ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Նրանք, ովքեր այս նշանակմամբ դեպրեսիայի մեջ են, հորդորում եմ սառը ջուր խմել. քաղաքական գործիչներն` Արփինե Հովհաննիսյանի՝ Արդարադատության նախարար նշանակվելու մասին
07.09.2015
Արփինե Հովհաննիսյանի՝ Արդարադատության նախարար նշանակվելուց հետո խոսակցություններ են սկսվել, որ նա այդ ոլորտում աշխատելու համար դեռ երիտասարդ է, և գուցե` անփորձ: Ոմանց կարծիքով` կասկածելի է նրա աշխատանքի դրական արդյունավետությունը: Ոմանք էլ կարծում են, որ նորանշանակ նախարարին միայն մի քիչ փորձառություն է անհրաժեշտ, որը նա արագ ձեռք կբերի:
Հրանուշ Խառատյան, ազգագրագետ
Արդարադատության նոր նախարար տիկին Արփինեի մեր չիմացած լավ ու վատ որակները քննարկելու փոխարեն հարկավոր է, կարծում եմ, ուղիղ հարցեր հասցեագրել իրեն և սպասել իր պատասխաններին, օրինակ` «Նաիրիտ»-ի շուրջ բացահայտված հրապարակային ներկայացված քրեական գործերի, նախկին վարչապետի անվանն առնչվող օֆշորային բացահայտումների, գազի ու ջրի խողովակաշարի քարտեզները խառնած անօրինական (փաստացի և իրավական, երբ կա քաղաքապետարանի արդեն իսկ անօրինական թույլտվությունը) կառույցների, «պետական կարիքների» անվան տակ դուրս նետված քաղաքացիների դատական գործերի հանդեպ ՀՀ դատարանների անօրինական վճիռների, այդ վճիռների հետևանքով Եվրոդատարանի նոր վճիռներով մեր` հարկատուներիս հաշվին վճարվող տուգանքների, բանկերի վաշխառուական տոկոսներով տրվող իբրև թե բիզնես վարկերի, ՀԷՑ-ի` Հայաստանի բնակչության համար կասկած չհարուցող անհիմն գնաթանկացան և այլն: Եթե հարցերից խուսափելով պատասխանի, որ ինքը նոր պիտի ծանոթանա այդ գործերին և առայժմ դիրքորոշում չունի, արդեն իսկ խնդրահարույց է: Այդ գործերի շուրջ քննարկումները եղել են իր պատգամավորության ընթացքում և եթե այդ ընթացքում ինքը բավարար հետաքրքրություն չի ցուցաբերել արդարադատության հետ ուղղակիորեն առնչվող խնդիրների նկատմամբ և տեղյակ չի դրանց մանրամասներին` կասկածելի է նրա աշխատանքի դրական արդյունավետությունը: Որպես պատգամավոր նա քվեարկել է Ռուսաստանից ֆիքսված գնով գազի մոնոպոլ մատակարարման պայմանագրի օգտին, որով Հայաստանը ճորտային կախման մեջ է ընկել. այսօր Ռուսաստանը այդ գնով գազ միայն Հայաստանին է վաճառում: Ինչպես է գնահատում իր քվեարկության հետևանքները:
Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ
Եթե ոմանք կարևորում են կանանց ներկայությունը կառավարությունում, ես չեմ ասում, որ դա կարևոր չէ, բայց ինձ համար առաջնային էլ չէ, եթե ոմանք գտնում են, որ նախարարն առաջին հերթին պետք է գեղեցիկ լինի, ապա ես ամենևին այդ կարծիքին չեմ, եթե մյուսները գտնում են, որ պետք է անտարբեր լինենք ցանկացած նշանակման հանդեպ, ես կրկին չեմ կիսում այդ կարծիքը. ի վերջո նրանք են որոշում մեր բախտը: Ես պատրաստ կլինեմ իմ խոսքերը հետ վերցնել, եթե տեսնեմ, որ նրա ղեկավարած համակարգում շոշափելի առաջընթաց կա:
Մարգարիտ Եսայան, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր
Ինքս անձնական ակնկալիքներ չունեմ, բայց չեմ կասկածում, որ Արփինեն լավ նախարար կդառնա, միայն մի քիչ փորձառություն է անհրաժեշտ, որը նա արագ ձեռք կբերի, և բոլոր նրանց, ովքեր այս օրերին դեպրեսիաների մեջ են (իսկ այդպիսիք կան) այս նշանակմամբ, հորդորում եմ սառը ջուր խմել։
Բորիս Նավասարդյան, Երևանի մամուլի ակումբի նախագահ
Եզրակացությունների համար ժամանակ է պետք, բայց նաև պետք են ինդիկատորներ, որոնց հիման վրա այդ եզրակացությունները կարելի է անել:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր