Վստահաբար ասում եմ, որ դպրոցում բացի թատրոնի տոմսի գումարից, մնացած ամեն ինչի համար գումար են հավաքում: Անհասկանալի է, թե ինչո՞ւ դա պետք է ազդի միայն թատրոնի վրա: Երբ ինչ-որ բան որոշեցին արգելել, պետք է ոչ թե «քոքից կտրեին», այլ` մի մեխանիզմ մշակեին, որ թեկուզ դպրոցներում չվաճառվեին տոմսեր, բայց երեխաներին ինչ-որ ձևով բերեին թատրոն:
Մեր թատրոնի հանդիսատեսի գերակշռող մասը մշտապես կազմել են դպրոցականները: Հիմա ակնառու է, որ հանդիսատեսի թիվը պակասել է, ներկայացումների քանակն էլ կրճատվել է: Ես սկսում եմ մտածել, որ այս քայլով պետությունն ինչ-որ կերպ փորձում է հասկացնել, որ իրեն թատրոն պետք չէ: Աբսուրդ է. ներկայացում խաղացեք, բայց տոմս մի վաճառեք…ինչպե՞ս… ո՞ւմ համար խաղանք: Թող մի մեխանիզմ մշակեն, որպեսզի` ժողովրդական լեզվով ասած` հաʹմ գառները գոհ լինեն, հաʹմ գայլերը` կուշտ:
Տարիներով եկել է. աբոնեմենտը վաճառել են, եկել են Պատանի հանդիսատեսի թատրոն, իսկ նոր ղեկավարները որոշեցին, որ իրենք ավելի խելացի են, քան եղել են նախկինները: