե՞ս կարելի է 22 թվին ստեղծված բուհը վերցնել, մեկ օրում տեղափոխել, որևէ դրական արդյունք չեմ տեսնում:
Սիլվիկ Խաչատրյան, ԵՊՄՀ ուսանող
Ինքս լինելով քաղաքի բնակիչ՝ դեմ կլինեմ նման որոշմանը: Որքանով ես տեղյակ եմ` Գյումրիում Մանկավարժական համալսարանն ունի մասնաճյուղ, բայց Երևանից տեղափոխելու մասին խոսակցություններն ինձ իրոք զարմացրեցին: Չնայած, կարծում եմ, եթե ուսանողների համար ստեղծվեն հարմար պայմաններ, ինչու չէ, կարելի է նաև տեղափոխվել, բայց վստահ չեմ, որ նման պայմաններ կստեղծվեն:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր